Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/299

Այս էջը հաստատված է

կազմակերպությունն արձանագրել է ծաղիկի իսպառ վերացում համաշխարհային մասշտաբով և չեղյալ հայտարարել 1958-ին ընդունած պարտադիր ծաղկապատվաստման դեկրետը:

Հայաստանում բնական ծաղիկի անցյալում տարածվածության վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ կան Անանիա Շիրակացու (7-րդ դ.), Մխիթար Հերացու (12-րդ դ., «Ջերմանց մխիթարության») աշխատություններում:

ԾԱՂԿԱՊԱՏՎԱՍՏՈՒՄ, տես Ծաղիկ բնական հոդվածում:

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ընդգրկում է գլխուղեղից և ողնուղեղից (այսինքն՝ կենտրոնական նյարդային համակարգից) դուրս գտնվող նյարդային գոյացությունները՝ գլխուղեղային և ողնուղեղային նյարդերը, նրանց հյուսակները, ճյուղավորումները և դրանց ընթացքով տեղադրված նյարդային հանգույցները (գանգլիա): Գանգուղեղային նյարդերը դուրս են գալիս գլխուղեղից, ողնուղեղայինները՝ ողնուղեղից:

Ծ.ն.հ. իրականացնում է կենտր. նյարդային համակարգի կապը մաշկի, մկանների և ներքին օրգանների հետ: Կենտր. նյարդային համակարգը մաշկի և լորձաթաղանթների, մկանների, ջլերի և կապանների հետ կապող ծայրամասային նյարդերը պատկանում են մարմնական (սոմատիկ) նյարդային համակարգին: Կենտր. նյարդային համակարգը ներքին օրգանների, արյունատար անոթների, գեղձերի հետ կապող նյարդաթելերը պատկանում են վեգետատիվ նյարդային համակարգին:

Ողնուղեղային ծայրամասային նյարդերը, որպես կանոն, պարունակում են սոմատիկ (զգացող և շարժիչ) և վեգետատիվ թելեր: Զգացող նյարդաթելերն սկսվում են նյարդային մանր գոյացություններից՝ ընկալիչներից, որոնք ընկալում են այս կամ այն գրգիռը և այն վերափոխում նյարդային ազդակի: Մաշկում, լորձաթաղանթներում, մկաններում, ջլերում, ներքին օրգաններում տեղադրված ընկալիչներն զգացող նյարդաթելերով կենտր. նյարդային համակարգ են ուղարկում արտաքին միջավայրի և օրգանիզմի վիճակի մասին տեղեկություններ պարունակող ազդակներ: Կենտր. նյարդային համակարգն իր հերթին շարժիչ նյարդաթելերով «հետադարձ» ազդանշաններ է ուղարկում մկաններին, իսկ վեգետատիվ նյարդաթելերով՝ անոթներին, գեղձերին և ներքին օրգաններին:

Այդ ազդանշանները կենտր. նյարդային համակարգին հնարավորություն են տալիս ղեկավարել արտաքին և ներքին գրգռիչների հանդեպ օրգանիզմի հակազդեցությունները, որոնք գրանցվում և ընկալվում են ընկալիչներով:

Ծայրամասային նյարդերը կամ նյարդացողունները կազմված են մեծ քանակությամբ տարբեր տրամագծի նյարդաթելերից, որոնց միջև գտնվում են շարակցական հյուսվածքի բարակ շերտիկներ: Շարժիչ և վեգետատիվ նյարդաթելերը ողնուղեղի գորշ նյութում և գլխուղեղի բնի կորիզներում տեղադրված նյարդաբջիջների ելուստներն են, իսկ զգացողները՝ կորիզների զգացող հանգույցներում տեղադրված նյարդաբջիջների ելուստները: Զգացող և շարժիչ նյարդաթելերը շրջապատված կամ կարծես «փաթաթված են» տարբեր հաստությամբ ճարպանման նյութերից կազմված միելինային թաղանթով: Դրանց միելինային թաղանթները «մեկուսիչներ» են և խոչընդոտում են նյարդաթելերի միջև «կարճ միացումները», այսինքն՝ նյարդային ազդակի անցմանը մեկ նյարդաթելից մյուսին: Վեգետատիվ նյարդաթելերը շրջապատված են միելինային թաղանթի միայն շատ բարակ շերտով կամ միելինազուրկ են: Մարմնական շարժիչ և զգացող նյարդաթելերը, որպես կանոն, հաստ են վեգետատիվից:

Տարբեր գրգիռների հանդեպ մարդու շարժող. հակազդեցությունները գործնականում թվում են ակնթարթային, բայց այդպիսի հակազդեցության ապահովման համար այդ «ակնթարթում» նյարդային ազդանշանը պետք է նյարդերով արագ անցնի ընկալիչներից մինչև կենտր. նյարդային համակարգ և մեծ արագությամբ վերադառնա մկաններին: Հաշվված է, որ մարդու շարժումը և նրա հավասարակշռությունն ապահովող, շարժիչ և զգացող նյարդաթելերով անցնող ազդանշանի անցման արագությունը հասնում է 60-100 մ/վրկ, որը համապատասխանում է ժամանակակից պտուտակավոր ինքնաթիռի արագությանը: Դա նշանակում է, որ 1,5-2,5 մ անհրաժեշտ տարածությունը նյարդային ազդակն անցնում է վրկ-ի 1/50-րդ մասում և չի սևեռվում մտածողությամբ: Բայց օրգանիզմի ոչ բոլոր ֆունկցիաներն են պահանջում նյարդային ազդակի անցման այդպիսի մեծ արագություն: Այսպես՝ վեգետատիվ նյարդային համակարգի բարակ և համարյա միելինազուրկ թաղանթներն ազդակները փոխանցում են 1-20 մ/վրկ արագությամբ, որի հետ կապված՝ ներքին օրգանների ֆունկցիաների փոփոխությունները տեղի են ունենում բավականաչափ դանդաղ՝ կմախքային մկանների վիճակի համեմատ:

Ողնուղեղային ծայրամասային նյարդերը կապված են ողնուղեղի հետ 2 ցողունով, այսպես կոչված, հետին և առաջային նյարդարմատներով: Հետին նյարդարմատով ողնուղեղ են անցնում զգացող նյարդաթելերը, իսկ առաջայինով ողնուղեղից դուրս են գալիս շարժիչները: Յուրաքանչյուր հետին արմատի ընթացքով տեղադրված է զգացող նյարդահանգույց, որը պարունակում է 2 երկար ելուստներ ունեցող զգացող նյարդաբջիջներ՝ ծայրամասային և կենտր. (ծայրամասայինը նյարդային ազդակն ընկալիչից հասցնում է բջջին, իսկ կենտր-ը՝ բջջից կենտր. նյարդային համակարգին): Ողնուղեղի կողքերին առաջային և հետին արմատները միաձուլվում են՝ գոյացնելով ողնուղեղային նյարդ: Ողնուղեղից դուրս են գալիս 31 զույգ նյարդեր, ընդ որում յուրաքանչյուր զույգը նյարդավորում է («սպասարկում է») մարմնի որոշակի մասը (կամ հատվածը), որի համար ողնուղեղային նյարդերն անվանում են հատվածային:

Հարևան 3-4 ողնուղեղային նյարդերը կարող են միաձուլվել՝ գոյացնելով հյուսակներ: Վերջիններում նյարդաթելերը միահյուսվում են և ձևավորում մի քանի նյարդացողուններ, որոնք ուղղվում են դեպի մաշկը, մկանները: 1 ողնուղեղային նյարդի թելերը, հյուսակներում վերաբաժանվելով և այնտեղից դուրս գալով, կարող են ընկնել տարբեր նյարդացողունների մեջ և այդպիսով մասամբ կատարել միմյանց ֆունկցիաները, նյարդաթելերից մեկի ախտահարման ժամանակ մնացածները