Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/37

Այս էջը հաստատված է

մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց: Ա-ի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում:

Վերջին տասնամյակներում ծանր Ա. հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժ. մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ: Այրվածքից մահվան հիմն. պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի Ա-ի, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակ. բարդություններն են: Ուստի, այրված մակերևույթի վարակման կանխարգելումը և պայքարը այդ բարդությունների դեմ շատ անգամ որոշում են հիվանդության ելքը: Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում: Օրինակ՝ ձեռքի կամ ոտքի սահմանափակ Ա. բուժելիս օգտագործում են օդաբուժ. հարմարանքներ: Դրանք պոլիէթիլենային պարկեր են, որոնց մեջ մշտապես ներմուծվում է մաքրված, տաք և խոնավ օդ: Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնել հատուկ մահճակալի՝ «օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա: Նման պայմաններում մակերեսային Ա. ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու: Խոր Ա. արագ կեդևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ: Դա խիստ կրճատում է բուժման ժամկետները և լավ արդյունք տալիս:

Կենցաղում Ա-ից խուսափելու համար պետք է ճաշ եփելիս պահպանել տարրական զգուշություն: Անհրաժեշտ է հետևել էլեկտրահաղորդիչների և էլեկտրասարքերի սարքինությանը, երեխաներին հեռու պահել դրանցից: Արտադրությունում Ա-ից զգուշանալու համար անհրաժեշտ է խիստ հետևել տեխնիկայի անվտանգության կանոններին:

ԱՆԱԼԳԵՏԻԿ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, տես Ցավամոքիչ դեղանյութեր:

ԱՆԱՄՆԵԶ, տես Վերհուշություն:

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հիվանդության, հղիության, հաշմանդամության և այլ պատճառներով լրիվ կամ մասնագիտ. աշխատունակության կորուստ: Տարբերում են մշտ. (կամ երկարատև) և ժամանակավոր Ա.: Մշտ. կամ երկարատև Ա. կոչվում է հաշմանդամություն: Ժամանակավոր Ա. լինում է լրիվ կամ մասնակի և համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարող է վերականգնվել: Լրիվ ժամանակավոր Ա-յան դեպքում հիվանդը կորցնում է որևէ աշխատանք կատարելու կարողությունը և հատուկ ռեժիմի (անկողնային, տնային) կարիք ունի: Մասնակի ժամանակավոր Ա-յան դեպքում հիվանդն ի վիճակի չէ կատարել նույն աշխատանքը, բայց կարող է զբաղվել մեկ այլ աշխատանքով: Ժամանակավոր Ա. որոշում է բժիշկը և ձևակերպում ժամանակավոր Ա-յան թերթիկ, որն աշխատանքից ժամանակավորապես ազատվելու և Ա-յան նպաստի իրավունք (տես Սոցիալական ապահովություն) է տալիս, կամ աշխատանքից ու դասերից ազատման տեղեկանք: Ա-յան հիմն. պատճառներն են հիվանդությունները կամ արտադրամասերում և կենցաղում դժբախտ պատահարները: Իրավաբանորեն բժշկի ցուցումներով աշխատանքից ցանկացած ազատում, որը ձևակերպվում է Ա-յան թերթիկով կամ տեղեկանքով (հղիության և ծննդաբերության, կարանտինում գտնվելու, սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչակիրներին աշխատանքից ազատելու, ընտանիքի հիվանդ անդամներին խնամելու արձակուրդ), դիտվում է որպես ժամանակավոր Ա.:

ԱՆԱՏՈՄԻԱ, մարդակազմություն, գիտություն, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ): Ա. տես. և գործն. բժշկության հիմն. գիտակարգերից է: Մարդու օրգանիզմի Ա-ական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները: Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է օրգան-համակարգերի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման (կարգաբան. Ա.): Դրա հետ կապված՝ Ա. ենթաբաժանվում է ոսկրաբանության, հոդաբանության, մկանաբանության, ընդերաբանության (ներքին օրգանների՝ շնչառ., մարսող., միզային և սեռ. համակարգեր), անոթաբանության, նյարդաբանության (կենտր. և ծայրամասային նյարդային համակարգեր), ներզատաբանության (ներզատիչ գեղձեր) և զգայաբանության: Ա-ի բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է տարիքային Ա. (այն ընդգրկում է նաև մանկան Ա.):

Ինքնուրույն կիրառ. նշանակություն ունեն պլաստիկ. Ա.՝ ուսմունք մարմնի արտաքին կառուցվածքի և նրա համամասնությունների մասին (անհրաժեշտ է նկարիչներին, քանդակագործներին, ինչպես