Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/348

Այս էջը հաստատված է

կամ մի քանի ամիս անց) նպատակով: Հաջողությամբ կատարվում են քթի մեջքային մասի ծռումների կամ անկումների, քթի ծայրի ձևախախտման կամ բացակայության, սապատավոր քթի շտկման, ստորին ծնոտի թերզարգացման ժամանակ ոսկրապատվաստման վիրահատություններ (տես Ատամնակծվածք), ականջախեցիների ձևախախտման, դեմքի տարիքային փոփոխությունների (վերին կոպերի շրջանում ավելորդ մաշկի, այտերի ու պարանոցի կախ ընկած ու թառամած մաշկի, աչքերի տակ գոյացած պարկիկների) վերացման վիրահատություններ: Կիրառում են գլխի ճաղատ հատվածներում մազերի փոխպատվաստման մեթոդներ:

Մշակվում են մարմնի ձևախախտումների և արատների (հատկապես որովայնի, ազդրերի, նստատեղի վրա ճարպի ավելցուկի կուտակման դեպքում) վերացման, կաթնագեղձերի ձևի շտկման վիրահատություններ: Վիրահատ. ճանապարհով հեռացնում են դաջվածքները, խալերը ևն: Մասնավորապես ծավալուն դաջվածքները, մաշկի մեջ ներծծված ածխափոշին վերացնելու նպատակով մշակվել է մաշկի հղկման (դերմաբրազիա) մեթոդ՝ մետաղե բորի կամ մաշկահատիչի օգնությամբ, որը մաշկաշերտը կտրում է 0,1-1 մմ հաստությամբ: Մանր գոյացությունները (պապիլոմաներ), մանր դաջվածքները վերացնելու համար կատարում են նաև էլեկտրամակարդում (էլեկտրակոագուլում):

Վիրահատության տեսակից և հիվանդի վիճակից կախված՝ կոսմետիկ. վիրահատությունները կատարում են ամբուլատորիայում կամ հիվանդանոցում:

Գեղազարդիչ կոսմետիկա, տարբեր միջոցների օգտագործումը՝ դիմագծերի, մազերի, աչքերի և արտաքին տեսքի գրավչությունն ընդգծելու, կոսմետիկ. թերությունները քողարկելու նպատակով: Օգտագործում են գեղազարդիչ տարբեր միջոցներ՝ դիմափոշի, կարմրաներկ, շրթներկ, մազերի, հոնքերի, թարթիչների ներկեր, եղունգների և մազերի լաք, սանրվածքի սևեռիչ (ֆիքսատոր), կեղծամեր ևն:

Գեղազարդիչ կոսմետիկ. միջոցներն օգտագործվում են՝ հաշվի առնելով կնոջ հարդարանքը և տարիքը, ժամանակը, վայրը, որտեղ պետք է գտնվի: Այն չպետք է ճչան լինի, այլապես կինն անպատշաճ տեսք կունենա: Կոսմետիկ. միջոցներից օգտվելու հմտությունը որոշ իմաստով արվեստ է, որին պետք է տիրապետել: Ամենից առաջ Կ. չպետք է քողարկի մաշկի, աչքերի, մազերի բնական գեղեցկությունը: Դա վերաբերում է հատկապես երիտասարդներին. 17-20 տարեկան աղջիկներին խորհուրդ է տրվում գեղազարդիչ կոսմետիկ. միջոցներից օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բայց տոնակատարությունների ժամանակ թույլատրվում է դեմքին թեթևակի դիմափոշի քսել, անգույն շրթներկով կամ շրթունքների փայլով շրթունքները փափկացնել, թարթիչները թեթևակի ներկել (եթե դրանք մազերից բաց գույն ունեն), եղունգները բաց գույնի լաքով պատել: Գեղազարդիչ կոսմետիկ. միջոցները ոչ հմուտ օգտագործելիս երիտասարդ կանայք իրենց տարիքից մեծ են երևում և, հակառակը, հասուն տարիքի կանայք դրանց օգնությամբ կարող են ավելի երիտասարդ երևալ: Ցերեկային գրիմն ամբողջությամբ պետք է նուրբ և քիչ նկատելի լինի, երեկոյան թույլատրվում են շրթներկի, դիմափոշու ավելի վառ երանգներ: Շիկահերներին սովորաբար խորհուրդ է տրվում բաց գույներ, թխահերներին՝ մուգ, 50 տարեկանից բարձր կանանց՝ ոչ վառ գույներ:

Շպարվելիս (մակիյաժ) պետք է պահպանել որոշակի հաջորդականություն, մաքուր դեմքին սկզբում քսում են ցերեկային մաշկաքսուք, մի քանի ր անց ավելցուկը հանում են կոսմետիկ. անձեռոցիկով, այնուհետև գուներանգային մաշկաքսուքով կամ դիմափոշիով դեմքի մաշկին տալիս են որոշակի երանգ: Գուներանգային մաշկաքսուքը կամ դիմափոշին քսելուց առաջ անհրաժեշտության դեպքում կարելի է այտերը ներկել կարմրաներկով: Չոր կամ բնականոն մաշկի դեպքում ավելի լավ է օգտագործել ճարպային կարմրաներկ, իսկ ճարպոտ մաշկի դեպքում՝ հեղուկ (ջրասպիրտային) կամ չոր (փոշենման) կարմրաներկ, որը հավասարաչափ բարակ շերտով քսում են այտերի վերին մասին: Չափից ավելի կարմիր ներկից դեմքն ընդունում է անբնական («տիկնիկի») տեսք, և կինն ավելի տարիքով է երևում: Կանոնավոր դիմագծերի և ձվաձև դեմքի դեպքում գուներանգային մաշկաքսուքը և դիմափոշին հավասարաչափ քսում են ամբողջ դեմքին: Եթե ճակատը նեղ է կամ լայն, քիթը՝ սապատավոր, չափից ավելի փոքր կամ երկար, կզակը՝ ասպանդակավոր, այտոսկրերը՝ լայն, դեմքը՝ խիստ երկար կամ ներքևի մասը երկարած, այդ արարողությունից հարկավոր է օգտվել այնպես, որ դիմագծերն ավելի կանոնավոր երևան: Հիշեք, որ բաց գույնի դիմափոշի օգտագործելիս դեմքը մեծ է երևում, դեմքի մասերը՝ ավելի ուռուցիկ, մուգ երանգի դեպքում դեմքը փոքր է երևում, ուռուցիկ մասերը դառնում են աննկատ: Լայն, կլոր դեմքը կանոնավոր երևալու համար դեմքի կենտր. մասին քսում են ավելի բաց երանգի դիմափոշի, գրիմ կամ գուներանգային մաշկաքսուք, այտերի շրջանում ավելի մուգ: Չափից ավելի երկար դեմքին լավ է բաց գույնի դիմափոշին քսել այտերին, քունքերին: Դիմափոշու գույնը պետք է ընտրել՝ կախված մաշկի, աչքերի և մազերի գույնից, տարվա եղանակից: Թխամաշկ թխահերներին ավելի հարմար է ընկույզի, արևայրուկի գույնը, շիկահերներին՝ բաց վարդագույնը, մարմնագույնը, ռաշելը: Որոշ թերություններ կարելի է հարթել դիմափոշու ավելի մուգ երանգներով: Պարանոցը և դեմքը հարկավոր է ներկել նույն երանգով: Մեկ գաղտնիք ևս. դիմափոշին պետք է գուներանգային մաշկաքսուքից մի քիչ բաց լինի:

Օծանելիքի արտադրությունը թողարկում է բազմատեսակ դիմափոշիներ, փոշի, հոծ, հեղուկ գուներանգային, մաշկաքսուք-դիմափոշի: Փոշի դիմափոշիները լինում են սպիտակ, վարդագույն (4 երանգով), ռաշել (2-3 երանգով), արևայրուկի գույնի (մուգ և բաց): Դիմափոշին մաշկին քսում են բարակ շերտով՝ բամբակե խծուծով կամ խավափնջիկով: Հոծ դիմափոշիները (հարմար են պահելու համար) նախատեսված են ցանկացած մաշկի, հեղուկ գուներանգային դիմափոշիները՝ ճարպոտ մաշկի, իսկ մաշկաքսուք-դիմափոշիները՝ չոր մաշկի համար:

Հոնքերը ներկելիս հարկավոր է հոնքերի մատիտով (մազերի աճման ուղղությամբ, թեթև ստվերագծային շարժումներով) հոնքերին որոշակի ձև տալ: Շիկահեր կամ բաց գույնի մաշկով կանանց խորհուրդ է տրվում օգտագործել դարչնագույն, թխահեր և թխադեմ կանանց՝ սև մատիտ: Մատիտների բաղադրության մեջ մտնում են մեղրամոմ, օծանելիքի յուղ, պարաֆին և ներկեր (մուր, գունակներ ևն):

Հոնքերը մատիտով կայուն չեն ներկվում: Հոնքերը և թարթիչները կայուն ներկել կարելի է կոսմետոլոգ. կաբինետներում, որտեղ հոնքերին կարող են տալ դիմագծերին առավել հարմար ձև: Այդ նպատակով կոսմետոլոգ. կաբինետ պետք է հաճախել 2-3 շաբաթը 1 անգամ:

Աչքերը դեմքի ամենաարտահայտիչ մասն են, ուստի գրիմը դնելիս հարկավոր է մեծ զգուշություն: Կոպերի ստվերաներկը քսում են վերին կոպի մաշկին՝ շատ բարակ շերտով անցնելով հոնքերի տակ: Ցանկալի է ստվերաներկի երանգը ճիշտ ընտրել, այն պետք է ներդաշնակի մաշկի, աչքերի, հագուստի գույնին: Սովորաբար մուգ գույնի ստվերաներկը քսում են թարթիչների աճման գծին մոտ, իսկ ամենաբաց երանգը՝ հոնքերի տակ: