բորբոքային գործընթացի (օրինակ՝ ավշահանգույցների տուբերկուլոզային բորբոքում, շողասնկախտ) առկայությամբ ևն, որոնց ապաքինմանը խոչնդոտում է տևական բորբոքային գործընթացը: Երբեմն թարախահոսությունը դադարում է, խուղակը փակվում է և կարճ ժամանակ անց նորից բացվում:
Միզային, աղիքային, լեղային, բրոնխային և այլ Խ. հաճախ առաջանում են համապատասխան օրգանի վնասվածքից, և պահպանվում են այդ օրգանների արտադրությունը (մեզ, աղիքային կամ ստամոքսային պարունակություն, լեղի) խուղակով մշտապես դուրս գալու հետևանքով:
Թարախային Խ-ից երկարատև թարախահոսությունն աստիճանաբար խախտում է հիվանդի ընդհանուր վիճակը, հնարավոր են թարախային գործնթացների սրացումներ և շրջապատի հյուսվածքների վրա վարակի տարածում: Մարսող. օրգանների արտաքին Խ. հանգեցնում են մեծ քանակությամբ սննդանյութերի, մարսող. հյութերի կորստի և հյուծում են հիվանդին: Միզային Խ. վտանգավոր են, քանի որ դրանցով մանրէները կարող են թափանցել միզապարկ, ապա երիկամներ: Խ-ից մեզի, կղանքի և հատկապես բարակ աղիքների վերին հատվածի պարունակության դուրս գալը ոչ միայն ծանր է անդրադառնում հիվանդի վրա, այլև գրգռում է Խ-ի շրջապատի մաշկը և ախտահարում այն. հնարավոր է ցանի (կարմիր քամի) առաջացում: Բրոնխային Խ. խանգարում են շնչառությանը, հանգեցնում թոքերում ծանր բորբոքային բարդությունների: Հատկապես վտանգավոր է բրոնխակերակրափողային Խ., որով սննդի մասնիկներն ընկնում են բրոնխներ, խախտվում է նաև կերակրափողի անցանելիությունը:
Բուժումը, որպես կանոն, վիրահատական է: Պետք է վերացնել թարախային օջախը կամ վերականգնել օրգանի ամբողջականությունը:
Հիվանդները, որոնք տվյալ ժամանակում չեն կարող վիրահատվել և ստիպված են Խ-ով երկարատև մնալ տնային պայմաններում, պետք է սովորեն խնամել մաշկը, վիրակապ դնել, կատարել բժշկի նշանակումները:
Առանձին դեպքերում, բուժիչ նպատակով ստեղծում են արհեստ. Խ.: Օրինակ՝ կերակրափողի խիստ սեղմման դեպքում ստամոքսի արտաքին խուղակ են բացում (սնունդ ընդունող), որով սնում են հիվանդին: Ուղիղ աղիքի վնասման կամ անանցանելիության ժամանակ բացում են հաստ աղիքի ստորին հատվածի լայն խուղակ, այսպես կոչված, հակաբնական հետանցք: Որպես կանոն՝ նման արհեստ. Խ. վերացնում են վիրահատությամբ:
Ծ
ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ, տես Գենետիկական ինժեներիա:
ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Գենետիկա:
ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ, տես Գենետիկա բժշկական:
ԾԱՂԻԿ ԲՆԱԿԱՆ, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն, բնորոշվում է ծանր ընթացքով, տենդով, մաշկի և լորձաթաղանթների ցանով, որը լավանալուց հետո հաճախ սպիներ է թողնում:
Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց (Եգիպտոսում՝ մ.թ.ա. 3-րդ դ-ից): Հարյուրամյակների ընթացքում աշխարհում բռնկվել են խոշոր համաճարակներ, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ, և միայն պատվաստումների շնորհիվ հնարավոր դարձավ նվազեցնել (20-րդ դ. 2-րդ կեսից) հիվանդացությունը:
Հարուցիչը զտվող վիրուսն է, որը կայուն է ֆիզ. և քիմ. գործոնների ազդեցության հանդեպ, երկարատև պահպանվում է ցածր ջերմաստիճանի և չորացման պայմաններում, մաշկից պոկված սպիների կեղևիկներում, կենցաղային առարկաների վրա: Սենյակային ջերմաստիճանում կենսունակությունը պահպանում է մինչև 17 ամիս: Վիրուսը կորցնում է ախտածին հատկությունը 100° C-ում՝ 10 ր և 60° C-ում 1 ժ հետո: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է (գաղտնի շրջանի սկզբից մինչև լրիվ առողջանալը): Վարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ տարբեր առարկաների (սպիտակեղեն, հագուստ, տնային գործածության իրեր) միջոցով: Վիրուսը տարածվում է (խոսելիս, հազալիս, փռշտալիս) թքի և լորձի կաթիլների, ինչպես նաև մեզի, խորխի, մաշկից պոկված կեղևիկների միջոցով: 2 շաբաթ տևող գաղտնի շրջանից հետո հիվանդությունն սկսվում է հանկարծակի առաջացող դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ (39-40° C): Նկատվում են գլխացավ, ցավեր գոտկատեղում, վերջույթներում, հնարավոր են սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, զառանցանք: 4-րդ օրը մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է ցան, մարմնի ջերմաստիճանը նվազում է, ընդհանուր վիճակը ժամանակավորապես լավանում է: Ցանն սկզբում լինում է դեմքի, պարանոցի, ձեռքերի, ապա մարմնի ու ոտքերի վրա. դրանք բաց վարդագույն մանր բծեր են, որոնք մի քանի ժ անց մգանում են, մեծանում, դառնում ոլոռի մեծության, պնդանում և վերափոխվում կարծր հանգույցների, իսկ 2-3 օր հետո՝ բշտիկների (գորշ պղտորավուն պարունակությամբ), որոնք թարախակալում են՝ առաջացնելով թարախաբշտիկներ: Բերանի, քթաըմպանի, բրոնխների լորձաթաղանթների վրա գոյացած բշտիկները վերափոխվում են ցավոտ, մանր խոցերի: Հիվանդության 7-րդ օրը հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, ջերմաստիճանը բարձրանում (39-40° C), նկատվում է գիտակցության շփոթ: Ծամելը, կուլ տալը, հազը, միզարձակումը դառնում են ցավոտ, շնչառությունը դժվարացած է: Թարախաբշտիկներն աստիճանաբար պատռվում են, չորանում՝ առաջացնելով գորշ դեղնավուն կեղևիկներ, որոնք 18-րդ օրից սկսած ընկնում են՝ մաշկի վրա թողնելով սպիներ: Դա շարունակվում է 30-40 և ավելի օրեր: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ:
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում, հիվանդները մեկուսացվում են:
Կանխարգելման նպատակով կատարվում է ծաղկապատվաստում՝ ակտիվ իմունացում (ծաղիկի վակցինայի օգտագործմամբ): Դեռևս 16-17-րդ դդ. նկատել էին, որ երբ մարդիկ հիվանդանում են կովի ծաղիկով, ապա բնական ծաղիկով այլևս չեն վարակվում: Անգլ. բժիշկ Է. Ջենները 1796-ին երեխային պատվաստել է կովի ծաղիկով հիվանդ կնոջ ձեռքի բշտիկների պարունակությունը, իսկ 1,5 ամիս անց՝ բնական ծաղիկով հիվանդինը, և այդ երեխան այլևս ծաղիկով չի հիվանդացել: Այդպես Է. Ջենները հայտնաբերել է ծաղիկի դեմ ժամանակակից վակցինացման եղանակը, ինչը հայտնի է ծաղկապատվաստում անունով:
1919-ից սկսած ծաղկապատվաստման պարտադիր կիրառման շնորհիվ 1937-ին ԽՍՀՄ-ում բնական ծաղիկն իսպառ վերացել է: 1980-ին Առողջապահության համաշխարհային