անդամների միջև հարաբերությունները պայմանավորված են սոցիալ-մշակութային նորմերով և անհատ. առանձնահատկություններով: Բարեկիրթ, առողջ ընտանիքում գործում է փոխլրացման սկզբունքը. ամուսիններից մեկի գիտելիքները և բնավորության գծերը հաջողությամբ լրացվում են մյուսի ընդունակություններով ու փորձով: Հակումների և ճաշակի տարբերությունը չպետք է տարաձայնության պատճառ դառնա: Եթե ընտանիքի անդամներից մեկն ունի բռնակալի, եսամոլի խառնվածք, ապա փոխհարաբերությունների անհավասարության պատճառով ընտանիքը դառնում է անկայուն: Այն գոյություն է ունենում միայն ամենաբարենպաստ պայմաններում և հեշտությամբ է քայքայվում ճգնաժամային իրավիճակներում: Ընտանիքի էվոլյուցիան, այսինքն նրա կենսական բոլորաշրջանը ձևավորվում է որոշակի փուլերից, մինչամուսնական, ամուսնական և նոր անդամների (երեխաներ) ավելացման, ընտանիքի առանձին անդամների հեռանալու (հասուն երեխաների Ա., ծնողներից մեկի մահը) շրջաններ:
Ա-յան 1-ին տարում առավել հաճախ ընդհարումների պատճառ են դառնում ամուսնական հարաբերությունների, այդ թվում նաև սեռ. կյանքի նորություն լինելը (տես Սեռական կյանք): Կյանքի այդ կողմի արտասովորությունը հաճախ վախ է ներշնչում 2 կողմերին էլ, խոչընդոտում ընտանիքի բնականոն գործունեությանը: Բազմամյա «ընկերական հարաբերությունները» ամուսիններին չեն պաշտպանում սեռ. աններդաշնակությունից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող են ուղղակիորեն նպաստել դրան: Այդպիսի շեղումները կանխելու նպատակով, երեխան դեռ մանկուց (դպրոցում և տանը) պետք է սեռ. ճիշտ դաստիարակություն ստանա, որը կխոչընդոտի կյանքի այդ կողմի մասին նրա կեղծ պատկերացումների ամրապնդմանը (տես Սեռական դաստիարակություն): Համատեղ կյանքի հենց սկզբում՝ միմյանց «ընտելանալու» առավել ծանր ժամանակաշրջանում, փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունն օգնում է խուսափել ընտանեկան ընդհարումներից:
Սովորաբար երիտասարդները նոր ընտանիքում ստեղծում են այնպիսի փոխհարաբերություններ, ինչպիսիք եղել են իրենց հայրական տանը: Պարզվել է, որ ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի հեշտ են համաձայնվում ամուսնալուծությանը: Երբեմն ընտանիքում ձևավորված վարքագիծը, զգացմունքների արտահայտման ձևերը չեն հաղթահարվում ամբողջ կյանքի ընթացքում: Այն ընտանիքներում, որտեղ ծնողների միջև չի եղել սեր և հաշտություն, կամ հարաբերություններն արտաքնապես եղել են սառը և զուսպ, հաճախ մեծանում են դիմացինի (մասնավորապես ամուսնու կամ կնոջ) նկատմամբ լավ վերաբերմունքի անկարող անհատներ: Դա կարող է դառնալ ամուսինների միջև ծագող թյուրիմացությունների պատճառ, հանգեցնել փոխադարձ մեղադրանքների, իսկ հետագայում՝ մշտ., անհաղթահարելի օտարացման:
Ընտանիքի ամենապատասխանատու պարտականությունը երիտասարդ սերնդի դաստիարակությունն է: Հոգևոր մերձեցմանը, երեխաների նկատմամբ հոգատարությամբ, բարյացակամությամբ և փոխըմբռնումով իրար կապված ծնողների առողջ ընտանիքն աճող սերնդի ճիշտ, լիարժեք դաստիարակության գրավականն է:
Հղիությունը և առաջնեկի ծնունդը լրացուցիչ պարտավորություններ են դնում ամուսինների վրա, սակայն նրանց չեն ազատում փոխադարձ ուշադրության անհրաժեշտությունից: Ուշադրության պակասը հատկապես ծանր են տանում հղիությունից ու ծննդաբերությունից թուլացած և այդ պատճառով հաճախակի տրտնջացող ու դյուրագրգիռ կանայք: Առողջ ընտանիքում այդ ժամանակաշրջանում տղամարդը պետք է իրեն զգա և դրսևորի որպես ուժեղ անհատ, նեցուկ լինի կնոջը, դա օգնում է նաև տղամարդուն՝ գնահատելու հայր լինելու իր նոր դերը: Երեխայի ծնվելուց հետո երիտասարդ ամուսինը պետք է հաշվի առնի ծննդաբերած կնոջ ոչ միայն յուրահատուկ հոգեբան., այլև ֆիզիոլոգ. վիճակը և ամուսնական սեռ. հարաբերությունների ժամանակավոր դադարը չդիտի որպես իր նկատմամբ կնոջ սառնության դրսևորում:
Հասուն տարիքն ունի իր ճգնաժամային շրջանները, օրինակ՝ դժվարին պահեր կարող են առաջանալ 2-րդ երեխայի ծննդյան հետ: Մասնավորապես, մեծերի ուշադրության կենտրոնում գտնված առաջնեկի մոտ, եղբոր կամ քրոջ ծնվելուց հետո, այլևս չսիրված, ավելորդ լինելու մտքից կարող է առաջանալ նևրոզ, որի հետևանքով երեխան դառնում է խիստ կամակոր, քմահաճ: Երեխայի այդպիսի վարքը կարող է կազմալուծել ընտանիքը: Մեծերը հաճախ առաջնեկի վրա են սկսում «թափել» իրենց բարկությունը կամ, ընդհակառակը, նրա արտոնյալ վիճակի կորուստն աշխատում են փոխհատուցել ընդգծված ուշադրությամբ, որը երեխան սովորաբար, չի ընդունում՝ համարելով կեղծ: Այս իրադրությունից միակ ելքը առաջնեկին ընտանիքի նոր անդամի հայտնվելուն նախապատրաստելն է:
Յուրաքանչյուր ընտանիքի կյանքում բարդ ժամանակաշրջան է սկսվում երեխաների հասունանալուց հետո: Տանից նրանց հեռանալը, սեփական ընտանիք կազմելը հաճախ ծնողները ցավագին են ընդունում, հատկապես, երբ ընտանիքը լրիվ չէ (հաճախ առանց հայր է), կամ երբ երեխան միակն է: Նման դեպքերում հիմնականում երեխայի դաստիարակությամբ միավորված ամուսիններին տիրում է հիասթափություն, կամ ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը հանգեցնում է օտարացման: Շատ ծնողներ անհաջող փորձեր են ձեռնարկում ինրենց հասուն զավակների կյանքին միջամտելու, կյանքի ուղեկցի ընտրության հարցում նրանց որոշումների վրա ազդելու համար: Առանձնապես սխալ է հասուն զավակներին ապերախտության մեջ մեղադրելը, թե «նրանց են նվիրաբերել իրենց ողջ կյանքը»: Սովորաբար հասուն զավակներն ընդդիմանում են ծնողների այդպիսի վարքագծին և պաշտպանում ինքնուրույն որոշումներ կայացնելու, անձն. կյանք ունենալու իրենց իրավունքը:
Բնականոն, բարյացակամ հարաբերություններով ընտանիքում, որտեղ դեռ փոքր տարիքից հաշվի են առնում երեխայի անհատականությունը, ամեն ինչ բարեհաջող ընթացք է ունենում:
Ընտանիքի առավել ծանր ճգնաժամային շրջանը կապված է ծերության, ամուսիններից մեկի կյանքից հեռանալու հետ: Այդպիսի դեպքերում միայնակությունը հաղթահարվում է՝ հին ընկերների, հասուն զավակների ընտանիքների հետ սերտ կապեր պահպանելով, սեփական ուժերի համեմատ մասնագիտ., հաս. կամ այլ աշխատանք կատարելով:
Ընտանիքը սովորաբար դիմում է բժշկի օգնությանը դժվարին ճգնաժամային ժամանակաշրջաններում, երբ ընտանեկան վեճը, ընդհարումը բավականին խորանում և բացասաբար է ազդում ընտանիքի անդամների հոգեկան ու ֆիզ. վիճակի վրա:
Ընտանեկան հոգեկան ցնցումները, որքան էլ աննշան թվան, մեծերի և երեխաների նևրոզների գլխ. պատճառներից են: Ընդհանուր և հաս. հոգեբանության ժամանակակից մակարդակը և շահագրգռված անձանց բարի կամքը հնարավորություն են տալիս կանխել նյարդային հիվանդությունները, ծանր ընդհարումները, ամուսնալուծությունը: Հոգեբույժները