Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/312

Այս էջը հաստատված է

վերսկսում են (եթե կաթնարտադրությունը պահպանված է) բժշկի խորհրդով:

ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, տես Մանկական սննդախառնուրդներ հոդվածում:

ԿԱԹՆԱԽՈՀԱՆՈՑ, բժշկ. հիմնարկ, որը կյանքի 1-ին և 2-րդ տարում երեխաներին ապահովում է հատուկ պատրաստած սննդանյութերով և բուժիչ-սննդային կաթնախառնուրդներով, հավելյալ սնուցման կերակրատեսակներով: Հաճախ Կ-ում, ըստ նշանակման, տալիս են նաև դոնորական կրծքի կաթ: Մանկ. սննդամթերքը պատրաստում և բաց են թողնում մանկաբույժի դեղատոմսով՝ հաշվի առնելով սննդի առանձին բաղադրամասերի հանդեպ երեխայի ֆիզիոլոգ. պահանջները, երեխայի առողջ. վիճակը և զարգացման առանձնահատկությունները: Կ-ի ծառայությանն ավելի հաճախ դիմում են մայրական կաթի բացակայության կամ անբավարարության, երեխայի կողմից դրա վատ մարսելիության, ինչպես նաև հատուկ սննդակարգ պահանջող հիվանդությունների ժամանակ:

Կ-ի հզորությունը կախված է նրա տեղադրությունից և սպասարկվող երեխաների թվաքանակից: Գյուղ. վայրերում, բնակչության բարձր խտության դեպքում, ստեղծվում են ոչ մեծ Կ-ներ, որտեղ օրական պատրաստվում է 200-500 բաժին սնունդ: Քաղաքներում, բնականաբար, առավել նպատակահարմար են կենտրոնացված խոշոր Կ-ները: Որպես կանոն՝ Կ. ղեկավարում է դիետոլոգը:

ԿԱԹՆԱԾԾԻՉ, կրծքի կաթը կթելու սարք (հարմարանք): Օգտագործվում է կաթնագեղձի ուժեղ արտահայտված ուռածության, պտուկների ոչ ճիշտ ձևի (որը դժվարացնում է ծծելը), ինչպես նաև երեխայի անհասության կամ հիվանդության հետ կապված ծծելու անհնարինության ժամանակ (տես Կրծքի երեխա): Պտուկների խորը, ցավոտ և արյունահոսող ճաքերի ժամանակ խորհուրդ չի տրվում Կ. օգտագործել:

Կ-ները լինում են անհատ. և խմբային, այսինքն՝ ընդհանուր վակուումային համակարգին միացնում են անհատ. վրադիրներ: Ըստ գործողության սկզբունքի՝ Կ-ները լինում են էլեկտր., ջրաշիթային և ձեռքի: Տանն օգտագործելու համար ամենից հարմար է ձեռքի Կ., որը կազմված է վրադիրից, կաթի ընդունիչից և ռետինե անոթից: Կաթը կթելիս վրադիրը սեղմում են շուրջպտկային շրջանակին, ռիթմիկորեն սեղմում են ռետինե անոթը (1 ր-ում 30 անգամ), որի հետևանքով վրադիրում պարբերաբար ստեղծվում է բացասական ճնշում, և կաթն արտածծվում է: Կթելուց հետո կուրծքը լվանում են ջրով և չորացնում: Կ. լվանում են սկզբում գոլ, ապա՝ տաք ջրով: Կ. հարկավոր է մաքուր պահել և օգտագործելուց առաջ եռացնել:

ԿԱԹՆՈՒԿ, տես Կանդիդոզ հոդվածում:

ԿԱԹՎԱԾ, ինսուլտ, ապոպլեքսիա, գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարում՝ գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Կ-ի հիմն. պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կ. կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային Կ.՝ արյունազեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային Կ.՝ առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ): Չնայած Կ. հիմնականում առաջանում է հանկարծակի՝ հաճախ նաև դրան նախորդում են նախանշաններ: Օրինակ՝ հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ ուժեղանում են գլխում աղմուկը և ծանրության զգացումը, գլխացավը և գլխապտույտը:

