Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/323

Այս էջը հաստատված է

արգելվում է չմաքրված Կ-ի լցվելը ջրամբարներ:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ, տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից հոդվածում:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԻԹՄԵՐ, կենդանի օրգանիզմներում ընթացող կենսբ. գործընթացներերի և երևույթների ուժգնության ու բնույթի պարբերաբար կրկնվող փոփոխություններ: Կ.ռ. դիտվում են կենդանի նյութի զարգացման բոլոր մակարդակներում (ներբջջայինից մինչև պոպուլյացիոնը): Ֆիզիոլոգ. ֆունկցիաների Կ.ռ. այնքան ճշգրիտ են, որ հաճախ դրանք անվանում են «կենսբ. ժամացույց»: Հավանաբար, ժամանակը հաշվելու մեխանիզնը գտնվում է մարդու մարմնի յուրաքանչյուր մոլեկուլում, այդ թվում՝ գենետիկ. ինֆորմացիան պահպանող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) մոլեկուլներում: Բջջային կենսբ. ժամացույցը հավախ անվանում են «փոքր», ի տարբերություն «մեծի», որը գտնվում է գլխուղեղում և համաժամացնում (սինքրոնացնում) է օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգ. գործընթացները:

Ռիթմերի մեծամասնությունը ձևավորում է անհատ. զարգացման (օնտոգենեզի) ընթացքում: Այսպես՝ երեխայի տարբեր ֆունկցիաների ակտիվության օրական տատանումները դիտվում են մինչև նրա ծնվելը, և դրանք կարելի է գրանցել արդեն հղիության 2-րդ կեսին:

Կ.ռ. իրականացվում են շրջակա միջավայրի հետ սերտ փոխազդեցության պայմաններում և արտացոլում են օրգանիզմի հարմարվողականության առանձնահատկություններն այդ միջավայրի պարբերաբար փոփոխվող գործոնների հանդեպ: Երկրի պտույտն արեգակի շուրջը (մոտ 1 տարի պարբերությամբ), Երկրինը՝ իր առանցքի շուրջը (մոտ 24 ժ պարբերությամբ) և Լուսնինը՝ Երկրի շուրջը (մոտ 25 օր պարբերությամբ) հանգեցնում են լուսավորվածության, ջերմաստիճանի, խոնավության, էլեկտրամագնիս. դաշտի լարվածության և այլ տատանումների, որոնք ժամանակի յուրահատուկ ցուցիչ կամ տվիչ են դառնում կենսբ. ժամացույցի համար: Պարբերաբար փոփոխվող պայմաններում կարողացել են գոյատևել միայն այն օրգանիզմները, որոնց վիճակը փոխվել է միջավայրի փոփոխությունների հետ: Օրինակ՝ ձմռանը որոշ կենդանիներ քուն են մտնում, որն օգնում է նրանց՝ բնության ոչ բարենպաստ շրջանը հեշտ անցկացնել: Ուշ աշնանը ծաղկած խնձորենին գրեթե միշտ չորանում է: Ժամանակի ընթացքում անկանոն քաոսային արտաքին ներգործությունները սպանիչ ազդեցություն են ունենում կենդանի օրգանիզմների վրա: Նկատվել է, որ գիշերային ժամերի փողոցային վառ լուսավորությունը վնասում է ճանապարհների և փողոցների երկարությամբ աճող ծառերին և թփերին:

Կ.ռ-ի առարկայական վերլուծության համար օգտագործում են դրանց տարբեր հարաչափերի (այդ թվում՝ ամպլիտուդ, հաճախություն, տատանումների պարբերություն ևն) չափումները: Կենդանի օրգանիզմների հարմարվողականությունը գոյության պայմաններին պարտադիր կարգով ընդգրկում է Կ.ռ-ի արժեքների մշտ. մերձեցումը միջավայրի պարբեր. գործոնների հարաչափերին: Ուսումնասիրելով օրգանիզմի տարբեր ռիթմերը՝ բժիշկը հնարավորություն է ունենում դատել հիվանդի վիճակի, բնակության պայմաններին նրա հարմարվելու աստիճանի մասին:

Կ. ռ-ի ուսումնասիրությունն սկսվել է 1729-ին, երբ ֆրանս. աստղագետ դը Մերանը հայտնաբերեց, որ բույսերի տերևներն օրվա ընթացքում կատարում են պարբերական շարժումներ: Ավելի ուշ հաստատվեցին բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ Կ.ռ., որոնք, ըստ հաճախության կամ պարբերության, ունեն մեծ տարբերություններ: Տարբերում են, այսպես կոչված, բարձրհաճախային Կ.ռ., որոնց տատանումների պարբերությունը վրկ-ի մասերից մինչև 0,5 ժ է: Դրա օրինակ են գլխուղեղի, սրտի, մկանների և այլ օրգանների ու հյուսվածքների կենսաէլեկտր. ակտիվության տատանումները: Վերջիններս գրանցելով հատուկ սարքերի օգնությամբ՝ կարելի է կարևոր տեղեկություն ստանալ այդ օրգանների գործունեության ֆիզիոլոգ. մեխանիզմների մասին, որն օգտագործվում է նաև հիվանդությունների ախտորոշման (էլեկտրաուղեղագրություն, էլեկտրասրտագրություն, էլեկտրամկանագրություն ևն) համար: Այս խմբին է պատկանում նաև շնչառության ռիթմը:

Մեծ թվով Կ.ռ. կազմում են միջին հաճախության տատանումների խումբը, որոնց պարբերությունը 0,5-ից մինչև 20-28 ժ է: Առավել կարևոր ռիթմերն ունեն մոտ 90 ր պարբերություն: Դրանք առկա են արդեն նորածինների մոտ, երբ յուրաքանչյուր 90 ր մեկ ակտիվությունը փոխարինվում է համեմատաբար հանգիստ վիճակով: Հասուն մարդկանց օրգանիզմում այդ ժամանակահատվածում տեղի է ունենում քնի տարբեր փուլերի, իսկ արթուն ժամանակ՝ համեմատաբար բարձր աշխատունակության և թուլացման շրջանների հաջորդում: 20-28 ժ պարբերություն ունեցող Կ.ռ. կոչվում են ցիրկադային, որի օրինակ են օրվա ընթացքում մարդու մարմնի ջերմաստիճանի, անոթազարկի, զարկերակային ճնշման, աշխատունակության պարբերական տատանումները:

Տարբերում են նաև Կ.ռ-ի ցածրհաճախային խումբը: Դրանք շաբաթական, ամսական, սեզոնային, բազմամյա և այլ ռիթմերն են, որոնց հիմքում ընկած են որևէ ֆունկցիոնալ ցուցանիշի ճշգրիտ գրանցվող տատանումները: Օրինակ՝ շաբաթական Կ.ռ-ին համապատասխանում է մեզի հետ ֆիզիոլոգիապես ակտիվ որոշ նյութերի արտազատման մակարդակը, ամսականին՝ կանանց ձվարանադաշտանային շրջանը, սեզոնայինին՝ քնի, մկանային ուժի, հիվանդացության տևողության փոփոխությունները, տարեկան և բազմամյա Կ.ռ. են երեխաների աճումն ու ֆիզ. զարգացումը, իմունիտետի ցուցանիշները ևն:

Առավել լավ են ուսումնասիրված ցիրկադային Կ.ռ., որոնք շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար և ղեկավարում են բազմաթիվ ներքին ռիթմեր: Դրանց վիճակը օրգանիզմի ընդհանուր դրության կարևոր ցուցանիշ է: Ցիրկադային Կ.ռ. բարձր զգայնություն ունեն տարբեր բացասական գործոնների հանդեպ, և այդ ռիթմերն առաջացնող համակարգի ներդաշնակ աշխատանքի խանգարումներն օրգանիզմի ախտահարման 1-ին ախտանշաններից են: Հաստատվել են մարդու օրգանիզմի ֆիզիոլոգ. ֆունկցիաների ավելի քան 300 ցիրկադային տատանումներ, որոնք ըստ ժամանակի այնպես են համաձայնեցված, որ հաջորդում են միմյանց: Շատ օրական գործընթացներ առավելագույն արժեքի են հասնում ցերեկը՝ յուրաքանչյուր 16-20 ժ-երին, և նվազագույնի՝ գիշերը կամ վաղ առավոտյան՝ 2-4 ժ մեկ: Օրինակ՝ գիշերը մարդու մարմնի ջերմաստիճանը ամենացածրն է, իսկ առավոտյան այն բարձրանում է՝ առավելագույնին հասնելով օրվա 2-րդ կեսին: Նշված ռիթմը վաղ անցյալի արձագանքն է, երբ ջրից ցամաք դուրս եկած ժամանակակից կաթնասունների նախնիները ենթարկվեցին շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ տատանումներին: Ներկայումս մարդու մարմնի ջերմաստիճանը փոխվում է ինչպես միլիոն տարի առաջ՝ չնայած այդ տատանումների հին հարմարվող. իմաստը վաղուց կորել է: Մարդն իր համար ստեղծել է արհեստ. ջերմաստիճանային միջավայր (հագուստ, բնակարան): Բայց քանի որ