Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/309

Այս էջը հաստատված է

բուժման վերաբերյալ բժշկագենետիկական խորհրդատվությունը:

ԾՈՎԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐ, տես Լոգանքներ հոդվածում:

ԾՈՎԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Ճոճում հոդվածում:

ԾՌԱՎԶՈՒԹՅՈՒՆ, գլխի ոչ ճիշտ դիրքը՝ պարանոցի մկանների և այլ փափուկ հյուսվածքների միակողմանի ձգվածության, ողնաշարի պարանոցային հատվածի ծռումների կամ հիվանդությունների հետևանքով: Առավել հաճախ Ծ. լինում է բնածին՝ պտղի ներարգանդային անկանոն զարգացման հետևանքով: Այն հնարավոր է նաև ծանր ծննդաբերությունների ժամանակ երեխայի պարանոցի փափուկ հյուսվածքների վնասման, ինչպես նաև ցանկացած տարիքում՝ այրվածքներից, վերքերից, բորբոքային գործընթացներից հետո պարանոցի վրա սպիների առաջացման հետևանքով:

Բնածին Ծ-յան հիմն. ախտանշանը գլխի սևեռված խոնարհումն է ախտահարված մկանի ուղղությամբ, ծոծրակը մոտեցած է նույն կողմի ուսին, իսկ կզակը բարձրացած է և շրջված դեպի հակառակ կողմը: Բնածին Ծ-յան ժամանակ գլխի թեքումը երեխայի կյանքի 1-ին օրվանից նկատելի է: Բուժումն ուշացնելիս Ծ-յանը կարող են միանալ 2-րդային ձևախախտումները՝ դեմքի անհամաչափությունը, ողնաշարի պարանոցային հատվածի ծռումը:

Հաճախ նորածնի գլուխը լինում է երկարած և կարծես կողքերից տափակած: Ծննդաբերությունների հետևանքով առաջացած գլխի այդպիսի ձևափոխությունը հետագայում շտկվում է: Սակայն այդպիսի երեխան պառկում է գլուխը մշտապես կողքի թեքած, որը կարող է Ծ-յան առաջացման նախատրամադրող պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում երեխաների ծոծրակի տակ դնել փափուկ թանզիֆի «օղաբլիթ», որպեսզի գլխի դիրքն ուղիղ լինի: Վաղ սկսած և նպատակաուղղված բուժումն արդյունավետ է: Ուշադիր մայրը, նկատելով չնչին և նույնիսկ ոչ կայուն որևէ անհամաչափություն, պետք է անմիջապես դիմի բժշկի: Ծ. նկատելիս ուղղումն սկսում են 2 ամսականից: Մորը սովորեցնում են ձևախախտումը շտկող բուժ. մարմնամարզության և պարանոցի մերսման կանոնները:

Բուժ. մարմնամարզություն կատարում են հետևյալ ձևով. աջակողմյան Ծ-յան ժամանակ աջ ձեռքը դնում են երեխայի կզակին, ձախը՝ ծոծրակին (ձախակողմյան Ծ-յան դեպքում՝ հակառակը): Կզակը շրջում են դեպի կծկված մկանի կողմը, իսկ գլուխը թեքում ձևախախտման հակառակ կողմը: Այդ շարժումները պետք է կատարել թեթև ու նուրբ, և առավելագույն թեքած դիրքում գլուխը պահել մի քանի վրկ: Երեխան չպետք է ցավ զգա: Այդպիսի ձեռքային շարժումները պետք է կրկնել օրը 4-5 անգամ՝ 5-10 ր տևողությամբ: Յուրաքանչյուր սեանսից հետո հարկավոր է երեխայի գլուխը սևեռել ձեռքբերած դիրքում: Դրա համար կապագլխարկի (առողջ կողմին համապաատասխան) կարում են երիզ, որը քորոցով ամրացնում են երեխայի կրծքակալին: 1-ին վարժությունները մայրը կատարում է բժշկի ներկայությամբ: Բուժ. մարմնամարզության սեանսից հետո ձեռքի բութ մատով կատարում են պարանոցի ախտահարված կողմի թեթևակի շոյող մերսում, իսկ հակառակ կողմում՝ ուժեղ մերսում: Մերսումից հետո օգտակար են ջերմային բուժարարողությունները: Այդպիսի բուժումը երկարատև է՝ մինչև ձևախախտման լրիվ ուղղումը և շարունակվում է մի քանի ամիս:

Այդ շրջանում, քնելիս երեխային հարկավոր է անկողնում պառկեցնել գլուխը դեպի առողջ կողմը թեքած: Մահճակալը սենյակում պետք է այնպես դրվի, որ երեխան նայի և գլուխը շրջի սենյակում գտնվող մարդկանց կողմը: Մահճակալի վրա՝ ախտահարման հակառակ կողմում, կախում են վառ գույնի խաղալիքներ: Որոշ դեպքերում Ծ-յան ժամանակ կատարում են վիրահատություն, որից հետո ծնողները բժշկի հսկողությամբ շարունակում են բուժ. մարմնամարզությունն ու մերսումը:

Սպիների հետևանքով առաջացած Ծ-յան ժամանակ գլխի խոնարհումը պայմանավորված է դրանց տեղադրությամբ և արտահայտվածությամբ:

Երեխայի գլխի շարժումները սահմանափակված են, բայց ցավոտ չեն: Ախտահարված կողմի վրա, պարանոցի մաշկի տակ, շոշափվում է կծկված մկանի պինդ բարձիկը: Բուժումը՝ վիրահատական:


Կ

ԿԱԹ, ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, արժեքավոր սննդամթերք մարդու կյանքի բոլոր, հատկապես մանկ. և տարեց շրջաններում: Կաթում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու կենսաբանորեն ակտիվ նյութերը՝ հաշվեկշռված վիճակում:

Կաթն ունի բարդ կազմություն, պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ ավելի քան 100 սննդանյութ՝ ճարպաթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, շաքարներ, հանքային աղեր, ֆերմենտներ ևն:

Սննդի մեջ առավել տարածված է կովի կաթը, որի քիմ. կազմը հետևյալն է (%-ով), ջուր՝ 87,5, ճարպ՝ 3,7, սպիտակուց՝ 3,4, ածխաջրեր՝ 4,7, հանքային նյութեր՝ 0,7: Կալորիականությունը՝ 69 կկալ 100 գ-ում: Սննդի մեջ օգտագործվում է նաև ոչխարի, այծի, գոմեշի, զամբիկի և այլնի կաթ, որը լինում է տարբեր յուղայնությամբ: Կաթի ճարպն աչքի է ընկնում յուրահատուկ կազմությամբ, համով և բարձր յուրացվելիությամբ: Կաթի սպիտակուցները (կագեին, ալբումին, գլոբուլին) պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Պարզվել է, որ 1 լ կաթը բավարարում է հասուն մարդուն անհրաժեշտ անփոխարինելի ամինաթթուների օրական պահանջի գրեթե կեսը: Կաթնաշաքարը (լակտոզ) սննդարարությամբ հավասար է սովոր. շաքարին, բայց պակաս քաղցր է: Կաթում պարունակվում են մեծ թվով վիտամիններ, բայց ավելի շատ ճարպալույծներ՝ A, D, E և B խմբի: Բազմազան է հանքային կազմը: Կաթը հարուստ է կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, մագնեզիումի աղերով և միկրոտարրերով: Կաթում պարունակվող կալցիումի յուրացվելիությունն ավելի բարձր է, քան ձավարեղենինը, բանջարեղենինը, հացինը, որի պատճառով էլ այն հատկապես անհրաժեշտ է երեխաներին, հղի և կերակրող կանանց: Կաթում պարունակվող բոլոր նյութերի քանակը բավականին փոփոխական է՝ կախված տարվա եղանակից, կերերի բնույթից, կենդանու ցեղից, կաթնատվության շրջանից ևն: Անասնաբուժ. ծառայությունը հսկում է կենդանիների առողջությունը, հիվանդների ժամանակին մեկուսացումը, բուժումը, թույլատրում է առողջացումից հետո կաթի օգտագործումը, հետևում որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ ևն), կենդանիներին մակաբույծներից պաշտպանելու համար վարակազերծող միջոցների ճիշտ կիրառումը, արոտավայրերի պահվածքը, հիվանդություններից