Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/231

Այս էջը հաստատված է

խանգարումներով երեխաների համար կան նախադպրոց. հիմնարկներ՝ մասնագիտացված մանկապարտեզներ, մանկամսուրներ, բժշկ. ստացիոնարներ և առողջարաններ:

ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, նարկոմանիա, թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն: Թ-յան շարքն է դասվում ախտաբան. հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապ. նախ-յան ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր: Տարբերում են Թ-յան 4 տեսակ՝ օպիումային Թ. (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնող ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչների օգտագործումից առաջացած Թ., թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած Թ.: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտ. պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզ. վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է: Թ հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալ. անկման (դեգրադացիա): Թ. քրոնիկ. հիվանդություն է և առաջանում է աստիճանաբար: Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզ. լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով:

Հայտնի է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի: 1-ինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ՝ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից: Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմրադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը: Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում են: Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումը: Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կերպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են Թ-յան:

2-րդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմրադեղի գիտակցաբար ընդունումն է: Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով: Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, Թ. առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ: Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական:

Թ. սկսվում է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու ցանկությամբ: Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է անբավարարվածություն, նրան «ինչ-որ բան չի բավականացնում»: Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական ընդունումը: Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում մարդու բնականոն հակումները: Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափը: Աստիճանաբար զգացողությունների ուժգնությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը դառնում է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը, հիվանդն անհանգիստ է, լարված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակ: Միայն թմրանյութի հերթական բաժինը կարող է նրան հասցնել ցանկալի վիճակի: Եթե սկզբում թմրանյութը թողնում էր թուլացնող, խաղաղեցնող, նպատակաուղղված գործողությունից զրկող ազդեցություն, ապա հետագայում հարբեցումը խթանում է, առաջացնում մտազգաստություն և վերադարձնում աշխատունակությունը: Այդպիսի մարդկանց կենսագործունեության գործընթացներն ընթանում են թմրանյութի մշտ. առկայության դեպքում, իսկ ընդունումն ընդհատվելիս դրանք խանգարվում են: Եթե հիվանդության սկզբում թմրանյութի հանդեպ հակումն արտահայտվում էր հոգեկան ֆունկցիաների խանգարումներով (գրգռվածություն, տրամադրության անկում, կենտրոնանալու անընդունակություն), ապա այժմ առաջանում են ֆիզ. վիճակի խանգարման ախտանշաններ՝ քրտնոտություն, սրտխփոց, բերանի չորություն, մկանային թուլություն, վերջույթների դող, գունատություն, բբերի լայնացում: Հակումը բավարարելու համար թմրամոլն ընդունակ է ստորանալու, խաբեության, դավաճանության, գողության և բռնության: Եթե թմրանյութն օրգանիզմ չի ներմուծվում 1 օրից ավելի, ապա առաջանում է, այսպես կոչված, թմրանյութային քաղցի (աբստինենցիա) համախտանիշ, որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզ. ծանր խանգարումներով: Անզուսպ հակման ֆոնի վրա առաջանում են գրգռվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, որոնք հաճախ փոխարինվում են թախիծով, անելանելիության մտքերով: Կախված այն նյութից, որը չարաշահում է թմրամոլը, թմրանյութային քաղցի շրջանում կարող են առաջանալ ցնցումային նոպաներ և սուր պսիխոզներ, որոնք ուղեկցվում են գիտակցության խանգարումներով, զգայախաբություններով և զառանցանքով (տես Հոգեկան հիվանդություններ): Խանգարվում են օրգանիզմի բոլոր համակարգերի ֆունկցիաները: Բարձրանում է արյան ճնշումը, խիստ հաճախանում է սրտխփոցը: Մկանները լարված են, առաջանում են ուժեղ մկանացավեր, մկանային դոդ, ջղաձգություններ և ցնցումներ: Հիվանդները չեն կարողանում հարմար դիրք գրավել, բնորոշ է մկանային դողը, որը փոխարինվում է խիստ թուլությամբ և անշարժունությամբ: Խանգարվում է մարսող. համակարգի գործունեությունը, առաջանում են փսխում, լուծ, ստամոքսի և աղիքների ցավեր, ախորժակի բացակայություն, քնի խանգարում: Թ-յան տարբեր ձևերի ժամանակ բոլոր ախտանշաններն արտահայտվում են տարբեր ձևերով, ուստի հիվանդությունը կարող է ախտորոշել բժիշկը (թմրանյութի տեսակի պարզմամբ), եթե նույնիսկ հիվանդը դա թաքցնում է: