Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/253

Այս էջը հաստատված է

է սնման բնույթից ու սննդակարգից և կարող է հասնել մինչև 2 լ: Թուքն անհրաժեշտ է կերակրագունդը սպիտակուցային նյութով (մուցինով) թրջելու, ինչպես նաև սննդի քիմ. մշակման 1-ին փուլի՝ ֆերմենտների (պտիալին, մալթազ ևն) միջոցով ճեղքման համար: Որքան մանրացված է սնունդը, այնքան ավելի շատ թուք է պահանջվում և ավելի երկարատև պետք է ծամել, որից սնունդն ավելի է նախապատրաստվում հետագա մարսմանը: Թ-յան խանգարումը (օրինակ՝ օրգանիզմի որևէ հիվանդության դեպքում) բացասաբար է անդրադառնում մարսողության և մարսողական համակարգի վիճակի վրա:

Ժ

ԺԱՆՏԱԽՏ, սուր վարակիչ հիվանդություն. բնորոշվում է հիվանդի ընդհանուր ծանր վիճակով, ավշահանգույցների, թոքերի և այլ օրգանների բորբոքումներով: Բարձր վարակելիության, լայնորեն տարածվելու և բարձր մահացության պատճառով ժ. դասվել է հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների շարքը:

Հարուցիչը ժանտախտի ցուպիկն է, որը պահպանվում է, այսպես կոչված, «տերերի» դիակներում, օրինակ՝ ժ-ից սատկած կրծողների օրգանիզմում, ցածր ջերմաստիճանում՝ մինչև 4-5 ամիս, լվերի մոտ՝ 0-15° C-ում՝ մինչև 1 տարի, շրջապատող միջավայրի տարբեր առարկաներում, ջերմաստիճանից կախված, մի քանի ժ-ից մինչև մի քանի ամիս: Մանրէն արագ ոչնչանում է բարձր ջերմաստիճանի, արևի ճառագայթների, վարակազերծող միջոցների ազդեցություններից:

Մարդը վարակվում է հիվանդ մարդուց, հարուցչակիր լվերի խայթոցից, ինչպես նաև կրծողներից (արջամկներ, գետնասկյուռներ, ավազամկներ, դաշտամկներ, մկներ, առնետներ) և ուղտերից: Լվերը հարուցիչները կրծողներից փոխանցում են կրծողներին և կրծողներից՝ մարդուն: Ժ-ի հարուցիչները լվի օրգանիզմ են թափանցում հիվանդ կենդանու կամ մարդու արյունը ծծելիս: Մարդը ժ-ով վարակվում է լվի խայթոցից կամ վնասված մաշկի միջոցով՝ հիվանդ կենդանիների (հարուցիչների աղբյուրի) հետ անմիջական շփումից: Որպես վարակի աղբյուր՝ առողջ մարդկանց համար հատուկ վտանգ է ներկայացնում Ժ-ի թոքային ձևով հիվանդ մարդը, որը խոսելիս, հազալիս, փռշտալիս տարածում է Ժ-ի ցուպիկ պարունակող խորխի կաթիլներ:

Ժ-ի հարուցիչը, մարդու օրգանիզմ ընկնելով, հիվանդության կլինիկ. ախտանշաններ է առաջացնում մի քանի ժ-ից մինչև 3-6 օր հետո (տես Գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C: Նկատվում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, հաճախ՝ սրտխառնոց և փսխում: Հիվանդներին անհանգստացնում է անքնությունը, առաջանում են զգայախաբություններ: Ընդհանուր ախտանշաններից բացի, Ժ-ի մաշկաբուբոնային ձևի ժամանակ հարուցչի թափանցման տեղում առաջանում է կարմիր բիծ, որը վերածվում է արյունաթարախային արտադրությամբ լցված թարախաբշտիկի (պուստուլա): Այնուհետև թարախաբշտիկը, պատռվելով, գոյացնում է խոց: Արդեն հիվանդության 1-ին օրերին, հարուցիչների թափանցման հատվածի մոտակա ավշահանգույցներում ընթանում են բորբոքային գործընթացներ, այսպես կոչված, բուբոնների առաջացմամբ: Թոքերի ախտահարումը (Ժ-ային թոքաբորբ) ուղեկցվում է հազով, արյունախառը խորխարտադրությամբ, օդի անբավարարության զգացումով և ընդհանուր ծանր վիճակով, որը հաճախ ավարտվում է մահով: Արյունավարակ. ձևը բնորոշվում է մաշկում, լորձաթաղանթներում և տարբեր օրգաններում բազմաթիվ արյունազեղումների առաջացմամբ: Այդ ձևը նույնպես ընթանում է ծանր, բնորոշվում է աղիքների ախտահարմամբ, որն ուղեկցվում է հաճախակի լուծով, երբեմն կղանքում ի հայտ է գալիս արյան ու լորձի խառնուրդ:

Բուժումն իրականացվում է միայն հատուկ հիվանդանոցում: Ժամանակակից բժշկությունն իր տրամադրության տակ ունի բուժման բավարար արդյունավետ մեթոդներ, սակայն Ժ. դեռևս մնում է խիստ վտանգավոր հիվանդություն:

Ժ-ի կասկածի դեպքում հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել առանձին սենյակում, նրա հետ շփված անձանց թույլ չտալ բնակարանից դուրս գալ: Հարկավոր է շտապ բժիշկ կանչել և հիվանդության մասին հաղորդել մոտակա հիգիենային և հակահամաճարակային հսկողության կայան կամ առողջապահության բաժին: Հիվանդների, նրանց իրերի, դիակների հետ շփված անձանց մեկուսացնում են, ենթարկում անհետաձգելի քիմկանխարգելման, վարակազերծում են բնակարանը, անհրաժեշտության դեպքում կիրառում միջատազերծում և կրծողների ոչնչացում: Բնակավայրերում, որտեղ գրանցված է Ժ., հայտարարվում է կարանտին:

Կանխարգելումը, բնական օջախներում, բնակավայրերում (հատկապես նավահանգիստներում) կրծողների, առնետների քանակի մշտ. վերահսկողություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանց ոչնչացում: Համաճարակաբան. ցուցումներով (օրինակ՝ բնակավայրերին մոտ բնական օջախներում կրծողների համաճարակի ժամանակ) Ժ-ով հիվանդ հայտնաբերվելիս, աշխատանքային գործունեության (որսորդներ, հովիվներ, երկրաբաններ) ընթացքում վարակի տարածման վերաբերյալ կասկածի դեպքում կատարում են իմունացում՝ հակաժանտախտային վակցինայով: Կանխարգելման մեջ կարևոր նշանակություն ունի արտասահմանից այդ վարակի ներբերման կասեցումը:

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մարդու հիվանդություններ, որոնք պայմանավորված են քրոմոսոմային ու գենային մուտացիաներով, ինչպես նաև գենետիկ. ինֆորմացիայի պահպանման, հաղորդման և իրականացման գործընթացների խանգարումներով: Ժ.հ. ակտիվորեն սկսեցին ուսումնասիրել 20-րդ դ.՝ կապված գենետիկայի՝ ժառանգականության և փոփոխականության մասին գիտության նվաճումների հետ: Ժ.հ-ի կանխարգելման ու բուժման հիմքում ընկած է ժառանգ. հատկանիշների փոխանցման օրինաչափությունների և մեխանիզմների իմացությունը:

19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին հաստատվեց, որ ժառանգ. հատկությունների փոխանցումը կապված է բջջի հատուկ թելանման կառուցվածքների՝ քրոմոսոմների հետ, որոնք գենետիկ. ինֆորմացիայի կրողներն են: Քրոմոսոմի հիմն. քիմ. բաղադրիչը դեզօքսիռիբոնուկլեինաթթուն է՝ ԴՆԹ-ն (տես Նուկլեինաթթուներ), որի կազմության և հատկությունների ուսումնասիրումը հնարավորություն տվեց հասկանալ գենետիկ. ինֆորմացիայի գրանցման և վերարտադրման մեխանիզմներն ու օրինաչափությունները, ուստի ԴՆԹ-ն դիտվեց որպես ժառանգականության նյութ. հիմքը: Քրոմոսոմների