Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/327

Այս էջը հաստատված է

ընտրողական մեծացման հետ: Գոյություն ունեն նամ այլ տեսակի պոտենցիալներ, մասնավորապես՝ վնասման կամ սահմանազատման պոտենցիալ: Էլեկտր. ակտիվության այս տեսակը գրանցվում է հյուսվածքի վնասված և չվնասված մասերի միջև: Կարելի է ենթադրել, որ դրա առաջացումը կարծես խթանում է բջջի (հյուսվածքի) վերականգնող. հատկությունները:

Կ.ե. պատմականորեն առաջացել են որպես բազմաբջիջ օրգանիզմի առանձին գոյացությունների միջև առավել. կատարյալ կապի միջոց: Իրոք, փաստորեն բջիջների միջև գոյություն ունի «հաղորդակցման» 2 ձև: 1-ինն ավելի հին է և կապված է քիմ. փոխազդեցության հետ, որի դեպքում 1 բջջի արտադրած նյութը հասնում է մյուսին՝ առաջացնելով պատասխան հակազդեցություն: Այդ նյութերը կոչվում են միջնորդանյութեր (մեդիատորներ), իսկ եթե դրանք օրգանիզմում տարածվում են ավելի մեծ հեռավորությամբ, կոչվում են հորմոններ: Բայց «հաղորդակցման» այս ձևը չի ապահովում ինֆորմացիայի արագ հաղորդման հնարավորությունը (օրինակ՝ կրակի հետ հանկարծակի շփվելիս ձեռքն արագ հետ քաշելը): Ուստի բնությունը մշակել է ինֆորմացիայի ազդանշանման և հաղորդման այլ՝ ավելի կատարյալ եղանակ, որն իրականացվում է նյարդային ազդակների միջոցով, որոնց բաղադրիչներից են Կ.ե.: Դա առանձնապես ցայտուն է արտահայտված բարձրակարգ կենդանիների և մարդու կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունում: Կենդանի օրգանիզմը ոչ միայն առաջացնում է կենսապոտենցիալներ, այլև էլեկտր. հոսանքի հաղորդիչ է, ընդ որում՝ կենդանի հյուսվածքների էլեկտրահաղորդականության աստիճանի փոփոխությունը կախված է նրանց կենսագործունեությունից, կարող է բջիջների կամ հյուսվածքների կենսունակության (վիճակի) ցուցանիշ ծառայել: Կ.ե-ի հատուկ ձև է, այսպես կոչված, էլեկտրակինետիկական պոտենցիալը, որն առաջանում է, օրինակ, արյունատար անոթներով արյունը շարժվելիս: Այդ դեպքում ի հայտ է գալիս պոտենցիալների տարբերություն անոթի պատի և շարժվող արյան միջև: Այդ պոտենցիալի մեծությունը փոփոխվում է որոշ ախտաբան. վիճակների դեպքերում, որն էլ կարելի է օգտագործել ախտորոշիչ նպատակով:

Կենսաէլեկտր. ակտիվության տարբեր ձևերի առաջացմամբ է ուղեկցվում կենսագործունեության ցանկացած գործողություն (մկանային կծկում, գլխուղեղի, սրտի աշխատանք ևն): Դրանց գրանցումը հատուկ սարքերի օգնությամբ ընդլայնում է շատ հիվանդությունների ուսումնասիրման, ճանաչման հնարավորությունները: Գլխուղեղի գումարային էլեկտր. ակտիվության գրանցման և վերլուծության օգնությամբ կատարվում է որոշ նյարդային և հոգեկան հիվանդությունների ախտորոշում: Սրտի էլեկտր. ակտիվության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս բացահայտել սիրտանոթային համակարգի առանձին հիվանդություններ: Մկաններում ընթացող Կ.ե-ի հիման վրա ստեղծվել են ձեռքերի և ոտքերի կենսաէլեկտր. պրոթեզներ:

ԿԵՆՍԱՔԻՄԻԱ, կենսաբանական քիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող նյութերի քիմ. բնույթը, փոխարկումները և օրգանների ու հյուսվածքների գործունեության հետ ունեցած կապը: Օրգանիզմի կենսագործունեության հետ անխզելիորեն կապված քիմ. գործընթացների ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն: Որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ. վերջերին և 20-րդի սկզբներին, երբ միավորվեցին օրգ. քիմիայի, ֆիզիոլոգիայի և օրգ. կյանքի տարբեր կողմերն ուսումնասիրող մի շարք այլ գիտությունների նվաճումներն ու մեթոդները: Այսպես՝ օրգ. քիմիան, որն ուսումնասիրում է ածխածնային միացությունները, ինչպես նաև կենդանի հյուսվածքներն առաջացնող նյութերի վերլուծությունն ու սինթեզը, կազմեց ստատիկ կամ կառուցվածքային Կ-ի հիմքը (զբաղվում է բնական օրգ. նյութերի վերլուծությամբ և սինթեզով): Օրգանիզմի կենսագործունեության հիմքում ընկած քիմ. գործընթացների ուսումնասիրումը հանգեցրեց դինամիկ Կ-ի ձևավորմանը, որն ավելի մոտ է բժշկությանն ու ֆիզիոլոգիային, քան օրգ. քիմիային: Այդ պատճառով էլ Կ. սկզբում կոչվում էր ֆիզիոլոգ. կամ բժշկ. քիմիա:

Կենդանի նյութի քիմ. բնույթի ուսումնասիրությունն սկսվել է վաղ անցյալում և կապված է կենդանիների ու բույսերի բաղադրիչ մասերի հետազոտման անհրաժեշտության հետ, որը պայմանավորված էր բժշկագիտության, գյուղատնտեսության և արդ-յան (դեղանյութերի պատրաստում, կաշվի դաբաղում և գործվածքների ներկում, հացաթխում, պանրագործություն, գինեգործություն ևն) գործն. պահանջներով: Այնուհետև հավաքվում և համակարգվում էին կենսբ. բնութի տարբեր նյութերի քիմ. փոխարկումների ուսումնասիրությունները, մշակվում նյութերի հետ աշխատելու հիմն. եղանակները, արվում 1-ին ընդհանրացումները: Այդ հետազոտությունների վրա մեծ ներգործություն ունեցավ բժշկագիտությունը: 16-րդ դ. սկզբներին Պարացելսուսը ստեղծեց մի ուսմունք, համաձայն որի՝ հիվանդությունների առաջացումը կապված է հիվանդի մարմնում տեղի ունեցող քիմ. գործընթացների խանգարման հետ, իսկ բուժման համար անհրաժեշտ է կիրառել քիմ. նյութեր: Այնուհետև, ելնելով հետազոտության օբյեկտների ավելի խորացված ուսումնասիրման անհրաժեշտությունից, Կ. բաժանվեց մի շարք առանձին բնագավառների: Այսպես՝ առաջացան մարդու և կենդանիների, բույսերի, մանրէների, վիրուսների Կ-ները, իսկ մարդու տնտ. գործունեության պահանջների հետ կապված (կենդ. և բուս. հումքի վերամշակում, վիտամինային, հորմոնային պատրաստուկների, հակաբիոտիկների պատրաստում ևն)՝ զարգացավ տեխ. Կ.: Կ-ի բաժանումն ավելի նեղ և մասնագիտացված բնագավառների, կապված էր կենդանի նյութի կազմավորման տարբեր մակարդակներում (ամբողջական օրգանիզմից մինչև մոլեկուլային և ենթամոլեկուլային) կենսագործունեության գործընթացների ուսումնասիրման, օրգանիզմի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող առանձին քիմ. միացությունների հետազոտման անհրաժեշտության հետ: Այսպիսով՝ ձևավորվեցին էվոլյուցիոն և համեմատ. Կ-ները (ուսումնասիրում են կենդանի օրգանիզմներում ընթացող Կ-ական գործընթացները նրանց զարգացման տարբեր փուլերում), Կ-ական գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը (ուսումնասիրում են սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքը, դրանց բացառիկ նշանակությունը կենսագործունեության համար), վիտամինների, հորմոնների, ֆերմենտների, ճառագայթային և քվանտային Կ-ները: Ձևավորվեց կլինիկ. Կ., որի հիմն. խնդիրը հիվանդությունների վաղ ախտորոշումն էր և դրանց առաջացման մեխանիզմների ուսումնասիրումը:

20-րդ դ. նշանավորվեց Կ-ի բնագավառում տեղի ունեցող խոշոր նվաճումներով, որոնք սերտորեն կապված էին կենսբ. այլ գիտությունների բուռն զարգացման, ինչպես նաև ճշգրիտ գիտությունների (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, բյուրեղագիտություն ևն) մեթոդների կիրառման հետ: Հաստատվեց, որ էլեկտրոնային մանրադիտակով կենդանի բջջում հայտնաբերված ուլտրակառուցվածքային գոյացությունները կատարում են խիստ