Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/320

Այս էջը հաստատված է

տհաճ զգացողություններ (առարկաների թվացյալ տեղաշարժ, թեթևակի գլխապտույտ), այդ ժամանակ հարկավոր է նորից դիմել բժշկի:

Սակայն բարձր աստիճանի Կ-յան ժամանակ տեսողությունը նույնիսկ ակնոցի օգնությամբ բարելավվում է աննշան: Այդպիսի դեպքերում հաճախ նպատակահարմար է երկկիզակետային ակնոց, որի ապակիները կազմված են 2 կեսից, վերինը ծառայում է հեռավոր առարկաները տեսնելու համար և օժտված է Կ. լրիվ կամ համարյա լրիվ շտկող հատկությամբ: Ստորին կեսի ապակին նախատեսվում է մոտ տարածության վրա աշխատելու համար: Երբեմն, երբ բարձր աստիճանի Կ-յան ժամանակ սովոր. ակնոցը չի օգնում, նշանակում են հպվող ոսպնյակներ, որոնք անմիջականորեն հպվում են աչքի եղջերաթաղանթին և ցանցաթաղանթի վրա ավելի ճշգրիտ կիզակետում առարկայի պատկերը:

Սկզբն. Կ-յան խորացումը հաճախ հաջողվում է դադարեցնել կամ դանդաղեցնել աչքի ակոմոդացիան լավացնող հատուկ վարժությունների շնորհիվ: Կ-յան առաջընթացի ժամանակ արդյունավետ է դեղորայքային բուժումը:

Կ-յան առաջընթացը կանխելու համար հատկապես կարևոր է տեսող. աշխատանք կատարելիս պահպանել հիգիենային պահանջները: Դպրոցում ուսուցման կամ մասնագիտ. գործունեության հետ չկապված տեսող. բեռնվածությունը հարկավոր է իջեցնել հնարավոր սահմանների:

Բարձր աստիճանի Կ-յան և դրա առաջընթացի ժամանակ հարկավոր է տեսող. աշխատանքը հաջորդաբար փոխարինել հանգստով: Բարձր աստիճանի Կ-յամբ անձանց հակացուցված են ծանրություն բարձրացնելու, մանր առարկաները դիտելու հետ կապված աշխատանքները, երկար ժամանակ կորացած և գլուխը ներքև, խոնարհած մնալը: Չի կարելի զբաղվել նաև մարմնի կտրուկ տեղաշարժեր և ցնցումներ պահանջող մարզաձևերով (ծանր աթլետիկա, մարմնամարզություն, ակրոբատիկա, ջրացատկեր ևն): Այնպիսի ֆիզ. վարժությունները, ինչպես, օրինակ, առավոտյան հատուկ ընտրված լիցքային վարժությունների համալիրը, զբոսաշրջությունը, թիավարությունը, լողը, կարելի է հանձնարարել նաև ուժեղ Կ-յան ժամանակ:

Բարձր աստիճանի Կ. ունեցող անձինք պետք է մանրակրկիտ կատարեն բժշկի բոլոր հանձնարարականները, քանի որ դրանց անտեսումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների:

«ԿԱՐՄԻՐ ԽԱՉ», միջազգային կամավոր ընկերություն, որը պատերազմի ժամանակ օգնություն է կազմակերպում ռազմագերիներին, վիրավոր ու հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին ու վարակիչ հիվանդություններով տառապողներին: «Կ. խ.» ընկերություններ ստեղծվել են բազմաթիվ երկրներում:

Հայաստանի «Կ. խ.» հիմնադրվել է 1920-ին, իսկ կանոնադրությունը հաստատվել 1921-ին: 1922-ի մարտից ինքնուրույն ազգային կազմակերպություն է: Առաջնորդվում է 1949-ի օգոստ. 12-ին ընդունված Ժնևի համաձայնագրով և Միջազգային «Կ. խ.»-ի շարժման անդամ է: «Կ. խ.»-ի բաժանմունքներ են ստեղծվել Լոռի-Փամբակում, Զանգեզուրում, Էջմիածնում, Մեղրիում, Նոր Բայազետում, Դիլիջանում և Դարալագյազում: Սկզբն. շրջանում Հայաստանի «Կ. խ.»-ի դերը հայ գաղթականներին օգնություն կազմակերպելն էր: Այդ ժամանակ Վեդիում բացված բժշկ. տեղամասում 1 տարվա ընթացքում բուժօգնություն է ցույց տրվել մոտ 5000 հիվանդի:

«Կ. խ.»-ի նախաձեռնությամբ հիմնվել են տրոպիկ. կայաններ (Էջմիածին, Մեղրի, Արփա), ամբուլատորիաներ (Սևքար, Սարդարապատ, Խաթունարխ), վեներ. հիվանդներին օգնող կետեր, 1-ին օգնության բուժակային և բժշկ. կետեր (Ղարաքիլիսա, Զանգիբասար, Սիսիան, Զեյվա): Կազմակերպվել են բծավոր տիֆի, տրախոմայի, վեներ. հիվանդությունների դեմ պայքարող բժշկ. ջոկատներ: Բացվել են հիվանդանոցներ (Սևան, Սևքար, Սիսիան), ծննդատներ (Երևան, Գյումրի), երկրաշարժի (Գյումրի, Զանգեզուր) ժամանակ օգնել տուժածներին:

ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին ընկերությունը նպաստել է երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ռազմաճակատի համար գթության քույրեր պատրաստելու, վիրավորներին բուժօգնություն և էվակուացված ընտանիքներին օժանդակություն կազմակերպելու գործին: Հայաստանում գտնվող հոսպիտալներից 20-ում «Կ. խ.»-ի 54 կազմակերպություն մշտ. շեֆական աշխատանք է կատարել: Դրամական միջոցներ, սան. գույք ու դեղորայք է տրամադրել ազատագրված մի շարք քաղաքների (Գոմել, Վորոշիլովգրադ): Պատերազմի տարիներին ՀՀ «Կ. խ.»-ի 34 ակտիվիստներ պարգևատրվել են «Սանպաշտպանության գերազանցիկ» կրծքանշանով, 106-ը՝ ԽՍՀՄ «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի» ընկերության գործկոմի պատվոգրով: Ընկերությունը Երևանի, Գյումրու, Վանաձորի և այլ քաղաքների որոշ հիվանդանոցներին կից բացել է բուժքույր. երկամյա դասընթացներ, լայնորեն կիրառվել է «Կ. խ.»-ի ակտիվիստների միջոցով հիվանդների տնային սպասարկումը:

1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով դեկտ. 8-ին Հայաստանի «Կ. խ.»-ի կոմիտեներում կազմակերպվեցին աղետյալներին օգնող շտաբներ, ծավալվեց դոնորական շարժում, ստեղծվեց միացյալ շտաբ, որի կազմի մեջ մտան «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի» ընկերությունների միության գործկոմի, ԽՍՀՄ, ՀՀ «Կ. խ. »-ի ներկայացուցիչները և աշխարհի տարբեր երկրներից եկած կամավորներ Աղետի հենց 1-ին օրերին Երևանում ստեղծվեց անհայտ կորածների և տուժածների, հիվանդանոցներում բուժվողների, հանրապետության սահմաններից տարահանվածների «Որոնում» ծառայությունը:

«Կ. խ.»-ին կից, ակտիվիստների միջոցով, ստեղծվեց փրկարար ծառայություն որի գործունեությունն սկզբն. շրջանում ուղղված էր փլատակների տակից մարդկանց դուրսբերմանը: Այդ փուլում աշխարհի տարբեր երկրներից և ԽՍՀՄ բոլոր ծայրերից հատուկ երթով ժամանեցին փրկարարներ:

Քանի որ շուրջ 50 երկրների ազգային ընկերություններ միացան աղետյալների օգնության աշխատանքներին, «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի» լիգան 1988-ի դեկտ. 10-ին կազմակերպեց ղեկավար-կենտրոն, որն իրականացնում էր հաշվետվությունների առաքումը լիգայի՝ Ժնևում գտնվող ղեկավար-կենտրոն: Երևան ժամանեցին տարբեր երկրների «Կ. խ.»-ի և լիգայի ներկայացուցիչներ:

Աղետից 1 ամիս անց, ՀՀ «Կ. խ.», ստացած դրամական նվիրատվությունների հաշվին, դրամական օգնություն կազմակերպեց տուժածներին: Ընկերությունը մասնակցում է նաև աղետյալ գոտում Միջազգային «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի» լիգայի, ինչպես նաև առանձին ազգային ընկերությունների երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

ՀՀ «Կ. խ.»-ի առաջնահերթ խնդիրը 1990-ին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի, Ղարաբաղյան պատերազմի հետևանքով բռնագաղթածներին բազմակողմանի օգնություն կազմակերպելն է, ռազմագերիների և պատանդների փոխանակումը, որին աջակցում են Միջազգային «Կ. խ.»-ի ֆեդերացիան և ազգային խաչերը:

ՀՀ-ում գործում է «Կ. խ.»-ի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը,