Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/243

Այս էջը հաստատված է

մի քանի խմբերի՝ կոսմետիկ. միջոցներ, բծեր մաքրողներ, միջատասպաններ, լվացամիջոցներ, լաքաներկող պատրաստուկներ ևն:

Առավել մեծ խումբ են կոսմետիկ. միջոցները՝ լոսյոնները, օդեկոլոնները ևն: Դրանք պարունակում են էթիլ, ամիլ, բութիլ սպիրտներ, որոնք խիստ անբարենպաստ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա: Նշված պատրաստուկները, օրգանիզմ ներթափանցելով, կարող են առաջացնել ուժեղ ալկոհոլային Թ.՝ շնչառության և սրտի գործունեության խանգարման երևույթներով: Նույնիսկ Թ-ի թեթև դեպքերում նկատվում են գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումներ (լուծ, որովայնի ցավեր):

Կենցաղում միջատասպանները կիրառվում են տնային մակաբույծներին (տես Փայտոջիլներ, Խավարասերներ) ոչնչացնելու և ճանճերից ու մոծակներից պաշտպանվելու համար: Դրանցից առավել տարածված են քլորոֆոսը և կարբոֆոսը (ֆոսֆորօրգան. միացություններ), որոնք առաջացնում են սուր և քրոնիկ. Թ. (տես ստորև՝ Թ. թունաքիմիկատներով):

Թռչող միջատների դեմ կիրառվող պատրաստուկները պարունակում են երկմեթիլֆթալատ, որն օրգանիզմում վերածվելով մեթիլ սպիրտի, այնուհետև քայքայվում է, վերածվում ուժեղ թունավոր նյութերի (մրջնաթթու, մրջնալդեհիդ) և ազդում կենտր. նյարդային համակարգի վրա: Պատահաբար օրգանիզմ թափանցած այդ պատրաստուկների 50 մլ կարող է առաջացնել գիտակցության կորուստ՝ շնչառության արտահայտված խանգարմամբ, ընդհուպ շնչառության դադարով: Որպես կանոն՝ ախտահարվում է տեսող. նյարդը, որից կարող են կուրանալ:

Ծանր Թ. են առաջացնում կենցաղում շատ տարածված թթուները՝ 80%-անոց քացախաթթուն (քացախաթթվային էսենցիան), աղաթթուն (պարունակվում է, այսպես կոչված, զոդման թթվում և լոգնոցը մաքրող հեղուկում), կարբոլաթթուն և թրթնջկաթթուն (պարունակվում են ժանգի բծերը մաքրող հեղուկում): Կծու ալկալիներից առավել վտանգավոր են կաուստիկ սոդան, անուշադրի սպիրտը (ամոնիակի ջրային լուծույթը), կծու կալիումը (կալիումի հիդրօքսիդ՝ KOH), ինչպես նաև ալկալիների լուծույթները, որոնք պարունակվում են կենցաղում տարածված տարբեր պատրաստուկների բաղադրություններում: Նշված հեղուկների մեծ մասն անգույն է, իսկ որոշները նույնիսկ հոտ չունեն: Ուստի եթե դրանք պահվում են սննդամթերքի հետ և ոչ թե հատուկ ամանում և չունեն պիտակ, ապա թունավորման վտանգը միշտ կա: Հաճախ նման անփութության զոհ են դառնում երեխաները:

Ուժեղ թթուները կամ ալկալիներն օրգանիզմ թափանցելիս բերանում, ըմպանում և շնչուղիներում անմիջապես զգացվում են սուր ցավեր: Լորձաթաղանթի այրվածքից առաջանում են ուժեղ այտուց, առատ թքարտադրություն, սուր ցավերի պատճառով տուժածը չի կարողանում կուլ տալ: Շնչառման ժամանակ թուքն օդի հետ կարող է թափանցել շնչուղիներ՝ դժվարացնելով շնչառությունը, և հանգեցնել շնչահեղձության:

Նման դեպքերում անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել, իսկ մինչ գալը, թեյի գդալի ծայրին թանզիֆ, թաշկինակ կամ անձեռոցիկ փաթաթելով, մաքրել տուժածի բերանի խոռոչը և արագ հեռացնել թուքն ու լորձը: Շնչահեղձության ախտանշանների դեպքում պետք է կատարել արհեստական շնչառություն՝ գերադասելի է «բերան-քթի» եղանակով:

Շատ հաճախ թթուներով ու ալկալիներով թունավորվելիս առաջանում է փսխում, երբեմն՝ արյունախառը, երբեմն էլ առատ արյունահոսությամբ: Նման դեպքերում խստորեն արգելվում է ինքնուրույն լվանալ ստամոքսը, որպեսզի փսխումը չուժեղանա, թթուները և ալկալիները շնչուղիներ չթափանցեն: Ստեղծված իրավիճակում ստամոքսը լվանալ կարող է միայն բուժաշխատողը՝ հատուկ զոնդի միջոցով: Տուժածին կարելի է տալ 2-3 բաժակ ջուր (ցանկալի է սառույցով), որը կնոսրացնի օրգանիզմ ներթափանցած թթվի կամ ալկալու կոնցենտրացիան և կմեղմի դրանց այրող ազդեցությունը: Թունավոր հեղուկները երբեք չի կարելի «չեզոքացնել», այսինքն՝ թթուներից թունավորվելու դեպքում սոդա տալ կամ ալկալիների դեպքում՝ թթու, որովհետև դրանց փոխազդեցությունից առաջանում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որի հետևանքով ստամոքսը գերձգվում է, ուժեղանում են ցավերն ու արյունահոսությունը:

Որոշ թթուներ, այդ թվում և քացախաթթուն, ներծծվելով արյան մեջ, քայքայում են արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները, և օրգանիզմը զրկվում է հեմոգլոբինից՝ թթվածնի հիմն. փոխադրողից: Խախտվում են կենսական կարևոր օրգանների ֆունկցիաները, օրինակ՝ առաջանում է երիկամային սուր անբավարարություն (տես Միզարտադրության համակարգ): Ծանր այրվածքների ուժեղ ցավերից տուժածը կարող է ընկնել շոկի մեջ, իսկ երբեմն առաջանում է շնչահեղձություն, ուստի նման հիվանդներին պետք է շտապ հասցնել բուժհիմնարկ, որովհետև տնային պայմաններում բուժումն անհնար է:

Աչքի կամ շրթունքի լորձաթաղանթի, մաշկի վրա թափված թթուն կամ ալկալին պետք է լվանալ 1-2 լ ջրով: Օրինակ՝ թրթնջկաթթուն, թափանցելով օրգանիզմ, վերածվում է թրթնջկաթթվի չլուծվող աղերի, որոնք խցանում են երիկամային ուղիները և առաջացնում սուր երիկամային անբավարարություն:

Ճարպաբծերը մաքրող պատրաստուկները (պարունակում են քլորացված ածխաջրածիններ՝ եռաքլորէթիլեն, քառաքլոր ածխածին), օրգանիզմ թափանցելով, ախտահարում են լյարդն ու երիկամները՝ հանգեցնելով լյարդ-երիկամային անբավարարության: Երբեմն քառաքլոր ածխածնով աշխատելիս (բծերը մաքրելիս) կարող է առաջանալ ինհալացիոն Թ.՝ նույն բարդություններով, ինչպես թույնն օրգանիզմ ներթափանցելիս: Ալկոհոլային հարբեցման վիճակում գտնվող անձանց վրա այդ թույնն ավելի ուժեղ ազդեցություն է ունենում:

Անիլինային ներկերով թունավորվելիս ախտահարվում է հիմնականում արյունը, այն զրկվում է թթվածին փոխադրելու հատկությունից՝ որոշ դեպքերում հանգեցնելով ծանր հետևանքների: Տեսանելի լորձաթաղանթները և մաշկը դառնում են մոխրակապույտ, իսկ արյունը՝ շագանակագույն:

Կենցաղային քիմիայի պատրաստուկներով թունավորվելիս անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել, իսկ մինչև գալը, եթե հիվանդի գիտակցությունը պահպանված է, անհրաժեշտ է առաջացնել փսխում (բացառությամբ թթուներով և ալկալիներով թունավորվելիս): Անգիտակից վիճակում գտնվող հիվանդին պետք է պառկեցնել փորի վրա, գլուխը կողքի թեքել (առանց բարձի), որպեսզի փսխելիս ստամոքսի պարունակությունը շնչուղիներ չթափանցի:

Լեզուն կուլ գնալու, ինչպես նաև անգիտակից վիճակում ջղաձգումների դեպքում, երբ ծնոտներն ամուր սեղմված են և խանգարում են բնականոն շնչառությանը, անհրաժեշտ է գլուխն զգույշ հետ թեքել և ստորին ծնոտն առաջ բերել ու վեր բարձրացնել, որպեսզի տուժածը կարողանա քթով շնչել:

Կենցաղային քիմիայի պատրաստուկներն անհամեմատ հեշտացնում են տնային աշխատանքը, սակայն դրանցից