Արյունազեղումային Կ. հաճախ լինում է ցերեկը, առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք (տես Լուծանքներ), հիմնականում՝ միակողմանի (օրինակ՝ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ՝ աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ցնցումներ և փսխում: Սակավարյունային Կ. առաջանում է օրվա տարբեր ժամերին, երբեմն՝ աստիճանաբար. սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կ-ի դրսևորումներն ամբողջությամբ պայմանավորված են գլխուղեղի արյունազեղումների կամ ինֆարկտի տեղադրությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի համապատասխան ֆունկցիաների խանգարման:

Կ-ի դեպքում ցանկալի է բուժվել հիվանդանոցի նյարդաբան. բաժանմունքում, որովհետև տնային պայմաններում հաճախ դժվար է կատարել անհրաժեշտ հետազոտություններ, ապահովել հիվանդի խնամքը, ինչպես նաև կանխել բարդությունները: Որպես կանոն՝ հիվանդանոց կարելի է փոխադրել Կ-ով բոլոր հիվանդներին, բացառությամբ սրտի աշխատանքի և շնչառության խանգարումների բարդացման դեպքերում, քանի որ սակավարյունային և արյունազեղումային Կ-ով հիվանդների բուժումը տարբեր է, ուստի շատ կարևոր է ճիշտ ախտորոշել, պարզել հիվանդության բնույթը: Մեծ նշանակություն ունեն ողնուղեղային ընդծակումը (պունկցիա)՝ գլխուղեղաողնուղեղային հեղուկի ուսումնասիրման նպատակով. ակնահատակի դիտումը, էխոուղեղագրությունը ևն: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը հետազոտվի և բուժվի նյարդավիրաբուժ. բաժանմունքում:

Կ-ից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժող. ֆունկցիաների (լուծանքներ, կիսալուծանքներ), խոսքի զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:

Կ-ից հետո խանգարված ֆունկցիաները (շարժող., խոսքի ևն) հաճախ դանդաղ են վերականգնվում, և հիվանդանոցից հիվանդները կարող են դուրս գրվել դեռևս չապաքինված, ուստի տանը ևս նրանք հատուկ խնամքի կարիք ունեն: Նախ անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի հիգիենային պայմաններ հիվանդի ներքնակը պետք է հարթ ու փափուկ լինի, սավանը՝ առանց ծալքերի, որը կնպաստի կանխելու պառկելախոցերի և այլ բարդությունների առաջացումը: Եթե հիվանդն օգտվում է միզանոթից կամ պետքանոթից, ապա դրանց տակը պետք է մոմլաթ փռել: Հիվանդին ամեն օր պետք է լվացվեցնել, իսկ մարմինը շփել քափուրի սպիրտով: Կերակրելիս պետք է բարձրացնել հիվանդի գլուխը կամ կիսանստեցնել: Սնունդը պետք է լինի դյուրամարս իսկ հեղուկները տալ խմուցիչով կամ պոլիէթիլենային փողակով:

Եթե հիվանդանոցից հետո հիվանդին դեռևս անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ապա պետք է հետևել անկողնում նրա ճիշտ դիրքին: Մեջքի վրա պառկած հիվանդի կաթվածահար ձեռքի կողմում՝ մահճակալի կողքին անհրաժեշտ է աթոռ դնել, վրան՝ մեծ բարձ, որի անկյունը լինի ուսահոդի տակ: Վերին վերջույթը պետք է ուղղել արմնկահոդում, միմյանցից զատած մատներով ձեռքին (ափային մակերևույթով) մինչև նախաբազկի կեսը հարկավոր է նրբատախտակից բեկակալ դնել: Այն փաթաթել բինտով ու բամբակով և մեկ այլ բինտով ամրացնել դաստակին ու նախաբազկին: Այնուհետև ձեռքը շրջել ափով դեպի վեր, հեռացնել մարմնից 90° անկյան տակ և դնել բարձին