Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/274

Այս էջը հաստատված է

նոպաները սովորաբար առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով հաճախ վիրահատության անհրաժեշտություն է լինում:

Լ.հ-յան առաջացմանը նպաստում են շատակերությունը, քրոնիկ. փորկապությունները և թերշարժուն ապրելակերպը, ինչպես նաև լեղապարկի և լեղածորանների անատոմ. փոփոխությունները (սպիներ, կպումներ), ոչ կանոնավոր (մեծ ընդմիջումներով) սնվելը: Որոշակի նշանակություն ունի ժառանգ. նախատրամադրվածությունը (հիվանդանում են նույն ընտանիքի անդամները տարբեր սերունդներում):

Լեդականգի կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով լեղու մեջ նվազում է լեղաթթուների պարունակությունը, որոնց հիմն. բաղադրիչները՝ խոլեստերինը և բիլիռուբինը (լեղագունակը), նստվածք են գոյացնում և քարագոյացման պատճառ դառնում:

Լ.հ-յան սրացման շրջանում պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Նոպաների միջև ընկած ժամանակահատվածում պարտադիր կերպով պահպանել սննդակարգը և սնման ռեժիմը (տես Բուժական սնունդ): Անհրաժեշտ է քիչ ուտել, բայց օրական՝ 4-5 անգամ (լեղականգը կանխելու համար): Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցների, ճարպերի և թարմ բանջարեղենի բավարար քանակությամբ, պարունակի կարագ և բուս. յուղ (սահմանափակ քանակությամբ), միս, ձուկ (եփած կամ շոգեխաշած): Չի թույլատրվում կծու և գրգռիչ մթերքներ, սոխ, թրթնջուկ, սպանախ: Հիմնային հանքային ջրերն օգտագործել բժշկի նշանակմամբ:

ԼԵՂԻ, լյարդի գեղձային բջիջների կողմից արտադրվող դեղնադարչնավուն հեղուկ արտազատուկ: Լ. անհրաժեշտ է մարդու և կենդանիների աղիքներում ճարպերի ու ճարպանման նյութերի ֆիզքիմ. մշակման, մարսման և ներծծման համար: Լ-ու միջոցով օրգանիզմից հեռանում են հեմոգլոբինի, խոլեստերինի և այլ միացությունների փոխանակության վերջն. արգասիքները:

Լ-ու հիմն. բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները (կազմում են պինդ մնացորդի հիմն. մասը), բիլիռուբինը (լեղագունակ), սպիտակուցները և ֆիգիոլոգիապես ակտիվ նյութերը (հորմոններ, վիտամիններ): Լյարդը Լ. արտադրում է անընդհատ: Եթե մարսողության գործընթաց տեղի չի ունենում, ապա Լ. կուտակվում է լեղապարկում (տես Մարսողական համակարգ), իսկ սնունդ ընդունելուց հետո արտահոսում է աղիքներ: Սկզբում հոսում է ընդհանուր լեղածորանում գտնվող, ապա լեղապարկի ավելի մուգ գույնի (լեղապարկային) Լ., իսկ հետո մանր և խոշոր լեղածորանների ու վերջում՝ լյարդում նոր գոյացած, բաց գույնի Լ.: Լեղազատման նշված հաջորդականությունը հաշվի է առնվում կլինիկաախտորոշիչ հետազոտություններում, օրինակ՝ լեղուղիներում բորբոքային կամ որևէ այլ ցավային գործընթացի տեղադրության որոշման համար: Մարդու Լ-ու քիմ. կազմությունը, հատկությունները և քանակը փոփոխվում են տարբեր հիվանդությունների (օրինակ՝ լեղաքարային հիվանդության) դեպքերում, որը կարևոր ախտորոշիչ հատկանիշ է:

Կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավորների) Լ. կիրառում են որպես դեղանյութ (պահածոյած բժշկ. Լ.): Հոդերի բորբոքային կամ ձևախախտումային հիվանդությունների, ինչպես նաև նյարդարմատաբորբերի, ջլերի բորբոքումների (տես Ջլաբունոցաբորբ) ժամանակ Լ. երբեմն օգտագործում են կոմպրեսների համար: Պահածոյած բժշկ Լ-ով բուժումը նշանակում է բժիշկը:

ԼԵՅԿՈԶՆԵՐ, լեյկեմիաներ, սպիտակարյունություն, արյունաստեղծ համակարգի ուռուցքային հիվանդություններ: Լինում են սուր և քրոնիկ., որոնց մեջ առանձնացնում են տարբեր ձևեր՝ բջիջները կազմող ուռուցքից կախված: Քրոնիկ. Լ-ի առավել տարածված ձևերից են լիմֆոլեյկոզը, միելոլեյկոզը, էրիթրեմիան, ինչպես նաև միելոմային հիվանդությունը: Քրոնիկ. լիմֆոլեյկոզի հիմն. ախտանշաններից է ծայրամասային ավշային հանգույցների և փայծաղի մեծացումը (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ): Քրոնիկ. միելոլեյկոզի դեպքում ևս փայծաղը գրեթե միշտ մեծացած է: Հիվանդության 2 ձևին էլ բնորոշ են արյան սպիտակ մարմնիկների քանակի ավելացումը, լեյկոցիտային բանաձևի փոփոխությունը, դանդաղորեն առաջացող սակավարյունությունը: Էրիթրոցիտների նստման արագությունը (ԷՆԱ) չի փոխվում: Նկատվում է հիվանդի դեմքի, ձեռքերի ափերի յուրահատուկ կապտակարմրավուն գունավորում և «կարմրաարյունություն»՝ արյան կարմիր մարմնիկների քանակի և հեմոգլոբինի ավելացում: Ի տարբերություն Լ-ի մնացած ձևերի՝ միելոմային հիվանդությունը չի ուղեկցվում արյան բնորոշ փոփոխություններով, միայն ԷՆԱ-ն է կտրուկ մեծանում: Նկատվում են ոսկրերի (հիմնականում կրծքավանդակի և ողնաշարի) ցավեր: Սուր Լ-ին բնորոշ է ոսկրածուծում (հաճախ նաև արյան մեջ) բջիջների շատ երիտասարդ ձևերի առկայությունը:

Լ-ի ախտորոշումը կատարվում է կլինիկալաբորատորային հետազոտությունների միջոցով, քրոնիկ. ձևի դեպքում՝ առավելապես արյան հետազոտությամբ, իսկ միելոմային հիվանդության ժամանակ անհրաժեշտ են արյան շիճուկի սպիտակուցների հատուկ ուսումնասիրություն ոսկրածուծի ընդծակում (պունկցիա), ոսկրերի ռենտգեննկարահանում: Սուր Լ-ի ախտորոշումը նույնպես կատարվում է արյան հետազոտության տվյալներով, բայց որպես կանոն, այն ճշտվում է ոսկրածուծի կազմության ուսումնասիրությամբ ախտորոշումը հաստատելուց և սուր դրսևորումները մեղմանալուց հետո: Լ-ի բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Հիվանդները երկար ամիսներ (նույնիսկ տարիներ) պահպանում են աշխատունակությունը, կարող են սովորել, բայց պետք է խստորեն կատարեն բժշկի նշանակումները, մշտապես գտնվեն դիսպանսերային հսկողության տակ ոչ միայն դեղանյութերն ընդունելու, այլև ժամանակավորապես դադարեցնելու շրջանում: Չպետք է շեղվեն բուժման նշանակված սխեմայից, պետք է խուսափեն գերսառեցումից, տարբեր վարակներից, արևի տակ մնալուց:

ԼԵՅԿՈՑԻՏՆԵՐ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:

ԼԵՅՇՄԱՆԻՈԶՆԵՐ, հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են մաշկի լորձաթաղանթների (մաշկային Լ. կամ՝ պենդինյան խոց) կամ ներքին օրգանների (ընդերային Լ. կամ կալա ազար) ախտահարումներով: Լ. հիմնականում տարածված են արևադարձային և մերձարևադարձային երկրներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում:

Հարուցիչները միաբջիջ լեյշմանիաներն են (անգլ. բժիշկ Ու. Լեյշմանի անունով, որը 1900-ին դրանք հայտնաբերել է և նկարագրել): Հիվանդության փոխանցողները մլակներն են, որոնք վարակվում են հիվանդ մարդու կամ կենդանու արյունը ծծելիս:

Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում մլակների խայթոցից: Մաշկային Լ. (պենդինյան խոց) լեյշմանիաները թափանցում են մարդու մաշկի մեջ, որի բջիջներում բազմանում են՝ առաջացնելով բորբոքային գործընթաց՝ հյուսվածքի հետագա մեռուկացմամբ և խոցերի առաջացմամբ: Տարբերում են մաշկային Լ-ի 2 տեսակ՝ քաղաքային և գյուղ.: