համար նախատեսված էր տուգանք: Սմբատ Սպարապետի (1208-76) Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը: Հաճախ էին քաղ. նպատակներով կատարվող Ա․-ները, որոնցով բարեկամություն էր ստեղծվում տարբեր տոհմերի, իշխանների, նաև պետությունների միջև: Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուր.) վկայությամբ՝ Ա-ից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, և այն կրում էր մինչև մայր դառնալը: Կինն ընդունում էր ամուսնու ազգանունը։
Հայաստանի Հանրապետությունում Ա. հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և հետաքրքրությունների ընդհանրության վրա: Ա. ազատ և իրավահավասար տղամարդու և կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է:
Ա-յան և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան: Ա. գրանցվում է Քաղաքաց. կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո: Ա-յան գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան): Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով: Ա. չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ Ա-յան մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից մեկը հոգեկան հիվանդության կամ սակավամտության պատճառով անգործունակ է ճանաչված: Ամուսիններն ունեն անձն. և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը: Բազմակնությունն արգելվում է ՀՀ օրենքով: Դրանք բացառելու նպատակով Քաղաքաց. կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր Ա. գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ:
Ազգականները Ա․ արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ: Այդպիսի Ա-ից մեռածածին երեխաների թիվը և մանկ. մահացությունը 2 անգամ ավելի մեծ է:
Թվարկված պայմանների խախտումով կայացած Ա. համարվում է անվավեր: Դատ. կարգով այդպիսին կարող է ճանաչվել նաև ընտանիք չկազմելու միտումով գրանցված Ա. (կեղծ Ա.): Սակայն այդպիսի Ա-ից ծնված երեխաները չեն կորցնում իրենց իրավունքները:
Վերջին տարիներին լայն տարածում է ստացել եկեղեց. Ա., սակայն ՀՀ սահմանադրությունը ճանաչում է միայն քաղաքաց. Ա., իսկ եկեղեցականը (քաղաքաց. Ա-յան հետ մեկտեղ) համարում է ամուսնացողների մասնավոր գործը:
Քաղաքաց. կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջ. և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը (ՀՀ-ում՝ հիմնականում տղամարդունը) կամ պահպանում նախաամուսնականը: Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ: Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում: Ա-յան ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ: Մինչամուսնական, ինչպես նաև Ա-ից հետո նվիրատվություն կամ ժառանգություն ստացած ունեցվածքը նրանց համատեղ սեփականությունն է: Ամուսինները պարտավոր են նյութապես օգնել միմյանց, անաշխատունակ ամուսինը և հղի կինը (հղիության ընթացքում և դրանից հետո 1 տարի) այդպիսի օգնությունից զրկվելու դեպքում կարող է դատարանով (նույնիսկ առանց ամուսնալուծություն ձևակերպելու) ապրուստադրամ (ալիմենտ) ստանալ ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է վճարել:
ՀՀ քաղաքացիների Ա. արտասահմանյան քաղաքացիների հետ գրանցվում է ընդհանուր հիմունքներով, սակայն նրանցից պահանջվում է փաստաթուղթ՝ գրանցված Ա-յան բացակայության մասին:
Ա-յան ազատությունը ենթադրում է նաև ամուսնալուծության ազատություն: Սակայն հասարակությունը շահագրգռված է ամրապնդել ընտանիքը, ուստի ամուսնալուծությունը նույնպես գտնվում է պետության հսկողության ներքո և, որպես կանոն, կատարվում է դատ. կարգով: Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծությունը, փոխադարձ համաձայնությամբ, ձևակերպվում է Քաղաքաց. կացության ակտերի գրանցման գրասենյակում: Այստեղ է կատարվում նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակա, հոգեկան հիվանդության կամ սակավամտության հետևանքով անգործունակ ճանաչված, 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձանց ամուսնալուծությունը: Օրենքը չի թույլատրում առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության գործ հարուցել կնոջ հղիության ընթացքում և 1 տարեկանից փոքր երեխա ունենալու դեպքում: Ա. համարվում է դադարեցված՝ Քաղաքաց. կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնալուծությունը ձևակերպելուց հետո:
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների պսիխոհիգիենան: Ընտանիքի խնդիրները պայմանավորված են հասարակության զարգացման նոր փուլի առանձնահատկություններով: Ընտանիքը ոչ թե 2 և ավելի անհատների ֆիզ. գումար է, այլ միայն իրեն բնորոշ առանձնահատկություններով օժտված հասարակության հիմն. բջիջը: Ընտանիքի գոյության կարևոր պայմանն ամուսինների ներընտանեկան խնդիրներները լուծելու, բարդ հարցերը քննարկելու, փոխշահավետ որոշումներ ընդունելու ունակությունն է: Ընտանիքը միավորվում է նաև համատեղ գործունեությամբ:
«Ամուսինը» կամ «կինը», «հայրը» կամ «մայրը» որոշակի հասկացություններ են, հստակ պարտականությունների ոլորտով դերեր, որոնք ամուսնացող անձը պարտավորվում է կատարել: Դրանք կատարել չկարողանալը կամ կատարել չցանկանալն անխուսափելիորեն հանգեցնում են ընտանեկան գժտությունների: Ընտանիքում գոյություն ունեցող դերերի համակարգը կայուն չէ, այն պայմանավորված է հասարակության մեջ և ընտանիքում կատարվող փոփոխություններով, հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմամբ, հաս. ակտիվության դրսևորմամբ: Վիճակագր. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր կրթ. և զարգացման մակարդակ ունեցող ամուսինների ընտանիքներում կենցաղային և տնտ. պարտականությունները հավասարաչափ են բաշխվում նրանց անդամների միջև: Ընտանիքի