Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/264

Այս էջը հաստատված է

որ օրգանիզմի ուժեղ կամ թույլ իմունային պատասխանի ունակությունը ժառանգաբար կանխորոշված է:

Հայտնի է իմունային պատասխանի ավելի քան 20 գեն, որոնց զգալի մասն ինֆորմացիա է պարունակում հակածինների հանդեպ օրգանիզմի անհատ. հակազդեցության իրականացման վերաբերյալ:

ՀՀ-ում կատարվում են պլանային պատվաստումներ (տես Կանխարգելիչ պատվաստումներ), որոնք մարդուն պաշտպանում են սուր վարակիչ հիվանդություններից:

Սակայն առանձին անձանց համար պատվաստումների արդյունավետությունը բավականաչափ բարձր չէ, որը պայմանավորված է վակցինայի պատրաստման առանձնահատկություններով և յուրաքանչյուր անհատի իմունային համակարգի ելակետային վիճակով: Վարակիչ հիվանդության ծանրությունը հաճախ պայմանավորված է հարուցչի 1 կամ 2 բաղադրիչների ակտիվությամբ: Հիվանդության կանխարգելման նպատակով հարուցչի ախտածին բաղադրիչների հանդեպ Ի. ստեղծվում է վակցինայի ներարկումով, որը հաճախ կազմված է բակտերիային բջիջներից կամ վիրուսներից: Այդ դեպքում, հարուցչի ախտածին բաղադրիչների հանդեպ Ի-ի ստեղծումից բացի, հիվանդության առաջացմանը չմասնակցող որոշ նյութերի հաշվին առաջանում է ոչ անհրաժեշտ իմունային պաշտպանության միջավայր: Իմունաբանության մեջ մշակվել են նշված թերություններից զերծ վակցինաների ստեղծման փորձարար. մոտեցումներ: Նախ պետք է պարզել, թե ախտածին հարուցչի որ մասն է ունակ առաջացնել ուժեղ պաշտպան. իմունային պատասխան, հետևաբար և չեզոքացնել հարուցչի կենսագործունեությունը: Երբ հայտնի դառնա, թե տարբեր հարուցիչների ո՞ր հակածինային առանձնահատուկ կառուցվածքներն են օժտված իմունային հակազդեցություն առաջացնելու առավել մեծ ունակությամբ, և երբ այդ նյութերը ստացվեն քիմիապես մաքուր վիճակում, կարելի կլինի անցնել սինթետիկ վակցինաների ստեղծմանը: Իմունային ակտիվությամբ չօժտված արհեստ. սինթետիկ մոլեկուլում քիմ. ճանապարհով կարելի է ամրացնել տարբեր հարուցիչների բազմաթիվ որոշիչներ (դետերմինանտներ): Արհեստ. բազմավակցինաները միանգամից Ի. կստեղծեն շատ վարակների (դիֆթերիա, կարմրուկ, պոլիոմիելիտ, տուբերկուլոզ ևն) հանդեպ:

Ապագայում կատարվելիք վակցինացման մյուս կողմը պայմանավորված է հակածինի հանդեպ յուրաքանչյուր մարդու ունեցած անհատ. հակազդեցությամբ: Իմունաբան. հակազդեցությունը միշտ կոնկրետ է, և յուրաքանչյուր հակածինի պատասխանը հսկվում է համապատասխան գենով, որից հետևում է, որ վակցինացումը պետք է կատարել՝ հաշվի առնելով իմունային պատասխանի գեները:

Դրա համար, նախքան հակածին (վակցինա) ներարկելը՝ մարդուց արյուն է վերցվում, որից անջատվում են սպիտակ մարմնիկները, այնուհետև իմունաբան. թեստերից մեկով որոշվում է վակցինայի հանդեպ դրա իմունային հակազդեցությունը: Եթե փորձանոթում ընթացող հակազդեցությունն ուժեղ է, ապա օրգանիզմում վակցինայի դեմ կստացվի ուժեղ իմունային պատասխան: Այդպիսի մարդուն պատվաստում կկատարվի ավելի թեթև սխեմայով (կներարկվի փոքր քանակությամբ վակցինա): Իսկ եթե փորձանոթում վակցինային պատրաստուկի հանդեպ հակազդեցությունը թույլ է, բժշկի խորհրդով պատվաստումը կկատարվի լրիվ սխեմայով: Անհատ. վակցինացման նշված եղանակը պետք է պահպանվի նաև սինթետիկ բազմավակցինաների ստեղծման ժամանակ:

Այսպիսով, իմունային պատասխանի գենետիկ. վերլուծությունը հնարավորություն կտա մոտ ապագայում ստեղծել նոր վակցինաներ և պատվաստման նոր եղանակներ:

Մշակվել է բարձրիմունածինային պատրաստուկների՝ ապագայի վակցինաների նախատիպերի ստեղծման իմունոգենետիկ. նոր սկզբունք, որի էությունը հետևյալն է. «շրջանցել» իմունային պատասխանի ուժի գենային հսկողությունը և տվյալ հակածինին թույլ արձագանքող կամ չարձագանքող անհատին ստիպել ավելի բարձր հակազդել՝ զարգացնելով լիարժեք իմունային պատասխան: Այդ ուղին անվանվել է ֆենոտիպային շտկում (կանոնավորում): Մոդելային համակարգերում դա արդեն իրականացվել է: Սինթեզվել են արհեստ. հակածիններ, որոնք չունեն իրենց բնական քիմ. նմանակները: Դրանք մակրոմոլեկուլային կոմպլեքսներ են՝ կազմված անհրաժեշտ հակածինից և սինթետիկ բազմաէլեկտրոլիտից, որն ապահովում է իմունային պատասխանի Ir- և T- անկախությունը, այսինքն՝ այդ պատասխանի ուժի գենետիկ. հսկողության շրջանցումը: Արհեստ. իմունածինների ստեղծման նոր սկզբունքը հնարավորություն է տալիս ստեղծել նոր, նախկինում գոյություն չունեցող վակցինային պատրաստուկներ դեռևս չհաղթահարված վարակների հանդեպ և բարձրացնում է օրգանիզմի հակազդեցությունը տվյալ հակածինների հանդեպ: Ինչպես հայտնի է, օրգանիզմն ունակ չէ արդյունավետ իմունային հակազդեցություն դրսևորել առաջացող ուռուցքի հանդեպ: Չի բացառվում, որ քաղցկեղային հակածինների միացումը իմունախթանիչ մակրոմոլեկուլներին հնարավորություն տա ստեղծել հակաքաղցկեղային վակցինա:

Ի. քաղցկեղի հանդեպ. քաղցկեղը մարդու առավել ծանր հիվանդություններից է, որը հաճախ մահացու ելք է ունենում: Ենթադրվում է, որ քաղցկեղը բջջի (որը վնասումից դառնում է քաղցկեղային) ժառանգ. ապարատի հիվանդություն է, որը հայտնաբերում են նոր, նախկինում անհայտ հակածինների առաջացմամբ: Քաղցկեղային հակածինների առաջացման փաստը վկայում է քաղցկեղային նորագոյացությունների քայքայման իմունային մեխանիզմների միացման մասին: Հայտնի է, որ տարիքի հետ քաղցկեղային նորագոյացությունների առաջացման հաճախությունն աճում է պաշտպանության իմունային համակարգի արդյունավետության նվազմանը զուգընթաց: Փոխպատվաստած երիկամով հիվանդների կողմից տարբեր իմունաընկճող գործոնների (դեղանյութեր, հակալիմֆոցիտային շիճուկ, ռենտգենյան ճառագայթում) օգտագործումը հանգեցնում է ուռուցքային կազմափոխությունների կտրուկ մեծացման: Իմունային պաշտպանության ֆունկցիայի բնածին (ժառանգաբար պայմանավորված) անբավարարությամբ տառապող երեխաները մոտ 1000 անգամ ավելի հաճախ են ախտահարվում քաղցկեղով, քան առողջները: Քաղցկեղն առանձնապես հաճախ է առաջանում Ի-ի T- կամ միաժամանակ T- և B- համակարգերի վնասման դեպքում:

Գիտափորձերով պարզվել է, որ ուռուցքի (ինչպես և օտարածին հյուսվածքի կամ օրգանի) մերժման դեպքում պատասխանատու է բջջային Ի., այսինքն՝ իմունային պաշտպանության T- համակարգը: Առավել ցուցադրական են օրգանիզմից դուրս լիմֆոցիտի քայքայիչ ազդեցության վերարտադրման փորձերը: Քաղցկեղի ձևերից մեկով վարակված մկներից անջատել են T- լիմֆոցիտները և ավելացրել փորձանոթում գտնվող քաղցկեղային բջիջներին: Որոշ ժամանակ անց մանրադիտակի տակ դիտվել է քաղցկեղային բջիջների զանգվածային ոչնչացում: Այսպիսով՝ օրգանիզմն ունի քաղցկեղային նորագոյացության դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ դա Ի. է: