Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/241

Այս էջը հաստատված է

ոտքերի 1-ին զույգն ունի թունավոր գեղձեր: Սնունդ հայթայթելու համար դրանք սողում են բնակարաններ և այլ շինություններ: Խայթոցն ուղեկցվում է ուժեղ ցավով, խայթոցի տեղն ուռչում է: Ցավը մեղմելու համար խորհուրդ է տրվում դնել մագնեզիումի սուլֆատի հագեցած լուծույթով թրջոց: Որոշ մանր բազմոտանիներ կարող են սողալ արտաքին լսող. անցուղի, միզուկ ևն՝ առաջացնելով տվյալ օրգանի ժամանակավոր գրգռում կամ բորբոքում: Հաճախ մորմերին նույնպես թունավոր են համարում, որոնց խայթոցը ցավոտ է, սակայն չի ուղեկցվում թունավոր արտազատուկով: Խայթոցից առաջացած վերքի մեջ վիրուսի ներթափանցման դեպքում հնարավոր են բարդություններ: ՀՀ-ում տարածված է գլխավորապես Արաքսի հովտում, Արարատյան դաշտում: Բոլոր սարդերն ունեն թունավոր գեղձեր, բայց մարդու համար վտանգավոր են այն տեսակները (կարակուրտը և տարանտուլը), որոնք խայթում են միայն մաշկը: Կարակուրտը տարածված է չոր տափաստաններում և թունավոր է միայն էգը, թույնն ազդում է կենտր. նյարդային համակարգի վրա: Խայթոցը ցավոտ չէ, բայց 5-10 ր-ից առաջանում է սուր ցավ, որը տարածվում է ամբողջ մարմնով, տուժածը կորցնում է գիտակցությունը, չի կարողանում ոտքի կանգնել, բարձրանում են ջերմաստիճանը և արյան ճնշումը: Այդպիսի վիճակը տևում է մինչև 12 օր (հնարավոր է ավարտվի մահով):

Բուժում է բժիշկը: Առավել արդյունավետ է հատուկ հակակարակուրտային շիճուկի ներարկումը: Խորհուրդ է տրվում տաք լոգանքներ և առատ, տաք ըմպելիք: Տարանտուլի խայթոցից լինում է միայն տեղային հակազդեցություն: Օգնության միջոցները նույնն են, ինչ սկոլոպենդրայի խայթոցի դեպքում:

Թունավոր սարդակերպերից են նաև կարիճները, որոնցից ՀՀ-ում տարածված են 3 տեսակ՝ սեվ կամ հաստապոչ (խայթոցը կարող է մահացու լինել մարդու համար), խայտաբղետ և դեղին: Սնունդ հայթայթելու նպատակով հաճախ դրանք մտնում են տները, թաքնվում կոշիկի, հագուստի, կահույքի մեջ: Կարիճների փորիկի հետնամասը՝ «պոչիկը», վերջանում է սուր կեռ «խայթիչով», որը միացած է 2 թունավոր գեղձերին: Կարիճի խայթոցը ցավոտ է, ուղեկցվում է ուժեղ այտուցով, մաշկի կարմրությամբ: 1-ին ժամվա ընթացքում առաջանում են ցնցումներ, դող, սրտխառնոց, հևոց, ցավեր սրտի շրջանում, դժվարանում են շնչառությունը, կլումը և խոսքը: 1-ին օգնությունը՝ ջեռակ, տաք լոգանքներ և ըմպելիք: Բուժում է բժիշկը:

ՀՀ-ում տարածված կրետանման և մեղվազգի միջատներից մարդու համար առավել վտանգավոր են կրետները (ձիաբոռը, սովորական կրետը ևն) և մեղուները: Դրանց թունավոր ապարատը բաղկացած է 2 (թթվային և հիմնային) գեղձերից, որոնք բացվում են խայթիչի հիմքում: Կրետները հաճախ հանդիպում են բնակարաններում, մթերային խանութներում և այլուր: Խայթոցի տեղում առաջանում է բորբոքային օջախ, երբեմն՝ այտուց, որն ուղեկցվում է այրող ցավով: Տեղային երևույթներն անցնում են մի քանի ժ-ից կամ օրից, գերզգայնության դեպքում հնարավոր է անաֆիլաքսային շոկ (տես Անաֆիլաքսիա): Մեղուների թունավորության աստիճանը պայմանավորված է միաժամանակյա խայթոցների թվով, խայթոցի տեղով և մեղվի թույնի նկատմամբ տուժածի ընկալունությամբ: Խայթոցի տեղում առաջանում են այրող ցավ, կարմրություն, այտուց: Երբեմն հնարավոր է ընդհանուր ինքնաթունավորում: Անհրաժեշտ է հանել խայթը և վերքը լվանալ էթիլ կամ անուշադրի սպիրտով (ամոնիակի լուծույթ): Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները, սառույցը: Առավել վտանգավոր է, երբ Թ.կ. խայթում են բերանի լորձաթաղանթը, որի դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել բկանցքի և կոկորդի վրա և առաջացնել շնչահեղձություն, ուստի անհրաժեշտ է դիմել բժշկի: Քանի որ Թ.կ-ի թույնն ունի պաշտպան. և հարձակող. նշանակություն, ուստի խայթոցից խուսափելու համար պետք է գոնե կողմնորոշիչ գիտելիքներ ունենալ Թ.կ-ի կենսակերպի և դրանց ապրելավայրերի մասին:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ Սուր Թ. առաջանում են մարդու օրգանիզմ տարբեր բնույթի քիմ. նյութերի այնպիսի քանակների ներթափանցումից, որոնք կարող են խախտել կենսական ֆունկցիաները և կյանքին վտանգ սպառնալ: Հայտնի է, որ որոշակի չափաքանակներով ընդունած շատ քիմ. պատրաստուկներ վերականգնում են հիվանդությունների հետևանքով օրգանիզմի խանգարված տարբեր ֆունկցիաները, այսինքն՝ ունեն բուժիչ հատկություն: Սակայն նույն նյութերի մեծ չափաքանակները հաճախ դառնում են թունավոր: Այսպիսով, միևնույն քիմ. նյութը, կախված օրգանիզմի հետ նրա փոխազդման հանգամանքներից, կարող է լինել և՛ թույն, և՛ դեղ:

Ելնելով սուր Թ. առաջացնելու հանգամանքներից՝ տարբերում են պատահական և կանխամտածված Թ.: 1-ին խումբը ներառում է շատ տարածված դեպքեր՝ դեղանյութերի չափաքանակի գերազանցումից, հատկապես ինքնաբուժումից, ալկոհոլային ինքնաթունավորումից՝ մեծ քանակությամբ էթիլ ալկոհոլ և դրա փոխնյութեր օգտագործելիս (տես Ալկոհոլային հարբեցում), դեղի կամ ալկոհոլային խմիչքի փոխարեն սխալմամբ որևէ քիմ. նյութ օգտագործելիս ևն: Կանխամտածված Թ. քիչ են տարածված, սակայն առավել ծանր են ընթանում, քանի որ այդ դեպքերում սովորաբար թույնի ավելի մեծ (կանխամտածված ինքնասպանության համար) չափաքանակ է օգտագործվում: Դրանք, այսպես կոչված, սուիցիդային Թ. են, որոնք բնորոշ են հոգեկան հիվանդներին կամ անհավասարակշիռ մարդկանց:

Սուր Թ. կարող են լինել կենցաղային և արտադր.: Հաճախ են հանդիպում կենցաղային Թ. տարբեր քիմ. պատրաստուկներից, որոնք մեծ քանակությամբ, որպես դեղանյութ և կենցաղային քիմիայի միջոցներ, պահվում են տներում:

Արդ. հիգիենայի հաջողությունների և բժշկ. հսկողության շնորհիվ քիմ. ձեռնարկություններում և լաբորատորիաներում վթարների կամ տեխ. անվտանգության կանոնների խախտման հետևանքով առաջացող արտադր. Թ. հազվադեպ են դարձել: