Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/334

Այս էջը հաստատված է

ԿԼԻՆԻԿԱ, հիվանդանոցային տիպի բուժհիմնարկ, որտեղ հիվանդների բուժմանը զուգընթաց կատարվում են նաև բժշկ. գիտահետազոտ. և ուսումնադասախոսական (ուսանողների ուսուցում և բժիշկների որակի բարձրացում) աշխատանքներ: Կ. կա բոլոր բարձրագույն բժշկ. հիմնարկներում, բժիշկների կատարելագործման ինստ-ներում, ինչպես նաև շատ ԳՀԻ-ներում: Եթե Կ. գործում է քաղաքային, մարզային կամ հանրապետ. հիվանդանոցների հիմքի վրա, ապա նման հիվանդանոցն անվանվում է կլինիկ.:

ԿԼՈՆ (հուն. κλών - ճյուղ, շառավիղ), բջիջների կամ անհատների ամբողջություն, որոնք առաջացել են ընդհանուր նախնիից: Կ-ի առաջացման (կլոնավորման) հիմքում ընկած է միտոզը (բակտերիաների համար՝ բջիջների պարզ բաժանումը), որի դեպքում գենետիկ. ինֆորմացիան հավասարապես բաշխվում է մայրական և դուստր բջիջների միջև: Ուստի համարվում է, որ Կ. բաղկացած է գենետիկորեն համասեռ բջիջներից: Բայց այդ համասեռությունը հարաբերական է և կարող է խախտվել ինքնաբեր մուտացիաների հետևանքով: Բջիջների կլոնավորումը կիրառվում է փորձարար. կենսաբանության և բժշկագիտության (ուռուցքաբանության մեջ, մարմնական բջիջների գենետիկայում ևն) մի շարք տես. և կիրառ. հիմնախնդիրների ուսումնասիրման համար:

Կլոնավորումը բուս. աշխարհում (պատճենահանում) մարդկությանը հայտնի է դեռևս ուշ քարի դարաշրջանից, երբ մարդիկ, օրինակ՝ ելակը բազմացրել են բույսի բեղիկներով, սև հաղարջը՝ ճյուղերով: Իսկ ողնաշարավոր կենդանիների կլոնավորումն ունի մի քանի տասնամյակի պատմություն:

Բույսերի համեմատ կենդանիների կլոնավորումը շատ ավելի բարդ է, որովհետև բույսերի բջիջների մեծ մասը տարբերակված ու մասնագիտացված չէ և սկզբունքորեն պահպանում է նոր օրգանիզմ ձևավորելու հատկությունը (տոտիպոտենտություն): Կենդանիների բջիջների մասնագիտացված տեսակները կորցնում են տոտիպոտենտությունը և նախատեսված են այլ բնույթի ֆունկցիա իրականացնելու համար: Հետևաբար կլոնավորման համար անհրաժեշտ է նախ միմյանցից զատել մասնագիտացված և ոչ մասնագիտացված բջիջները:

Կլոնավորման համար վերցնում են տոտիպոտենտությամբ օժտված բջջի (դոնոր) կորիզը և փոխպատվաստում մեկ այլ օրգանիզմի նախապես կորիզը հեռացված բջջի մեջ և աճեցնում: Տևական անհաջողությունը պայմանավորված էր այն բանով, որ կորիզի հաջորդական փոխպատվաստումն անհրաժեշտ է կատարել բազմաթիվ անգամներ, հակառակ դեպքում բջիջը կորցնում է տոտիպոտենտությունը: Իսկ դա երկարատև և ծանր աշխատանք է:

1960-ական թթ. անգլ. կենսաբան Դ. Գյորդոնին հաջողվել է այդ ճանապարհով ստանալ գորտերի կլոնավորված սաղմեր, նույնիսկ մի քանի շերեփուկներ, որից այն կողմ անցնել չի հաջողվել:

1981-ին Կ. Իլմենսին և Պ. Հոփեն ստացել են 3 նույնանման մկնիկներ՝ գեների բացարձակ նույնական հավաքակազմով: Սակայն նրանց փորձն. տվյալներն այլ լաբորատորիաներում վերարտադրել չի հաջողվել, որը հիմք է ծառայել կասկածի տակ առնելու այդ տվյալները:

1980-ականների վերջերին ամեր. գիտնականներ Ս. Ստիկը և Դ. Ռոբլը ստացան ճագարների, ապա հորթերի աճող սաղմերի կուլտուրա, բայց 64-բջջանի սաղմերից ավելի բարդ բջիջներ ստանալ չհաջողվեց:

Կլոնավորման ճանապարհին 1-ին լուրջ հաջողությունը գրանցվել է 1990-ականների կեսերին՝ անգլ. կենսաբան Ա. Ուիլմութի ղեկավարությամբ: Նա ոչխարի ձվաբջջի մեջ փոխպատվաստեց ոչ թե սաղմերից անջատված, այլ փորձանոթում (in vitro) տևականորեն աճեցված կուլտուրայի բջջակորիզներ: Այդ եղանակով հաջողվեց ստանալ 2 նույնական գառնուկներ, որոնք ապրեցին մինչև 8 ամիս: Ավելի ուշ կուլտուրա ստացան ոչխարի ոչ թե սաղմնային բջիջներից, այլ հասուն կենդանու կաթնագեղձից, որի ցողունային բջիջները լիովին տոտիպոտենտ են: Այդ ճանապարհով 1997-ին ստացվել է հայտնի Դոլի գառնուկը, որի բջիջներն ունեն ելակետային կաթնագեղձի բջջի նույն քրոմոսոմային որոշիչները (մարկերները):

Այդ նույն եղանակով 21-րդ դ. հնարավոր է թվում մարդու կլոնավորումը, այսինքն՝ կարելի կլինի լույս աշխարհ բերել մի քանի երկվորյակներ, որոնք միմյանց և դոնորին նման կլինեն ջրի 2 կաթիլի պես:

Սակայն պարզվում է՝ բացարձակ նույնական առանձնյակների ստացման, բացարձակ կլոնավորման մասին խոսք լինել չի կարող, որովհետև, եթե Կ. քրոմոսոմային կազմով բացարձակ նույնն է դոնորի հետ, ապա պարունակում է ռեցիպիենտի (այն օրգանիզմի, որում աճում է) միտոքոնդրային ԴՆԹ, մի բան, որը պարտադիր կարգով մորից փոխանցվում է երեխային: Այսինքն՝ սկզբունքորեն հայր և մայր չունեցող, դոնորի բջջից սերված օրգանիզմն այնուամենայնիվ պարունակում է ռեցիպիենտի միտոքոնդրային ԴՆԹ:

ԿԾԿԱՆՔ, սպազմ, միջաձիգ զոլավոր կամ հարթ մկանների ոչ կամային լարումային (տոնիկ) կծկումներ: Ջղաձգության տոնիկ տարբերակների և Կ-ի միջև ցայտուն կլինիկ. չափանիշները բացակայում են: Մկանների Կ-ի (միոսպազմ) հիմքում ընկած է մկանաձգման ռեֆլեքսի բարձրացումը՝ հատվածային ռեֆլեկտոր աղեղի վրա վերողնուղեղային ազդեցությունների հետևանքով (տես Ռեֆլեքսներ): Բացի այդ, մկանների Կ. կարող է առաջանալ նյարդամկանային սինապսում ծագած խանգարումների, մկանային բջիջների և թելիկների թաղանթի էլեկտրոլիտաիոնային պոտենցիալի կամ մկանների կծկող. տարրերի կենսաքիմ. փոխազդեցությունների փոփոխությունների հետևանքով:

Վերողնուղեղային ախտահարումների հետ կապված՝ մկանային Կ-ի շարքն է դասվում բրգային համակարգի ախտահարմամբ պայմանավորված Կ.: Այն բնորոշվում է միջաձիգ զոլավոր մկանների որոշակի խմբի կայուն ջղաձգային լարվածությամբ, որի հետևանքով կենտր. լուծանքներն անվանում են Կ-ային (սպաստիկ լուծանքներ, կիսալուծանքներ): Լուծանքի կամ կիսալուծանքի կողմում Կ. պահպանվում է նաև հանգստի վիճակում, պասսիվ և ակտիվ շարժումների ժամանակ տեղի է ունենում որոշ մկանախմբերի տոնուսի ռեֆլեկտոր բարձրացում բրգային համակարգի ախտահարման ժամանակ մկանների ընտրող. Կ. ուղեկցվում է ջլային ռեֆլեքսների բարձրացմամբ և ձեռնաթաթերի ու ոտնաթաթեր ախտաբան. ռեֆլեքսներով: Արտաբրգային համակարգի որոշ խանգարումներ (օրինակ՝ պարկինսոնյան հիվանդություն ժամանակ միջաձիգ զոլավոր մկաններ) Կ. կրում է կայուն բնույթ, սակայն այն ընդգրկում է կմախքային բոլոր մկանները՝ ստեղծելով ընդհանուր կաշկանդվածություն, մկանների պնդություն:

Արտաբրգային համակարգում, գործընթացի տեղադրությունից և տարածվածության աստիճանից կախված, առաջանում են մկանային ապարատի գերշարժումներ (հիպերկինեզներ)՝ մկանների տոնուսի փոփոխականությամբ (մկանների գերլարվածությունից մինչև թերլարվածությունը), տարբեր մկանախմբերի Կ-ով, առանձին մկանախմբերի Կ-ով (օրինակ պարանոցի կեսի կծկանքային ծռավզություն), ինքնատիպ ոլորուն Կ-ով, որն ընդգրկում է իրանի և վերջույթների մոտակա հատվածների մկանները, աթետոզով,