Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/237

Այս էջը հաստատված է

հետքեր կամ Թ-ային հանգույցների առկայություն) դեպքերում պետք է դիմել բժշկի: Հիվանդության յուրաքանչյուր սրացման (բորբոքում կամ հանգույցների ճմլում, կղման ժամանակ արյունահոսության հաճախացում) դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, ճմլված Թ-ային հանգույցներն ինքնուրույն ուղղելն անթույլատրելի է. այն կարող է հանգեցնել առատ արյունահոսության կամ այլ լուրջ բարդությունների:

Բուժում է վիրաբույժը: Արդյունավետությունը հիմնականում կախված է հիվանդության խորացման աստիճանից, ժամանակին բժշկին դիմելուց և նրա նշանակումները կատարելուց: Խորհուրդ է տրվում մրգով ու բանջարեղենով հարուստ սննդակարգ, խուսափել սուր համեմունքներից, ալկոհոլից և փորկապություն առաջացնող սննդամթերքից: Կիրառվում են նաև աղիքների կանոնավոր դատարկման միջոցներ, իսկ ծանր դեպքերում՝ վիրահատություն:

Կանխարգելումը. պետք է վերացնել Թ. առաջացնող պատճառները՝ հիմնականում փորկապությունը, հրաժարվել ալկոհոլից, հետևել հիգիենային (հատկապես մաքուր պահել հետանցքի շուրջը, կղումից հետո լավ լվանալ): Քիչ շարժուն ապրելակերպի դեպքում զբաղվել մարմնամարզությամբ. կանգնած վիճակում աշխատողներին (վաճառողներ, վարսավիրներ) խորհուրդ է տրվում վարժություններ կատարել նստած, իսկ նստած վիճակում աշխատողներին՝ կանգնած և քայլելու ընթացքում:

Օգտակար է նաև մարմնամարզությունն աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքը սկսելուց՝ 3, այնուհետև 2-2,5 ժ անց:

ԹՈՒՅՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (մասնագիտ. կամ արտադր.), արտադրության մեջ օգտագործվող քիմ. նյութեր, որոնք անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի կանոնները խախտելիս օրգանիզմի վրա ունենում են վնասակար ազդեցություն:

Թույների ներգործությունը կարող է լինել րոպեական կամ աստիճանական: Պարզվել է, որ թույների տարբեր կոնցենտրացիաների ազդեցությունն օրգանիզմի համար ավելի վնասակար է, քան այդ թույների հաստատուն (միջին) կոնցենտրացիան միևնույն ժամանակահատվածում:

Ծանր մետաղները, այդ թվում կապարը, սնդիկը, բուրավետ-, նիտրո- և ամինամիացությունները, հալոգենացված ածխաջրածինները, ֆոսֆորօրգ. նյութերը, տարբեր ռադիոակտիվ նյութերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ կանանց օրգանիզմի և պտղի վրա: Կանխարգելման համար անհրաժեշտ է արտադրության տեխնոլոգիայից բարձր թունավորություն ունեցող և կյանքի համար վտանգավոր թույների հեռացում կամ դրանք ավելի պակաս թունավոր ու վտանգավոր նյութերով փոխարինում, տեխնոլոգ. գործընթացների և սարքավորումների կատարելագործում, որով կանխվում կամ առավելագույնս սահմանափակվում է քիմ. նյութերի անցումը աշխատավայրի օդի մեջ, պատշաճ օդափոխություն, պաշտպան. արտահագուստի կրում (տես Անհատական պաշտպանության միջոցներ), հակագազի, շնչադիմակների և պաշտպանության այլ միջոցների (պաշտպան. մածուկներ, քսուքներ ևն) օգտագործում: Անհրաժեշտ է ցնցուղվել, ամեն օր փոխել սպիտակեղենը, թույների հետ շփվող անձանց աշխատօրվա կրճատում, արձակուրդի երկարացում, պարբերական բժշկական զննումներ, թույների հետ աշխատանքի հակացուցումների մշակում, բուժկանխարգելիչ սնունդ, դեղորայքային կանխարգելում (համապատասխան ինհալատորիաներ ևն): Կարևոր է աշխատավայրի օդում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների հաստատումը և մշտ. պահպանումը, այսինքն՝ այնպիսի կոնցենտրացիաների, որոնք 8-ժամյա աշխատօրվա դեպքում ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում աշխատողի մոտ չեն առաջացնում (անմիջապես աշխատանքի գործընթացում կամ ավելի հեռավոր ժամկետներում) հիվանդություններ կամ առողջ. վիճակի շեղումներ: ՍԹԿ պարտադիր սան. նորմատիվ է արտադր. շենքերի, տեխնոլոգ. գործընթացների, սարքավորումների և օդափոխության նախագծման ժամանակ, ինչպես նաև նախազգուշական և ընթացիկ սան. հսկողության ու արտադր. պայմաններում սան. ռեժիմի հսկողության այլ ձևերի դեպքերում: Ձեռնարկություններն ու նախագծող կազմակերպությունները պետք է հսկեն, որ աշխատավայրի օդում լինի վնասակար նյութերի նվազագույն (սահմանային թույլատրելիից ցածր) պարունակություն:

Տես նաև Մասնագիտական հիվանդություններ, Մասնագիտական վնասակարություններ, Մասնագիտական ընտրություն:

ԹՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տոքսիկոլոգիա, գիտություն թույների ֆիզ. և քիմ. հատկությունների, ազդեցության մեխանիզմների ու օրգանիզմում դրանց առաջացրած փոփոխությունների մասին: Թ. միջոցներ է որոնում թունավորումները կանխելու և բուժելու, ինչպես նաև ժողտնտեսության տարբեր բնագավառներում թույներն օգտակար նպատակով կիրառելու հնարավորության համար: Ըստ հետազոտության խնդիրների և մեթոդների՝ Թ. կապված է դեղաբանության հետ, քանի որ բազմաթիվ դեղանյութերի մեծ դեղաչափերը կարող են ունենալ թունավոր ազդեցություն, և հակառակը՝ որոշ թույների փոքր դեղաչափերը՝ բուժիչ ազդեցություն:

ՀՀ-ում Թ-ական 1-ին հետազոտությունները կատարել են Գ. Մեդնիկյանը և Ս. Միրզոյանը՝ 1930-ական թթ., իսկ արդ. Թ-ականը՝ Հ. Միրզաբեկյանը՝ Սանբակտերիաբան. ԳՀԻ աշխատանքի հիգիենայի լաբորատորիայում, այնուհետև շարունակվել են ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) և բժիշկների կատարելագործման ինստ-ի (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) համապատասխան ամբիոններում: Ուսումնասիրվել են քլորոպրենով թունավորումների հարցերը (Վ. Մխիթարյան, Ե. Գասպարյան, Հ. Մատինյան, Ա. Ալավերդյան և ուր.): Բացահայտվել են քլորոպրենի և որոշ քլորիդների ազդեցության մեխանիզմները նյութափոխանակության, նյարդային, սիրտանոթային համակարգերի, լյարդի վրա, ձևաբան. տեղաշարժերը, մշակվել են հիգիենային նորմատիվներ և բուժկանխարգելիչ միջոցներ: Աշխատանքներ են կատարվել դեղաբան. Թ-յան բնագավառում (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյան): Մշակվել են գրանոզանով թունավորման ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերը (Կ. Նազարեթյան):

1959-ին կազմակերպվել է Աշխատանքի հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ (1971-ից՝ Ն. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ինստ.), որի արդ. Թ-յան լաբորատորիայում հետազոտվել են մի շարք վնասակար միացությունների ազդեցությունն օրգանիզմի վրա և պարզել դրանց ՍԹԿ: Աշխատանքներ են կատարվել ֆենիլկարբամատային թունաքիմիկատների կենսաքիմ. առաջնային ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, կանխարգելման և փորձարար. կենդանիների բուժման բնագավառում (Շ. Քոսյան): ԵՊԲՀ սննդի հիգիենայի ամբիոնում ուսումնասիրվել են ֆլուորոզի, երկքլորբութենային և մոլիբդենային քրոնիկ, թունավորումների ժամանակ նյութափոխանակության խանգարումների բնորոշ առանձնահատկությունները և ախտաբան. փոփոխությունների առաջացման մեխանիզմները, մշակվել բուժկանխարգելիչ