Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/28

Այս էջը հաստատված է

ձևափոխություններ՝ քթի, այտոսկրային և վերհոնքային աղեղների, ստորին ծնոտի մեծացման հաշվին: Շրթունքները հաստանում են, լեզուն մեծանում և դժվարությամբ է տեղավորվում բերանում: Մաշկը հաստանում է հատկապես ճակատի, քթի և ծոծրակի շրջանում: Նկատվում են մազերի հաստացում և հավելյալ աճ: Ձեռնաթաթերը և ոտնաթաթերը բավականաչափ մեծանում են (հիմնականում՝ լայնական չափերով): Հիվանդները գանգատվում են գլխացավերից, գերհոգնածությունից, տեսողության, սեռ. գեղձերի գործունեության խանգարումներից:

Ա-ով հիվանդները պետք է գտնվեն ներզատաբանի, ակնաբույժի և նյարդախտաբանի հսկողության տակ: Բուժման ժամանակակից մեթոդները (ճառագայթաբուժություն, դեղորայքային բուժում ևն) հնարավորություն են տալիս բավականաչափ կասեցնել աճի հորմոնի ավելցուկային արտադրությունը և թեթևացնել հիվանդի վիճակը: Ա-ի առանձին դեպքերում հնարավոր է վիրաբուժ. միջամտություն:

ԱԿՑԵԼԵՐԱՑԻԱ (լատ. acceleratio − արագացում), երեխաների և դեռահասների աճման և սեռ. հատկանիշների առաջացման արագացում նախորդ սերունդների համեմատ: Դիտվում է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում:

Երեխաների Ա. ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դ. 2-րդ կեսին: Այսպես՝ 1965-73-ին մարմնի քաշը սկսել է կրկնապատկվել 4-5 ամսականում (1940-41-ին՝ 5-6 ամսականում): Կաթնատամները շատ վաղ են սկսել փոխարինվել մնայուն ատամներով (1984-ին՝ 5-6 տարեկանում, 1953-ին՝ 6-7 տարեկանում): Փոփոխվել են սեռ. հասունացման ժամկետները: 20-րդ դ-ում աղջիկների դաշտանն ավելի վաղ է սկսվում (յուրաքանչյուր 10 տարում՝ մոտավորապես 4 ամսով), և 1974-ին այն կազմել է 12 տարի 7 ամիս: Արագ են զարգանում նաև երկրորդային սեռ. հատկանիշները: Բացի դրանից երեխաների և դեռահասների մոտ դիտվում է ավելի վաղ ձևաբան. կայունացում: Տղաների ոսկրացման ամբողջ գործընթացն ավարտվում է 2 տարի, իսկ աղջիկներինը՝ 3 տարի շուտ, քան 20-րդ դ. 30-ական թթ.: Շատ կարճ ժամկետներում է տեղի ունենում հասակի աճի ավարտը, աղջիկների երկար խողովակավոր ոսկրերի ոսկրացումն ավարտվում է 16-17, պատանիներինը՝ 18-19 տարեկանում: Արագացված զարգացման արդյունք են երեխաների և դեռահասների ֆիզ. զարգացման բավականին բարձր ցուցանիշները:

Վարկածներից մեկի համաձայն՝ Ա-ի հիմն. պատճառը երեխաների լավ սնվելն է (կենդ. սպիտակուցներով և ճարպերով, վիտամիններով, կրծքով կերակրվող երեխաները՝ խտանյութերով): Համաձայն այլ վարկածի՝ Ա. արևի շատ ինտենսիվ 6առագաթման արդյունք է, որին ենթարկվում են ժամանակակից երեխաները: Քաղաքակենտրոնացման (ուրբանացման) վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտր. նյարդային համակարգը և ակտիվացնում նրա խթանող ֆունկցիան: Որոշ գիտնականներ Ա-ի երևույթը բացատրում են գենետիկ. տեսանկյունից: Անկասկած է, որ Ա-ի ծագման համար նշանակություն ունի և՛ կենսբ., և՛ սոցիալ. գործոնների փոխազդեցությունը: 1980-ական թթ. արձանագրվել է Ա-ի կայունացում: Գիտնականների կարծիքով 20-րդ դ. վերջին տնտեսապես զարգացած երկրներում տեղի է ունենալու Ա-ի հետագա դանդաղում՝ ի հայտ է եկել նույնիսկ համապատասխան տերմին՝ «դեցելերացիա» (Ա-ի հետադարձ երևույթ):

