Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/228

Այս էջը հաստատված է

է, այսպես կոչված, թուլացման համախտանիշ, որը դրսևորվում է արագ հոգնելիությամբ և հուզ. անկայունությամբ:

Թ. հատկապես վտանգավոր է վաղ մանկ. և դպրոց. տարիքում: Այն խիստ կասեցնում է օրգանիզմի ձևավորումը, բացասաբար է անդրադառնում հենաշարժ. ապարատի, սիրտանոթային, ներզատիչ և այլ համակարգերի զարգացման վրա: Բավականաչափ իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հարուցիչների հանդեպ, երեխաները հաճախ են հիվանդանում, հիվանդությունները կարող են դառնալ քրոնիկ.:

Ֆիզ. ակտիվությունը կարևոր դեր է խաղում երեխայի շարժող. հմտությունների զարգացման, հենաշարժ. ապարատի, կենտր. նյարդային համակարգի և ներքին օրգանների միջև կապերի ձևավորման համար: Շարժող. ակտիվությունը հզոր ազդեցություն ունի մկանների և կմախքի զարգացման վրա. այն լավացնում է արյան շրջանառության և շնչառության կարգավորումը: Դպրոցականների Թ. և դպրոցում ու տանը սեղանի շուրջ միևնույն դիրքով երկարատև մնալը կարող են պատճառ դառնալ կեցվածքի արատների, կուզիկության և ողնաշարի ձևախախտումների, այսպես կոչված, մկանային քաղցը երեխաների մոտ կարող է հանգեցնել ոչ միայն ֆիզ., այլև մտավոր առավել արտահայտված խանգարումների (տես Հիգիենա մտավոր աշխատանքի):

Միջին տարիքում և տարեցների շարժող. ակտիվության նվազումը կարող է արագացնել աթերոսկլերոզի առաջացումը և վատացնել անոթների տոնուսը, նպաստել գլխուղեղի և սրտի արյան շրջանառության խանգարմանը: Շարժումների անբավարարության, նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջանում է մկանների թուլություն, կեցվածքը կորանում է, արագանում են ֆիզիոլոգ. ծերացման գործընթացները (տես Ծերացում):

Մկանային անբավարար գործունեության պատճառով առաջացած խանգարումների մեծ մասը դարձելի է: Դրանցից կարելի է խուսափել նույնիսկ առանց դեղանյութերի: Լավ արդյունքի կարելի է հասնել շարժող. ակտիվության անբավարարության լրացումով (տես Մարմնամարզություն):

Երկարատև անկողնային ռեժիմի դեպքում Թ-յան հետևանքները կանխելու նպատակով կիրառում են ֆիզ. հատուկ վարժությունների համալիր, իսկ վերացնելու նպատակով՝ անհատ. շարժող. ռեժիմ՝ հենաշարժ. ապարատի և սիրտանոթային համակարգի վրա աստիճանաբար աճող բեռնվածությամբ, բուժ. մարմնամարզություն, ինչպես նաև նյարդային համակարգի և սրտամկանի ամրապնդմանը նպաստող ջրային բուժարարողություն: Առանձին դեպքերում նշանակում են նյութափոխանակությունը և սիրտանոթային համակարգի վիճակը բնականոնացնող դեղանյութեր:

Առօրյա կյանքում Թ-յան կանխմանը նպաստում են ֆիզ. լիարժեք ակտիվությունը, ամենօրյա առավոտյան մարմնամարզությունը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը, ֆիզ. աշխատանքը, հետիոտն զբոսանքները ևն:

ԹԵՐՍՆՈՒՄ, հիպոտրոֆիա, երեխաների սնուցման խանգարման քրոնիկ. ձևերից. բնորոշվում է աստիճանաբար առաջացող հյուծմամբ: Առավել հաճախ բնորոշ է վաղ մանկ. տարիքի երեխաներին, կարող է առաջանալ նաև պտղի ներարգանդային զարգացման շրջանում՝ մոր կրած հիվանդությունների պատճառով:

