լեռնային կլիմայի և բարձունքային թերթթվածնության ազդեցությունն առողջ և հիվանդ օրգանիզմների վրա (Տ. Մնացականով, Վ. Ամատունի): Բացահայտվել է նաև լեռնային կլիմայի ազդեցությունը սրտի արատներով և աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզով, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողների վրա, ապացուցվել է նշված հիվանդությունների ժամանակ լեռնային կլիմայի (բուժ. գործոնների համալիրում), ինչպես նաև բարձունքային հարմարվողականության և բալնեոլոգ. բուժարարողությունների (հատկապես ածխաթթվային լոգանքների) ազդեցությունը:
Ռեֆլեքսաբուժության բնագավառում մշակվել է խցանող էնդարտերիտի բուժման նոր մեթոդ, ստեղծվել ջերմաասեղնածակման (թերմոպունկտուրա) նոր սարք: Պարզվել է ծայրամասային նյարդային համակարգի ողնածին (վերթեբրոգեն) ախտահարումների և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ բազմաթիվ ֆիզ. գործոնների հետ ասեղնաբուժության զուգակցման բուժ. արդյունավետությունը: Բացահայտվել է, որ խմելու հանքային ջրի ֆիզիոլոգ. ազդեցությունը պայմանավորված է օրգաններում և հյուսվածքներում կատարվող ֆերմենտային և կենսաքիմ. գործընթացների վրա հանքային ջրի քիմ. բաղադրամասերի ներգործությամբ (Ս. Միրզոյան, Ս. Դովլաթյան):
Ուսումնասիրվել են Արզնու հանքային ջրերի լոգանքների ազդեցությունը սրտի պսակային շրջանառության և սրտամկանի նյութափոխանակության վրա (Ս. Միրզոյան, Է. Հովհաննիսյան): Ապացուցվել է, որ նշված լոգանքների ազդեցությամբ սրտամկանի արյունամատակարարման բարելավման և կծկող. ֆունկցիայի բարձրացման հիմքում (բնականոն պայմաններում և սրտամկանի ադրենալինային օջախային մեռուկացման պայմաններում) ընկած է նյութափոխանակության խանգարված գործընթացների վերականգնումը: Ուսումնասիրվել է Արզնու հանքային ջրերի լոգանքների ազդեցությունը գլխուղեղի նյութափոխանակության, արյան շրջանառության և ֆունկցիայի վրա: Ապացուցվել է, որ ածխաթթվային լոգանքների ազդեցությամբ, գլխուղեղի արյան շրջանառության մեջ (հետիշեմիկ շրջանում) ակտիվանում է ԳԱԿԹ-համակարգը, գլխուղեղի կիսագնդերում և հիպոթալամուսում ավելանում է նյարդաակտիվ ամինաթթուների պարունակությունը:
Հաստատվել է, որ գլխուղեղի անոթների փորձարար. կծկանքի, ինչպես նաև գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և իշեմիկ կաթվածների ժամանակ հանքային ջրերի, լոգանքների ազդեցության պայմաններում նկատվում են նաև արյան կալիկրեին-կինինային համակարգերի ցուցանիշների, E և F2a պրոստագլանդինների (առնետների գլխուղեղի հյուսվածքներում և հիվանդ մարդկանց արյան պլազմայում) մակարդակի տեղաշարժեր, որոնք նպաստում են գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ հանքային ջրի լոգանքների ազդեցության ախտածագումային մեխանիզմների բացահայտմանը:
ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ, տեսողության նշանակալի նվազում: Տարբերում են բացարձակ Կ., երբ մարդու մոտ բացակայում է լուսազգայությունը. նա լույսը մթից չի տարբերում, և հարաբեր., երբ տեսողության մնացորդները պահպանվում են (տեսողության սրությունը չի գերազանցում 0,05-ից): Հարաբեր. Կ-յամբ տառապողների մեջ տարբերում են գործնականորեն կույր և արտադր. ու մասնագիտ. Կ-յամբ անձինք: Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած նրանց մոտ պահպանված են լուսազգայությունը, լույսի աղբյուրի տեղադրությունը և խոշոր առարկաների ուրվագծերը ճիշտ որոշելու ունակությունը: Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ, չնայած դժվարությամբ, կարող են ինքնուրույն տեղաշարժվել: Թույլ տեսողությամբ անձանց շարքն են դասվում նրանք, որոնց տեսողության սրությունը տատանվում է 0,05-0,3-ի սահմաններում: Արտադր. Կ. տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, երբ մարդը չի կարողանում աշխատել՝ նույնիսկ հատուկ օպտիկ. սարքեր օգտագործելով: Մասնագիտ. Կ-յան ժամանակ տվյալ անձի համար անհնար է դառնում սովոր. մասնագիտ. գործունեությունը:
Կ. լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին Կ. կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսող. նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ:
Ձեռքբերովի Կ. առաջանում է աչքի մի շարք հիվանդությունների (գլաուկոմա, տրախոմա, եղջերենաբորբ, մեթիլ սպիրտով թունավորման ժամանակ տեսող. նյարդի ախտահարում) դեպքերում, ինչպես նաև ակնագնդի, ակնակապիճի և գանգագլխուղեղային վնասվածքներից հետո: Ավելի հաճախ Կ. առաջանում է որպես գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանք: Ուստի շատ կարևոր են աչքի վնասվածքների, հատկապես արտադր. և գյուղատնտ. վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը: ՀՀ-ում կազմակերպված է աչքի ծանր հիվանդություններ (գլաուկոմայի հանգեցնող) կրած անձանց դիսպանսերային հսկողություն: Թույլ տեսնող և կույր երեխաների հանդեպ դրսևորվում է մշտ. հոգատարություն: Նրանց համար կազմակերպվել է ընդհանուր կրթություն, հատուկ դպրոցների ցանց: Գործում է կույրերի միավորում, որը կազմակերպում է կույրերին աշխատանքի տեղավորելու, մասնագիտ. ուսուցման և կրթության հարցերը, որոնք լիարժեք հնարավորություն են տալիս սովորել և աշխատել տեսնողներին հավասար: Լուծված է կույրերի աշխատանքային հարմարանքների հարցը: Արտադրությունում աշխատող կույրերը պատրաստում են բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտր. սարքեր, լուսատեխ. սարքավորումներ, ավտոմեքենաների և գյուղատնտ. մեքենաների պահեստամասեր, էլեկտրատեղակայման և ռադիոտեխ. շինվածքներ:
Աշխատանքի գիտ. կազմակերպման հիման վրա ստեղծվում են մնացորդային տեսողությունը պահպանող աշխատանքային ամենաբարենպաստ և անվտանգ պայմաններ:
Շատ կույրեր զբաղված են մտավոր աշխատանքով: Դրանցից շատերը հանրակրթ. դպրոցների ուսուցիչներ են, բուհերի դասախոսներ, ԳՀԻ-ների աշխատակիցներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ: Կան տաղանդավոր կույր դերասաններ, բանաստեղծներ, երգահաններ:
Արտադրությունում աչքի վնասվածքները կանխող միջոցառումների անցկացումն իրական նախադրյալներ է ստեղծում Կ-յան նվազման համար: Անհրաժեշտ են նաև աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը: