Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/279

Այս էջը հաստատված է

(40-42°C) Լ.: Սառը և գոլ Լ. ունեն տոնուսը բարձրացնող ազդեցություն, խթանում են սիրտանոթային և նյարդային համակարգերի ֆունկցիաները, ինչպես նաև նյութափոխանակությունը: Տաք և անտարբեր ջերմաստիճանի Լ. մեղմում են ցավը, թուլացնում մկանային լարվածությունը, հանգստացնում նյարդային համակարգը, լավացնում քունը: Շատ տաք Լ. բարձրացնում են քրտնարտադրությունը և նյութափոխանակությունը, թուլացնում օրգանիզմի լարվածությունը:

Բուժիչ Լ., ըստ ջրի բաղադրության, լինում են քաղցրահամ (քաղցրահամ ջրից), դեղորայքային (քաղցրահամ ջրին ավելացրած դեղանյութեր) և հանքային (բնական հանքային կամ արհեստականորեն պատրաստված ջրերից, որոնք պարունակում են լուծված բուժիչ հանքային նյութեր և գազեր՝ ածխաթթու, ազոտ, ծծմբաջրածին ևն):

Քաղցրահամ Լ-ի ազդող գործոններն են ջրի ջերմաստիճանը և ջրի ճնշումը մարմնի մակերևույթի վրա: Դեղորայքային և հանքային Լ-ում դրանց միանում է ջրում լուծված նյութերի առանձնահատուկ ազդեցությունը: Լ-ի (որպես ջրային բուժարարողության) ազդեցության մանրամասն մեխանիզմները տես Ջրաբուժություն հոդվածում:

Ընդհանուր քաղցրահամ Լ. ընդունում են տաք կամ անտարբեր ջերմաստիճանի ջրով (տևողությունը՝ 10-15 ր), գոլ և շատ տաք ջրով (3-5 ր): Ընդունում են օրընդմեջ կամ շաբաթը 4 անգամ (2 օր անընդմեջ, 3-րդ օրն ընդմիջում), բուժման կուրսը՝ 10-12 Լ.: Թուլացած հիվանդների բուժման կուրսն սկսում են կիսալոգանքից՝ օրընդմեջ, ջրի ջերմաստիճանը՝ 34-36° C, բուժարարողության տևողությունը՝ 5-10 ր:

Ընդունում են նաև ընդհանուր, այսպես կոչված, հակադրական Լ., երբ հաջորդաբար ընկղմվում են մեկ տաք, մեկ սառը ջրով լցված լոգնոցի մեջ (ջրերի ջերմաստիճանի տարբերությունը պետք է նկատելի լինի): Նման Լ. անցկացվում են միայն ջրաբուժարաններում:

Տեղային քաղցրահամ Լ. տանն ընդունում են ձեռքը կամ ոտքը թասի, դույլի մեջ ընկղմելով: Որպեսզի ջրի մեջ մկանները չլարվեն, ձեռքը և ոտքը թեթևակի ծալում են: Այս Լ. կարելի է անցկացնել կայուն, հակադրական և աստիճանաբար բարձրացվող ջերմաստիճանի ջրով: Տաք և շատ տաք Լ-ի տևողությունը (կայուն ջերմաստիճանի ջրով) 10-30 ր է, սառինը՝ 5-10 ր: Բուժման կուրսը՝ 5-ից մինչև 12-15 Լ.՝ ամեն օր կամ օրընդմեջ: Ձեռքի, ոտքի տաք և շատ տաք Լ. նշանակում են ոտքերի և ձեռքերի հոդերի, որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ, ոտքերի շատ տաք Լ.՝ վերին շնչուղիների հիվանդությունների, անքնության և այլ դեպքերում:

Հակադրական տեղային Լ. ընդունելու համար մի լոգնոցի կամ թասի մեջ լցնում են շատ տաք (40-42° C), մյուսում՝ սառը (10-12° C) ջուր: 10 ր ընթացքում ձեռքերը կամ ոտքերը հաջորդաբար ընկղմում են մեկ շատ տաք (1-2 ր), մեկ սառը (15-20 վրկ) ջրում: Բուժարարողությունը ավարտում են սառը ջրում ընկղմելով: Կուրսը՝ 12-20 Լ., ամեն օր կամ օրընդմեջ: Նշանակում են մրսածությունից հաճախակի առաջացող հիվանդությունների (կոփման նպատակով) և վերջույթների անոթների հիվանդությունների ժամանակ:

Դեղորայքային Լ.: Հաճախ տնային պայմաններում ընդունում են փշատերևով, մանանեխով, օսլայով, կալիումի գերմանգանատով Լ.:

Փշատերևով Լ. ընդունելու համար 200 լ քաղցրահամ ջրին ավելացնում են փշատերևային մզվածք (հեղուկ՝ 100 մլ, փոշիացրած՝ 50-70 գ կամ 1-2 հաբ): Մզվածքում պարունակվող եթերայուղերը բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի նյարդային վերջույթների վրա, իսկ ջրի գույնը և հոտը հանգստացնում են կենտր. նյարդային համակարգը: Նման Լ. ընդունում են 35-37°C ջրով, տևողությունը՝ 10-15 ր, օրընդմեջ կամ շաբաթը 4 անգամ, բուժման կուրսը՝ 12-15 Լ.: Դրանք կիրառում են միայն բժշկի նշանակմամբ:

Մանանեխով Լ. ընդունելու համար 100-250 գ չոր մանանեխը լուծում են 200 լ ջրում (լոգնոցում) կամ 5-10 գ՝ 1 դույլ ջրում, ապա լցնում են քաղցրահամ ջրով լցված լոգնոցի մեջ և լավ խառնում: Ընդհանուր մանանեխային Լ-ի դեպքում ջրի ջերմաստիճանը 36-38° C է, տևողությունը՝ 5-7 ր, տեղայինը (ձեռքերի և ոտքերի համար)՝ 39-40° C, տևողությունը՝ 10-15 ր: Ընդհանուր մանանեխային Լ. ընդունելուց առաջ արտաքին սեռ. օրգանները պատում են վազելինով: Մանանեխի գրգռող ազդեցությունից աչքերը և շնչառ. օրգանները պաշտպանելու համար լոգնոցը ծածկում են սավանով՝ դուրս թողնելով միայն գլուխը: Լ-ից հետո պետք է ջրցողվել սովոր. ջրով և փաթաթվել ծածկոցով կամ վերմակով՝ 30-60 ր: Նման Լ. մեծ մասամբ ընդունում են բուժհիմնարկներում, տնային պայմաններում՝ միայն բժշկի նշանակմամբ և տան անդամների հսկողությամբ:

Օսլայով Լ. ընդունելու համար պահանջվում է 100 գ-ից (երեխայի համար) մինչև 500-800 գ (մեծերի համար) օսլա, որը նախապես լուծում են ոչ մեծ քանակությամբ սառը կամ շատ տաք ջրում և լցնում 200 լ ծավալով լոգնոցի մեջ: Օսլան փափկացնում է մաշկը, նվազեցնում գրգռվածությունը և քորը: Այս Լ. ընդունում են ամեն օր կամ օրընդմեջ, ջրի ջերմաստիճանը՝ 35—37°C, տևողությունը՝ 20-30 ր, 10-20 բուժարարողություն: Նշանակում են մաշկի ոչ վարակիչ և քորով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքերում:

Կալիումի գերմանգանատով Լ. կիրառում են հիմնականում երեխաների համար: Պատրաստում են՝ ջրին կալիումի գերմանգանատի 5 %-անոց լուծույթ ավելացնելով՝ մինչև վարդագույն դառնալը: Այս Լ. մաշկը վարակազերծում և չոր են պահում: Դրանք ընդունում են ամեն օր կամ օրընդմեջ՝ 5-10 ր, որից հետո ջրցողվում սովոր. ջրով: Կիրառվում են բժշկի խորհրդով՝ շփաբորբի և մաշկի այլ հիվանդությունների (սահմանափակ, չտարածվող ցաների) ժամանակ:

Բևեկնայուղով Լ. ընդունելու համար ջրում լուծում են բևեկնայուղի (դեղին կամ սպիտակ) էմուլսիա: Օրգանիզմի վրա դրանք ունեն որոշակի ազդեցություն, սակայն հակացուցված են շատ հիվանդությունների ժամանակ, ուստի ընդունում են միայն բժշկի խիստ հսկողությամբ և անպայման բուժկանխարգելիչ հիմնարկներում:

Հանքային Լ. բնական հանքային ջրերով ընդունում են առողջավայրերում, իսկ արտաառողջավայրային պայմաններում (բալնեո- կամ ջրաբուժարաններում) Լ-ի համար օգտագործում են արհեստականորեն պատրաստած հանքային ջրեր՝ քաղցրահամ ջրում լուծելով անհրաժեշտ քիմ. բաղադրամասեր:

Նատրիումի քլորիդային Լ-ի (աղային կամ ծովային) համար օգտագործում են ծովի կամ լճի աղ, յոդ, բրոմ: Նման Լ. ունեն ցավամոքիչ, նյութափոխանակությունը խթանող ազդեցություն: Ընդունում են նաև արհեստականորեն պատրաստած նատրիումի քլորիդային Լ.: Տնային պայմաններում դրանց պատրաստման համար 200 լ քաղցրահամ ջրին ավելացնում են 5-10 կգ կերակրի աղ (ծովի կամ լճի): Լավ լուծվելու համար աղը լցնում են փոքրիկ պարկիկի մեջ և պահում տաք ջրի շիթի տակ: Ջրի ջերմաստիճանը՝ 35-36° C, տևողությունը՝ 12-15 ր, օրընդմեջ՝ 12-15 բուժարարողություն: Ե՛վ երեխաներին, և՛ մեծահասակներին այս Լ. կարելի է միայն բժշկի թույլտվությամբ:

Յոդաբրոմային Լ-ի համար անհրաժեշտ են յոդ, բրոմ, նատրիում, քլոր: Այդ նպատակով