Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/289

Այս էջը հաստատված է

դուրս է նետում (սև Խ.): Թրթուրներն արտաքին տեսքով նման են հասուն անհատների, զարգացման ընթացքում աստիճանաբար աճելով՝ 6-8 անգամ կերպարանափոխվում են: Բարենպաստ ջերմաստիճանի (24°C) պայմաններում ձվից մինչև անհատի զարգացումը տևում է 6 (շեկ Խ.) մինչև 12 (սև Խ.) ամիս: Տաքացվող շինություններում բազմանում շուրջ 1 տարի: ՀՀ-ում հայտնի է Խ-ի 5 տեսակ, որից շեկ և սև Խ. ապրում են բնակարաններում և փչացնում սննդամթերքը կաշվե իրերը, բրդեղենը ևն:

Պայքարի միջոցները. միջատասպան նյութերի (տես Միջատազերծում), թունավորված խայծերի օգտագործում: Նաև արդյունք են տալիս քլորոֆոսի (1,5 %) և ջրի (98,5 %) կամ ածխաթթվական ամոնիումի (1 %) և ջրի (98 %), ինչպես նաև 7 ջրի և 3 մաս գլիցերինի խառնուրդները: Շեկ Խ-ի ոչնչացման համար կիրառվում է բորաքսի (50 %), ոլոռի ալյուրի (25 %) և օսլայի (25 %) խառնուրդ: Խառնուրթները պետք է դնել Խ-ի կուտակումների տեղերում: Պայքարի քիմ. միջոցները տալիս են սոսկ ժամանակավոր արդյունք: Շատ կարևոր է մաքրության պահպանումը: Սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ վիճակում, իսկ սննդի մնացորդները չթողնել Խ-ին մատչելի տեղերում:

ԽԻԹ, կոլիկա, սուր կծկանքանման ցավերի նոպա, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանների և երիկամների հիվանդությունների դեպքերում: Պայմանավորված է նշված օրգանների մկանների տևական ջղաձգությամբ: Տարբերում են աղիքային, լյարդային, երիկամային, ենթտաստամոքսագեղձային (պանկրեասային) Խ-եր: Առավել հաճախ նկատվում է աղիքային Խ., որը կարող է առաջանալ առատ և դժվարամարս սննդի ընդունման, աղիքների բորբոքումների, սպիների և կպումների, որդերի առկայության, խմորման կամ նեխման արագ գործընթացների հետևանքով, որոնք նպաստում են գազառաջացմանը և դրա հետ կապված՝ աղիքների պատերի ձգմանը: Աղիքային Խ-ի տարատեսակ են որդանման ելունային (ապենդիկուլյար) և ուղիղաղիքային Խ-երը: 1-ինը բնորոշվում է որովայնի աջ ստորին կեսում առկա տևական հարաճուն ցավերով, իսկ 2-րդը՝ կղման հաճախակի, այդ թվում կեղծ, ցավոտ նքոցներով: Աղիքային Խ. կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, որովայնի փքվածությամբ. սեղմելիս ցավերը մեղմանում են:

Լյարդային Խ-ի դեպքում ցավերն առաջանում են աջ թուլակողում և տարածվում հիմնականում որովայնի վերին հատվածում, հաճախ ճառագայթվում են դեպի աջ ուսը և ենթաթիակային շրջանը (տես Լեղաքարային հիվանդություն): Նոպաները կարող են ուղեկցվել բերանի չորության, դառնության զգացումով, սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացմամբ և տևել մի քանի վրկ-ից մինչև մի քանի ժ: Ենթաստամոքսագեղձային Խ-ի դեպքում գոտևորող ցավերը ճառագայթվում են դեպի մեջքը (տես Ենթաստամոքսային գեղձի բորբոքում): Երիկամային Խ. բնորոշվում է որովայնի և գոտկային շրջանի չափազանց ուժեղ ցավերով, որոնք սովորաբար ճառագայթվում են դեպի աճուկներն ու սեռ. օրգանները և ուղեկցվում միզարձակման հաճախացմամբ, հիվանդագին նքոցներով: Հիվանդն անհանգիստ է, ձգտում է մարմնին հարմար դիրք տալ: Նշված նոպաները հաճախ առաջանում են ֆիզ. լարվածությունից հետո (տես Միզաքարային հիվանդություն):

