Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/249

Այս էջը հաստատված է

հակագազ, անձն. հիգիենայի կանոնների պահպանում (աշխատանքից հետո լվանալ ձեռքերը, լոգնոցը, ցնցուղը): Աշխատանքի ընթացքում ծխելը և ուտելն արգելվում են:

Թ. թունավոր բույսերից: Թունավոր բույսերից առաջացած ծանր Թ-ից են սննդային թունավարակումները: Դրանք ի հայտ են գալիս հիմնականում գարնանը, ամռանը կամ աշնանը՝ սննդում անծանոթ բույսեր ու սնկեր օգտագործելիս: Հատկապես մինչև 5 տարեկան երեխաները, հրապուրվելով շատ թունավոր պտուղների և բույսերի կարմիր ու վառ արտաքին տեսքով, փորձում են դրանց համը: Այդ պայմաններում առաջացած ծանր Թ. հաճախ զանգվածային բնույթ են կրում և որպես իսկական համաճարակ՝ խլում են տասնյակ մարդկային կյանքեր:

Բուս. թույներից ծանր Թ. կարող են առաջանալ ինքնաբուժումից՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու կամ «ամենագետ» ծանոթի խորհրդով բույսերի թուրմեր և եփուկներ օգտագործելիս:

Տարբերում են քիմ. նյութեր պարունակող իսկական թունավոր բույսեր (որոնք թունավոր են հատկապես մարդու համար) և ոչ թունավոր մշակաբույսեր, որոնցով Թ. հնարավոր են դրանց քիմ. բաղադրության փոփոխության կամ ոչ ճիշտ պահելուց՝ դրանք թունավոր սնկերով վարակվելուց (օրինակ՝ դաշտում ձմեռած հացահատիկը և կարտոֆիլը): Թունավոր բույսերի ներգործող թունավոր տարրերը հիմնականում ալկալոիդների և գլիկոզիդների դասին պատկանող տարբեր քիմ. միացություններ են, ինչպես նաև որոշ եթերայուղեր և օրգ. թթուներ (կապտաթթու, թրթնջկաթթու): Ալկալոիդները ածխածին, ջրածին և անպայման ազոտ պարունակող բարդ օրգ. միացություններ են: Դրանց աղերը լավ են լուծվում ջրում և արագ ներծծվում ստամոքսում ու աղիքերում: Գլիկոզիդները հեշտությամբ քայքայվում են ածխաջրային մասի և որոշ թունավոր նյութերի: Թունավոր բույսերում ներգործող թունավոր տարրերի առաջացման և կուտակման գործընթացները տարբեր են և կարող են կտրուկ փոխվել՝ կախված դրանց աճման փուլից, կլիմայական, հողային և այլ պայմաններից: Օրինակ՝ լեռնային շրջաններում աճող շիկատակը շատ ավելի թունավոր է ոչ լեռնային շրջաններում աճող նույն բույսի համեմատ:

Բուս. թույների նկատմամբ տարբեր կենդանիների և բույսերի զգայնությունը: Օրինակ՝ ձին և շունը (1 կգ քաշը) համարյա 10, աղավնին՝ 100, գորտը՝ 1000 անգամ ավելի չափաքանակով ափիոն ալկալոիդի կարող են դիմանալ, քան մարդը: Շատ բույսերի թունավոր հատկությունները վաղուց են հայտնի, և ամեն տարի բուս. թույների թիվն ավելանում է:

Բուս. թույներից մարդու թունավորման ախտանշանները հիմնականում պայմանավորված են որոշ օրգանների ու համակարգերի վրա դրանց ընտրողական թունավոր ազդեցությամբ: Շատ բույսերով Թ-ի դեպքում 1-ին հերթին նկատվում են նյարդային համակարգի տարբեր բնույթի ախտահարման ախտանշաններ: Որոշ դեպքերում բույսերում պարունակվող թունավոր նյութերը գրգռում են կենտր. նյարդային համակարգը, այլ դեպքերում՝ ընկճում կամ լիովին լուծանքի են ենթարկում այն: Ուստի 1-ին դեպքում Թ-ի պատկերում գերակայում են գերգրգռվածության ախտանշանները՝ արտահայտված շարժող. գրգռվածություն, վերջույթների ջղաձգումներ, գիտակցության մոլագարային (մանիակալ) խանգարում (նպատակին հասնելու համառ ձգտում՝ արգելքները հաշվի չառնելով) ևն: Բացի այդ, բբերը նկատելիորեն լայնանում են, մաշկը դառնում է չոր և տաք, խանգարվում է կլումը, արագանում են անոթազարկն ու շնչառությունը: Այդպես լինում է շիկատակով, արջընկույզով, բանգիով, օշինդրով, մոլեխինդով, ընձախոտով և նյարդային ազդեցության այլ բուս. թույներով թունավորվելիս (տես Թունավոր բույսեր հոդվածում): Նման թույներով Թ-ի 2-րդ դեպքում գերակայում են նյարդային համակարգի ընկճող ախտանշանները՝ մաշկի զգացողության նվազում, քնկոտություն, տրամադրության անկում, կամային շարժումների դժվարացում՝ մինչև լրիվ անշարժությունը, և գիտակցության կորուստ: Անոթազարկը և շնչառությունը դանդաղում են, մաշկը դառնում է խոնավ ու սառը: Նման ախտանշանները նկատվում են կակաչով, ձիաձետով և այլ բույսերով թունավորվելիս:

Բույսերի ներգործող թունավոր տարրերից են գլիկոզիդները, որոնք ախտահարում են հիմնականում սրտի գործունեությունը: Դրանք են՝ մատնոցուկը, հովտաշուշանը, կուժկոտրուկը, դափնեվարդը, որոնցից պատրաստած հատուկ թուրմերը վաղուց օգտագործվում են որպես դեղանյութեր: Նշված թուրմերի փոքր բուժիչ չափաքանակները գրգռում են սրտամկանը և կարգավորում սրտի կծկումների հաճախությունը: Թունավոր չափաքանակները գերգրգռում են սրտի գործունեությունը, դարձնում անընկալունակ կենտր. նյարդային համակարգի արգելակող ազդեցության նկատմամբ: Թունավորվելիս առաջանում են ուժեղ սրտխփոց, սրտի գործունեության ռիթմերի խանգարման հետևանքով վերջինիս մարման զգացում, դեմքի գունատություն, ուշագնացություն:

Պետք է հիշել, որ մատնոցուկի և այլ բույսերի սրտային գլիկոզիդները երկարատև օգտագործելիս կուտակվում են օրգանիզմում և հետագայում այդ պատրաստուկների նույնիսկ աննշան չափաքանակներից (15-20 կաթիլ) կարող են առաջանալ Թ.: Այս բույսերի թուրմերը պարունակում են նաև սապոնիններ և այլ օրգ. նյութեր, որոնք քայքայում են մարսող. համակարգի լորձաթաղանթները և կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, լուծ:

Ղանձլամերի թուրմով Թ. տարբերվում են հատկապես անոթազարկի և սրտխփոցի խիստ նվազումով՝ րոպեում երբեմն 20-30 զարկ, որի հետևանքով առաջանում է ուշագնացություն, և տուժածը կարող է մահանալ սրտի կանգից:

Որոշ թունավոր բույսեր (հալևորուկ, խամբար, վարդագույն դառնիճ) հիմնականում ազդում են լյարդի վրա, որի համար էլ նրանց անվանում են լյարդային թույներ: Դրանց ալկալոիդներն առաջացնում են ախորժակի անկում, մարսողության խանգարում (սրտխառնոց, լուծ), դեղնախտ, մաշկի քոր, լյարդի շրջանում՝ ցավեր, հոգեկան վիճակի խանգարումներ:

Թունավոր բույսերից շատ հայտնի են բալդրղանները, որոնց թունավոր ազդեցությունը դրսևորվում է հիմնականում անպաշտպան մաշկին շփվելիս: Սրանց արտադրած եթերայուղերը, հատկապես ամպամած եղանակներին, առաջացնում են բազմաթիվ ջրաբշտիկներով մաշկի ուժեղ այրվածքներ: Թունավոր բույսերով Թ-ի դեպքում, պետք է տուժածի օրգանիզմից հեռացնել թույնը և տարբեր հակաթույների միջոցով նվազեցնել թունավոր ազդեցությունը: Անկախ Թ. առաջացնող թույնի տեսակից՝ շատ կարևոր է մինչև բժշկի գալը (կամ տուժածին բուժհիմնարկ հասցնելը), լեզվարմատը գրգռելով, փսխում առաջացնել: Հիվանդին պետք է խմեցնել 1-2 բաժակ աղաջուր (0,5 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին), բուժարարողությունը կրկնել 5-6 անգամ, որից հետո կարելի է տալ 80-100 գ սև պաքսիմատ կամ ակտիվացրած ածխի 3-4 հաբ: Այնուհետև խորհուրդ է տրվում խմեցնել լուծողական՝ նատրիումի կամ մագնեզիումի սուլֆատ (30-50 գ 0,5 բաժակ ջրում լուծած):

Գրգռված վիճակում հիվանդի գլխին պետք է դնել սառը կոմպրես և պառկեցնել անկողնում, ուշագնացության դեպքում