Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/338

Այս էջը հաստատված է

նուկլեինաթթուներ, որոնք կարող էին ինքնավերարտադրվել, այսինքն՝ իրենց կառուցվածքը կրկնել սերունդներում: Պրոբիոնտների կազմում նման բազմանուկլեոտիդների ներառումը դարձավ կենդանիի զարգացման հաջորդ կարևոր փուլը: Պրոբիոնտները հնարավորություն ստացան իրականացնել իրենց հատկությունների փոխանցումը սերունդներին, առաջացավ հատկությունների և հատկանիշների հաջորդականությունը սերունդներում, այսինքն՝ ժառանգականությունը: Միանգամայն ենթադրելի է, որ այդ հատկություններով հարստացած պրոբիոնտներն ավելի մեծ հնարավորություն ստացան ապրելու՝ սերունդներում իրենց կրկնելու համար ևն: Կառուցվածքում կատալիզային հատկություններով օժտված սպիտակուցներ և նուկլեինաթթուներ միավորած պրոբիոնտները, որոնք ունեին ինքնավերարտադրվելու և ժառանգ. ինֆորմացիան սերունդներին փոխանցելու ունակություններ, ուժեղացան բնական ընտրության ընթացքում և սկզբնավորեցին Կ-ի պարզագույն բջջային ձևերը:

Էվոլյուցիայի հետագա փուլերում առաջացավ ֆոտոսինթեզի՝ թթվածնային շնչառության ունակությունը, ձևավորվեցին բջջային (տես Բջիջ), այնուհետև՝ բազմաբջիջ կառուցվածքները, որոնք շրջակա միջավայրի նկատմամբ ունեին ավելի բարդ հակազդեցության ձևեր:

Այսպիսով՝ Կ. անկենդան բնության ածանցյալն է, որն առաջացել է նրա օրինաչափ զարգացման հետևանքով, անխզելիորեն կապված է նրա հետ, բայց ունի որակ. (միայն կենդանի բնությանը հատուկ) տարբերություններ: Կենդանի օրգանիզմները լայնորեն բնակեցրել են ամբողջ երկրագունդը, թափանցել օվկիանոսների խորքերը, լեռների գագաթները, մերձերկրյա օդային տարածքը: Իրենց ամբողջությամբ նրանք առաջացնում են մեր մոլորակի կյանքի գոտին (կենսոլորտ): Իրենց մարմնի կառուցման և կենսագործունեության համար օգտագործելով Արեգակի էներգիան՝ կենդանի օրգանիզմները դառնում են բնության ակտիվ վերափոխիչները. նրանց գործունեության հետևանքով Երկրի վրա առաջացել են հողը, շատ ծովային նստվածքներ, քարածուխը, նավթը, բնական գազը ևն:

ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ), բնորոշվում են շարակցական հյուսվածքի (այդ թվում՝ կոլագենային թելերի) և արյան անոթների բորբոքային ախտահարմամբ: Կ.հ-ի թվին են պատկանում համակարգային կարմիր գայլախտը, համակարգային կարծրամաշկությունը, մաշկամկանաբորբը (դերմատոմիոզիտ), հանգուցավոր շուրջզարկերակաբորբը (պերիարտերիտ) և Շեգրենի հիվանդությունը: Դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն հիվանդություն է, ունի առաջացման տարբեր մեխանիզմներ և կլինիկ. պատկեր, ոչ միատեսակ ախտորոշման ու բուժման մեթոդներ: Դրանց միավորումը 1 անվան տակ արտացոլում է մեծ մասամբ միայն ուսումնասիրության պատմ. շրջանը: Կ.հ-ի առաջացման ու խորացման պատճառները վերջնականապես հաստատված չեն: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ դրանց ծագումը կապված է սեփական օրգանիզմի հյուսվածքների հանդեպ հակամարմինների առաջացման հետ (տես Իմունիտետ):

Բոլոր Կ.հ. բնորոշվում են մի քանի, հաճախ՝ շատ օրգանների և համակարգերի ախտահարմամբ: Առավել ընդհանուր ախտանշաններն են տենդը, հոդերի, մաշկի, շճաթաղանթների (հոդապարկ, կրծքամիզ, սրտապարկ, որովայնամիզ), ներքին օրգանների և կենտր. նյարդային համակարգի ախտահարումները:

Կ.հ-ի սրացմանը կարող են նպաստել ֆիզ. և հուզ. գերբեռնվածությունը, մրսածությունը, արևահարությունը, ուղեկցող վարակիչ հիվանդությունները: Կ.հ-ի ելքը հիմնականում որոշվում է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, երիկամներ) և կենտր. նյարդային համակարգի ախտահարման ծանրությամբ: Ներկայումս արդյունավետ դեղանյութերի օգտագործման շնորհիվ Կ.հ-ի ընթացքը մեծ մասամբ դարձել է ավելի բարեհաջող, հատկապես ժամանակին սկսած բուժման դեպքում: Սրացումների շրջանում հիվանդները, որպես կանոն, ենթակա են բուժման՝ հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքներում, սրացումներից դուրս նրանք պետք է հաշվառման ենթարկվեն պոլիկլինիկաների ռևմատոլոգ. առանձնասենյակներում (տես Դիսպանսերացում):

ԿՈԼԱՊՍ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վիճակ, բնորոշվում է զարկերակային և երակային ճնշումների կտրուկ անկումով, կենտր. նյարդային համակարգի գործունեության ընկճմամբ և նյութափոխանակության խանգարումով: Անոթային անբավարարությունը և արյան ճնշման անկումն անոթային լարվածության նվազման հետևանք են, որը պայմանավորված է գլխուղեղում առկա անոթաշարժիչ կենտրոնի ընկճմամբ: Կ-ի դեպքում որովայնի խոռոչի օրգանների անոթները գերլցվում են արյունով, իսկ գլխուղեղի, մկանների և մաշկի անոթների արյունալեցումը պակասում է: Անոթային անբավարարությունն ուղեկցվում է հյուսվածքներն ու օրգանները ողողող արյան մեջ թթվածնի պարունակության նվազմամբ:

Կ. կարող է առաջանալ մեծ քանակությամբ արյան կորստի, թթվածնի անբավարարության, սնուցման խանգարման, վնասվածքների, դիրքի կտրուկ փոփոխությունների (ուղղակեցվածքային Կ.), չափից ավելի ֆիզ. բեռնվածության, ինչպես նաև թունավորումների և որոշ հիվանդությունների (որովայնային ու բծավոր տիֆեր, թոքաբորբ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում ևն) դեպքերում:

Կ-ի ժամանակ մաշկը գունատվում է, պատվում սառը, կպչուն քրտինքով, վերջույթներն ստանում են մարմարակապտավուն երանգ, երակները մաշկի տակ չեն նշմարվում: Աչքերը խամրում են, դիմագծերը՝ սրվում: Զարկերակային ճնշումը կտրուկ ընկնում է, անոթազարկը հազիվ է շոշափվում կամ նույնիսկ բացակայում է: Շնչառությունը հաճախացած է, մակերեսային, երբեմն՝ ընդհատուն: Կարող են նկատվել ակամա միզարձակում և կղում: Ջերմաստիճանը նվազում է մինչև 35° C և ավելի ցածր: Հիվանդը թորշոմած է, գիտակցությունը՝ մթագնած: Կ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել շտապ բժշկ. օգնության: Մինչև բժշկի գալը հարկավոր է հիվանդին հանգիստ պառկեցնել՝ առանց բարձի: Իրանի ստորին մասը և ոտքերը մի փոքր բարձրացնել, անուշադրի սպիրտ շնչել տալ: Վերջույթների տակ ջեռակ դնել, թունդ թեյ կամ սուրճ խմեցնել, սենյակն օդափոխել: Հիվանդին պարտադիր հոսպիտալացնել (տես Հոսպիտալացում): Ժամանակին ցուցաբերած օգնությունը, որպես կանոն, արդյունավետ է:

ԿՈԼԻՏ, տես Հաստ աղիքի բորբոքում:

ԿՈԼՊԻՏ. տես Հեշտոցաբորբ:

ԿՈԿԵՐ, տես Բակտերիաներ հոդվածում:

ԿՈԿՈՐԴ, տես Շնչառական համակարգ հոդվածում:

ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ, լարինգիտ, կոկորդի լորձաթաղանթի բորբոքում: Տարբերում են սուր և քրոնիկ. Կ.: Սուր Կ. առավել հաճախ առաջանում է վերին շնչուղիների սուր լորձենաբորբի, գրիպի, կարմրուկի, քութեշի, կապույտ հազի և այլ հիվանդությունների դեպքերում: Առաջացմանը նպաստում են ընդհանուր կամ տեղային մրսածությունը, հատկապես բերանով սառը օդ շնչելը, ձայնի գերլարումը (հատկապես՝ ցրտին,