Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/213

Այս էջը հաստատված է

անցնող բարձրհաճախային էլեկտր. հոսանքով: Այս մեթոդը փոխարինվել է ինդուկտաջերմաբուժությամբ և միկրոալիքային բուժմամբ:

Է-յան մեթոդները ցավոտ չեն, բայց դրանց կիրառման դեպքում անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ, խորհուրդ է տրվում բուժարարողությունն ընդունել ուտելուց 1-1,5 ժ անց: Ընթացքում չի կարելի դիպչել հողակցված առարկաներին (սարքի իրանին, ջեռուցման մարտկոցներին, ծորակներին ևն) և Է. ընդունող ուրիշ հիվանդների: Անհրաժեշտ է հանգիստ պառկել կամ նստել, բայց չքնել, չկարդալ, էլեկտրոդները չտեղաշարժել: Անսովոր կամ տհաճ զգացողության դեպքում դիմել բուժքրոջը կամ բժշկին: Է-յան կիրառման ժամանակ ազդեցության հատվածում հիվանդի մարմնում չպետք է լինեն մետաղի, հրազենային գնդակի բեկորներ, իսկ գրպաններում՝ մետաղե առարկաներ (օրինակ՝ բանալիներ) ևն: Մետաղե ատամների կամ ատամնաշապիկների առկայությունը հակացուցված չէ այն մեթոդների դեպքում, երբ էլեկտրոդները տեղադրվում են բերանի խոռոչում: Է-ից հետո առնվազն 0,5 ժ պետք է հանգստանալ: Ջերմության զգացողություն առաջացնող մեթոդների (միկրոալիքային, ԱԲՀ, ինդուկտաջերմային) ընդունման օրը խուսափել սառեցումից: Տես նաև Լուսաբուժություն, Անդրաձայն: ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, էլեկտրամագնիս. ալիքներ, որոնք արձակում են արագ շարժվող էլեկտր. լիցքերը, գրգռված ատոմներն ու մոլեկուլները, ճառագայթող այլ համակարգերը:

Ըստ ճառագայթման հատկությունների՝ Է.ճ. պայմանականորեն բաժանվում է. ռադիոալիքների (մի քանի կմ-ից մինչև 250 մկմ), ենթակարմիր (ԵԿ) (250 մկմ-ից մինչև 760 նմ), տեսանելի լուսային (760-400 նմ), անդրամանուշակագույն (ԱՄ) (400-10 Նմ), ռենտգենյան (10-0,03 նմ) և γ-ճառագայթների (< 0,03 նմ):

Է.ճ. օժտված է ալիքային և մասնիկային հատկություններով: Ալիքային հատկությունները բնութագրվում են ալիքի երկարությամբ և դաշտի տատանումների հաճախությամբ: Է.ճ-ման ալիքի երկարությունը չափվում է մետրով կամ մետրի ածանցյալ միավորներով (նմ, մմ, սմ, դմ, կմ), տատանումների հաճախությունը՝ հերցով (հց) կամ դրա ածանցյալ միավորներով՝ կիլոհերցով (կհց), մեգահերցով (Մհց) ևն, 1 հց 1 տատանումն է վրկ֊ում: Է.ճ-ման տարածման արագությունն օդում 300000 կմ/վրկ է: Է.ճ-ման մասնիկային հատկությունները որոշվում են նյութի (ատոմների, մոլեկուլների) էներգիա ճառագայթելու (կամ կլանելու) ունակությամբ, առանձին բաժինների՝ քվանտների (ֆոտոնների) ձևով: Որքան մեծ է ալիքի երկարությունը, այնքան փոքր էներգիայով է օժտված է. ճ-ման քվանտը:

Նյութի կամ կենսբ. օբյեկտների հետ Է.ճ-ման փոխազդեցության արդյունքը որոշվում է մի կողմից ալիքի երկարությամբ և Է. ճ-ման քվանտների էներգիայով, ճառագայթահարման ժամանակով ու հզորությամբ, մյուս կողմից՝ հյուսվածքի հատկություններով (ձևաբանությամբ, ֆունկցիոնալ վիճակով ևն):

Տարբեր ընդգրկույթի Է.Ճ. լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Գերբարձր ու անդրաբարձր հաճախության ռադիոալիքները կարող են կլանվել հյուսվածքների կողմից: Ընդ որում՝ էներգիայի մի մասը փոխարկվում է ջերմության: Այս հատկությունն օգտագործվում է հյուսվածքների տաքացման համար (տես Էլեկտրաբուժություն): Է.ճ-ման թափանցման խորությունը փոխվում է՝ կախված ալիքի երկարությունից և հյուսվածքի տեսակից: Մարմնի ընդհանուր ճառագայթահարման դեպքում Է.ճ-ման էներգիան հյուսվածքի մեջ է թափանցում ճառագայթման ալիքի երկարության 0,1-0,01 մասի խորությամբ: Ուստի, մաշկային հիվանդությունների բուժման համար կիրառում են միլիմետրային և սանտիմետրային ալիքներ, իսկ ախտաբան. օջախի խոր տեղադրության դեպքում՝ ավելի երկար ալիքներ:

Ռադիոալիքային ընդգրկույթի Է.ճ. օրգանիզմի վրա բացի ջերմայինից, կարող է ունենալ նաև ոչ ջերմային ազդեցություն: Փոքր ուժգնության Է.ճ-ման մշտ. ներգործության դեպքում մարդն զգում է հոգնածություն, ընկնում է աշխատունակությունը, նկատվում են անհիմն դյուրագրգռություն, առաջանում են պարբեր. գլխացավեր, քնի խանգարում, քրտնոտություն, հիշողության թուլացում, ցավեր սրտի շրջանում, հևոց: Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել բժշկի: Մեծ ուժգնությամբ անդրաբարձրհաճախային ճառագայթահարման դեպքում հնարավոր են անոթազարկի հաճախացում, արյան զարկերակային ճնշման բարձրացում և ավելի լուրջ խանգարումներ:

Ռադիոալիքների աղբյուրների հետ աշխատելու անվտանգությունը, երբ դրանց ճառագայթման մակարդակը բավականին բարձր է թույլատրելի սահմաններից կամ հայտնի չէ (սարքերի նոր մոդելների մշակման կամ փորձարկման ժամանակ), ապահովվում է հատուկ մեթոդների և պաշտպանության ու հսկողության միջոցների օգնությամբ: Է.ճ-ման հետ մշտապես աշխատողների համար իրականացվում Է բժշկ. հսկողություն (տես Բժշկական զննում), իսկ այդ բնագավառում աշխատանքի ընդունվելիս պարտադիր Է մասնագիտական ընտրությունը: Սահմանվել են թույլատրելի ճառագայթահարման նվազագույն նորմեր, որոնք երաշխավորում են Է.ճ-ման հետ աշխատելու լրիվ անվտանգությունը: ԵԿ, տեսանելի լուսային (լույսը) և ԱՄ ճառագայթումները կազմում են Է.ճ-ման օպտիկ. ընդգրկույթը: Տեսանելի լուսային ճառագայթումն ընդգրկում է ԵԿ և ԱՄ ճառագայթումների սպեկտրի մի մասը: Այդ ընդգրկույթի ալիքների կենսբ. ազդեցությունը խիստ բազմազան է: Լույսն անհրաժեշտ է բույսերի, միկրոօրգանիզմների, կենդանիների և մարդու աճման ու կենսագործունեության համար: Այն առանձնահատուկ ազդեցություն է ունենում աչքերի վրա (տես Տեսողություն): ԵԿ և ԱՄ ճառագայթումների չափից ավելի ուժեղ ազդեցությունը կարող է առաջացնել օրգանիզմի գերտաքացում և մաշկի այրվածք (տես Արևայրուկ, Ջերմահարություն): ԱՄ ճառագայթումն ունենում է բակտերիասպան ազդեցություն, որն օգտագործվում է բժշկության մեջ՝ գործիքների, սենյակների վարակազերծման համար: ԵԿ և ԱՄ ճառագայթումները լայնորեն կիրառվում են բուժկանխարգելիչ նպատակով (տես Լուսաբուժություն):

Ռենտգենյան և γ-ճառագայթումները իոնացնող ճառագայթումներ են: Քանի որ դրանց ալիքների երկարությունը համեմատելի է ատոմների չափերի հետ, իսկ քվանտների էներգիան բավականին մեծ է (տասնյակ կիլոէլեկտրոնվոլտ և ավելի), դրանք օժտված են բարձր թափանցունակությամբ, նյութի հետ փոխներգործելով՝ կարող են առաջացնել նրա իոնացում և ակտիվ քիմ. միացությունների գոյացում, որը կարող է հանգեցնել ախտաբան. փոփոխությունների (տես Ճառագայթային հիվանդություն): Ուստի, ռենտգենյան և γ-ճառագայթումների աղբյուրների հետ աշխատելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի հրահանգներն ու կանոնները: Նշված ճառագայթումները լայնորեն կիրառվում են ռենտգենաբանական հետազոտություններում, ճառագայթաբուժության մեջ:

ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սրտի գործունեության ընթացքում առաջացող կենսաէլեկտր. պոտենցիալների գրանցման մեթոդ: Կատարվում է հատուկ գործիքների՝ էլեկտրասրտագրիչների օգնությամբ, թղթի կամ լուսանկարչական ժապավենի