Ա-ով պետք է զբաղվեն ոչ միայն կենսաբանները, բժիշկները, այլև մանկավարժները, հոգեբաններն ու սոցիոլոգները: Նկատվում է երիտասարդների կենսբ. և սոցիալ. հասունության որոշակի խզում, նրանք սոցիալապես ավելի վաղ են զարգանում: Ա. մի շարք հարցեր է դրել գործն. և տես. բժշկության առջև: Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սահմանել աշխատանքային և ֆիզ. բեռնվածության, սնուցման, մանկ. հագուստի, կոշիկի, կահույքի և գործածության իրերի չափանիշներ:

Տես նաև Դեռահասություն:

ԱՂԲԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿ, բարձրահարկ (5-ից բարձր) շենքերում աղբը հավաքող շինվածք: Ասբեստ-ցեմենտե խողովակ է, որի ստորին մասը բացվում է դեպի աղբախուց: Աղբալցման բացվածքները դուրս են գալիս աստիճանահարթակ և նախատեսված են 1 կամ 2 հարկերի բնակարանների համար: Այդ բացվածքները հերմետիկորեն փակվում են կափարիչներով: Աղբախուցը տեղադրվում է 1-ին հարկում. պատերը պետք է լինեն հրակայուն և կրծողների համար անթափանց: Դրանում աղբը 1 օրից ավելի պահել չի թույլատրվում: Աղբը խցից դուրս են տանում և հավաքում աղբահավաքներում: Ա.խ.-ի վերին մասում դրվում է այն մաքրող ձեղնահարկային խցիկ, իսկ շենքի տանիքում՝ դեֆլեկտոր (օդաքաշման ուժեղացման, ինչպես նաև մթն. տեղումներից պաշտպանելու նպատակով):

ԱՂԻՔՆԵՐ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ԱՂԻՔՆԵՐԻ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, առաջանում է աղիքների ոլորման, հանգույցների գոյացման (նկ. 1), ներագուցման (նկ. 2), աղիքների գերձգման կամ ճնշվածության (կպումներ, երբեմն՝ ճողվածքի ճմլում), ինչպես նաև աղիքները որդերի (ասկարիդներ) կծիկով, օտար մարմնով, փորկապության ընթացքում կղանքային քարերով խցանման հետևանքով: Ա.ա.-յան պատճառ կարող են դառնալ նաև աղիքների շարժող. գործունեության (գալարակծկանք) ծանր խանգարումները: Ա.ա.-յան հատուկ ձև է, այսպես կոչված, սննդային անանցանելիությունը, որը կարող է առաջանալ երկարատև քաղցից հյուծված մարդկանց աղիքներում՝ մեծ քանակությամբ կոշտ, դժվարամարս սննդի ընդունումից հետո: Դա հաճախ հանդիպում է պատերազմների ժամանակ՝ երկարատև պաշարված վայրերից դուրս բերված մարդկանց մոտ:

Ա.ա. սկսվում է հանկարծակի, որովայնի ուժեղ սուր ցավերով (մշտ. կամ կծկումային), որոնք ուղեկցվում են որովայնի փքվածությամբ, գազերը և կղանքը դուրս չեն գալիս, առաջանում է փսխում: Փսխման զանգվածն սկզբում պարունակում է սննդանյութեր, այնուհետև՝ մուգ գարշահոտ հեղուկ (այսպես կոչված՝ կղանքային փսխում): Երեխաների աղիքների ներագուցման ժամանակ հաճախ լինում է արյունային լուծ: Ա.ա. ուղեկցվում է աղիքների ծանր փոփոխություններով և օրգանիզմի ընդհանուր վիճակի վտանգավոր խանգարումներով (ախտահարված օջախի տոքսիններով օրգանիզմի թունավորում, ջրազրկում): Ա.ա.-յան ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել կամ հիվանդին հասցնել վիրաբուժ. բաժանմունք: Հապաղումը կարող է հանգեցնել հիվանդի մահվան: Ինքնաբուժման փորձերը (ջեռակ, հոգնա, լուծողականներ)