Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/229

Այս էջը հաստատված է

Ախտահարման առանձին հատվածները միաձուլվում են, դրանց շուրջ մաշկը բորբոքվում է, աստիճանաբար կոշտանում և ստանում կապտավուն երանգ: Բորբոքված մազապարկերը չորանում են՝ առաջացնելով թարախային կեղևներ, որոնք կպչում են մազերին: Ախտահարման հատվածներն աստիճանաբար մեծանում են, և գործընթացի մեջ են ընդգրկվում հարևան մազապարկերը: Թ. բնորոշ է երկարատև, համառ ընթացքով:

Բուժում է բժիշկը: Հիվանդության ընթացքում չի կարելի մաշկը լվանալ, սափրել թարախակալած շրջանի մազերը, առողջ հատվածները գերադասելի է սափրել էլեկտր. ածելիով: Խորհուրդ է տրվում A, C և B խմբի վիտամիններով հարուստ կաթնաբուս. սննդակարգ՝ բացառելով քաղցր, կծու կերակրատեսակները, մեղրը, ալկոհոլը: Կարևոր է աշխատանքի ու հանգստի ճիշտ ռեժիմի պահպանումը, օգտակար է զբոսանքը (տես Օդային և արևային լոգանքներ):

Կանխարգելումը. թարախաբշտիկային հիվանդությունների նախատրամադրվածություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սափրվել էլեկտր. ածելիով, սափրվելուց հետո մաշկի վնասվածքները մշակել սալիցիլաթթվի 2 %-անոց սպիրտային լուծույթով, օդեկոլոնով, սպիրտով ևն: Նման մարդկանց անհրաժեշտ է դեմքի մաշկի մշտ. խնամք:

ԹԹՎԱԾՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, թթվածնի կիրառումով բուժում: Նշանակվում է հյուսվածքներում կամ արյան մեջ թթվածնի անբավարարության դեպքում, որը կարող է առաջանալ շնչառ. համակարգի (բրոնխային հեղձուկ, թոքաբորբ, թոքափքանք), արյան շրջանառության օրգանների (սրտի արատներ, սրտային հեղձուկի նոպա) հիվանդությունների, շմոլ գազով թունավորվելու, շոկի, թոքերի այտուցի դեպքերում, ինչպես նաև ծանր վիրաբուժ. վիրահատությունից հետո: Հիվանդանոցային պայմաններում իրականացվում են Թ-յան երկարատև (մի քանի ժ, երբեմն՝ օր) սեանսներ՝ օգտագործելով հատուկ թթվածնաշնչառ. սարքեր (թթվածնային ինհալատորներ, վրանիկներ): Գոյություն ունեն թթվածնի ներմուծման նաև արտաթոքային մեթոդներ՝ թթվածնային լոգանքներ, թթվածնի անմիջական ներմուծումը խոռոչներ (կրծքամզային, որովայնային), ստամոքս, աղիքներ: Ցանկացած եղանակով ներմուծված թթվածինը լրացնում է օրգանիզմում եղած դրա պակասը, ունենում բարերար տեղային ազդեցություն: Թ-յան հնարավորությունները զգալիորեն մեծացել են՝ կապված գործն. բժշկության մեջ գերճնշումային Թ-յան ներդրման հետ (տես Ճնշաբուժություն):

Տնային պայմաններում Թ-յան համար օգտագործում են թթվածնային բարձ, որը քառանկյուն ռետինապատ պարկ է, ունի ռետինե խողովակ՝ ծորակով և ծայրադիրով կամ ձագարով: Բարձում տեղավորվում է մինչև 10 լ թթվածին, որը լցվում է դեղատանը: Թթվածինը հիվանդին տալուց առաջ ծայրադիրը պետք է փաթաթել ջրով խոնավացրած 2-3 շերտ թանզիֆով: Այնուհետև այն սեղմել հիվանդի բերանին, բացել ծորակը՝ կարգավորելով տրվող թթվածնի քանակը: Երբ բարձում թթվածին քիչ է մնում, անհրաժեշտ է այն սեղմել ձեռքով: Ծայրադիրն օգտագործելուց առաջ լվանալ վարակազերծող նյութերով, եռացնել կամ սրբել սպիրտով: Թթվածնային բարձը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակումով: Թթվածնի պահանջվող քանակը գերազանցելը նույնպես վտանգավոր է: Առանձնապես ծանր բարդություններ են առաջանում կրծքի երեխաների օրգանիզմում: Եթե Թ-յան ընթացքում առաջանում են տհաճ զգացումներ, պետք է անմիջապես դադարեցնել թթվածին տալը:

ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԲԱՐՁ, տես Թթվածնաբուժություն հոդվածում:

ԹԹՎԱԾՆԱՔԱՂՑ, թերթթվածնություն, հիպօքսիա, թթվածնի պարունակության նվազումը օրգանիզմի հյուսվածքներում: Առաջանում է թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների կողմից վերջինիս կլանման խանգարման դեպքում: Թ-ի ընթացքում առաջացած ախտաբան. վիճակը պայմանավորված է դեպի հյուսվածքները թթվածնի անցման և դրա յուրացման խանգարմամբ, որի հետևանքով կենսական կարևոր օրգաններում առաջանում են ոչ դարձելի փոփոխություններ: Թ. նկատվում է բավականին հաճախ և հիմք է ծառայում զանազան ախտաբան. գործընթացների առաջացման համար: Կարճատև Թ. կարող է առաջանալ նաև օրգանիզմում թթվածնի տեղափոխությունը կամ յուրացումը խանգարող գործընթացների բացակայության դեպքում: Դա տեղի է ունենում, երբ կտրուկ մեծանում է թթվածնի պահանջը՝ կապված չափից ավելի մեծ ֆիզ. ակտիվության հետ (ծանր ֆիզ. աշխատանք, գերլարվածություն ևն):

Թ. կարող է լինել սուր, որն առաջանում է մի քանի ր-ի, նույնիսկ՝ վրկ-ների (կայծակնային) ընթացքում և քրոնիկական, որը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ:

Թ-ի պատճառ կարող են լինել օդում թթվածնի անբավարարությունը, օրինակ՝ մեծ բարձունքներ բարձրանալիս (տես Լեռնային հիվանդություն), հանքահորերում, ջրհորերում աշխատելիս ևն: Երբեմն կարող է առաջանալ շնչուղիները օտար մարմնով, լորձով խցանվելիս, բրոնխների կծկանքի, թոքերում սկսվող ախտաբան. գործընթացների դեպքերում (այտուց, բորբոքում), երբ կտրուկ փոքրանում է թոքերի շնչառ. մակերեսը, ինչպես նաև շնչառ. համակարգի այլ խանգարումների ժամանակ: Շնչուղիների խցանման կամ այլ պատճառներով շնչառության կտրուկ խանգարման դեպքում կարող է առաջանալ շնչահեղձության ծանր վիճակ:

Սուր Թ. նկատվում է մեծ քանակությամբ արյան կորստի (տես Արյունահոսություն), սրտամկանի ինֆարկտի և այլ ծանր վիճակներում, ինչպես նաև ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելիս, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքներին թթվածին մատակարարելու արյան ունակությունը:

Քրոնիկ. Թ. կարող է առաջանալ թոքերի հյուսվածքի ախտաբան. փոփոխությունների դեպքում (օրինակ՝ թոքափքանք, սրտի արատներ, կարդիոսկլերոզ), որը կապված է թոքերի շնչառ. ֆունկցիայի խանգարման կամ սրտի թերգործունեության և հյուսվածքների անբավարար արյունամատակարարման հետ:

Առանձնահատուկ տեղ է գրավում որոշ թունավոր նյութերով (օրինակ՝ ցիանիդներով) թունավորվելու հետևանքով առաջացած Թ.: Այդ նյութերն ընկճում են բջիջների ու հյուսվածքների շնչառ. ֆերմենտներին, որոնք կորցնում են թթվածին յուրացնելու ունակությունը, և կարող է առաջանալ կայծակնային Թ: Թ. կարող է պայմանավորվել նաև օրգանիզմում որոշ վիտամինների անբավարարությամբ:

Թթվածնի անբավարարության նկատմամբ առավել զգայուն է նյարդային համակարգը: Այսպես՝ թթվածնի մատակարարումը լրիվ դադարելու դեպքում գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում լուրջ խանգարման ախտանշաններն ի հայտ են գալիս 2,5-3 ր անց: Կտրուկ փոխվում է օրգանիզմի բջիջների և հյուսվածքների նյութափոխանակությունը: Սրտի գործունեության խանգարումներն արտահայտվում են սրտի կծկումների հաճախացմամբ, ապա թուլացմամբ, առաջանում է, այսպես կոչված, թելանման անոթազարկ: Այլ դեպքերում սրտի հաճախակի կծկումները հանկարծակի փոխարինվում