Հիմն. պատճառներն են մոր կաթի անբավարարությունը, երեխային կրծքով ոչ ճիշտ կերակրելը, կաթնախառնուրդներով երկարատև կերակրելը, պտղի անհասությունը (տես Անհաս երեխա), ոչ լիարժեք և միատեսակ սնուցումը, վատ խնամքը, ռեժիմի բացակայությունը և մաքուր օդում անբավարար մնալը, ստամոքսաղիքային համակարգի ժառանգ. և ձեռքբերովի հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի սուր շնչառ. հիվանդությունները: Սննդանյութերի անբավարար ընդունման կամ դրանց յուրացման խանգարումների պատճառով երեխայի օրգանիզմն սկսում է ծախսել սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքային աղերի և վիտամինների սեփական պաշարները. առաջանում է օրգանիզմի ջրազրկում, խանգարվում է ոսկրային համակարգի ձևավորումը, ի հայտ են գալիս ռախիտանման փոփոխություններ (տես Ռախիտ): Երեխան հյուծվում է, խանգարվում են նյութափոխանակությունը, ինչպես նաև տարբեր օրգանների և նյարդային համակարգի ֆունկցիաները, իջնում հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը:

Թ-ման ժամանակ նկատվում է երեխայի մարմնի քաշի անկում, աճի ու զարգացման դանդաղում: Մաշկը դառնում է գունատ, թառամած, չոր, հեշտությամբ ծալքավորվում է: Պորտի շրջանում մաշկը բարակում է. հաստությունը դառնում է 1 սմ-ից պակաս: Ենթամաշկային ճարպաշերտը բարակում է սկզբում որովայնի և իրանի, այնուհետև՝ ձեռքերի ու ոտքերի, ի վերջո՝ դեմքի վրա: Մկանների տոնուսն ընկնում է: Նկատելիորեն վատանում է ախորժակը, փոխվում է վարքագիծը, երեխան դառնում է քմահաճ, անհանգիստ կամ թույլ, խանգարվում է քունը, կասեցվում է շարժող. հմտությունների զարգացումը (ուշ է ոտքի կանգնում և քայլում): Թերսնված երեխաները հաճախ են վարակվում վարակիչ հիվանդություններով: Հեշտությամբ են հիվանդանում և ծանր են տանում թոքաբորբերն ու աղիքային վարակիչ հիվանդությունները: Սննդի նույնիսկ թեթևակի սխալ ընդունումն առաջացնում է ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ: Բուժումը նշանակում է բժիշկը՝ խիստ անհատականորեն՝ հաշվի առնելով Թ-ման բոլոր պատճառները:

Կանխարգելումն սկսում են մինչև երեխայի ծնվելը: Ապագա մայրը պետք է պահպանի օրվա ռեժիմը, ճիշտ սնվի (տես Հղիություն, Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր սնուցումը): Երեխայի ծնվելուց հետո կերակրող մայրը պետք է հետևի իր սննդին, օգտագործի բավարար չափով սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ պարունակող սնունդ: Գերադասելի է երեխային կրծքով կերակրելը՝ պահպանելով անհրաժեշտ կանոններ, հետևել նրան տրվող կաթի քանակին, ժամանակին կերակրել հավելյալ սննդով (տես Կրծքի երեխա): Հարկավոր է հոգ տանել երեխայի օրվա ռեժիմի մասին, ապահովել մաքուր օդում բավարար չափով զբոսանքը, հիվանդությունների ժամանակին բուժումը:

ԹԶԱԽՏ սովորական, սիկոզ, մաշկի քրոնիկ. թարախաբշտիկային հիվանդություն: Տեղակայվում է կզակի, այտերի, վերին շրթունքի շրջանում: Հարուցիչները ստաֆիլոկոկերն են: Նկատվում է բացառապես հասուն տղամարդկանց մոտ՝ դեմքի մաշկը փոշու (հատկապես ածխի և մետաղական) կոպիտ մասնիկներով կեղտոտվելիս, քրոնիկ. հարբուխի, քթի հավելյալ ծոցերի բորբոքման (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), նշագեղձերի բորբոքման, թերվիտամինության, ներզատիչ և նյարդային համակարգերի ֆունկցիաների փոփոխությունների, ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացման ժամանակ:

Դեմքի մաշկի վրա՝ մորուքի և բեղերի, երբեմն՝ հոնքերի շրջանում, քթի ռունգերի ներսային մակերևույթին առաջանում է մազապարկի բորբոքում, որը բնորոշվում է մազապարկի բացվածքում կոնանման հանգուցիկների (թարախային գլխիկով) առաջացմամբ (տես Մազեր, կառուցվածքը):