Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/316

Այս էջը հաստատված է

սահմանված է պաավաստման առավել արդյունավետ սխեմա, որտեղ նշվում են ներարկումների թիվը, ներարկումների միջև ընկած ժամանակամիջոցները, վակցինայի չափաքանակը: Անատոքսինները ներարկում են ենթամաշկային կամ միջմկանային ճանապարհներով:

Ակտիվ իմունիտետն առաջանում է իմունացումից 1-3 շաբաթ հետո և պահպանվում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ: Կայուն, ուժեղ իմունիտետ առաջացնելու նպատակով կատարում են կրկնապատվաստումներ:

Հաշվի առնելով մարդու օրգանիզմի միաժամանակ մի քանի վարակիչ հիվանդությունների հանդեպ իմունիտետ առաջացնելու հնարավորությունները՝ լայնորեն կիրառում են մի քանի վակցինաների և անատոքսինների խառնուրդներից պատվաստումային զուգորդված պատրաստուկներ:

Ակտիվ իմունիտետի ստացման նպատակով պատվաստումները կատարվում են պլանային կարգով և համաճարակային ցուցանիշներով:

Պլանային պատվաստումները կատարվում են որոշակի ժամանակում՝ անկախ համաճարակային իրավիճակից: Դրանք են մանկ. վարակների (կարմրուկ, կապույտ հազ), տուբերկուլոզի, դիֆթերիայի, փայտացման, պոլիոմիելիտի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումները: Պլանային պատվաստումներն անցկացվում են երբեմն տուլարեմիայի, գլխուղեղի բորբոքման (տզային) և այլ բնական օջախների տարածքներում: Համաճարակային ցուցումներով պատվաստումները կատարվում են որևէ հիվանդության համաճարակի բռնկման վտանգի դեպքում (օրինակ՝ գրիպային վակցինայով պատվաստում): Պատվաստումից առաջ, որպես կանոն, կատարվում է բժշկ. զննում: Մարմնի ջերմաստիճանի բարձրացման, քրոնիկ. տարբեր հիվանդությունների դեպքերում Կ.պ. կատարվում են առողջացումից հետո:

Պատվաստումից հետո հնարավոր են օրգանիզմի տեղային կամ ընդհանուր հակազդեցություններ, պատվաստման տեղում (ներմաշկային, ենթամաշկային, միջմկանային ներարկումից)՝ ուռածություն, ցավ: Նկատվում են ընդհանուր թուլություն, ջերմաստիճանի բարձրացում:

Պասսիվ իմունիտետի առաջացման նպատակով մարդու օրգանիզմ են ներարկում իմունային շիճուկներ և գամմա-գլոբուլիններ (պատրաստի պաշտպան. հակամարմիններ պարունակող պատվաստանյութեր): Նման պատվաստումները կատարվում են օրգանիզմի պաշտպան. ֆունկցիաները շտապ բարձրացնելու, որևէ վարակիչ հիվանդության հանդեպ ժամանակավոր իմունիտետ ստեղծելու կամ սկսված հիվանդությունների ընթացքը մեղմելու նպատակով: Իմունային շիճուկները և գամմա-գլոբուլինները սովորաբար ներարկում են (որպես կանոն՝ միջմկանային) վարակված հիվանդների հետ շփված մարդկանց: Հետպատվաստումային հակազդեցություն (եթե պատրաստուկի նկատմամբ գերզգայուն չեն) համարյա չի սկսվում կամ լինում է թույլ արտահայտված:

Երեխաների պատվաստումները գրանցվում են նրանց զարգացման պատմության թերթիկում, իսկ մեծերինը՝ հատուկ մատյաններում: Ծնողները պետք է լավ իմանան՝ իրենց երեխաները երբ և ինչ պատվաստումներ են ստացել:

Կ.պ. վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու կարևոր միջոցառում են, որոնց շնորհիվ կտրուկ կրճատվել կամ գործնականում վերացել են ծաղիկ (տես Ծաղիկ բնական), պոլիոմիելիտ, դիֆթերիա և այլ հիվանդությունները:

Աշխարհի շատ երկրներում գիտ. հետազոտություններ են կատարվում արդյունավետ նոր վակցինաների ստեղծման և դրանց օգտագործման մեթոդների մշակման ուղղությամբ:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, բնակչության առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխման և վերացման նպատակով պետության, հաս. կազմակերպությունների ու առանձին քաղաքացիների կողմից իրականացվող տնտ., սոցիալ., սանհիգիենային և բժշկ. միջոցառումների համակարգ:

Տարբերում են անհատ. և հաս. Կ.: Անհատական Կ. ներառում է հիվանդությունների կանխման, առողջության պահպանման միջոցառումներ, ընդգրկում է մարդու կողմից առողջ կենսակերպի նորմերի պահպանում (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն, Սեռական կյանք, Սեռական դաստիարակություն, Հագուստ, Սնուցում, Օրգանիզմի կոփում, Մարմնամարզություն), հասարակականը ներառում է պետ. ինստ-ների, հաս. կազմակերպությունների կողմից իրականացվող քաղ., սոցիալ., տնտ., օրենսդր., դաստիարակչական և սանհիգիենային, սանտեխ., հակահամաճարակային և բժշկ. միջոցառումների համակարգ՝ ուղղված հաս. առողջության բարձր մակարդակի ապահովմանը, բնակչության առողջության վրա վտանգավոր ազդեցություն ունեցող գործոնների վերացմանը, կոլեկտիվ կյանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ ընդգրկելով աշխատանքի (տես Հիգիենա մտավոր աշխատանքի, Արտադրական մարմնամարզություն, Անվտանգության տեխնիկա), հանգստի, բնակարանակենցաղային պայմանները, նյութ. ապահովումը, սննդամթերքի ու ժող. սպառման ապրանքների տեսականու ընդլայնումը, ինչպես նաև առողջապահության, կրթության և մշակույթի, ֆիզ. կուլտուրայի զարգացումը: Հաս. Կ-ման իրականացումը պահանջում է օրենսդր. միջոցառումներ, նյութ. զգալի ներդրումներ, ինչպես նաև պետ. ապարատի, բժշկ. հիմնարկների, արդ. ձեռնարկությունների, շին. կազմակերպությունների, գյուղատնտեսության համատեղ գործունեություն:

Տարբերում են նաև առաջնային և երկրորդային Կ.: Առաջնային Կ. սոցիալ բժշկ., հիգիենային և դաստիարակչական միջոցառումների համակարգ է՝ ուղղված հիվանդությունների կանխմանը՝ դրանց առաջացման պատճառների վերացմանը, ինչպես նաև շրջակա (բնական, արտադր. և կենցաղային) միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունների նկատմամբ օրգանիզմի կայունության բարձրացմանը: Երկրորդային Կ. նպատակաուղղված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, դրանց կրկնման, հիվանդագին գործընթացների խորացման և հնարավոր բարդությունների կանխմանը:

Չնայած սկզբն. նպատակների տարբերությանը՝ առաջնային և երկրորդային Կ. կարելի է դիտել որպես միասնական կանխարգելիչ գործընթացի 2 փուլ: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջնային ու երկրորդային Կ-ման լայն ներդրումների ճանապարհով իրականացվում են հաս. առողջության, կյանքի տևողության և ակտիվ աշխատունակության մակարդակի զգալի բարձրացումն ապահովող միջոցառումներ: Դրանք ուղղված են կյանքի պայմանների հետագա բարելավմանը, բնակչության շրջանում ռիսկի գործոնների տարածման նվազեցմանը, սան. հսկողության ուժեղացմանը, առողջապահության առաջնային օղակի և մասնագիտացված ծառայությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, առողջ մարդկանց, հատկապես ռիսկի գործոնների ազդեցությանը և, հետևաբար, ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը ենթակա, ինչպես նաև այդ հիվանդություններով հիվանդների դիսպանսերացման ծավալների ընդլայնմանը, սանլուս. աշխատանքների արմատական վերառուցմանը