Խ. ամենատարբեր հիվանդությունների ախտանշան է, որոնց բուժումը պահանջում է մասնագիտ. բժշկ. գիտելիքներ: Ուժեղ ցավերի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, իսկ մինչև նրա գալը հիվանդին հանգիստ պառկեցնել: Ինքնաբուժումն անթույլատրելի է: Եթե որոշ հիվանդությունների դեպքում աղիքային Խ. մեղմանում է ջերմային բուժարարողությունից և մաքրող հոգնայից հետո, ապա որդանման ելունի սուր բորբոքմանն ուղեկցող Խ-ի դեպքում այդ բուժարարողությունները միանգամայն անթույլատրելի են: Տաք լոգանքն արդյունավետ է երիկամային և անթույլատրելի՝ ենթաստամոքսագեղձային Խ-ի դեպքում: Առանց բժշկի թույլտվության, ցավազրկող դեղանյութերի, ջերմային և այլ արարողությունների կիրառումը կարող է հանգեցնել բարդությունների, դժվարացնել հիվանդության ախտորոշումը, բուժումը, երբեմն էլ՝ առաջացնել անուղղելի հետևանքներ:

ԽԼՆԱԽՏ, վարակիչ հիվանդություն, որն ընթանում է տարբեր հյուսվածքներում և օրգաններում թարախակույտերի առաջացմամբ: Հարուցիչը ցուպիկանման բակտերիան է, որը խոնավ միջավայրում, ջրում և հողում պահպանվում է 1-2 ամիս, իսկ հիվանդ կենդանիների արտաթորանքում (դիակներում)՝ մի քանի շաբաթ: Արագ ոչնչանում է տաքացնելիս և վարակազերծող նյութերի ներգործությունից: Հիվանդանում են հիմնականում միասմբակավորները (ձիեր, ջորիներ, վագերաձիեր ևն):

Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների (առավել հաճախ՝ ձիերի) հետ շփվելիս: Հարուցիչը թափանցում է վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով: Առավել հաճախ հիվանդանում են ձիապանները, ձի վարժեցնողները, ջորեպանները, դարբինները ևն: Վարակվելու պահից մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը տևում է 1-5 օր (հազվադեպ՝ 2-3 շաբաթ): Տարբերում են Խ-ի սուր և քրոնիկ. ձևեր: Սուր ընթացքը բնորոշվում է հանկարծակի առաջացող դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Նկատվում են ցավեր մկաններում, հոդերում (վերջիններս ուռչում են): Հարուցչի թափանցման տեղում առաջանում է վառ կարմրավուն բիծ, ապա բշտիկ՝ արյունային պարունակությամբ, որը 1-3 օր անց պատռվում է և վերածվում խոցի: Կարող են լինել նաև հազ՝ արյունային խորխով, և արյունաթարախային արտադրություն քթից: Քրոնիկ ընթացքը բնորոշվում է հիվանդների վիճակի լավացման և վատթարացման փուլերի հերթափոխությամբ: Հիվանդությունը տևում է մի քանի ամսից մինչև 2-3 տարի և ավելի:

Խ-ով հիվանդ մարդուն անհրաժեշտ է անպայման հոսպիտալացնել և մեկուսացնել, իսկ կենդանիներին՝ ոչնչացնել: Վերջիններիս օրգանիզմում հիվանդությունը կարող է ընթանալ գաղտնի ձևով: Այդ դեպքում դրվում է ալերգ. փորձանմուշ՝ մալեինով (Խ-ի հարուցչից ստացված և վնասազերծված նյութ): Ակնային մալեինացման դրական փորձանմուշի դեպքում ձիերին պետք է մեկուսացնել առանձին տնտեսություններում, իսկ կլինիկ. ախտանշաններն ի հայտ գալիս՝ դրանց ոչնչացնել: Գոմաղբը, ցամքարը, կերի մնացորդներն այրել: Շինությունը և կենդանիների խնամքի պարագաները վարակազերծել: Անձնակազմը պետք է պահպանի անձն. կանխարգելման միջոցառումները (հատուկ հագուստ, ձեռնոցներ, թանզիֆե դիմակներ): Աշխատանքի ընթացքում արգելվում է ծխելը, սնվելը: Վարակազերծման համար օգտագործվում են քլորակրի 10 %-անոց, կրեոլինի կամ կարբոլաթթվի 3 %-անոց լուծույթներ: Հիվանդ կենդանիների հետ շփված անձինք 15 օր պետք է գտնվեն բժշկ. հսկողության տակ:

ԽԼՈՒԹՅՈՒՆ, լսողության լրիվ բացակայություն կամ խիստ թուլություն, երբ խոսքի ընկալումը դառնում է անհնար:

Բացարձակ Խ. հազվադեպ է: Սովորաբար Խ-յան դեպքում ընկալվում են շատ բարձր ձայները, երբեմն՝ առանձին լավ