Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/362

Այս էջը հաստատված է

ջրին: Որևէ հյութի (հիմնականում՝ նարնջի, մանդարինի, ելակի) հանդեպ անհանդուրժողականության՝ ալերգ. հակազդեցությունների դեպքում կարելի է դրանք փոխարինել՝ խորհրդակցելով բժշկի հետ: Խաղողի հյութն արագացնում է խմորման գործընթացները, ուստի մինչև 1 տարեկանը խորհուրդ չի տրվում: Ալերգ. հակազդեցություններից խուսափելու համար հյութերը տալ աստիճանաբար՝ սկսել 3-5 կաթիլից՝ յուրաքանչյուր օր ավելացնելով գրեթե նույնքան, 5 ամսականում օրական հասցնել 50 մլ: Հյութի օրաբաժինը կարելի է խմեցնել 2-3 անգամ:

1.5-2 ամսականում երեխայի սննդին կարելի է ավելացնել խնձորի խյուս՝ սկսելով 0,5 թեյի գդալից, աստիճանաբար ավելացնելով՝ հասցնել օրը 50 գ: Այն պարունակում է վիտամիններ, հանքային աղեր, ինչպես նաև բջջանյութ, որը լավացնում է մարսողությունը և կանխում փորկապությունը: Կարելի է տալ նաև այլ մրգախյուսեր:

3,5 ամսականում, շաբաթը 2-3 անգամ, սննդին կարելի է ավելացնել կաթնաշոռ (0,5 թեյի գդալից աստիճանաբար հասցնելով 30-40 գ), սերուցք (3-5 կաթիլից հասցնել 5-10 մլ):

4-4,5 ամսականում օրաբաժնում ավելացնել ձվի դեղնուց, սկսել 0,25-ից, աստիճանաբար հասցնել 0,5-ի: Ձուն պինդ եփել և տրորել կրծքի կամ կովի կաթով: 4.5-5 ամսականում տալ 1-ին լրացուցիչ սնունդը՝ բանջարեղենի խյուս (ցանկալի է բանջարեղենների խառնուրդից): Պետք է սկսել հեշտ յուրացվող բանջարեղենից (կարտոֆիլ, գազար): Դրանք շոգեխաշել կամ եփել քիչ ջրով, անցկացնել մաղով, այնուհետև ավելացնել աղ և բանջարեղենի ծավալի 1/3-1/4 չափով կովի (եռացրած) կամ կրծքի կաթ: Խյուսին կարելի է ավելացնել նաև քիչ քանակությամբ բուս. յուղ, կաթնաշոռ, հետագայում՝ նաև միս: Սկզբում պետք է տալ 1-2 թեյի գդալ և 2 շաբաթվա ընթացքում հասցնել 150-160 գ: Բանջարեղենի խյուսը և լրացուցիչ կերակուրը տալ օրվա կեսին: Խորհուրդ չի տրվում լրացուցիչ կերակրումը սկսել սպիտակաձավարի շիլայով կամ անուշապուրով, դրանք պարունակում են շատ ածխաջրեր, որից վատանում է մարսողությունը, հնարավոր են բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածություն և երեխայի գիրացում: Լրացուցիչ կերակուրը տալ գդալով:

5 ամսական երեխային օրական 4 անգամ կերակրել կրծքով, 1 անգամ բանջարեղենի խյուսով, հյութով, կաթնաշոռով, սերուցքով:

5-6 ամսականում տալ 2-րդ լրացուցիչ կերակուրը: Գերադասելի են կրծքի կամ կովի կաթով տրորած հնդկացորենի, բրնձի, վարսակի շիլաները, որոնց կարելի է ավելացնել 2-3 գ սերուցքային կարագ, կաթնաշոռ, սերուցք: Սրանք ևս պետք է տալ աստիճանաբար՝ հասցնելով այն քանակության, որով փոխարինվի 1 կերակրումը: Շիլաներ կարելի է պատրաստել տարբեր ձավարների խառնուրդներով:

6-7 ամսականում երեխային կարելի է կերակրել մսի արգանակով՝ սկսելով 1-2 թեյի գդալից, աստիճանաբար հասցնել 50 մլ: Արգանակը պաքսիմատով կարելի է տալ ցերեկը, այնուհետև՝ բանջարեղենի խյուս (2-րդ), հետո՝ հյութ (3-րդ), և այդպիսով կստացվի լիարժեք ճաշ:

8 ամսականում հարկավոր է երեխային 3 անգամ կերակրել կրծքով, 1 անգամ շիլայով և 1 անգամ արգանակով ու բանջարեղենի խյուսով:

7,5-8 ամսականում երեխայի օրաբաժնում կարելի է ներառել միս, սկզբում 2 անգամ աղացած խճողակի տեսքով (աստիճանաբար ավելացնելով՝ օրը մինչև 1 ճաշի գդալ): 10 ամսականում երեխան կարող է ուտել միս և ձուկ (ոչ ճարպոտ)՝ խճողակի կամ մսագնդիկների տեսքով, իսկ 1 տարեկանում՝ շոգեխաշած կոտլետներ:

8 ամսականից կրծքով 3 կերակրումներից 1-ը փոխարինել անարատ կաթով: Սնուցման ռեժիմը կարելի է կազմակերպել հետևյալ հաջորդականությամբ, կրծքի կաթ, շիլա, կաթնաշոռ կամ ձվի դեղնուց + մրգախյուս, պաքսիմատով մսի արգանակ + բանջարեղենի խյուս, մսի խճողակ + մրգահյութ, կաթնաշոռ + մրգախյուս, կրծքի կաթ: Տարվա վերջին պետք է սնունդն աստիճանաբար թանձրացնել և քիչ տրորել:

1 տարեկան երեխային, որն արդեն լիարժեք և բազմատեսակ սնունդ է ստանում, կարելի է կրծքից կտրել (բայց ոչ շոգ կամ երեխայի հիվանդության ժամանակ), իսկ մայրն այդ շրջանում պետք է սահմանափակի հեղուկների օգտագործումը, հագնի կուրծքը ձգող կրծքակալ, և 3-4 օրից կաթ չի արտադրվի:

Երեխայի դաստիարակությունը պետք է սկսել վաղ մանկ. տարիքից, առանց բռնության, բայց համառությամբ, որի համար պահանջվում է մեծ աշխատանք և համբերություն: Աստիճանաբար անցնել պարզից բարդին՝ մշտապես կրկնելով և ամրապնդելով անցածը: Մինչև երեխայի 1 տարեկանը ջանքերն ուղղել հիմնականում օրվա ճիշտ ռեժիմի կազմակերպմանը, շարժող. ունակությունների, տեսող. և լսող. ընկալումների խոսքի զարգացմանը: Երեխան պետք է ունենա օրվա (քնի, արթուն մնալու, կերակրման, զբոսանքի) խիստ ռեժիմ, որին արագ ընտելանում է, և խնամքը հեշտանում է, հակառակ դեպքում երեխան վատ է քնում, դառնում է քմահաճ, անկանոն սնվելուց ախորժակը վատանում է, քաշը պակասում:

Ճիշտ խնամքի, հիգիենային հետևելու դեպքում երեխայի մոտ ձևավորվում է հագուստի և բարուրաշորերի մաքրության, սպիտակեղենի հաճախակի փոխելու սովորություն: Լավ են վարժվում նաև ամենօրյա լվացումներին, լոգանքներին: Մանկուց ձեռք բերված հիգիենային ունակությունները դաստիարակության և կոփման կարևորագույն գործոնն են:

Երեխային անհրաժեշտ է պետքանոթի սովորեցնել, երբ նա սկսում է վստահ նստել: Քնելուց առաջ և հետո անպայման նստեցնել պետքանոթին, իսկ գիշերը, որպեսզի քունը չխանգարվի, խորհուրդ չի տրվում: Պետքանոթին շատ հաճախ նստեցնել և երկար թողնել չի կարելի, գերադասելի է որոշ ժամանակ անց նորից նստեցնել:

Անհրաժեշտ է փոքրիկի շարժող. ակտիվությունը զարգացնել՝ հիմնականում մերսման և մարմնամարզության միջոցով, սակայն չստիպել երեխային անել այն, ինչը չի կարող: Օրինակ՝ երբեք երեխային չնստեցնել և չկանգնեցնել ժամանակից շուտ, որովհետև նա աճման ու զարգացման ընթացքում դրանք ինքնուրույն է անում, հակառակ դեպքում կարող են առաջանալ ողնաշարի և ոտքերի ծռումներ: Զարգացմանը նպաստում են խաղերն ու խաղալիքները, որոնցով կատարելագործվում են շարժումները, ձեռք բերվում ինքնուրույնություն և կենտրոնանալու ունակություն:

Կարևոր է նաև ճիշտ ընտրել երեխայով զբաղվելու ժամանակը, որից նա հաճույք է ստանում (եթե քաղցած չէ և չի քնում):

3 ամսականից փոքրիկն սկսում է ակտիվ հետևել շրջապատին, առաջանում է տարբեր առարկաների հանդեպ հետաքրքրություն, ձգտում է դրանց, ուստի նրան անհրաժեշտ են տարբեր ձևերի ու վառ գույների խաղալիքներ: Երեխայի հետ պետք է խոսել պարզ ու հասկանալի կարճ արտահայտություններով՝ չաղավաղելով բառերը, նրանց հետ շփվելիս նշել շրջապատի առարկաների անվանումնրը: 7 ամսականից երեխաները հասկանում են որոշ բառեր, շրջվում են նշված առակաների ուղղությամբ: Այդ շրջանում արդեն կարելի է սովորեցնել բառեր, բայց