Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/345

Այս էջը հաստատված է

մաշկի համար, քանի որ պարունակում են վիտամիններ, ածխաջրեր, երկաթ և թարմացնող, մաքրող ու սպիտակեցնող այլ նյութեր: Թարմ հատապտուղները, մրգերը, տարբեր բանջարեղենը լավ լվանում են, կեղևը մաքրում, այնուհետև փայտե գդալով տրորում կամ քերիչով քերում: Ստացված հյութով և խյուսով տոգորում են թանզիֆե անձեռոցիկը, թեթևակի քամելով՝ դնում դեմքին (նախապես սնուցող մաշկաքսուք քսելուց հետո), թողնում 15-20 ր, այնուհետև՝ լվանում տաք ջրով: Հատապտուղներում և մրգերում պարունակվող թթուների գրգռող ազդեցությունը պակասեցնելու համար պատրաստած խյուսը խառնում են կաթնասերի, ձվի դեղնուցի կամ թթվասերի հետ՝ հավասար հարաբերությամբ (չոր մաշկի դեպքում), կաթիլներով զգուշորեն ավելացնում 1 թեյի գդալ մրգահատապտղային կամ բանջարեղենային հյութը: Այս դեպքում դիմակը դրվում է անմիջապես մաշկի վրա:

Դեմքի մաշկի գերգունակավորման ժամանակ առավել սպիտակեցնող ազդեցություն ունեն վարունգից և կիտրոնից պատրաստված դիմակները: Թարմ վարունգը քերում են քերիչով և խառնում 1 ճաշի գդալ սնուցող մաշկաքսուքի հետ կամ 1 ճաշի գդալ վարունգի հյութը խառնում են 1 թեյի գդալ բորակի հետ: Դիմակը դնում են 20-30 ր: Կիտրոնից դիմակ պատրաստելու համար կիտրոնի հյութը խառնում են կարտոֆիլի կամ ցորենի ալյուրի հետ (հավասար մասերով):

Խոտաբույսերից և այլ բույսերից պատրաստած դիմակներն օգտակար են ճարպոտ կամ թառամած մաշկի համար: Խառնուրդները պատրաստում են չորացած բույսերից (սրոհունդ, եղեսպակ, կատվալեզու, երիցուկ, գայլուկ, վարդի թերթիկներ, լորենու ծաղիկներ, մաղադանոս ևն): Բաղադրությունը պետք է համաձայնեցնել բժշկի հետ: 2 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնում են եռջուր, 2-3 ր պահում թույլ կրակի վրա: Հովացած զանգվածը թանզիֆե անձեռոցիկներով (ինչպես մրգային դիմակները) 20 ր ընթացքում 2-3 անգամ դնում են դեմքին՝ դրանք լրացուցիչ խոնավացնելով եփուկով: Դիմակը լվանում են տաք, այնուհետև՝ սառը ջրով:

Ճարպոտ մաշկի համար չորացնող և հակաբորբոքային ազդեցություն ունեն վաղենակից պատրաստած դիմակները: Բամբակի բարակ շերտը թրջել վաղենակի թուրմի լուծույթով (1 ճաշի գդալ թուրմը՝ 0,5 բաժակ ջրին) և դնել մաշկի վրա՝ 15-20 ր, լուծույթին կարելի է ավելացնել վարսակի կամ ցորենի ալյուր՝ մինչև թթվասերի խտության զանգված ստանալը: Դիմակը լվանալ տաք, ապա՝ սառը ջրով:

Բուժ. նպատակներով կոսմետոլոգ. կաբինետներում օգտագործում են գետասպունգի, պարաֆինի, չորացնող դիմակներ: Ցանկացած բուժ. դիմակ կտրականապես արգելվում է օգտագործել ինքնուրույն. դրանց օգտագործման և բաղադրության նպատակահարմարությունը որոշում է կոսմետոլոգը:

Մարմնամարզություն: Ճիշտ կեցվածքի պահպանման ու մշակման, որովայնի, ազդրերի, մեջքի մկանների ամրապնդման համար կիրառվում են մարմնամարզ. վարժությունների հատուկ մշակված համալիրներ, որոնք նշանակում է բժիշկը՝ հաշվի առնելով մարդու օրգանիզմների անհատ. առանձնահատկությունները և առողջ. վիճակը:

Դեմքի և պարանոցի մկանների տոնուսի բարձրացման համար կան մարմնամարզ. վարժությունների հատուկ համալիրներ: Առավել պարզերը կարելի է սովորել և առավոտյան ինքնուրույն կատարե:

Հարկավոր է աթոռի վրա հարմար դիրք գրավել և կրել շարժումները չսահմանափակող ազատ հագուստ: Դեմքի, պարանոցի մաշկը նախապես պետք է մաքրել լոսյոնով, մարմնամարզությունից առաջ դնել տաք ջրով կոմպրես:

Վարժություն 1. Խորը շնչառում՝ քթով, թուլացրած շրթունքներով հավասարաչափ արտաշնչում՝ բերանով (2 անգամ): Վարժություն 2: Խորը շնչառում՝ քթով, շնչառությունը պահել 1-2 վրկ, այնուհետև, այտերն ուռեցնելով և շրթունքներն իրար միացնելով օդը հրումներով արտաշնչել բերանով: Վարժություն 3: Ձախ ձեռքով բռնել աջ այտն այնպես, որ բութ մատը լինի բերանի խոռոչի կողմում, իսկ մյուս 4 մատները՝ դրսում: Այնուհետև արտաշնչել քթով և այդ ընթացքում ժպտալ, որը մկաններին կստիպի կծկվել, իսկ ձախ ձեռքի մատներով հակազդելով՝ այտը պահել հանգիստ վիճակում: Ապա բերանով հանգիստ արտաշնչել՝ մատները սեղմած պահելով, նույնը կատարել՝ աջ ձեռքով ձախ այտը բռնելով: Յուրաքանչյուր կողմի համար կրկնել 2 անգամ: Վարժություն 4: Շնչառում քթով, լեզուն ուժեղ սեղմել ստորին ծնոտի լնդերի ներսային մակերևույթին, որը կուղեկցվի կզակի, պարանոցի մկանների կծկումներով: Արտաշնչումը՝ բերանով, հավասարաչափ՝ թուլացած մկանների պայմաններում: Վարժություն 5: Շնչառում՝ քթով, արտաշնչում՝ բերանով՝ շրթունքները խողովակաձև երկարացնելով, այս դեպքում բերանի անկյունները պետք է տեղում պահել 2 ձեռքի մատներով: Կրկնել 4 անգամ: Վարժություն 6: Աջ ձեռքով պահել պարանոցի ձախ կեսը, կատարել շնչառում (պարանոցի մկանները ձգվում են ներքև), ձախ ձեռքով պահել բերանի անկյունը: Արտաշնչումը՝ բերանով, հավասարաչափ՝ թուլացած մկանների պայմաններում: Այնուհետև նույնը կատարել պարանոցի աջ կեսով և բերանով: Վարժություն 7: Սևեռել հոնքերի շրջանը՝ 2 ձեռքի բութ մատներով ճակատոսկրին սեղմելով, փորձել հոնքերը վեր բարձրացնել (ճակատի մկանները կծկելով)՝ մատներով հոնքերն իրենց տեղում պահելով: Կրկնել 4 անգամ: Վարժություն 8: Յուրաքանչյուր ձեռքի 3 մատը պետք է դնել փակ աչքերին այնպես, որ 2-րդ մատով թեթևակի սեղմելով՝ սևեռվի աչքի դրսային անկյունը, 3-րդով՝ հոնքամեջը, 4-րդով՝ աչքի ներսային անկյունը, կկոցել աչքերը՝ մատներով հակազդելով դրան: Կրկնել 4 անգամ: Վարժություն 9: Նախատեսված է պարանոցի վերին մասի, բերանի խոռոչի հատակի և կզակի մկանների ամրապնդման համար: Կտրուկ հետ թեքել գլուխը, թուլացնել ստորին ծնոտը, կիսաբաց անել բերանը, այնուհետև պարանոցի մկանները լարելով՝ դանդաղ և ուժով փակել բերանը՝ ստորին ծնոտն առաջ բերելով այնպես, որ ստորին շրթունքը ծածկի վերինին: Այդ շարժումները կրկնել այնքան, մինչև կզակային շրջանի մկաններում թեթևակի ցավեր առաջանան: