Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/262

Այս էջը հաստատված է

Նա հաստատել է (1883), որ վարակիչ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը պայմանավորված է արյան և հյուսվածքների հատուկ բջիջների (ֆագոցիտներ)՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչները հափշտակելու և մարսելու ունակությամբ: Նշված երևույթը կոչվում է ֆագոցիտոզ (լափում, կլանում), այն խթանում են օպսոնինները՝ հակամարմիններ, որոնք, կապվելով միկրոօրգանիզմների հետ, հեշտացնում են դրանց հափշտակումն ու մարսումը: Ֆագոցիտոզն իրականացնում են հատիկավոր լեյկոցիտները (գրանուլոցիտներ) և հյուսվածքային մակրոֆագերը: Ֆագոցիտները մասնակցում են նաև քայքայված մասնիկների (հակածիններ) վերամշակմանը և դրանք լիմֆոցիտներին հանձնելուն, ինչպես նաև մասնակցում են իմունային համակարգի կենտր. օղակի՝ տարբեր տիպի լիմֆոցիտների փոխազդեցությանը: Ի-ի ոչ առանձնահատուկ գործոնները (այդ թվում նաև կոմպլեմենտը և լափող բջիջները) կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի բնական կայունության ապահովման գործում: Ոչ առանձնահատուկ Ի. կարող է նվազել այրվածքների, գերսառեցման, արյան կորստի, քաղցածության, վնասվածքների ժամանակ, և այդ դեպքում օրգանիզմն ավելի զգայուն է դառնում վարակիչ հիվանդությունների ու թարախաբորբոքային տարբեր գործընթացների հանդեպ: Կան պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ոչ առանձնահատուկ Ի-ի մակարդակը, հետևաբար՝ շրջակա միջավայրի ազդեցությունների հանդեպ օրգանիզմի կայունությունը:

Ի-ի պաշտպանական մեխանիզմները. իմունային պատասխանն իրականացվում է օրգանիզմի ավշանման (լիմֆոիդ) համակարգով, որի կազմության մեջ են մտնում ոսկրածուծը, ուրցագեղձը, փայծաղը, աղիքների պեյերյան հաստացումները, ավշահանգույցները: Բոլոր նշվածներն արյունատար և ավշային անոթների ցանցի միջոցով միավորված են միասնական համակարգում: Ավշանման համակարգի կազմի մեջ մտնող առանձին գոյացություններ ֆունկցիոնալ բեռնվածությամբ համասեռ չեն և բաժանվում են կենտրոնականի ու ծայրամասայինի: Հակամարմինների արտադրությունն ու լիմֆոցիտների վերջն. հասունացումը տեղի են ունենում ծայրամասային օրգաններում (փայծաղ, ավշահանգույցներ), որոնց զարգացումն ու գործունեությունը կախված է կենտր. ավշանման գոյացություններից՝ ոսկրածուծից և ուրցագեղձից: Ոսկրածուծում են գտնվում ցողունային բջիջները՝ արյան տարբեր տեսակի բջիջների սկզբնավորողները:

Ուրցագեղձը տեղադրված է անմիջապես կրծոսկրի հետևում: Պարունակում է փոքր լիմֆոցիտներ (ուրցաբջիջներ): Այս գեղձի կարևոր նշանակությունը իմունային համակարգի ձևավորման համար պարզել է (1961) ավստրալ. գիտնական Դ. Միլլերը: Նա հաստատել է, որ նորածին մկների ուրցագեղձի հեռացումը նվազեցնում է հակամարմինների առաջացումը և մեծացնում փոխպատվաստած օտարածին հյուսվածքի կենսունակության տևողությունը: Այդ փաստերը վկայում են, որ ուրցագեղձը մասնակցում է 2 ձևի իմունային պատասխաններին. հումորալ՝ հակամարմինների մշակման, և բջջային՝ փոխպատվաստած օտարածին հյուսվածքի մերժման (մահացման) հակազդեցություններին, որոնք իրականացվում են տարբեր կարգի լիմֆոցիտներով: Հակամարմինների առաջացմանը մասնակցում են B-լիմֆոցիտները, փոխպատվաստուկի մերժման հակազդեցության մեջ՝ T-լիմֆոցիտները: Նշված 2 լիմֆոցիտն էլ գոյանում են ոսկրածուծի ցողունային բջիջների զանազան փոխարկումների միջոցով: Դրանք, ոսկրածուծից թափանցելով ուրցագեղձ, վերջինիս հորմոնի ներգործությամբ փոխարկվում են ուրցաբջիջների, ապա անցնելով փայծաղ կամ ավշահանգույցներ՝ իմունաբանորեն ակտիվ T-լիմֆոցիտների: Ցողունային բջջի փոխարկումը B-լիմֆոցիտի, ըստ երևույթին, տեղի է ունենում ոսկրածուծում: B-լիմֆոցիտները մշակում են հակամարմիններ՝ առանձնահատուկ սպիտակուցներ (իմունոգլոբուլիններ), որոնք վնասազերծում են վարակիչ հիվանդությունների հարուցիչներին և դրանց տոքսիններին: Հայտնի է հակամարմինների 5 դաս՝ M, G, A, E և D իմունոգլոբուլիններ: Հակածիններին ի պատասխան՝ առաջինը գոյանում են M իմունոգլոբուլինները, որոնք մոլեկուլային զանգվածով ավելի խոշոր են: Այնուհետև դրանց սինթեզը փոխարինվում է G իմունոգլոբուլինների առաջացմամբ, որոնք ավելի արդյունավետ են վնասազերծում բակտերիաներին ու դրանց տոքսիններին: Աղիքների լորձաթաղանթի արտազատուկներում, թքի մեջ և օրգանիզմի այլ հեղուկներում կուտակվում է մեծ քանակությամբ A իմունոգլոբուլին, որը 1-ին արգելապատնեշն է շրջակա միջավայրից միկրոօրգանիզմների թափանցման դեմ:

Սակայն, որպեսզի օրգանիզմում կուտակվի օտարածին հակածիններ (օտար բջիջներ, վիրուսներ, բակտերիաներ, տոքսիններ) ոչնչացնելու ունակ տարբեր հակամարմինների բավականին քանակ, պետք է որոշ ժամանակ անցնի: Հակածինի թափանցումից մինչև հակամարմինների կամ ակտիվացած T-լիմֆոցիտների կուտակումն անցած ժամանակահատվածը կոչվում է գաղտնի շրջան: Այդ շրջանում էլ տեղի են ունենում Ի-ի հակազդեցության հաջող զարգացումն ապահովող հիմն. փոփոխությունները: Դա 1-ին հերթին B- և T-լիմֆոցիտների համալիր հակազդեցությունն է հակածինի հանդեպ: Որպեսզի բջիջներն արձագանքեն հակածիններին, պետք է «ճանաչեն», «հասկանան» դրա օտարածին լինելը օրգանիզմի համար: T- և B-լիմֆոցիտների մակերևույթին կան հատուկ կառուցվածքներ, որոնք ընդունակ են փոխազդելու հակածինի հետ: Դրանք հակածինները ճանաչող ընկալիչներն են: Հակածինից և ոչ առանձնահատուկ T-լիմֆոցիտից յուրահատուկ ազդանշան ստանալով՝ B-լիմֆոցիտն սկսում է բազմանալ և փոխարկվել ակտիվորեն հակամարմիններ արտադրող պլազմատիկ բջջի: Արյան հոսքի մեջ մտնող այդ հակամարմինները՝ առանձնահատուկ իմունոգլոբուլինները, հակածին-հակամարմին կոմպլեքս առաջացնելով, կապում են և վնասազերծում հակածինը: Հետագայում նշված կոմպլեքսը քայքայվում է և հեռացվում օրգանիզմից:

Որոշ դեպքերում T-լիմֆոցիտները կարող են կասեցնել հակամարմինների առաջացումը կամ ապահովել տոլերանտության՝ դիմացկունության (հակածինին «անպատասխանելիությունը») վիճակ: Ի-ի զարգացմանը խոչընդոտող այդ T-բջիջները կոչվում են T-սուպրեսորներ (ճնշողներ, ընկճողներ): Այսպիսով՝ տեղի է ունենում իմունային հումորալ ռեակցիայի 1 լրիվ փուլ:

T-լիմֆոցիտը, ճանաչելով օտարածին նյութը (օրինակ՝ փոխպատվաստած օրգանը կամ հյուսվածքը), սկսում է արագորեն բազմանալ և փոխարկվել հասուն, ակտիվորեն աշխատող բջջի՝ գերզգայնացած T-լիմֆոցիտի: Երբեմն այդպիսի ակտիվ T-լիմֆոցիտի, ինչպես և B-լիմֆոցիտի առաջացման համար անհրաժեշտ է լինում ավելի պակաս հասուն T-լիմֆոցիտի օգնությունը: Գերզգայնացած T-լիմֆոցիտն օտարածին բջջին ոչնչացնում է անմիջապես շփվելիս, որի համար էլ կոչվում է «սպանող» («քիլեր» բջիջ):

Հայտնաբերվել է նաև T-լիմֆոցիտների 2 տարատեսակ. T-ուժեղարարներ (ամպլիֆայերներ), որոնց ակտիվությունն ուղղված է գերզգայնացած T-լիմֆոցիտների ֆունկցիայի խթանմանը, և T-տարբերակող