վիրակապը փոխելու ժամանակ, հիգիենային նպատակներով հարկավոր է ունենալ մեկից ավելի Ա-ներ և հաճախակի լվանալ դրանք:
ԱՄՈՐՁԻՆԵՐ, սերմնագեղձեր, արական սեռ. զույգ գեղձ: Պտղի Ա. տեղադրված են գոտկային վերին 2 ողների մակարդակին և ծնվելու պահին իջնում են ամորձապարկ (փոշտ): Ա. արտադրում են սեռ. բջիջներ՝ սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), որոնց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40-60-ից մինչև 500-600 մլն: Ա-ի արտադրած հորմոնը (թեսթոստերոն) ազդում է օրգանիզմի մի շարք ֆունկցիաների վրա: Ա. առավել զարգացման են հասնում սեռ. հասունացման շրջանում, տարիքի հետ դրանց չափերը փոքրանում են:
Ա. պատված են մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանն ամորձու հետին եզրին հաստանում է, որից դեպի ներս ճառագայթաձև տարածվում են թելակազմ խտրոցիկներ՝ ամորձու նյութը (պարենքիմը) բաժանելով բլթակների: Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից: Ուղիղ խողովակիկները, իրար միանալով, ցանց են կազմում, այնուհետև ուղղվում են դեպի մակամորձու գլխիկը: Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում: Ա-ի բոլոր խողովակիկները բացվում են մակամորձու խողովակի մեջ և շարունակվում դեպի սերմնածորան: Վերջինս, վեր բարձրանալով, մտնում է սերմնալարի կազմության մեջ և արյունատար, ավշային անոթների ու նյարդերի հետ անցնում աճուկային խողովակ, այնուհետև սերմնատար ծորանը կոնքի կողմնային պատով իջնում է ցած և հետ, մոտենում միզապարկի հատակին, լայնանալով՝ առաջացնում սերմնատար ծորանի լայնանքը: Սերմնաբշտերը գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև՝ սերմնածորանների կողքերին, որոնց արտադրած արտազատուկը, խառնվելով Ա-ի արտազատուկի հետ, առաջացնում է սերմը: Սերմնավիժող ծորանը, անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ:
ԱՄՈՐՁՈՒ ՋՐԱԿԱԼՈՒՄ, հիդրոցելե, հեղուկի կուտակումը ամորձու պատյանների միջև: Կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Վերջինս առաջանում է ամորձու, դրա հավելումների կամ պատյանների բորբոքման, վնասվածքի, ուռուցքների, տուբերկուլոզի հետևանքով: Երեխաների Ա.ջ. կարող է լինել աճուկային խողովակի և սերմնալարի թերզարգացման հետևանքով: Ա.ջ-ման հետևանքով ամորձապարկն աստիճանաբար (երբեմն՝ բավականաչափ) մեծանում է, սակայն ցավոտ չէ: Դա կարող է դժվարացնել միզարձակումը, սեռ. կյանքը, իջեցնել աշխատունակությունը և սահմանափակել ֆիզ. ակտիվությունը:
Բուժումն առավել արդյունավետ է հիվանդության վաղ շրջանում, երբ ամորձու թաղանթների միջև հեղուկի քանակությունն աննշան է: Երկարատև ընթացքի ժամանակ կարող է ընկճվել ամորձու ֆունկցիան, և հետագա բուժումը կարող է անարդյունավետ լինե։ Չի թույլատրվում օգտագործել կոմպրես կամ ջերմային այլ բուժամիջոցներ, քանի որ դրանք նպաստում են հեղուկի քանակության ավելացմանը:
Հիվանդությունը պահանջում է պարտադիր վիրահատ. միջամտություն: Ուստի Ա.ջ-ման ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անմիջապես դիմել վիրաբույժի: Վիրահատությունից հետո՝ 3-4 շաբաթվա ընթացքում, հարկավոր է խուսափել սեռ. կյանքից և ջրամբարներում լողանալուց: Խորհուրդ է տրվում ամորձակալ կրել:
Ա.ջ. կանխարգելելու համար կարևոր է ամորձու բորբոքման և վնասվածքի ժամանակին բուժումը:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, պատմականորեն պայմանավորված և հասարակության կողմից ընդունված, տղամարդու և կնոջ անձն. ու գույքային հարաբերություններն ամրապնդող միության ձև, որի գլխ. նպատակն ընտանիք ստեղծելն է:
Հաս. տարբեր ֆորմացիաներն ու նրանց փոփոխություններն ազդել են ամուսն. հարաբերությունների բովանդակության և ձևի վրա: Ստրկատիր. հասարակարգում ընդունվում էր միայն ազատ քաղաքացիների Ա.: Ստրուկների ամուսն. հարաբերությունները համարվում էին պարզ կենակցություն:
Վաղ միջնադարում Եվրոպայում հասարակության բոլոր խավերի համար պարտադիր էր եկեղեց. Ա.: Ճորտերը կարող էին ամուսնանալ միայն ճորտատիրոջ համաձայնությամբ: Բուրժ. հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը զուգընթաց, եկեղեց. Ա-ից բացի, առաջացավ նաև քաղաքաց. իշխանությունների և նոտարի կողմից ձևակերպվող քաղաքաց. Ա.:
Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել մենամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեց. կանոններով (քրիստոնեությունը 301 թ. պետ. կրոն հռչակելուց հետո) և քաղաքաց. օրենսդրությամբ: Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի (387-439) սահմանած կանոններով, առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության, պսակադրությունն արգելվում էր:
Քահանաներին արգելվում էր առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին: Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի:
Հայոց եկեղեցին դեմ էր 2-րդ, ինչպես և գաղտնի Ա-յանը: Եկեղեց. կանոններով արգելվում էր ազգականների Ա. միմյանց հետ և ազատների (ազնվականների) Ա. անազատների հետ: Փավստոս Բուզանդի (4-րդ կամ 5-րդ դդ.) վկայությամբ՝ Աշտիշատի 386-ի ժողովը պատվիրել է «հեռու մնալ ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից»: Շահապիվանի 447-ի ժողովն ազգակց. (արյունակց.) կապեր ունեցող անձանց Ա. համարել է «պղծություն և գարշանք», հեթանոս. մնացուկ և արգելել մինչև 4-րդ պորտը:
Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների Ա. դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկ. զննումից հետո:
Ըստ Մխիթար Գոշի (1120-1213) Դատաստանագրքի՝ պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման): Անհավատարիմ ամուսինների