Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/294

Այս էջը հաստատված է

Խ-ային շարժումներին: Խ-ի շարժող. ապարատի կազմի մեջ մտնող առանձին մկանախմբերի գործունեության խանգարումները հանգեցնում են Խ-ի արտասանության խանգարումների (դիզարթրիաներ)՝ լեզվի, շրթունքների ոչ ճիշտ շարժումների հետևանքով, կամ անձայնության (աֆոնիա)՝ ձայնի հնչեղության կորուստ, որն առաջանում է կոկորդի և փափուկ քիմքի մկանների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով:

Խ-ի արտասանության խանգարումները և անձայնությունը հաճախ առաջանում են գլխուղեղի ցողունի կամ գանգագլխուղեղային նյարդերի ախտահարման հետևանքով: Խ-ի խանգարումների բուժումը պայմանավորված է խանգարման տեսակով և այն առաջացնող պատճառով: Բուժում են մանկաբույժն ու նյարդախտաբանը, իսկ Խ-ի թերությունները շտկում է լոգոպեդը: Հաճախ պահանջվում է նաև այլ մասնագետների մասնակցություն, ստոմատոլոգը շտկում է ոչ ճիշտ ատամնակծվածքը և բերանի խոռոչի մյուս խանգարումները, վիրաբույժը բուժում է նապաստակի շրթունքը և կարծր քիմքի ճեղքվածքը, քիթկոկորդականջաբանը ժամանակին վերացնում է լսողության թերությունները ևն: Ծնողները պետք է ժամանակին ուշադրություն դարձնեն երեխայի զարգացման կասեցմանը կամ Խ-ի արատի ձևավորմանը և դիմեն բժշկի:

ԽՈՐԵԱ, նյարդային համակարգի հիվանդություն. արտահայտվում է ակամա անկանոն ջղաձիգ շարժումներով: Հաճախ հիվանդանում են ռևմատիզմով տառապող երեխաները և դեռահասները (փոքր Խ.): Սկզբում նկատվում են երեխայի գերհոգնելիություն, ուշադրության թուլացում, ավելի ուշ առաջանում են ակամա շարժումներ, որոնց հետևանքով երեխան վատ է գրում, ձեռքից գցում է առարկաները, թափում թեյը, ճաշը: Դեմքի մկանների ակամա շարժումները ծամածռության տպավորություն են թողնում: Կարճ ժամանակ անց ակամա շարժումներն ավելի կոպիտ են դառնում: Շրջապատում նկատում են, որ հանկարծակի դողում է հիվանդ երեխայի ձեռքը կամ ոտքը:

Փոքր Խ. առաջանում է ռևմատիզմի ֆոնի վրա, և նման հիվանդները, որպես կանոն, մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը գտնվում են դիսպանսերային հաշվառման մեջ, ուստի պետք է խստորեն կատարեն բժշկի խորհուրդներն ու նշանակումները: Եթե մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել նշագեղձերը, ապա դա պետք է անպայման կատարել: Ռևմատիզմի կանոնավոր բուժման դեպքում Խ. չի առաջանում, իսկ ի հայտ գալուց հետո ժամանակին բուժելիս լրիվ ապաքինվում է:

Խ. կարող է դրսևորվել հղի կանանց մոտ (հատկապես հղիության 1-ին կեսին): Նման կանայք սովորաբար տառապում են ռևմատիզմով կամ հաճախակի են հիվանդանում անգինայով, իսկ ոմանք էլ նախկինում հիվանդացել են Խ-ով: Անհրաժեշտ է, որ այդ կանայք ժամանակին դիմեն կանանց կոնսուլտացիա:

Խ. կարող է ունենալ ժառանգ. ծագում և առաջանալ 25-50 տարեկանում (Հենթինգթոնի Խ.): Երբեմն դա ի հայտ է գալիս գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի ֆոնի վրա: Նման դեպքում ակամա շարժումներն ընդգրկում են ոչ միայն վերջույթների, այլև դեմքի, լեզվի մկանները: Հիվանդը դժվարությամբ է խոսում, ուտում, քայլում, մտավոր ունակությունները ևս թուլանում են: Այդ բոլորը հանգեցնում են հաշմանդամության, և հիվանդները խնամքի կարիք են ունենում:

ԽՈՐԽ, շնչառության օրգանների ախտաբան. արտազատուկ, որը հեռանում է հազի և խորխարտադրության միջոցով:

Խ-ի քանակը տարբեր է. բրոնխաբորբի, թոքաբորբի սկզբն. շրջանում այն կարող է լինել աննշան, իսկ թոքերի թարախային հիվանդությունների (տես Բրոնխալայնանք) ժամանակ՝ մինչև 1-2 լ: Խ-ի անջատումը կախված է բրոնխների անցանելիությունից, հիվանդի դիրքից (ուժեղանում է առողջ կողքի վրա պառկելիս): Խ. սովորաբար անհոտ է, սակայն թոքերում թարախային գործընթացի առկայության դեպքում այն դառնում է գարշահոտ:

Խ-ի թանձրությունը և գույնը պայմանավորված են նրա բաղադրությամբ: Այն կարող է լինել ջրիկ կամ մածուցիկ: Տարբերում են՝ լորձային, շճային, թարախային, լորձաթարախային, շճաթարախային և արյունային Խ.: Լորձային Խ. անգույն է, թափանցիկ, մածուցիկ, լինում է բրոնխաբորբի, թոքաբորբի սկզբն. շրջանում, բրոնխային հեղձուկի ժամանակ: Շճային Խ. հեղուկ է, թափանցիկ, փրփրանման, արտազատվում է թոքերի այտուցի դեպքում: Թարախային Խ. կանաչավուն է, թանձր, առաջանում է թոքերի թարախային գործընթացների ժամանակ: Արյունային Խ. պարունակում է տարբեր քանակությամբ արյուն և նկատվում է սրտի, թոքերի առանձին հիվանդությունների ընթացքում: Խ. կարող է պարունակել արյան բջջային տարրեր, առաձգական թելիկներ, նախակենդանիներ (օրինակ՝ ամեոբա), ուռուցքային բջիջներ, ասկարիդի թրթուր, ախտածին սնկիկներ, բակտերիաներ ևն: Անհրաժեշտ է հիշել, որ Խ. կարող է տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր լինել:

Կանխարգելման նպատակով հիվանդը պետք է պահպանի որոշ կանոններ՝ չթքի հատակին, մայթին, հազալիս ափով չփակի բերանը, քանի որ Խ-ից միկրոօրգանիզմները կանցնեն ձեռքին և բարևելիս կփոխանցվեն առողջ մարդուն, կարող են կպչել դրամին, դռների բռնակներին ևն: Ոչ մեծ քանակությամբ Խ-ի դեպքում հազալիս բերանը պետք է փակել թաշկինակով կամ ձախ ձեռքի թիկնային մակերևույթով: Հիվանդի Խ. հավաքվում է կափարիչով թքամանում, որը կոյուղի լցնելուց առաջ պետք է ախտահանվի քլորամինի լուծույթով: Դատարկ թքամանը ախտահանվում է՝ սոդայի լուծույթում եռացնելով: Լաբորատոր հետազոտության համար Խ. հավաքվում է մաքուր ամանում, և ախտահանող լուծույթ չի ավելացվում: Քննության արդյունքները շատ կարևոր են մի շարք, հատկապես շնչառության օրգանների հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման համար: Ուսումնասիրվում են ընդհանուր, ֆիզ. և քիմ. հատկությունները, կատարվում են բակտերիաբան. և բջջաբան. այլ կարգի հետազոտություններ: Խորխարտադրությամբ ուղեկցվող հազի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:

ԽՈՐԽԱԲԵՐ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, հազի ժամանակ խորխի արտազատումը հեշտացնող նյութեր:

Որպես Խ.դ. կիրառվում են բրոնխների լորձաթաղանթի գեղձերի գործունեությունն ուժեղացնող պատրաստուկներ: Խ.դ. իջեցնում են խորխի մածուցիկությունը, որի հետևանքով հազալիս այն հեշտությամբ է անջատվում: Տարբերում են ուղղակի և անուղղակի ազդեցությամբ Խ.դ., որոնցից 1-իններն անմիջապես ազդում են բրոնխների լորձաթաղանթի վրա: Այդ խմբին են պատկանում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդա), որն իր հիմնային հատկությունների շնորհիվ իջեցնում է խորխի մածուցիկությունը, տերպինհիդրատը, ինչպես նաև որոշ եթերայուղեր (օրինակ՝ անիսոնի յուղը) և յոդի պատրաստուկները (նատրիումի յոդիդ, կալիումի յոդիդ): Խ.դ-ի այս խմբի մեջ է մտնում նաև տրիպսինը, որը, քայքայելով խորխի բաղադրության մեջ գտնվող սպիտակուցները, իջեցնում է դրա մածուցիկությունը: Նշված դեղանյութերի խորխաբեր ազդեցությունը դրսևորվում է ինհալացիայի (ջրային գոլորշու հետ շնչելու