նստել, իսկ 9-րդ ամսից՝ ինքնուրույն կանգնել: Երեխային քայլել սովորեցնելիս պետք է օգտագործել հատուկ հարմարանքներ՝ սանձեր: Երբ փոքրիկը նոր քայլել է սովորում, նրա հետ երկարատև զբոսանքներ չի թույլատրվում: Հարկավոր է հետևել, որ երեխաները կքանստած, սեղանի շուրջ, մեծերի ծնկներին երկարատև նստած չմնան: Պարապմունքների ժամանակ և սնվելիս պետք է ուշադրություն դարձնել երեխայի նստելաձևին: Այն կարող է ճիշտ լինել, եթե կահույքը համապատասխանում է երեխայի հասակին և մարմնի համամասնությանը: Կ-ի ոչ ճիշտ ձևավորումը կանխելու համար հարկավոր է կանխել տափակաթաթությունը, քանի որ ոտնաթաթի տափակությունը խանգարում է ոտքի հենման ֆունկցիան, որն ուղեկցվում է կոնքի և ողնաշարի ոսկրային կմախքի փոփոխություններով: Երեխայի ռեժիմը պետք է ռացիոնալ ձևով զուգակցվի շարժուն և քիչ շարժուն զբաղմունքներով: Մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխայի մկանային ապարատի ամրապնդմանը: 1,5-2 ամսականում խորհուրդ է տրվում կատարել մերսում (տես Կրծքի երեխա): Վերջույթների վարժությունները (ծալում և տարածում) պետք է սկսել 3-4 ամսականում, երբ ձեռքերի ծալիչ և տարածիչ մկանների ֆիզիոլոգ. լարումը դառնում է միատեսակ: 3 և ավելի տարեկան երեխաների հետ կատարում են մարմնամարզ. վարժություններ, կազմակերպում շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն, կատարում զբոսանքներ (տես Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք): Շարժուն խաղերի ժամանակ հագուստը պետք է ազատ լինի և չկաշկանդի շարժումները: Ֆիզ. բեռնվածությունը պետք է լինի խիստ չափավորված, ընդմիջվի հանգստով: Սեղանի շուրջ երեխաների հետ զբաղվելիս պետք է ուշադրություն դարձնել սենյակի լուսավորվածությանը: Անբավարար լուսավորվածության ժամանակ երեխաները կուզիկանում են, ոչ ճիշտ դիրք են ընդունում: Ճիշտ Կ-ի ձևավորմանը նպաստում են կոփող բուժարարողությունները: Դրանք ամրապնդում են երեխայի առողջությունը, բարձրացնում կենսական տոնուսը (տես Օրգանիզմի կոփում): Կորացածության ժամանակ օգտակար է լողով զբաղվելը: Մեծ նշանակություն ունի բավարար քունը, որը հանգստացնում է նյարդերը, մկանները, պակասեցնում երեխայի ողնաշարի, հոդերի բեռնվածությունը:
ԿԻԲԵՌՆԵՏԻԿՍ ԲԺՇԿԱԿԱՆ, կիբեռնետիկայի բաժին, ուսումնասիրում է ինֆորմացիայի կառավարման և վերամշակման գործընթացները կենդանի օրգանիզմներում և մարդկանց կոլեկտիվներում: Այն օգտագործվում է հիվանդությունների բուժման և կանխարգելման, ինչպես նաև առողջապահության կառավարման հարցերի լուծման ժամանակ:
Կենդանի օրգանիզմն ամբողջությամբ և նրա առանձին տարրերը բժիշկ-կիբեռնետիկների կողմից դիտվում են որպես համակարգեր, որոնցում տեղի են ունենում ինֆորմացիայի ընկալում, կուտակում, վերամշակում և հաղորդում, մշակվում են համապատասխան հակազդեցություններ, որոնք կառավարում են կենսականորեն կարևոր գործընթացների բնականոն ընթացքն ապահովող ներգործությունները: Յուրաքանչյուր հիվանդություն դիտվում է որպես ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և վերամշակման գործընթացների խանգարում կամ ոչ ճիշտ կառավարող ներգործությունների մշակման արդյունք: Կ.բ-ի մեթոդների օգտագործումը (մաթ. և էլեկտրոնային մոդելավորում, էլեկտրոնային հաշվող. մեքենաների կիրառումով մեթոդներ ևն) ուղղված է կենդանի օրգանիզմների հետազոտման եղանակների զինանոցի ավելացմանը, հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակ բժիշկների հնարավորությունների բացահայտմանը: Կ.բ-ի արագ զարգացումը սերտորեն կապված է էլեկտրոնային հաշվող տեխնիկայի և օրգանիզմի, նրա օրգանների ու համակարգերի վիճակի մասին ինֆորմացիայի ստացման նորագույն միջոցների զարգացման հետ:
Կարելի է առանձնացնել բժշկակիբեռնետիկ. հետազոտությունների 3 հիմն. ուղղություն. 1-ինը կապված է կենդանի օրգանիզմների և նրանց առանձին օրգանների գործունեության վերաբերյալ ինֆորմացիայի ստացման և օրգանիզմի վիճակի օբյեկտիվ նկարագրման համար այդ ինֆորմացիայի օգտագործման մեթոդների մշակման աշխատանքների հետ: 2-րդ ուղղությունը կազմում են բնականոն և ախտաբան. գործընթացների կառավարման գծով աշխատանքները՝ կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող գործընթացների պահանջվող բնույթի ապահովման համար: 3-րդը ախտորոշման և բուժման տեխ. միջոցների, ինչպես նաև առողջության պահպանման համակարգի տարբեր օղակների կառավարման համար ինֆորմացիոն և կառավարող համակարգերի ստեղծումն է՝ սկսած առանձին հիմնարկներից (պոլիկլինիկա, հիվանդանոց, շտապօգնության կայան ևն) մինչև առողջապահության ծառայությունների