Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/325

Այս էջը հաստատված է

մոտ՝ թռիչքի ընթացքում: Աշխատանքի արտասովոր պայմանները տիեզերքում նրանցից պահանջում են առավելագույն էներգիա, ուշադրություն և ուժեր՝ օրվա բոլոր ժամերին: Իսկ դա դժվար է, եթե հաշվի առնենք, որ, գտնվելով շուրջերկրյա ուղեծրում, նրանք 24 ժ ընթացքում արևածագ դիմավորում են 20 անգամ: Այդ պատճառով էլ տիեզերագնացների ջոկատ ընդունում են այն մարդկանց, որոնց Կ.ռ. կարելի է փոխել՝ առողջությունը չվնասելով: Տիեզերանավերի վրա պահպանում են սովոր. «երկրային» 24-ժամյա օրը, որի համար օգտագործում են հատուկ կինոֆիլմեր, ռադիո-, հեռուստասեանսներ Երկրի հետ ևն: «Երկիրը» ձգտում է չխախտել տիեզերագնացների կենսբ. ժամացույցի օրական ընթացքը: Ըստ ֆրանս. գիտնականների տվյալների՝ մեծ հեռավորություններ թռչող օդաչուների 78 %-ի օրգանիզմում նկատվում են ապահամաժամացման երևույթներ: Քաղաքաց. ավիացիայի միջազգային ասոցիացիան հետթռիչքային հանգստի տևողության որոշման համար առաջարկել է հատուկ բանաձև, որն ընդգրկում է օդաչուի հատած ժամային գոտիների թիվը, թռչելու և վերադառնալու ժամանակը:

Կան մի քանի պարզ կանոններ, որոնց կատարումը հեշտացնում է մարդու հարմարումը ժամային գոտու փոփոխությանը: Եթե այդ փոփոխությունը տեղի է ունենում ոչ երկար ժամանակով, ապա նպատակահարմար է պահպանել սովորականին մոտ աշխատանքի և հանգստի ռեժիմ: Եթե նոր աշխատավայրում պահանջվում է ուժերի առավելագույն լարում, ապա անհրաժեշտ է նախապես, աստիճանաբար, փոխել աշխատանքի և հանգստի ռեժիմը՝ այն հարմարեցնելով նոր ժամային գոտուն: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ նոր պայմաններին հարմարվելը տեղի է ունենում օրվա ընթացքում 1-2 ժ արագությամբ և մինչև 30 տարեկանն ընթանում է ավելի արագ ու հեշտ:

Մարդու կենսբ. ժամացույցի համար կարևոր է ոչ միայն օրական, այլև ցածրհաճախային (օրինակ՝ շաբաթական) ռիթմերի ճիշտ ընթացքը:

Պարզվել է, որ շաբաթական ռիթմը մշակվել է արհեստականորեն: Հավանաբար, դա էվոլյուցիայի ընթացքում ամրապնդված սովորություն է: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է շաբաթական սոցիալ. ռիթմը, մարդն առավել արդյունավետ է աշխատում շաբաթվա կեսին, քան սկզբում կամ վերջում: Հորմոնային ակտիվության տատանումներն ընկած են ամսական ռիթմերի հիմքում, որոնք առավել ցայտուն են արտահայտված կանանց ձվարանադաշտանային շրջանում (տես Դաշտանային ցիկլ), որի հետ են կապված քնի տևողության պարբերական փոփոխությունները, հուզ. անկայունությունը ևն: Տղամարդկանց համար ամսվա ընթացքում նույնպես նկատվել են մարմնի քաշի, աշխատունակության և նույնիսկ մորուքի ու բեղերի աճման արագության տատանումներ: Կենդ. աշխարհի զարգացման ընթացքում ցածրհաճախային Կ.ռ. կապված են եղել բազմացման հետ: Տարբեր սեռի անհատների համար այդ ռիթմերի համաժամացումը լավագույն պայմաններ է ապահովել տեսակի շարունակման համար:

Գոյություն ունի բազմաթիվ ֆիզիոլոգ. գործընթացների սեզոնային ռիթմիկություն: Օրինակ՝ առավելագույն ծնելիությունը նկատվում է մարտ-մայիսին, նվազագույնը՝ նոյեմբեր-փետրվարին: Սեզոնային փոփոխություններն էական նշանակություն ունեն որոշ հիվանդությունների առաջացման դեպքում: Մարդը հիվանդությունների նկատմամբ առավել կայուն է դեկտեմբեր-հունվարին, ավելի պակաս՝ օգոստոսին, գերհույզի (սթրես) նկատմամբ ավելի զգայուն է աշնանը և ավելի քիչ՝ գարնանը:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կենդանի բնության մասին գիտությունների համալիր: Ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների բոլոր ձևերի (վիրուսներից մինչև մարդ) կառուցվածքը, ֆունկցիաները, զարգացումը, ծագումը, կապը միմյանց և շրջակա միջավայրի հետ: Կենդանի օրգանիզմների ամբողջությունը բաժանում են մի քանի թագավորությունների: Կենդանիների օրգանիզմներն ուսումնասիրում է կենդանաբանությունը, բույսերը՝ բուսաբանությունը, վիրուսները՝ վիրուսաբանությունը, սնկերը՝ սնկաբանությունը, բակտերիաները՝ բակտերիաբանությունը: Կ-յան առանձին բաժիններ ուսումնասիրում են կենդանի օրգանիզմների կառուցվածքը (անատոմիա, հյուսվածաբանություն, բջջաբանություն), դրանց ֆունկցիաները (ֆիզիոլոգիա), հատկանիշների ժառանգման ու դրանց փոփոխականության օրինաչափությունները (գենետիկա), կենդանիների և բույսերի կենսակերպն ու փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ (էկոլոգիա), կենդանիների անհատ. և խմբային վարքի (էթոլոգիա) ու անհատ. զարգացման առանձնահատկությունները (զարգացման Կ.), ինչպես նաև Երկրի վրա կյանքի պատմ. զարգացման օրինաչափությունները ևն: Կենսբ. օբյեկտների կենսագործունեության գաղտնիքների իմացություններում ֆիզիկայի, քիմիայի և այլ գիտությունների գաղափարների և մեթոդների լայնորեն օգտագործումը հանգեցրին մոլեկուլային Կ-յան հիմքը հանդիսացող կենսաքիմիա, կենսաֆիզիկա գիտությունների ձևավորմանը:

Կենսբ. հետազոտությունների գործն. նշանակությունը չափազանց մեծ է ժողտնտեսության բոլոր ճյուղերի և հատկապես բժշկության համար: Բակտերիաների, վիրուսների, սնկիկների (տես Սնկիկներ մանրադիտակային), մարդու և կենդանիների այլ վարակիչ ու մակաբուծ. (ինվազիոն) հիվանդությունների հարուցիչների կենսագործունեության ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին մշակել մարդու և կենդանիների մի շարք հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներ:

Էլեկտրոնային մանրադիտակով հետազոտությունները, ռադիոակտիվ իզոտոպները, կենսաքիմ. և կենսաֆիզ. հետազոտությունների ժամանակակից մեթոդները հնարավորություն տվեցին ուսումնասիրել օրգանիզմի կենսբ. գործընթացների հիմքում ընկած կառուցվածքներն ու ռեակցիաները, մոլեկուլային մակարդակով հետազոտել ենթաբջջային կառուցվածքները և դրանց դերը բջիջների կենսագործունեությունում, ուսումնասիրել իմունիտետի նուրբ մեխանիզմներն ու հյուսվածքային անհամատեղելիության հաղթահարումը: Հակաբիոտիկների հայտնագործումը հեղաշրջում առաջացրեց մի շարք վարակիչ հիվանդությունների բուժման մեջ: Գենետիկայի հաջողությունները թույլ են տալիս ախտորոշել քրոմոսոմների թվի և մարդու գենետիկ. ապարատի այլ փոփոխությունների հետ (տես Ժառանգական հիվանդություններ) կապված հիվանդությունները:

Կ-յան խնդիրներն արդի փուլում մեծ են ու բազմազան: Առանձնացվում են 2 միտում. կյանքի ուսումնասիրությունները տարբեր՝ մոլեկուլային, բջջային, պոպուլյացիայի մակարդակներով և կենդանի բնության ամբողջականությունը որոշող օրինաչափությունների իմացություն: Լայն զարգացում է ստացել մոլեկուլային Կ.: Կ-յան զարգացման առաջնահերթ խնդիրը բջիջների սահմանազատման մեխանիզմների, հյուսվածքներում, օրգաններում և ամբողջ օրգանիզմում դրանց միավորման օրինաչափությունների պարզաբանումն է: Կյանքի ծագման, առաջացման փուլերի հաջորդական վերականգնման, կենսբ. տեսակների առաջացման ընթացքի և այլ հիմնահարցեր շարունակում