Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/246

Այս էջը հաստատված է

բարդությունը պայմանավորված է օրգանիզմում մեթիլ սպիրտի և էթիլենգլիկոլի քայքայման նյութերով, իսկ էթիլ սպիրտը, լավ հակաթույն լինելով, դանդաղեցնում է այդ քայքայումը:

Ծանր Թ-ից խուսափելու համար խստորեն արգելվում է խմել ալկոհոլի ցանկացած փոխնյութ, անհայտ սպիրտներ և բժշկ. կրթություն չունեցող մարդկանց առաջարկած դեղապատրաստուկներ: Երբեք հնարավոր չէ քիմ. պատրաստուկի ինչպիսին լինելը որոշել գույնով և հոտով:

Թ. սնկերից առավել հաճախ են հանդիպում աշնանը և գարնանը: Թունավորվում են հիմնականում սնկերը վատ ճանաչելու, ինչպես նաև դրանց վատ մշակման և անորակ պատրաստման հետևանքով (տես Սնկեր, Պահածոյում տնային):

Սունկն արժեքավոր սննդամթերք է՝ օժտված բարձր սննդային հատկություններով: Ըստ դասակարգման՝ տարբերում են ուտելի, պայման. ուտելի (մորխ, ոլորքագլուխ, ալիքասունկ, որոնք հատուկ խոհարար. մշակում են պահանջում) և թունավոր սնկեր:

Սուր Թ. սովորաբար առաջանում են թունավոր կամ պայման. ուտելի սնկերից:

Թունավոր սնկերից շատ տարածված են դժգույն գարշասունկը, ճանճասպանը, որոշ կեղծ կոճղասնկեր ևն: Առավել ծանր են դժգույն գարշասնկից Թ. (տուժածների 90%-ը մահանում են): Այս սունկը պարունակում է թունավոր նյութերի 2 խումբ՝ արագ ներգործող ֆալոիդին և դանդաղ ազդող, բայց առավել թունավոր ամանիտին, երկուսն էլ ախտահարում են լյարդն ու երիկամները:

Դժգույն գարշասնկից Թ-ի դեպքում առանձնացվում է 4 շրջան՝ գաղտնի (տևում է ուտելու պահից սկսած 8-24 ժ), ստամոքսաղիքային համակարգի ախտահարման (տևում է 1-6 օր, լուծի հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է և կորցնում մեծ քանակությամբ կենսագործունեության համար անհրաժեշտ աղեր), լյարդի ու երիկամների ֆունկցիայի խանգարման (սկսվում է 5-6 օրից), առողջացման (ախտահարված օրգանների ֆունկցիաների վերականգնում):

Թունավորման ախտանշանները (սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, օրգանիզմը ջրազրկող լուծ՝ երբեմն լորձոտ և արյունախառն) սովորաբար դրսևորվում են գաղտնի շրջանից հետո, սկսվում են հանկարծակի և արագ սաստկանում: Երեխաների Թ. ավելի ծանր են ընթանում, առաջանում է լյարդի անբավարարություն՝ հաճախ մահացու ելքով:

Թ. ճանճասպանից հազվադեպ են, քանի որ այն ուտելի սնկերի հետ չեն շփոթում: Ճանճասպանում պարունակվող մուսկարին թույնն առաջացնում է շարժող. գրգռվածություն, ջղաձգումներ, բբերի նեղացում, ուժեղ թքազատություն, քրտնոտություն, որովայնի ցավեր, սրտխառնոց, անզսպելի փսխում, այնուհետև՝ զառանցանք, զգայախաբություններ: Թունավորման 1-ին ախտանշաններն ի հայտ են գալիս ուտելուց 0,5-6 ժ հետո:

Պայման. ուտելի սնկերից Թ. առաջանում են ոչ ճիշտ պահածոյած կամ վատ խոհարար. մշակման ենթարկված սունկ ուտելիս (բորբոսային ու բակտերիային վարակներից): Ախտանշանները (սրտխառնոց, փսխում) ի հայտ են գալիս ուտելուց 1-3 ժ հետո: Առողջանում են 1-2 օրից:

Ոլորքագլուխները պարունակում են հելվելաթթու, որը քայքայում է էրիթրոցիտները: Թունավորման 1-ին ախտանշանները (որովայնի ցավեր, սրտխառնոց, փսխում, գլխացավեր) ի հայտ են գալիս 6-10 ժ-ից: Ծանր Թ-ի դեպքում արյունատարրալուծման (հեմոլիզ) ֆոնի վրա առաջանում է դեղնախտ: Հելվելաթթուն անկայուն է և հեշտությամբ քայքայվում է սնկերի խոհարար. մշակումից:

Սնկերից ցանկացած (նույնիսկ շատ թեթև) թունավորման կամ դրա կասկածի դեպքում պետք է շտապ դիմել բժշկի կամ տուժածին հասցնել հիվանդանոց: Մինչև բժշկի գալը պետք է մաքրել հիվանդի ստամոքսն ու աղիքները և պառկեցնել: Ստամոքսն անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով, աղի կամ կալիումի գերմանգւսնատի թույլ լուծույթներով: Աղիքները մաքրելու համար պետք է օգտագործել լուծողական (գերչակի ձեթ կամ անգլ. աղ), իսկ լրիվ մաքրման համար՝ հոգնա: Փսխման և լուծի հետևանքով հեղուկի կորուստն օրգանիզմում վերականգնելու նպատակով հիվանդին պետք է փոքր կումերով խմեցնել աղաջուր (թուլացնում է փսխումը և սրտխառնոցը) կամ մուգ թեյ: Սնկերով Թ-ի դեպքում բացառվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը, որովհետև դրանք նպաստում են օրգանիզմում թույնի ավելի արագ ներծծմանը:

Տուժածին շտապ հիվանդանոց հասցնելու դեպքում կատարվում է համալիր բուժում՝ «արհեստական երիկամի» կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս փրկել հիվանդին՝ նույնիսկ սնկերով ծանր Թ-ի դեպքում:

Թ. շմոլ գազից կենցաղում առաջանում են վառարանից օգտվելու կանոնները խախտելիս, դրա անսարքությունից, հրդեհից, գազի արտահոսքից ևն: Շատ ծանր են ընթանում Թ. հրդեհի ժամանակ առաջացած շմոլ գազից: Հաճախակի են հանդիպում սուր Թ.՝ ավտոտնակում ավտոմեքենայի շարժիչի աշխատելուց արտանետված գազերից, ինչպես նաև ավտոմեքենայի փակ խցիկում երկարատև մնալուց (որտեղ ստեղծվում է շմոլ գազի բարձր կոնցենտրացիա):

Ածխածնի օքսիդը (CO) անգույն գազ է՝ մաքուր վիճակում թույլ արտահայտված սխտորի հոտով, ուստի շնչելիս մարդն այն չի զգում և թունավորվում է աննկատ: Ածխածնի օքսիդը շատ ուժեղ թույն է, հիմնականում ախտահարում է արյունը, ինչպես նաև նյարդային համակարգը, մկանային հյուսվածքները, սիրտը: Այն, թոքերի միջոցով արյան մեջ թափանցելով, 200-300 անգամ արագ, քան թթվածինը, փոխազդում է հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով կայուն կարբօքսիհեմոգլոբին միացությունը: Միանալով ածխածնի օքսիդի հետ՝ հեմոգլոբինը զրկվում է թոքերից հյուսվածքներ թթվածին տեղափոխելու ունակությունից: Արյան գունակի փոխադրող ֆունկցիայի խանգարումից գլխուղեղում և հյուսվածքներում առաջանում է թթվածնային քաղց, իսկ արյան մեջ թթվածնի պակասից՝ շնչահեղձություն:

Այսպիսի Թ. ծանր են տանում հատկապես երեխաները, հղի կանայք, թոքերի ու սրտի հիվանդություններով տառապողները: Եթե ածխածնի օքսիդի պարունակությունն օդում շատ մեծ է (10 մգ/լ-ից ավելի), ապա մարդն անմիջապես գիտակցությունը կորցնում է, առաջանում են ցնցումներ, և վրա է հասնում մահը: Բայց հաճախ թունավորման ախտանշաններն աստիճանաբար են առաջանում: 1-ին ախտանշաններն են գլխացավը (երբեմն բավականին ուժեղ), գլխապտույտը, ականջներում՝ աղմուկը, աչքերի առջև՝ առկայծումները, սրտխառնոցը: «Ճակատն ասես օղակապով ճնշված լինի», բնորոշ են նաև «քունքերի տրոփման» յուրահատուկ զգացողություններ: Ածխածնի օքսիդի երկարատև ազդեցության դեպքում առաջանում է ընդհանուր թուլություն, արագանում է անոթազարկը, սկսվում է չոր հազ, փսխում, բայց հիվանդը գիտակցությունը չի կորցնում: Հնարավոր է նաև լսող և տեսող. զգայախաբություններով ուղեկցվող գրգռված վիճակ, որին հաջորդում են թուլությունը, անտարբերությունը և քնկոտությունը: Այնուհետև հիվանդը կորցնում է գիտակցությունը, մաշկը կարմրում է, բբերը՝ լայնանում: Շնչառությունը սկզբում աղմկոտ է, արագացած, այնուհետև դառնում է մակերեսային, հազվադեպ, և առաջանում են ցնցումներ:

1-ին օգնության նպատակով տուժածին պետք է շտապ դուրս բերել մաքուր