Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/283

Այս էջը հաստատված է

դիմել բժշկի, մշտապես պայքարել արտադրությունում և կենցաղում առկա աղմուկի դեմ:

ԼՎԵՐ, արյունածուծ միջատներ, որոնք մարդու, կաթնասունների և թռչունների մակաբույծներ են: Սնվելով կրծողների (առնետներ, մկներ, ավազամկներ, գետասկյուռներ ևն) արյունով՝ Լ. կարող են մարդուն փոխանցել որոշ վտանգավոր հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա ևն) հարուցիչներ: Լ-ի թուքն ունի գրգռիչ ազդեցություն, իսկ մարմնի կազմությունը լավ հարմարված է տիրոջ բրդի և փետուրների մեջ ակտիվ շարժվելուն: Մարմինը բաց դեղնավունից մուգ դարչնագույն է, կողքերից՝ տափակացած, հեևին զույգ ոտքերն առավել ուժեղ են զարգացած և ծառայում են թռչելու համար:

Հայտնի է Լ-ի ավելի քան 1000 տեսակ, որոնց 80-ը տարածված է նաև ՀՀ-ում: Կան տեսակներ, որոնք մակաբուծում են միայն որոշակի տեսակի կենդանիների վրա, մյուսները կարող են սնվել տարբեր կենդանիների արյունով և հեշտորեն անցնում են մեկ տիրոջից մյուսի, ինչպես նաև մարդու վրա: Որոշ Լ. դարանակալում են իրենց զոհին: Համաճարակաբան. առավել կարևոր նշանակություն ունեն մարդկանց բնակարաններում ապրող և նրանց վրա հարձակվող Լ.: Դրանք մարդու, կատվի, շան, առնետների Լ. են: Շինություններում Լ. ապրում և բազմանում են փոշու, աղբի մեջ, հատակի ճեղքերում և այլուր: Էգերը դնում են ձվեր, որոնցից զարգանում են նախ թրթուրները, ապա հասուն անհատները (օրինակ՝ մարդու լուն հր կյանքի ընթացքում կարող է դնել ավելի քան 400 ձու): Լ. կարող են երկար ժամանակ (ավելի քան 1 տարի) ապրել առանց սննդի:

Պայքարի միջոցները. ստեղծել Լ-ի բազմացմանը խոչընդոտող պայմաններ, ոչնչացնել դրանց կուտակման վայրերը: Շինությունները պետք է մաքուր լինեն, կրծողներից զերծ: Լ-ով վարակված շներին և կատուներին լողացնել հատուկ (կենդանիների) շամպունով, մորթին մշակել պիրեթրումով: Շինություններում Լ. ոչնչացնել պիրեթրումով (1 մ2 մակերեսին՝ 5-25 գ), քլորոֆոսով և այլ միջատասպաններով (տես Միջատազերծում), իսկ վախեցնելու համար շինության անկյուններում դնել օշինդրի փնջեր կամ դրանցով ավլել հատակը: Անհատ. պաշտպանության նպատակով սպիտակեղենը մշակել վանող նյութերով:

ԼՈՒԾ, աղիքների 1 և ավելի անգամ դատարկվելը՝ հեղուկ կղանքի արտազատմամբ: Հիմնականում պաշտպան. հակազդեցություն է, որի հետևանքով օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից, հիվանդածին միկրոօրգանիզմներից, լորձից, նեխման կամ խմորման նյութերից, որոշ դեղապատրաստուկներից:

Լ. ոչ թե ինքնուրույն հիվանդություն է, այլ շատ հիվանդագին գործընթացների ախտանշան, որի առաջացմանը նպաստում են սուր վարակիչ հիվանդությունները (օրինակ՝ դիզենտերիա), սննդային թունավորումները (տես Սննդային թունավարակում), որովայնային տիֆը (տես Որովայնային տիֆ, պարատիֆեր), խոլերան, աղիքների քրոնիկ. բորբոքային գործընթացները (բարակ և հաստ աղիքների քրոնիկ. բորբոքում, հաստ աղիքի բորբոքում, հաստ աղիքի ոչ յուրահատուկ խոցային բորբոքում) ևն:

Լ. կարող է առաջանալ ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների մարսողության խանգարումներից, ստամոքսի հյութազատության ընկճումից, ենթաստամոքսային գեղձի հյութի, լեղու անբավարար արտազատումից, բարակ աղիքներում ներծծման գործընթացի խանգարումից: Լ. լինում է նաև հոգեկան ուժեղ ապրումներից, վախից, տագնապից, ցավից ևն, ինչպես նաև որոշ սննդամթերքների՝ կաթի, ձվի, մրգի, բանջարեղենի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունից: Լ. նաև ներկերից, լուծիչներից, թունաքիմիկատներից, դեղանյութերից թունավորվելու ախտանշաններից է:

Լ-ի առաջացման պատճառը պարզվում է միայն կլինիկ., լաբորատոր., մանրէաբան. տվյալների, ռենտգենաբան. և ընդերադիտական հետազոտությունների հիման վրա: Ուստի Լ-ի 1-ին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա՝ մասնագիտացված օգնություն ստանալու համար: Բժշկի համար կարևոր է հիվանդի վիճակի ճիշտ նկարագիրը: Պետք է ուշադրություն դարձնել կղանքի հաճախությանը և աննշան կղանքով հաճախակի հիվանդագին նքոցների (տենեզմի) առկայությանը, կղանքի թանձրությանը, գույնին և հոտին: Շատ կարևոր է արյան և լորձի խառնուրդը կղանքում (կղանքն արյունախառն է, թե՞ միայն մակերեսն է արյունոտ, լորձը վարդագույն է, թե՞ կան մուգ արյան մակարդուկներ): Լ. կրկնվելու դեպքում անհրաժեշտ է ճշտել նպաստող գործոնները (սննդամթերք, դեղանյութեր, հոգեկան ուժեղ ապրումներ ևն):

Շատ հիվանդներ, խուսափելով վարակիչ հիվանդություններից ու հիվանդանոցներից, բժշկի չեն դիմում: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ ներհիվանդանոցային վարակումը բացառվում է, և հոսպիտալացման ենթակա են միայն շրջապատի համար վտանգ ներկայացնող կամ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդները: Նման հարցերը լուծում է միայն բժիշկը: Մինչև ախտորոշումը հիվանդին պետք է մեկուսացնել ընտանիքի մյուս անդամներից, առանձնացնել ամանեղենը, սրբիչը, վարակազերծող լուծույթով լվանալ դռան բռնակները: Պետք է կտրուկ սահմանափակել հիվանդի սնունդը, հատկապես ճարպոտ և կծու կերակուրները, կաթը, միրգը և բանջարեղենը: Անթույլատրելի է ինքնաբուժումը, հատկապես առանց հսկողության հակաբիոտիկների օգտագործումը, որոնք փոխում են հիվանդության կլինիկ. պատկերը՝ դժվարացնելով ճիշտ ախտորոշումը, ինչպես նաև կարող են առաջացնել ոչ ցանկալի հակազդեցություններ՝ նպաստելով հիվանդության անցմանը քրոնիկ. ձևի:

ԼՈՒԾԱՆՔՆԵՐ, կամային շարժումների լրիվ կորուստ՝ մկանների նյարդավորման խանգարման հետևանքով: Կիսալուծանքի ժամանակ, ի տարբերություն լուծանքի, նկատվում է մկանային ուժի մասնակի կորուստ, կամային շարժումները սահմանափակվում են, սակայն լրիվ չեն վերանում: Լ. և կիսալուծանքները առաջանում են գլխուղեղի, ողնուղեղի, ինչպես նաև ծայրամասային նյարդերի հիվանդությունների ժամանակ, որոնք պետք է տարբերել հոդերի, մկանների և կապանների հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած շարժողության սահմանափակումներից: Գլխուղեղի և ողնուղեղի արյունամատակարարման խանգարման, բորբոքումների և վնասվածքների հետ կապված Լ. և կիսալուծանքներն անվանում են կենտր.: Դրանք զուգակցվում են ախտահարված վերջույթը որոշակի դիրքում սևեռող մկանների լարվածությամբ (սովորաբար՝ ձեռքերի ծալում, ոտքերի տարածում): Ծայրամասային նյարդերի (բորբոքում, վնասվածք, թունավորում, օրինակ՝ կապարով, արսենով) կամ ողնուղեղի հատվածների (որտեղից սկսվում են այդ նյարդերը) հիվանդությունների հետևանքով առաջացած Լ. անվանում են ծայրամասային: