Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/342

Այս էջը հաստատված է

լինի թեթև, առաձգական, ամուր և կրելու ընթացքում չձևափոխվի: Ներքին մակերևույթը պետք է լինի հարթ, առանց կոպիտ կարերի, ոտնաթաթի հիվանդ մասերին համապատասխանող խորացումներով, երեսամասը՝ փափուկ կաշվից: Կրնկամասերի, երբեմն նաև կողամասերի համար օգտագործում են կոպիտ կաշի, միջատակերի համար՝ կաշի, նրբաթաղիք, պլաստմասսաներ, կապերի համար՝ առաձգական նյութեր: Օրթոպեդ. Կ. հանձնում է բժիշկը, որն ստուգում է Կ-ի պիտանիությունը, հանձնարարականներ տալիս ոտնաթաթի հիգիենայի, Կ-ի օգտագործման և խնամքի մասին: Այդպիսի Կ-ի նորոգումը կատարվում է միայն բժշկ. արհեստանոցներում:

Մանկական Կ. պետք է համապատասխանի երեխայի ոտնաթաթի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկություններին, լինի փափուկ և թեթև, դիմացկուն, ճկուն ներբանով: Անհրաժեշտ է, որ Կ. բավականաչափ ազատ լինի, չսահմանափակի մատների շարժումները և ունենա ոչ մեծ կրունկ, քանի որ այն կանխարգելում է տափակաթաթությունը և ոտքի կրունկը պահպանում հարուկներից: Կրունկի բարձրությունը չպետք է գերազանցի ոտնաթաթի երկարության 1/14-ին:

Խորհուրդ չի տրվում երեխաների համար գնել բաց կրունկով Կ.: Կ-ի կրնկամասը պետք է լինի ամուր և խոչընդոտի դեպի հետ և դեպի դուրս ոտնաթաթի սահելուն՝ դրանով կանխելով տափակաթաթության առաջացումը: Նախադպրոց. և դպրոց. տարիքի երեխաների համար պետք է նախընտրել կոճերը գրկող Կ., քանի որ բաց Կ առաջացնում է հոգնածություն և հանգեցնում է մատների ձևախախտման:

Ոտքի փակման աստիճանից կախված՝ տարբերում են երկարաճիտ, ճտքավոր, կիսաճտքավոր Կ-ներ, կիսակոշիկներ, սանդալներ: Կ. ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն չափսերը, այլև լիքությունը: Երեխաների համար թողարկվում է 2 տեսակի լիքության Կ.: Մանկ. Կ-ի համար նախընտրելի է կաշին, որը բավականաչափ դիմացկուն է, գոլորշա- և օդանցիկ: Մինչև 8 տարեկան երեխաների ոտնաթաթը տարեկան միջին հաշվով աճում է 11 մմ-ով, ուստի խորհուրդ է տրվում նրանց համար Կ. գնել 6 ամիսը մեկ: Անհրաժեշտ է հետևել, որ մանկ Կ. միշտ չոր և մաքուր լինի:

ԿՈՇՏՈՒԿ, մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացում՝ երկարատև ճնշումից կամ շփումից: Կ. հաճախ առաջանում է ձեռքերի վրա՝ առանց թաթմանների ֆիզ. աշխատանք կատարելիս կամ գործիքներով ճնշվելիս (օրինակ՝ կոշկակարների մոտ), և ոտքերի վրա՝ անհարմար, ոչ ճիշտ ընտրած կոշիկներ հագնելիս:

Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող Կ-ները հաճախ ցավոտ են և դժվարացնում են քայլելը: Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել կարմիր քամուն բնորոշ բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ: Կ. ի հայտ գալիս պետք է վերացնել պատճառը և, եթե անհրաժեշտ է, հեռացնել այն: Կոպտացած մաշկը փափկացնում են ամենօրյա տաք օճառասոդային կամ կալիումի կարբոնատ (պոտաշ) պարունակող տեղային լոգանքներով (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ նատրիումի հիդրոկարբոնատ կամ կալիումի կարբոնատի 10%-անոց լուծույթ և օճառի շերտիկ): Դրանից հետո Կ-ի վրա դնում են եղջերային շերտը փափկացնող միջոցներ (կոշտուկային սպեղանի կամ հեղուկ, կենսածառի թուրմ կամ հալվեի տերևի միջուկ): Կ. շրջապատող առողջ մաշկը չգրգռելու համար կպչուն սպեղանու մի կտորի վրա, որը կպցնում են մաշկին, Կ-ի չափին համապատասխանող անցք են բացում, այնուհետև Կ-ի վրա դնում են քսուք կամ կոշտուկային սպեղանի և մաշկի ամբողջ հատվածը ծածկում կպչուն սպեղանու կտորներով: 24 ժ անց փափկած եղջերաթաղանթն զգուշորեն քերում են սպիրտով կամ օդեկոլոնով նախապես վարակազերծած մկրատով: Հարկավոր է խուսափել մաշկը կտրելուց, որը կարող է հանգեցնել Կ-ի վարակման, մաշկը կտրելու դեպքում այն մշակում են յոդի սպիրտային լուծույթով կամ ադամանդականաչով: Փափկած Կ. քերելուց հետո խորհուրդ է տրվում սնուցող քսուքներով կոմպրես դնել: Բուժարարողությունը կրկնում են մի քանի անգամ, մինչև Կ-ի լրիվ հեռացումը: Ցավոտ Կ-ի ժամանակ կարելի է օգտագործել թարմ կարտոֆիլի հյութ, հում կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել և քերել, ստացված խյուսը քսել մի քանի շերտ թանզիֆի վրա, դնել Կ-ի վրա և բինտով կապել: Եթե նշված միջոցները չեն օգնում, ինչպես նաև առկա են բազմաթիվ Կ-ներ (հատկապես Կ-ի բարդությունների ժամանակ) հարկավոր է դիմել բժշկի: Կ-ի կանխարգելման նպատակով հարկավոր է հագնել հարմար կոշիկներ, ֆիզ. աշխատանքի ժամանակ՝ թաթմաններ:

Կարևոր է նաև ձեռքերի և ոտքերի մաշկի ճիշտ խնամքը:

ԿՈՊԱԲՈՐԲ, բլեֆարիտ, կոպեզրերի բորբոքում: Առաջացմանը նպաստում են ոչ լիարժեք սնունդը, սակավարյունությունը, ստամոքսաղիքային համակարգի, ատամների և քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, աչքերի մշտ. գրգռումը փոշիով, կարճատեսությունը, հեռատեսությունը, աչքի տարաբեկությունը: Կոպեզրերը կարմրում են, այտուցվում, թարթիչների արմատների հատվածը պատվում է մանր, գորշասպիտակավուն կամ դեղնավուն թեփուկներով: Թարթիչները հեշտությամբ թափվում են, կարող են աճել անկանոն (փնջերով), երբեմն՝ աչքի ուղղությամբ՝ գրգռելով այն: Հիվանդության ընթացքը երկարատև է և ուղեկցվում է քորով, կոպերի ծանրության զգացումով, աչքերն արագ հոգնում են, զգայուն են պայծառ լույսի նկատմամբ: Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, նշանակված դեղանյութը օգտագործել տանը: Ձախ ձեռքի ցուցամատով և բութ մատով ստորին կոպը պետք է ներքև իջեցնել, իսկ աջ ձեռքով բռնել ապակե ձողիկը և դեղն զգուշորեն քսել կոպեզրին: Նույնը կատարել վերին կոպի հետ: Որոշ դեպքերում լավ է ազդում կոպերի մերսումը, որը պետք է կատարի բժիշկը:

Կանխարգելման նպատակով՝ հիգիենային պայմանների բարելավում, օրգանիզմի ընդհանուր առողջացում, Կ-ի առաջացմանը նպաստող հիվանդությունների բուժում, լիարժեք և բազմազան սնունդ, աչքի օպտիկ. թերության ուղղում ակնոցի միջոցով:

ԿՈՍՄԵՏԻԿՍ (հուն.՝ հարդարելու, գեղեցկացնելու արվեստ), մարդու մաշկը խնամելու և արտաքինը գեղեցկացնելու միջոց: Դեռևս հին ժամանակներից տարբեր ժողովուրդներ կիրառել են կոսմետիկ. միջոցներ և եղանակներ: Եգիպտոսում (մ.թ. 2000 տարի առաջ) այդ նպատակով օգտագործել են տարբեր յուղեր, մուշկ, զմուռս և այլ միջոցներ պարունակող բուրավետ նյութեր: Ասորեստանում (մ.թ. 500 տարի առաջ) կանայք մարմնին, տղամարդիկ մազերին քսում էին բուրավետ նյութեր: Գաղտնիքներին տիրապետում էին միայն կոսմետիկ. միջոցներ պատրաստող քրմերը: Հին Հայաստանում տարածում գտած կոսմետիկ. միջոցների բաղադրության մեջ (ինչպես և այժմ մտնում էին կենդ. և բուս. ճարպեր, եթերայուղեր, խեժեր, ներկեր ևն: 16-18-րդ դդ տարածում են ստացել կարմրաներկը, գրիմը, դիմափոշին, սպիտականերկը:

Աստիճանաբար Կ. դադարել է միայն գեղեցկանալու արվեստ լինելուց, այն ներառել