Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/223

Այս էջը հաստատված է

բարակաղեդիտում (ինտեստինոսկոպիա), հաստաղեդիտում (կոլոնոսկոպիա), ուղիղ և սիգմայաձև աղեդիտում (ռեկտորոմանոսկոպիա), հեշտոցադիտում (վագինոսկոպիա), միզապարկադիտում (ցիստոսկոպիա), միջնորմադիտում (մեդիաստինոսկոպիա), որովայնադիտում (լապարոսկոպիա) ևն:

Ընդերադիտակները լուսավորող և օպտիկ. համակարգով հանդերձված մետաղե կամ առաձգական խողովակներ են: Ժամանակակից ընդերադիտակների հիմքում դրված է թելքային օպտիկան, որի միջոցով ստացվում է օրգանի ներքին մակերևույթի իրական, չաղավաղված պատկերը: Դրանց միջոցով իրականացվում են նաև բուժ. հնարքներ, օրինակ՝ հյուսվածաբան. հետազոտությունների նպատակով նյութ վերցնելը (տես Կենսազննում), օտար մարմնի կամ լորձաթաղանթի ոչ մեծ ուռուցքի հեռացումը (պոլիպէկտոմիա): Հատուկ սարքերի միջոցով հնարավոր է նաև ստուգել տվյալ օրգան մտնող ծորանի անցանելիությունը (օրինակ՝ ընդհանուր լեղածորանը՝ 12-մատնյա աղիքի հետազոտման ժամանակ), այրել խոցը, դադարեցնել մանր անոթների արյունահոսությունը ևն: Այդ նպատակով ժամանակակից ընդերադիտակներում կիրառվում են նաև լազերային ճառագայթներ (տես Լազերներ):

Հայտնաբերված փոփոխությունները սովորաբար գրանցվում են լուսա- և կինոնկարահանման միջոցով:

Այժմ պոլիկլինիկաների և հիվանդանոցների Ը-ման կաբինետները հագեցած են նորագույն սարքավորումներով:

Բուժ. հնարքները կատարում են բժիշկ-մասնագետները՝ տեղային անզգայացման (նովոկաինի, դիկաինի, պիրոմեկաինի և այլ լուծույթներով) կամ նարկոզի միջոցով:

Ը. սովորաբար բարդություններով չի ուղեկցվում, իսկ երբեմն Ը-ից հետո առաջացած տհաճ զգացողությունները բուժում չեն պահանջում: Ը-ման շնորհիվ շատ հիվանդություններ կարելի է վաղ ախտորոշել:

ԸՆԴԵՐՔԻ ԻՋՎԱԾՔ, բնականոնի համեմատ 1 կամ մի քանի ներքին օրգանների (ստամոքս, լյարդ, աղիքներ, երիկամներ ևն) ցածր դիրքը: Լինում է մարմնակազմվածքային Ը.ի., որը պայմանավորված է որովայնի պատի և կոնքի մկանների, ինչպես նաև ներքին օրգանների կապանային համակարգի բնածին թույլ զարգացմամբ, և ձեռքբերովի Ը.ի., որն առաջանում է ծանր ֆիզ. աշխատանքից (ծանրություն բարձրացնելուց)՝ ներքին օրգանների գերձգման և թուլացման հետևանքով, կանանց մոտ՝ ծննդաբերություններից հետո, արագ և խիստ նիհարելուց՝ ճարպազրկվելուց, կարևոր է նաև ժառանգ. նախպտրամադրվածությունը: Ստամոքսի ու աղիքների իջվածքի ժամանակ (սովորաբար ուղղաձիգ դիրքում) առաջանում են որովայնի ընդհատումներով, մղկտացող և ձգող բութ ցավեր, որոնք հանգստանում են պառկած: Իսկ երիկամների իջվածքի ժամանակ լինում են գոտկացավեր: Հաճախ Ը. ի-ի ախտանշանները զուգակցվում են ընդհանուր թուլության, արագ հոգնելիության, քնի խանգարման, գրգռվածության հետ:

Կանխարգելումը. պետք է պահպանել անձն. և սննդի հիգիենայի ռեժիմ, կանոնավոր սնվել (չչարաշահելով այն), կանխել փորկապությունը, կանոնավոր զբաղվել ֆիզկուլտուրայով:

Բուժում է բժիշկը: Նշանակվում են բանդաժ (որովայնի պատը պաշտպանող), մարմնամարզություն (որովայնի մկաններն ամրացնող) ևն, երբեմն՝ վիրաբուժ. միջամտություն:

ԸՆԴԾԱԿՈՒՄ, պունկցիա, հյուսվածքների ծակումը սնամեջ ասեղով կամ հատուկ վիրաբուժ. գործիքով (տրոակար): Կատարվում է ախտորոշիչ կամ բուժիչ նպատակներով:

Ախտորոշիչ Ը. կիրառվում է հյուսվածքներում և օրգաններում ախտաբան. գործընթացների առկայության դեպքում՝ հեղուկ պարունակության (թարախ, բորբոքահեղուկ) ստացման համար, անոթների կամ օրգանների խոռոչների մեջ ռենտգենահակադրական նյութերի ներարկման (հստակ ռենտգենյան պատկերի ստացման նպատակով) կամ տարբեր քիմ. միացությունների (այդ թվում՝ նշակիր ռադիոակտիվ իզոտոպների) ներարկման (առանձին օրգանների և համակարգերի վիճակի, ֆունկցիաների ուսումնասիրման), ինչպես նաև անոթների և խոռոչների մեջ հատուկ չափիչ-ախտորոշիչ սարքերի անցկացման համար:

Բուժիչ Ը. կիրառվում է անոթների և համապատասխան հյուսվածքների մեջ դեղանյութեր ներարկելու համար: Ը-ման միջոցով փոխներարկվում են արյուն, արյան փոխարինիչներ կամ այլ հեղուկներ: Խոռոչներից հեռացվում են ախտաբան. պարունակությունը (գազ, թարախ ևն), իսկ անոթներից՝ արյունը, ավիշը՝ թունավոր խառնուրդներից մաքրելու համար (տես Արյունակլանում):

Ը. առավել հաճախ կիրառվող բուժարարողություն է, որն իրականացնում են տարբեր մասնագիտության բժիշկները, որոշ դեպքերում բուժքույրերը: Ը. կատարելիս անհրաժեշտ է պահպանել աննեխության կանոնները (տես Հականեխություն, աննեխություն), ունենալ հատուկ գործիքներ կամ սնամեջ ասեղներ, որոշ դեպքերում կիրառել ցավազրկում:

Ը. օրգանիզմի համար անվտանգ է:

ԸՆԿԵՐՔ, տես Հղիություն հոդվածում:

ԸՆԿՃՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ընկճումային համախտանիշ, դեպրեսիա, հիվանդագին վիճակ, արտահայտվում է հոգեկան (տրամադրության անկում, հոգեկան գործընթացների դանդաղում) և ֆիզ. (ընդհանուր լարվածության թուլացում, շարժումների դանդաղում, մարսողության, քնի խանգարումներ ևն) խանգարումներով: Այս ախտանշանները դրսևորվում են տարբեր ձևերով, օրինակ՝ տրամադրության անկումն ուղեկցվում է խորը թախիծով, հետաքրքրությունների բացակայությամբ և սեփական մահվան ցանկությամբ, հոգեկան գործընթացների դանդաղումը՝ մտածողության որոշ «ծուլությամբ», մտքերի «ընդհատման» զգացողությամբ և մտավոր աշխատանք կատարելու անընդունակությամբ, շարժումների դանդաղումը՝ աննշան թորշոմածությամբ, ժամերով նույն դիրքում ընդարմացմամբ: Կախված խանգարումների արտահայտվածության աստիճանից տարբերում են՝ թույլ կամ թորշոմած և հուզումնալից (իրարանցումային) Ը., երբ թախիծն ուղեկցվում է շարժ. փոթորիկով, հուսահատության պոռթկումով: Հիվանդին բնորոշ են սառած հայացքը, շարժումների դանդաղումը, դիմախաղի աղքատությունը: Առօրյա կյանքում շատ է գործածվում Ը. հասկացությունը՝ դժվար իրադրություններում այն վերագրելով վատ տրամադրությանը, հոգեկան անհարմարավետությանը, գարնանային թերվիտամինության շրջանում՝ հոգնածությանը և գերհոգնածությանը: Ի տարբերություն արտաքին հանգամանքներով պայմանավորված հոգեֆիզ. լարվածության ժամանակավոր անկման, որը հատուկ է նաև առողջ մարդուն, Ը. կայուն հիվանդագին վիճակ է և շարունակվում է նաև դրա զարգացմանը նպաստող պատճառը վերացնելուց հետո: Նման պատճառներ կարող են լինել քրոնիկ. գերհոգնածությունը, տևական բացասական հոգեվիճակը (հյուծման Ը.), կրած վիշտը (ռեակտիվ Ը.): Միջին տարիքի մարդկանց Ը. կարող է առաջանալ որոշ վարակիչ հիվանդություններից (օրինակ՝ գրիպից) հետո: Չչափավորված, առանց բժշկի հսկողության,