Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/335

Այս էջը հաստատված է

որն ուղեկցվում է վերջույթների հեռակա հատվածների տոնիկ Կ-ով: Բարդ ծագում ունի գրելակարկամը՝ շարժողության յուրատեսակ խանգարում, որի դեպքում գրելն անհնար է դառնում: Դիմախաղի մկանների երկկողմանի համաչափ Կ. (պարասպազմ) կարող է սկսվել աչքի շրջանաձև մկաններից (բլեֆարոսպազմ), տարածվել ճակատի, այտերի, բերանի բոլորաձև մկանների, կզակի և նույնիսկ պարանոցի մկանների վրա: Դիմախաղի մկանների առավել կարճատև Կ. նկատվում է կակազելիս:

Դիմային նյարդի բորբոքման մնացորդային երևույթների շրջանում ախտահարման կողմում հազվադեպ առաջանում է դիմախաղի մկանների Կ.: Եռվորյակ նյարդի նյարդացավի և փայտացման ժամանակ նկատվում է ծամիչ մկանների Կ. (տրիզմ), որի դեպքում բերանը բացելը դժվարանում է: Ուղեղապատյանաբորբի ժամանակ նկատվում է ծոծրակի և պարանոցի մկանների յուրահատուկ Կ. (պնդություն), որովայնի օրգանների բորբոքային գործընթացների ժամանակ առաջանում է որովայնի առաջային պատի մկանների ռեֆլեկտոր, պաշտպան. Կ.:

Արյունազեղումային կաթվածի ժամանակ արյունը գլխուղեղի փորոքները լցվելիս նկատվում են վերջույթների տարածիչ մկանների և իրանի մկանների տոնիկ Կ-ի նոպաներ, որոնք առավել հաճախ լինում են գլխուղեղային արյան շրջանառության խանգարման վաղ շրջանում: Հատուկ տեղ է գրավում կմախքային մկանների Կ., որը կապված է նյարդային համակարգի ծայրամասային հատվածի ախտահարման հետ: Նյարդարմատային նյարդավորման ողնաշարածին խանգարումների ժամանակ առանձին մկանների Կ. պայմանավորված է օստեոխոնդրոզով: Միջաձիգ զոլավոր մկանների տոնիկ Կ. կարող է առաջանալ մկանի տոնիկ ջղաձգության ժամանակ:

Կմախքային մկանների Կ. կարող է լինել որպես հոմեոստազի բարդ խանգարումների, իոնաէլեկտրոլիտային հաշվեկշռի, հորմոնային խանգարումների դրսևորում: Հայտնի են ձեռնաթաթի (մանկաբարձի ձեռք) և ոտնաթաթի մկանների տոնիկ Կ.՝ հարվահանագեղձի թերֆունկցիայի, փայտացման, սպազմոֆիլիայի ժամանակ, դեմքի մկանների Կ.՝ քրոնիկ. երիկամային անբավարարությամբ տառապող (հեմոդիալիզի ենթակա) հիվանդների մոտ: Վեգետատիվ նյարդավորման խանգարումների ժամանակ նկատվում է արյան անոթների, բրոնխների, կոկորդի, կերակրափողի, աղիքների, լեղածորանների, միզածորանների Կ.:

Երեխաների իրանի, վերջույթների և ներքին օրգանների շատ մկանների նոպայաձև առաջացող Կ-ի յուրատեսակ դրսևորումներ են սպազմոֆիլիան և տետանիան:

Կլինիկ. զննումների ժամանակ մկանների Կ. հայտնաբերելիս անհրաժեշտ է կատարել նյարդաբան., կենսաքիմ., էլեկտրամկանագր. համալիր հետազոտություններ:

Բուժումն ամենից առաջ ուղղված է հիմն. հիվանդության վերացմանը: Հիվանդության պատճառագիտությունից և ախտածնությունից կախված՝ նշանակում են տարբեր միոռելաքսանտներ, սպազմոլիտիկ դեղանյութեր, ասեղնաբուժություն: Ելքը պայմանավորված է հիմն. հիվանդությամբ:

ԿՂԱՆՔ, արտաթորանք, առողջ մարդու Կ. խառնուրդ է, որի 1/3-ը՝ ընդունած սննդի, 1/3-ը մարսող. հյութերի մնացորդներ են, իսկ մնացածը՝ մանրէներ, որոնց 95 %-ը մահացած են: Կ-ի բաղադրության ուսումնասիրությամբ հնարավոր է ախտորոշել մարսողության օրգանների հիվանդությունները և գնահատել դրանց բուժման արդյունքները: Այն ընդգրկում է Կ-ի արտաքին զննումը, դրա կազմի մանրադիտակային, քիմ. և բակտերիաբան. հետազոտությունները: Վերջինս կիրառվում է միայն աղիքային վարակիչ հիվանդության նկատմամբ կասկածի դեպքում:

Կ-ի քննությունը կատարվում է առանց հիվանդին հատուկ նախապատրաստելու, իսկ աղիքների ֆունկցիաներն ուսումնասիրելիս՝ հատուկ (սննդամթերքի որոշակի լրակազմով) սննդակարգից 3-4 օր անց: Նման դեպքում լաբորատորիա է ուղարկվում կղման ժամանակ արտաթորված ամբողջ Կ.՝ թարմ վիճակում: Այն պետք է հավաքել չոր, մաքուր ամանում: Բակտերիաբան. քննության համար Կ. հավաքում են մանրէազերծած փորձանոթում, 8-12 ժ պահում սառը տեղում և ապա հետազոտում: Նախակենդանիների առկայությունը հայտնաբերելու նպատակով՝ Կ. հետազոտում են անմիջապես կղումից հետո: Կ. հետազոտելիս 2-3 օր առաջ հարկավոր է խուսափել որոշ դեղանյութեր (երկաթի, բիսմութի, վիկալինի պատրաստուկներ) ընդունելուց, որոնք փոխում են Կ-ի բնույթն ու գույնը, իսկ Կ-ում արյան առկայությունը ստուգելիս՝ մսամթերք և ձկնամթերք օգտագործելուց:

Կ-ի զննման (մակրոսկոպիկ հետազոտության) ժամանակ որոշում են դրա քանակը, թանձրությունը, ձևը, գույնը, հոտը, չմարսված սննդի, խառնուրդների (արյուն, լորձ), մակաբույծների (որդեր) առկայությունը: Կ-ի քանակը կախված է ընդունված սննդից, այն կարող է պակասել փորկապության և շատանալ՝ ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիքների հիվանդությունների ժամանակ: Կ-ի թանձրությունը կախված է ջրի, ճարպի, բջջանյութի առկայությունից: Բնականոն Կ. միասեռ է, պնդավուն, պարունակում է մոտ 70-75 % ջուր: Պինդ, նույնիսկ կարծր Կ. նկատվում է փորկապության ժամանակ, երբեմն այն կազմված է առանձին գուղձերից, իսկ աղիքների խիստ արտահայտված կծկանքային վիճակների ժամանակ Կ. լինում է մանր, պինդ, կլոր գուղձերի ձևով (այսպես կոչված՝ ոչխարի կղանք): Լուծի ժամանակ Կ. հեղուկ է, պարունակում է 90-92 % ջուր, չմարսված սննդի մասնիկներ և տարբեր խառնուրդներ. դիզենտերիայի ժամանակ՝ լորձի և արյան խառնուրդներ, որովայնային տիֆի դեպքում ունի սիսեռի ապուրի տեսք ևն: Բավականաչափ բուս. սնունդ օգտագործելիս և խմորման գործընթացների առկայության դեպքերուվ Կ. փրփրոտ է: Այդպիսի Կ. ունի սուր թթու հոտ, իսկ սպիտակուցներով հարուստ սննդի դեպքում գարշահոտ է: Առողջ մարդու Կ-ի գույնը կախված է ընդունած սննդից: Գերակշռում են դարչնագույնի տարբեր երանգները, ինչը հիմնականում պայմանավորված է Կ-ում լեղապիգմենտների առկայությամբ: Կաթնամթերքի գերակշռությունից Կ. դառնում է բաց դարչնագույն, մսամթերքից՝ մուգ դարչնագույն, բանջարեղենից՝ կանաչավուն: Դեղանյութեր ընդունելիս Կ-ի գույնը փոխվում է. կարբոլենը և վիկալինը Կ-ին տալիս են սև գույն, երկաթի պատրաստուկները՝ կանաչավուն սև, խավարծիլը՝ դեղին:

Կ. փոխվում է մարսողության օրգանների հիվանդությունների ժամանակ, դեպի 12-մատնյա աղիք լեղու արտազատման խանգարումների դեպքում այն գորշ սպիտակ է, կավանման կամ ավազանման, ենթաստամոքսային գեղձի բորբոքման ժամանակ՝ գորշ դեղին, ճարպոտ: Եթե Կ-ում առկա արյան խառնուրդն ստամոքսից է, ապա այն ձեռք է բերում ձյութանման տեսք, աղիքների ստորին բաժինների արյունահոսության դեպքում Կ. կարմիր երանգ ունի, վառ կարմիր արյունը Կ-ի հետ արտաթորվում է թութքի, հետանցքի ճաքերի դեպքերում: Երբեմն Կ-ում հայտնաբերվում է լորձ, որը բորբոքման հստակ ախտանշան է: Հաճախ լորձի հետ խառնվում է թարախ: Կ-ում երբեմն հայտնաբերվում են տարբեր տեսակի որդեր (ասկարիդներ, սրատուտներ) կամ