Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/307

Այս էջը հաստատված է

շարժող. ակտիվությունը: Մտավոր աշխատանքով զբաղվող ծխող մարդիկ գտնում են, որ Ծ. օգնում է մտածողության կենտրոնացմանը և մտավոր խնդիրների լուծմանը: Չպետք է մոռանալ, որ նիկոտինով նյարդային համակարգի խթանումը հանգեցնում է ուղեղի էներգիական հնարավորությունների սպառման: Նման խթանման հետևանքով մարդն սկսում է մտավոր աշխատանք կատարելիս անընդհատ ծխել, որն առաջացնում է սուր թունավորման երևույթներ՝ գլխացավ, գունատություն, բերանուվ չորություն ու դառնության զգացում, սրտի կծկանք:

Ցանկության դեպքում Ծ-ուց հրաժարվելը դժվար չէ՝ նույնիսկ դրա երկարատև օգտագործումից հետո: Սովորաբար Ծ. թողնելուց 3-5 օր հետո նկատվում են անբավարարության զգացում, որոշ գրգռվածություն, քնի թեթևակի խանգարում, ախորժակի ժամանակավոր լավացում, հազվադեպ՝ գլխացավեր: Երբեմն Ծ. թողնելուն օգնում է թմրաբանը՝ դեղանյութերի և պսիխոթերապիայի միջոցով: Դեղանյութերի ինքնուրույն օգտագործումը վտանգավոր է, որովհետև վերջիններս օժտված են խթանիչ հատկություններով և կարող են առաջացնել սրտի գործունեության խանգարումներ:

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, բարդ ֆիզիոլոգ. գործընթաց, որով ավարտվում է հղիությունը: Ծ-յան ժամանակ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի և ընկերքի արտամղում ծննդաբեր. ուղիներով: Ֆիզիոլոգ. Ծ. վրա է հասնում 10 մանկաբարձ. (9 օրացուցային) ամիս անց, երբ պտուղը դառնում է հասուն և արտարգանդային գոյությանն ընդունակ:

Առավել հաճախ Ծ-յանը նախորդում են նախանշաններ, որոնք ի հայտ են գալիս սովորաբար Ծ-ից 1 շաբաթ առաջ. արգանդի հատակը խիստ թեքվում է դեպի առաջ, որովայնն իջնում է, և շնչառությունը դյուրին է դառնում, մարմնի քաշը թեթևակի նվազում է՝ օրգանիզմից հեղուկների ուժեղացած արտազատման հետևանքով, արգանդն արագորեն կծկվում է, պնդանում, քանի որ մկանների գրգռականությունը բարձրանում է: Ծ-ից առաջ, հղիության ամենավերջին օրերին արգանդից նկատվում է թանձր, մածուցիկ, հաճախ արյունախառը լորձային արտադրություն (դուրս է մղվում հղիության ընթացքում արգանդի վզիկի խողովակը փակող լորձային խցանը), առաջանում են սրբոսկրի, ազդրերի, որովայնի ստորին հատվածի ցավեր: Ծ-յան նախանշաններն ի հայտ գալիս կինը չպետք է վախենա, այլ պետք է զգույշ լինի, երկար ժամանակ չպետք է տնից բացակայի, քանի որ ցանկացած պահի կարող են սկսվել արգանդի կանոնավոր կծկումներ, նման դեպքում հարկավոր է կնոջն անհապաղ տեղափոխել ծննդատուն: Նախանշանների ժամանակ կարող է նաև սկսվել պտղաջրերի արտահոսք, որն անգույն բծերի տեսքով հայտնաբերվում է սպիտակեղենի վրա: Դա հղի կնոջը ծննդատուն տեղափոխելու ազդանշան է, քանի որ պտղաջրերի հետ հեշտոց կարող է դուրս գալ նաև պորտալարի հանգույցը կամ պտղի ձեռքը: Բացի այդ, մինչև Ծ. պտղաջրերի արտահոսքը նպաստում է արգանդի խոռոչ վարակի ներթափանցմանը:

Ծ-յան սկիզբ համարվում են կանոնավոր երկունքի ցավերը: Սկզբում դրանք թույլ են լինում և հղի կնոջն առանձնապես չեն անհանգստացնում, սակայն աստիճանաբար դառնում են ավելի ուժգին, երկարատև և ի հայտ են գալիս 5-6 ր մեկ՝ 30-40 վրկ տևողությամբ:

Առաջնածին կանանց Ծ. տևում է 15-20 ժ, կրկնածիններինը՝ 10-12 ժ: Ծ-յան տևողության վրա մեծ ազդեցություն ունեն կնոջ տարիքը (28-30 տարեկանից բարձր առաջնածինների Ծ. տևում է ավելի երկար), պտղի մեծությունը, արգանդի կծկումների ուժը ևն:

Ծ. ընթանում է 3 շրջանով, առաջնածինների 1-ին, առավել երկարատև շրջանը տևում է միջին հաշվով 13-18 ժ, կրկնածիններինը՝ 10-11 ժ: Երկունքի ցավերն սկսվելիս արգանդի կծկումների հետևանքով խոռոչը փոքրանում է, պտղապարկի ստորին բևեռն սկսում է սեպաձև խրվել արգանդի վզիկի խողովակի մեջ՝ նպաստելով դրա կարճանալուն և բացմանը: Այդպիսով վերանում է ծննդաբեր. ուղիներով պտղի շարժման խոչընդոտը: 1-ին շրջանի վերջում պտղապարկը պատռվում է, և պտղաջրերը արտահոսում են: Երբեմն պտղապարկը չի պատռվում, և պտուղը ծնվում է պտղապարկով հանդերձ («ծնվում է շապիկով»):

Արգանդի վզիկի բացումը և պտղաջրերի արտահոսքը արգանդի մկաններին հնարավորություն են տալիս սկսելու պտղի արտամղումն արգանդից (Ծ-յան 2-րդ շրջան): Այդ ժամանակ ռիթմիկ կրկնվող կծկումներին միանում են որովայնի և ստոծանու մկանների կծկումները (ծննդաբեր. ճիգեր): Վերջիններիս ժամանակ ծննդաբերը լարվում է, սկսվում է պտղի տեղաշարժը ծննդաբեր. խողովակով: Պտուղը կատարում է Ծ. թեթևացնող իրար հաջորդող և խիստ որոշակի շարժումներ:

Ծննդաբեր. ուղին, որով առաջ է շարժվում պտուղը, կազմված է փոքր կոնքի ոսկրերից, արգանդի վզիկի, հեշտոցի, կոնքի հատակի փափուկ հյուսվածքներից և ունի ծռված խողովակի տեսք: Ծննդաբեր. խողովակի մուտքը փոփոխության չենթարկվող ոսկրային օղ է, որի բնականոն լայնական չափը 13 սմ է, ուղիղ չափը՝ 11 սմ: Այդպիսի չափերն անհրաժեշտ են Ծ-յան ժամանակ պտղի գլխի անցման համար: Փոքր չափերը (տես Նեղ կոնք) խոչընդոտում են գլխի անցմանը, ձգձգում և դժվարացնում Ծ., իսկ երբեմն անհրաժեշտ դարձնում մանկաբարձ. վիրահատությունները: Ծննդաբեր. ուղիների փափուկ հյուսվածքները կարող են ձգվել: Պտղի գլուխը հարմարվում է կոնքի ամենամեծ չափին, որի հետևանքով Ծ-յան 2-րդ շրջանի սկզբում այն խոնարհվում է, և կզակը մոտենում է կրծքին, իսկ դեմքը նայում է աջ կամ ձախ: Ծննդաբեր. խողովակով առաջ շարժվելով՝ պտուղը կատարում է պտույտ այնպես, որ ծոծրակը շրջվում է դեպի առաջ, իսկ դեմքը դեպի հետ՝ դեպի մոր սրբոսկրը: Պտղի գլուխն սկսում է ճնշել կոնքի հատակի, ուղիղ աղիքի և հետանցքի վրա: Այնուհետև ճիգերի ժամանակ գլուխն սկսում է սեռ. ճեղքից երևալ (կարծես մխրճված լինի դրա մեջ): Ճիգերի ավարտից հետո գլուխը նորից անհետանում է, և շուտով վրա է հասնում այնպիսի պահ, երբ գլուխը երևում է նույնիսկ ճիգերի միջև ընկած ժամանակամիջոցում: Այդ ժամանակ ծնունդն ընդունող մանկաբարձը ձեռնամուխ է լինում նորածնին ընդունելու: Պտղի արտամղման շրջանում կինը կարող է կարգավորել ճիգերը՝ այն արագացնել կամ դանդաղեցնել՝ անպայման հետևելով մանկաբարձի խորհուրդներին: