Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/287

Այս էջը հաստատված է

սենյակով, և համակցված, որն ստեղծվում է ընդհանուր և տեղային Լ-յան լամպերով միաժամանակ (հիգիենայի առումով ավելի նպատակահարմար է):

Խորհուրդ չի տրվում աշխատել միայն տեղային Լ-յան պայմաններում, քանի որ վառ լուսավորված մակերևույթից հայացքը դեպի շրջապատի մութ առարկաները շրջելիս աչքերը լրացուցիչ ծանրաբեռնվում են: Սեղանի լամպը (կամ որևէ այլ լուսատու) անհրաժեշտ է տեղադրել անմիջապես աշխատատեղում այնպես, որպեսզի լույսն ընկնի առջևից (ձախ կողմից), և ձեռքի ստվերը (գրելիս, կարելիս) չխանգարի աշխատանքին: Լամպը պետք է լինի լուսամփոփով, որը կքողարկի աչքից շիկացման լամպի պայծառ թելիկը: Սեղանի լամպը կամ որմնալամպը պետք է ունենա 40-60 վտ՝ բնականոն տեսողությամբ անձանց, իսկ տարեցների և թույլ տեսողություն ունեցողների համար՝ 75-100 վտ հզորություն: Ընդհանուր Լ-յան լուսատուների հզորությունը որոշվում է սենյակի մակերեսի 1 մ²-ին՝ 10-15 վտ հաշվարկով: Լյումինեսցենտային (ցերեկային) լամպեր օգտագործելիս խորհուրդ չի տրվում 1 լամպով լուսատուներ, որովհետև դրանց լույսը բաբախում է ցանցի լարման փոփոխությանը համապատասխան: Ուստի ավելի նպատակահարմար է օգտագործել, օրինակ, 20-ական վտ հզորությամբ 2, քան 40 վտ հզորությամբ 1 լամպով լուսատու: Թույլատրելի է սովոր. շիկացման և լյումինեսցենտային լամպերի իրար կողքի լինելը: Ավելի նպատակահարմար է ընդհանուր Լ. ստեղծել լյումինեսցենտային լամպերով, իսկ տեղայինի համար օգտագործել շիկացման լամպեր: Խառը Լ-յան դեպքում արհեստ. (էլեկտր.) լույսը միացվում է ի լրումն ցերեկայինի: Անհրաժեշտության դեպքում այն միանգամայն նպատակահարմար է, և դրա վնասակարության մասին կարծիքն անհիմն է:

ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅՈՒՆ, քնաշրջություն, գիշերաշրջություն, սոմնամբուլիզմ, քնի խանգարման հազվադեպ ձև: Հնարավոր է հոգնածության, ասթենիկ նևրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի որոշ ձևերի դեպքերում և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո: Լ. առաջանում է, եթե կենտր. նյարդային համակարգի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժող. ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա: Ոչ լրիվ և ոչ խորը արգելակման դեպքում մարդը քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում: Լ. ավելի արտահայտված խանգարում է, երբ քնած մարդը վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, իսկ առավոտյան այդ մասին հիշում է աղոտ կամ բոլորովին չի հիշում: Լ-յամբ տառապող հիսթերիկ խառնվածքով անձինք իրենց հետ կատարվածը պատմում են վառ գույներով: Պատահական չէ, որ նախկինում Լ. համարվել է առեղծվածային հիվանդություն՝ ուստի և մարդիկ երկյուղել են լուսնոտներից, տեսնելով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով (հրաշքով պահպանելով հավասարակշռությունը) կամ գուշակել ապագան:

Լ-յան նոպայի ժամանակ լուսնոտները կարող են ընկնել, վնասվել, որից էլ արթնանում են: Դժբախտ պատահարներից խուսափելու համար լուսնոտի սենյակի պատուհաններն ու դռները պետք է փակ պահել, էլեկտրասարքավորումներն անջատել: Քնաշրջությունը, ինչպես և քունը, կարելի է ընդհատել՝ հանգիստ, ցածր ձայնով: Լ-յամբ տառապող անձը պետք է հետազոտվի և բուժվի:


Խ

ԽԱԼ, բնածին բիծ, մաշկի զարգացման արատ: Լինում է բնածին կամ ի հայտ է գալիս ավելի ուշ: Տարբերում են գունակային, անոթային, գորտնուկանման և այլ Խ-եր: Գունակային (պիգմենտային) Խ-երն առաջանում են մաշկի մելանին պարունակող և մաշկային նյարդերի թաղանթների բջիջներից: Գունակային Խ-ի քանակը և չափերը տարբեր են, դրանք հարթ են կամ գորտնուկանման, դարչնագույն, մակերևույթի վրա հաճախ մազեր են աճում: Անոթային Խ-երն առաջանում են մաշկի անոթների տարաճման հետևանքով: Դրանք տարբեր մեծության, գծագրության, վառ կարմրավուն, վարդագույն, մանուշակագույն բծեր են կամ կարմրավուն, մուգ կապտավուն հանգույցներ՝ հատիկավոր կամ բլթակավոր մակերևույթով, մաշկից բարձր են, սեղմելիս գունատվում են: Գորտնուկանման (եղջերացող) Խ-երը լինում են միայնակ կամ բազմաթիվ թմբիկներով: Բազմաձև են, դարչնագույնից սև, անհավասար եղջերացող մակերևույթով: Սրանց առկայության դեպքում խորհուրդ է տրվում մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ:

Խ-երը պետք է պահպանել վնասումներից և արևի ճառագայթների տևական ազդեցությունից: Ցանկացած փոփոխության (կարմրություն, գունակավորման ուժեղացում կամ թուլացում, չափերի արագ մեծացում) դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Միայն նա կարող է որոշել դրանց հեռացման հնարավորության կամ անհրաժեշտության հարցը:


ԽԱՂԱԼԻՔՆԵՐ, օգտագործում են երեխաների բազմակողմանի, ներդաշնակ դաստիարակության, աշխատանքին ու ակտիվ հանգստին նրանց հաղորդակից դարձնելու նպատակով: Խաղերի միջոցով երեխան զարգանում է, ճանաչում աշխարհը, ժառանգում է սերունդների կուտակած փորձը:

Մանկավարժ. առումով Խ. պետք է լինեն նպատակահարմար, գեղարվեստորեն՝ կատարյալ, բավարարեն երեխաների տարիքային հետաքրքրությունները և հիգիենային պահանջները, ինչպես նաև լինեն անվտանգ: Խ. երեխայի վրա մանկավարժորեն ներգործելու ակտիվ միջոց են: Ժամանակին և բազմակողմանի զարգացման համար երեխային անհրաժեշտ են նրա գործունեությանը հարմարեցված, հոգեկան և ֆիզ. զարգացմանը համապատասխանող և ընդունակությունների ձևավորմանը օժանդակող Խ.:

Խ-ի մշակման ու արտադրության համար սահմանված է սան. հսկողություն: Ըստ ձևի ու կառուցվածքի՝ Խ. պետք է լինեն հարմար, անվտանգ, վնասվածքներից խուսափելու համար չպետք է ունենան սուր ցցված անկյուններ ու եզրեր, անհարթ մակերեսներ, հեշտ անջատվող փոքրիկ մասեր (որպեսզի երեխան դրանք կուլ չտա, չխցկի ականջներն ու քիթը):

Խ. կրծքի տարիքում նպաստում են երեխայի շարժող. ակտիվության բարձրացմանը և զարգացնում կողմնորոշման ունակություններ (տես Կրծքի երեխա): Երեխայի կյանքի 2-րդ, 3-րդ ամսում դրանք (վառ, խոշոր, հակադիր գույներով կախովի խաղալիքներ, չխչխկաններ, զանգուլակներ, զանգակներ ևն) անհրաժեշտ են զգայարանների զարգացման, տեսող. և լսող. տպավորությունների կուտակման, դրական հույզերի ձևավորման համար: Երեխային Խ. պետք է ցույց տալ 70-80 սմ