Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/343

Այս էջը հաստատված է

է նաև մաշկի, մազերի, եղունգների, ինչպես նաև զարգացման բնածին արատներով կամ ձեռքբերովի հիվանդություններով պայմանավորված մի շարք կոսմետիկ. թերությունների բուժումը:

Ավելի ուշ Կ. պայմանականորեն սկսեցին բաժանել հիգիենային, բժշկ. և գեղազարդիչ Կ-ի: Բժշկ. Կ-ի հիման վրա ձևավորվեց կոսմետոլոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է տարբեր ծագման կոսմետիկ. թերությունների առաջացման պատճառները և մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ: Կոսմետոլոգիան սերտորեն առնչվում է մաշկաբանության, ներզատաբանության, վիրաբուժության և այլ բժշկ. գիտությունների, ինչպես նաև օծանելիքի արտադրության հետ, քանի որ կոսմետոլոգները քիմիկոսների, դեղագործների հետ համատեղ ուսումնասիրում և մշակում են արդյունավետ ու անվնաս կոսմետիկ. միջոցներ:

Հիգիենային կոսմետիկան ուղղված է մարդու մարմնի բնական գեղեցկության պահպանմանը: Մարդը կարող է հրապուրիչ և գեղեցիկ լինել ցանկացած տարիքում: Սակայն այդ ամենից առաջ նա պետք է առողջ լինի, բարեկեցիկ ապրելակերպ ունենա, պահպանի աշխատանքի, հանգստի և սնման ճիշտ ռեժիմը, շարժուն լինի, կանոնավոր զբաղվի ֆիզկուլտուրայով, խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները, բարձրացնի օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը հիվանդությունների հանդեպ (տես Օրգանիզմի կոփում)՝ կիրառելով ջրային բուժարարողություններ, օդային և արևային լոգանքներ ևն: Կարևոր է նաև հիվանդության ժամանակին կանխարգելումն ու բուժումը: Վայելուչ կազմվածքը և կանոնավոր կեցվածքը պահպանելու, մշտապես զգաստ և խնամված լինելու ձգտումը երիտասարդ տարիքում հեշտ է իրականացնել, հատկապես, եթե մարդը զբաղվում է ֆիզկուլտուրայով և սպորտով: Տարեցտարի օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, մարդիկ ավելի քիչ են շարժվում (տես Թերշարժունություն), հաճախ գիրանում են: Հարկավոր է հետևել մարմնի քաշին, եթե շեղումները տարիքային նորմայից գերազանցում են 10%-ով (տես Մարդու քաշը), պետք է խորհրդակցել բժշկի հետ: Քաշը նվազեցնելու համար չի կարելի օգտվել ինքնուրույն կազմած սննդակարգից, չարաշահել բաղնիքում լողանալը, չափից ավելի ֆիզ. բեռնվածությունը: Պետք չէ փորձել չափազանց արագ նիհարել կամ ավելացնել քաշը, դա պետք է անել աստիճանաբար: Շատ արագ նիհարելիս այտերի, կզակի, պարանոցի, որովայնի, կաթնագեղձերի մաշկը կախ է ընկնում, արագ գիրանալիս մաշկի առաձգական թելերի պատռման հետևանքով առաջանում են մաշկի բարակած, գծավոր հատվածներ՝ զոլեր (ստրիաներ): Չափից ավելի գիրությունը ծերացնում է: Կանոնավոր կեցվածքը (չարտացցված թիակներով ուղիղ մեջքը, փոքր-ինչ հետ գցած գլուխը, ազատորեն հետ տարած ուսերը) և գեղեցիկ է, և օգտակար, բարելավվում են արյան շրջանառությունը, շնչառությունը, նյութափոխանակությունը: Մարմինը պետք է լինի շարժուն, ճկուն, շարժումները՝ ազատ, ռիթմիկ, սահուն: Ձեռքերը թափահարելու, ազդրերը ճոճելու, ոտքերը լայն բացած կանգնելու, ձեռքերը կանթելու սովորույթը տգեղացնում է (հատկապես՝ կնոջ) արտաքինը: Նստելիս իրանը և գլուխը հարկավոր է ուղիղ պահել, ծնկներն իրար միացնել: Աշխատելիս, հատկապես եթե ստիպված եք ամբողջ ժամանակ նստել կամ կանգնել, հարկավոր է ամեն օր կատարել արտադր. և ամենօրյա առավոտյան մարմնամարզություն (տես Լիցքային վարժություններ):

Մաքրասիրությունն ու խնամվածությունը գեղեցկության ուղեկիցներն են: Հիգիենային խնամքի հմտությունները հարկավոր է զարգացնել մանկուց: Անհրաժեշտ է պահպանել մաշկի թարմությունը, մազերի գեղեցկությունը, ատամների սպիտակությունը ևն: Դրանք խնամելու համար հարկավոր է օգտագործել լոսյոններ, օճառներ, շամպուններ, ատամի մածուկներ և հատուկ թրմախառնուրդներ, սափրվելու մաշկաքսուքներ, մաշկի պաշտպան., մաքրող, սնուցող և օծանելիքի արդ-յան արտադրած այլ միջոցներ: Այդ մասին մանրամասն տես Մազեր, Ատամներ, Մաշկ, Եղունգներ հոդվածներում:

Բժշկական կոսմետիկան ընդգրկում է մաշկի և նրա հավելումների անբարենպաստ փոփոխությունների կանխարգելումն ու վերացումը, կոսմետիկ. թերությունների և հիվանդությունների բուժումը՝ պահպանող մեթոդներով ու վիրաբուժ միջամտությամբ (կոսմետիկ. վիրաբուժություն): Մաշկի և նրա հավելումների անբարենպաստ փոփոխությունները սովորաբար կապված են տարիքի հետ և դրսևորվում են մաշկի առաձգականության, փափկության կորստով, բարակումով, գույնի փոփոխությամբ, մազերի նոսրացմամբ ևն: Դեմքի և պարանոցի մաշկի ոչ ճիշտ խնամքի հետևանքով կարող են շատ վաղ առաջանալ կնճիռներ, որին նպաստում են նաև անբարենպաստ կլիմայական պայմանները (քամի, սառնամանիք, արևային ճառագայթում), մասնագիտ. և այլ գործոններ: Կնճիռներ կարող են առաջանալ ծանր հիվանդությունների, ապրումների, երկարատև գերհոգնածության, ալկոհոլի չարաշահման հետևանքով օրգանիզմի վաղաժամ ծերանալուց: Երբեմն դրանք ի հայտ են գալիս երիտասարդների մոտ՝ դիմափոշու, ինչպես նաև գեղազարդիչ Կ-ի միջոցների և մաշկաքսուքների, լոսյոնների կամ ոչ իրազեկ անձանց կողմից նշանակված միջոցների չափից ավելի օգտագործման, ինչպես նաև մկանների գերլարման (ճակատը կնճռոտելու, աչքերը կկոցելու սովորություններ) հետևանքով: Միայն կոսմետոլոգը կարող է օգտակար խորհուրդներ տալ՝ ելնելով յուրաքանչյուր մարդու մաշկի առանձնահատկություններից:

Մաշկի ժամանակից շուտ թառամելը, տարիքային փոփոխությունները կարելի է կանխել կամ մեղմել մերսման, դիմակների, լոսյոնների և կենսբ. ակտիվ նյութեր պարունակող մաշկաքսուքների, բժշկի անհատականորեն նշանակած ֆիզիոթերապևտիկ. բուժարարողությունների շնորհիվ: Եթե մաշկն արդեն կախ է ընկել, և առաջացել են կնճիռներ, ապա կարելի է վերացնել միայն վիրահատ. ճանապարհով (պլաստիկ. վիրահատություն): Կնճիռների վաղաժամ առաջացումը կանխելու համար, առողջությունն ամրապնդելուց և մաշկի ճիշտ խնամքից բացի, օգտակար է նաև դեմքի և պարանոցի մկանների մարզումը:

Բժշկ. Կ. ընդգրկում է չափից ավելի չորության կամ ճարպոտության, գունակավորման խանգարումների (պեպեններ), մազերի (տես Ճաղատություն) հիվանդություններով պայմանավորված արատների (օրինակ՝ պզուկներ, ճարպահոսություն) բուժումը, խալերի, մազոտության, սպիների և դաջվածքների, դեմքի զարգացման արատների (տես Բնածին արատներ), ինչպես նաև վնասվածքների պատճառով առաջացած ոսկրային թերությունների վերացումը: Բժշկ. Կ-ում առավել լայնորեն կիրառվում են մերսումը, դեմքի մաշկի մաքրումը, դիմակները, մկանների մարզումը:

Մերսում: Կոսմետիկ. բուժարաններում կատարում են ընդհանուր հիգիենային, դեմքի, պարանոցի, գլխի մազածածկ մասի մերսում: Կոսմետիկ. մերսումը բարենպաստ է ազդում մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի և մկանների վրա, ուժեղացնում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի գործունեությունը, նպաստում է մաշկի եղջերային մահացած բջիջների անջատմանը (տես Մաշկ,