Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/369

Այս էջը հաստատված է

դուրս բերում սաղավարտ-դիմակը, բռնում են հաստ մասերից այնպես, որ բութ մատները լինեն դրսի կողմում, իսկ մյուս մատները՝ սաղավարտ-դիմակի ներսի կողմում, ներքևի մասը հենում են կզակին և ձեռքերի վեր ու հետ կտրուկ շարժումով հագնում այն: Այնուհետև խորը արտաշնչում են և բացում աչքերը: Հ. պետք է հագնել հնարավորին չափ արագ, դրա համար անհրաժեշտ հմտությունը ձեռք է բերվում մարզումների շնորհիվ: Սաղավարտ-դիմակը հանելու համար անհրաժեշտ է ձեռքով բռնել փականային տուփը, թեթևակի ձգել ներքև, և ձեռքի առաջ ու վեր շարժումով հանել սաղավարտ-դիմակը:

Լավ ընտրված Հ. հուսալի պաշտպանում է մարդու շնչառ. օրգանները թունավոր և վնասակար նյութերից՝ հնարավորություն տալով երկար ժամանակ գտնվել վարակված մթնոլորտում: Բայց Հ. չի պաշտպանում ածխածնի օքսիդից, ուստի մթնոլորտում այդ գազի առկայության դեպքում Հ-ին ամրացվում է հատուկ պարկուճ: Արդ. Հ-երում, առանձին վնասակար նյութերից կամ նյութերի խմբից պաշտպանվելու համար, օգտագործում են տարբեր զտող-կլանող տուփեր, որոնք ունեն համապատասխան տարբերիչ գունավորում և տառային մակնիշավորում (տես Շնչադիմակներ):

Հ. պետք է պաշտպանել վնասումից, ուժեղ հարվածներից, տուփի մեջ ջրի ներթափանցումից: Հ պետք է պահել չոր, սառը, լավ օդափոխվող սենյակում:

ՀԱԿԱԾԻՆՆԵՐ, տես Իմունիտետ հոդվածում:

ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ, տես Իմունիտետ հոդվածում:

ՀԱԿԱՆԵԽԻՉ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, անտիսեպտիկ դեղանյութեր, հակամանրէային և հակամակաբուծ. ազդեցությամբ օժտված քիմ. միացություններ: Դրանցից են քլոր (քլորամին, պանտոցիդ ևն), յոդ (յոդի սպիրտային լուծույթ, Լյուգոլի լուծույթ, յոդոֆորմ ևն) պարունակող, թթվածին անջատող (ջրածնի գերօքսիդ, կալիումի գերմանգանատ) միացությունները, որոշ թթուներ (բորական, սալիցիլային ևն), հիմքերը (կերակրի սոդա, անուշադրի սպիրտ), սնդիկի միացությունները (սուլեմա, սնդիկային քսուքներ), արծաթի պատրաստուկները (արծաթի նիտրատ, կոլարգոլ ևն), կապարի (կապարի ացետատ), ալյումինի (Բուրովի հեղուկ) միացությունները, էթիլային սպիրտը, ֆենոլը, կուպրը, որոշ ներկանյութեր (էտակրիդին, մեթիլեն կապույտ, ադամանդականաչ), ինչպես նաև արտաքին օգտագործման հակաբիոտիկները (գրամիցիդին, գենտամիցինի քսուք ևն): Հ. դ. օգտագործում են վերքերը, այրվածքները և քերծվածքները վարակազերծելու, ինչպես նաև մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների բուժման համար: Առանձին Հ. դ. մեծ կոնցենտրացիաներով օգտագործում են վարակազերծման՝ շրջապատող միջավայրում ախտածին մանրէների ոչնչացման և հնարավոր վարակիչ հիվանդությունների կանխման նպատակով, ինչպես նաև գործն. վիրաբուժությունում (տես Հականեխություն, աննեխություն): Որոշ Հ. դ. (օրինակ՝ էթիլային սպիրտ, քացախաթթու, կաթնաթթու, ծծմբային թթու, նատրիումի բենզոատ) օգտագործվում են սննդանյութերի պահածոյման ժամանակ՝ մարդու համար անվտանգ դեղաչափերով (տես Պահածոյում տնային): Նման դեպքում Հ. դ. ոչ միայն նպաստում են սննդամթերքի պահպանմանը, այլև տալիս են դուրեկան համ ու հոտ (օրինակ՝ քացախաթթուն):

ՀԱԿԱՆԵԽՈՒԹՅՈՒՆ, ԱՆՆԵԽՈՒԹՅՈՒՆ, վերքերի ու նրանց հետ շփվող առարկաների վարակազերծման միջոցառումների համալիր: Հականեխությունն ուղղված է արդեն վերք թափանցած ախտածին բակտերիաների դեմ, հետևաբար ունի հիմնականում բուժ. նշանակություն: Աննեխությունը կանխում է բակտերիաների թափանցումը վերքի մեջ, ունի կանխարգելիչ նշանակություն:

Մինչ հականեխության կիրառումը, վիրաբուժության հնարավորությունները խիստ սահմանափակ էին՝ կապված հետվիրաբուժ. հաճախակի հանդիպող բարդությունների, օրինակ՝ վերքերի թարախակալման, հետվիրահատ. կարմիր քամու, արյան վարակման հետ: Բարդությունները երբեմն զանգվածային բնույթ էին կրում, ուստի, հարկադրված, առանձին հիվանդանոցներում ժամանակավորապես դադարեցնում էին վիրաբուժ. գործունեությունը: Այդ ժամանակ դեռևս հայտնի չէր, որ վարակ. բարդությունների հարուցիչները մանրէներն են, և նրանց առաջացումը բացատրվում էր ինչ-որ ախտածին տարրերի՝ «միազմների» ազդեցությամբ:

«Միազմների» առաջացումը ռուս վիրաբույժ Ն. Պիրոգովը կապում էր բորբոքված վերքերի հետ, որտեղ նրանք, իբր, առաջանում են այտուցված, թարախակալած կամ մեռուկացած հյուսվածքներից և, կուտակվելով հիվանդասենյակի օդում, վարակում են նույնիսկ նրանց, ում վերքերը «միազմներ» չեն արտադրում: «Միազմներով» կարող են աղտոտվել նաև հիվանդանոցում պահվող վիրակապ. նյութերը: Հունգար. մանկաբարձ Ս. Զեմելվեյսը նույնպես ախտածին տարրերը՝ հետծննդյան արյան վարակման (ծննդաբեր. տենդի) հարուցիչները, ախտորոշելու տվյալներ չուներ՝ չնայած աղբյուրը համարում էր հիվանդ ծննդկանին: Վարակի հիմն. փոխանցողը, նրա կարծիքով, ոչ թե ծննդատան հիվանդասենյակի օդն էր, այլ բուժ. անձնակազմը: Ուստի նա ներդրեց մանկաբարձի ձեռքերը և գործիքները քլորակրի լուծույթով մշակելու պրակտիկան, որը խիստ նվազեցրեց ծննդաբեր. տենդով հիվանդացությունը:

1863-ին ֆրանս. մանրէաբան Լ. Պաստյորն ապացուցեց, որ թարախակալման ու խմորման գործընթացների հիմքում ընկած է միկրոօրգանիզմների կենսագործունեությունը: Պաստյորի հետազոտությունների, ինչպես նաև սեփական դիտարկումների հիման վրա անգլ. վիրաբույժ Դ. Լիստերը հանգեց այն եզրակացության, որ բազմաթիվ հետվիրահատ. մահացությունների պատճառ հանդիսացող վարակիչ բարդություններն առաջանում են դրսից միկրոօրգանիզմներ վերք թափանցելիս: 1-ինը նա մշակեց դրանց դեմ պայքարի տեսականորեն հիմնավորված մեթոդը՝ հականեխությունը (1867): Այն մի կողմից ուղղված էր վերքերի մեջ մանրէների թափանցման կանխմանը, մյուս կողմից՝ դրանց ոչնչացմանը, եթե արդեն թափանցել են: Որպես մանրէասպան միջոց օգտագործվում էր կարբոլաթթուն, որով մշակվում էին գործիքները, վիրաբույժի ձեռքերը, և վիրահատարանում կատարվում էր կարբոլաթթվի փոշեցրում: Մեթոդն սկսեց արագորեն տարածվել, սակայն կարբոլաթթվի խիստ թունավոր ազդեցությունը (վերքերի հյուսվածքների