Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/363

Այս էջը հաստատված է

կարևոր է, որ փոքրիկին տեսանելի լինեն շրթունքների շարժումները: Խաղերի համար ընտրել տաք առարկաներից հեռու տեղ: Երեխային գրկել 2 ձեռքով (բայց ազատ) ու վեր չթռցնել:

ԿՐԾՔԻ ԽՈՌՈՉ, տես Մարդ հոդվածում:

ԿԱԹ, կերակրող կնոջ կաթնագեղձերից (կրծքագեղձերից) արտադրվող արտազատուկ: Այն երեխայի կյանքի 1-ին ամիսների լավագույն սնունդն է, որն իր բաղադադրությամբ և սննդանյութերի հարաբերակցությամբ այդ տարիքում ավելի է համապատասխանում մարսողության առանձնահատկություներին:

Երեխայի ծնվելուց 2-3 օր հետո մոր կաթնագեղձերն արտադրում են թանձր, դեղնավուն հեղուկ՝ խիժ, որը պարունակում է շատ սպիտակուցներ ու աղեր, այսպես կոչված, խիժային մարմնիկներ: Խիժը հարուստ է հակամարմիններով (տարբեր հիվանդությունները կանխող նյութերով), ուստի շատ կարևոր է ծնվելուց հետո վաղ սկսել կրծքով կերակրելը:

3-2-րդ օրից կաթնագեղձերն սկսում են արտադրել, այսպես կոչված, անցումային կաթ, իսկ 2-4 շաբաթից՝ լիարժեք Կ.կ., որը սպիտակ է, մանրադիտակի տակ ճարպագնդիկների համաչափ կախույթի տեսք ունի: Լիարժեք Կ.կ. պարունակում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու վիտամինները, որոնց քանակն ու հարաբերակցությունը նպաստում են դրանց առավել մարսմանն ու յուրացմանը: Կ. կ. պարունակում է նաև հակամարմիններ, հորմոններ (մասնավորապես՝ վահանագեղձի) և ֆերմենտներ:

Կնոջ Կ. կ., կովի և այծի կաթի համեմատ, ավելի դյուրամարս է և արժեքավոր:

Կ.կ-ի սպիտակուցները հեշտ մարսվում և ներծծվում են նորածնի աղիքներում: Ճարպերը հեշտ յուրացվող ճարպային էմուլսիայի տեսքով են, որը նպաստում է դրանց ավելի շատ ներծծմանը: Ածխաջրերը, բացի իրենց սննդարար հատկություններից, խոչընդոտում են մանրէների աճն աղիքներում և նպաստում սննդի մարսմանն ու յուրացմանը: Կ. կ. պարունակում է աղեր, հատկապես՝ կալցիումի, ֆոսֆորի, որոնք անհրաժեշտ են երեխայի ողնաշարի ճիշտ ձևավորման ու զարգացման համար:

Արհեստ. կերակրվող երեխաները (հատկապես անբավարար խնամքի ու վատ հիգիենային պայմաններում) հաճախակի են հիվանդանում սուր շնչառ., ստամոքսաղիքային և ալերգ. հիվանդություններով: Բացի այդ, ածխաջրերով հարուստ, քաղցր կաթնախառնուրդներով կերակրումը երբեմն հանգեցնում է ճարպակալման:

Քանի որ մոր օրգանիզմ թափանցած նյութերն անցնում են Կ.կ-ի մեջ, ուստի կերակրող կինը պետք է խիստ հետևի իր սննդին (տես Սնուցում): Կաթի ավելցուկը կթում են, հանձնում Կ.կ-ի հավաքման կետ և մշակելուց հետո օգտագործում այս կամ այն պատճառով մոր կաթից զրկված երեխաներին կերակրելու համար:

Տես նաև Կրծքի երեխա:

ԿՐՆԿԱԽԻԹ, կրունկոսկրի վրա ոսկրային խիթանման գերաճ (առավել հաճախ՝ ոսկրի ներբանային մակերևույթին) ոտնաթումբը պահող մկանների և փակեղների կպման հատվածում, հազվադեպ՝ ոսկրի հետին մակերևույթին և աքիլեսյան ջլի կպման տեղում: Հաճախ հիվանդության պատճառը ոտնաթաթի կապանային ապարատի մշտ. և երկարատև վնասումն է (օրինակ՝ պարողների, մարզիկ-վազորդների մոտ), ինչպես նաև տափակաթաթությունը: Կ-ի առաջացմանը երբեմն նպաստում է մարմնի քաշի արագ ավելացումը: Հազվադեպ այն ի հայտ է գալիս վարակիչ հիվանդություններից, պոդագրայից հետո:

Սովորաբար Կ. առաջանում է 2 կրունկի վրա, երբեմն այն ընթանում է անախտանշան և զգացնել չի տալիս, բայց երբեմն քայլելիս առաջանում են կրունկի ներբանային մակերևույթի ուժեղ ցավեր (հաճախ՝ 1 ոտքի): Ցավերի ուժգնությունը ոչ միշտ է կախված խիթի մեծությունից: Հաճախ ոչ մեծ, նույնիսկ ռենտգենյան պատկերի վրա անտեսանելի ոսկրային գերաճն առաջացնում է ուժեղ ցավեր, որոնք կարող են մեղմանալ՝ խիթի աճմանը զուգընթաց: Կ-ի արտաքին դրսևորումները բացակայում են: Երբեմն ոսկրի ներբանային մակերևույթը սեղմելիս նկատվում է ցավոտություն:

Բուժումը նշանակում է բժիշկը, որը Կ. հայտնաբերում է հիվանդի գանգատների և ռենտգենյան նկարի հիման վրա: Բժշկությունն այժմ ունի այդ հիվանդության բուժման բավականաչափ արդյունավետ միջոցներ:

Սուր շրջանում (ուժեղ ցավերի ժամանակ) խորհուրդ է տրվում հանգիստ և քիչ քայլել: Սուր երևույթները մեղմանալիս կիրառում են շրջապատող հյուսվածքների վրա Կ-ի սեղմումը պակասեցնող միջոցներ: Այդ նպատակով պրոթեզարաններում պատրաստում են կոշիկի հատուկ միջատակեր, որոնք խիթի տեղադրությանը համապատասխանող հատվածում անցքեր ունեն:

Օգնում է նաև ինքնաշեն (թանզիֆից և բամբակից պատրաստված) «օղաբլիթը», որը գնում են կրունկի տակ: Ցավը բավականին մեղմացնում է նաև վերհակիչի (հատուկ միջատակ) օգտագործումը, որը նշանակում է բժիշկը: Կ-ով տառապող գեր մարդկանց խորհուրդ են տրվում մարմնի քաշը պակասեցնող միջոցներ:

Կանխարգելումը նույնն է, ինչ տափակաթաթության ժամանակ:

ԿՐՈՒՊ, կոկորդի լորձաթաղանթի բորբոքում և լուսանցքի նեղացում, որն ուղեկցվում է ձայնի պարբերաբար խռպոտությամբ, «հաչոցանման» հազով և շնչարգելությամբ: Առավել հաճախ հիվանդանում են 1-5 տարեկան երեխաները: Տարբերում են իսկական և կեղծ Կ.: Իսկական Կ. առաջանում է միայն դիֆթերիայի, իսկ կեղծը՝ սուր շնչառական հիվանդությունների, գրիպի և այլ դեպքերում: Անկախ առաջացման պատճառներից, Կ-ի հիմքում ընկած է կոկորդի մկանների կծկումը (տես Շնչառական համակարգ): Կ-ի ժամանակ կոկորդի լորձաթաղանթը բորբոքվում է և այտուցվում: Շնչելիս օդը գրգռում է կոկորդի բորբոքված լորձաթաղանթը և առաջացնում մկանների կծկում, որի հետևանքով կոկորդի լուսանցքը նեղանում է, շնչառությունը՝ դժվարանում: Բորբոքվում են նաև ձայնալարերը, ձայնը դառնում է խռպոտ, հազը՝ «հաչոցանման»:

Իսկական Կ-ի դեպքում դիֆթերիայով հիվանդի ձայնը դառնում է կոպիտ, խռպոտ, շնչառությունը՝ դժվարացած: Նշված երևույթները խորանալիս առաջանում է ձայնի լրիվ կորուստ, իսկ 2-րդ շաբաթվա սկզբին՝ շնչառության խանգարում: Նկատվում են շնչարգելություն (երեխան կապտում է, թուլանում, շուռումուռ գալիս անկողնում), սրտի գործունեության անկում, ժամանակին չբուժելիս կարող է մահացու ելք ունենալ:

Կեղծ Կ. ավելի հաճախ առաջանում է ցուրտ եղանակներին: Գրիպի, սուր շնչառ. հիվանդությունների, կարմրուկի, քութեշի, ջրծաղիկի, բերանաբորբի հետևանքով առաջանում է շնչառության դժվարացում, «հաչոցանման» հազ, ձայնի խռպոտություն: Ի տարբերություն իսկական Կ-ի՝ շնչառության խանգարումն սկսվում է հանկարծակի: Առավել հաճախ երեխան պառկում է քնելու առողջ կամ աննշան հարբուխով և գիշերն արթնանում է հանկարծակի, կոշտ, «հաչոցանման» հազով, երբեմն կարող է շնչարգելություն լինել: Երեխաները հաճախ վախեցած են, անհանգիստ, որից ավելի է ուժեղանում հևոցը: Կեղծ Կ-ի ժամանակ ձայնի լրիվ կորուստ գրեթե չի լինում: