Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/370

Այս էջը հաստատված է

մեռուկացում, շնչելիս՝ ընդհանուր թունավորում) ստիպեց հրաժարվել այդ նյութից: Հականեխությունը շարունակեց զարգանալ ավելի ուժեղ ազդող և քիչ թունավոր հականեխիչ դեղանյութերի կիրառմամբ: Միաժամանակ սկսեցին փնտրել մանրէների վնասազերծման՝ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չունեցող մեթոդներ:

Հետազոտությունների միջոցով պարզվել է, որ մանրէները ոչնչանում են բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գերմ. վիրաբույժ Է. Բերգմանը մշակել է վարակազերծման նոր մեթոդ՝ աննեխությունը: Համաձայն մեթոդի հիմն. պահանջի՝ վիրահատության կամ վիրակապման ժամանակ վերքի հետ շփվող ցանկացած իր պետք է մանրէազերծվի (եռացնելով, շիկացած օդի, գոլորշու ազդեցությամբ ևն): Վիրաբույժի ձեռքերը և բարձր ջերմաստիճանի նկատմամբ անկայուն առարկաները մանրէազերծում են «սառը»՝ հաճախ քիմ. (տես Մանրէազերծում) մեթոդներով:

Աննեխության մանրամասն մշակված համակարգը պայմանավորել է վիրահատարանի և վիրակապարանի սարքերի ու պահպանության առանձնահատկությունները, որոնք բացառում են օդից վերքերի մեջ մանրէների ներթափանցման հնարավորությունը: Աննեխությունը չի բացառում հականեխիչ դեղանյութերի կիրառումը: Ժամանակակից հականեխիչ դեղանյութերի օգնությամբ հաճախ հաջողվում է կանխել թարախածին մանրէների հարուցած որոշ (օրինակ՝ կաթնագեղձի բորբոքում) հիվանդություններ: Սակայն այս դեղանյութերը ոչ բոլոր դեպքերում են արդյունավետ: Օրինակ՝ մաշկի ոչ խորը կտրվածքներին, քերծվածքներին յոդի սպիրտային լուծույթ քսելիս վերք թափանցած բակտերիաներն անմիջապես ոչնչանում են (եթե վիրակապելիս կամ հետագայում վերքի մեջ նոր մանրէներ չեն թափանցում):

Աննեխության տարրական պահպանումն անհրաժեշտ է վերքերի և այրվածքների դեպքերում 1-ին օգնություն ցույց տալիս:

Անհրաժեշտ է տանն ունենալ մանրէազերծած վիրակապ. նյութ (թանզիֆե անձեռոցիկներ, բամբակ), որը դրվում է անմիջապես վերքին: Մանրէազերծած փաթեթները պետք է պահել առանձին արկղում կամ պահարանում, որպեսզի չկեղտոտվեն ու չպատռվեն: Փաթեթը բացելուց և անձեռոցիկը հանելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերն օճառով լավ լվանալ, չորացնել ու սպիրտով շփել: Ցանկալի է ունենալ ունելի, որն օգտագործելուց առաջ 10 ր պետք է եռացնել: Շատ հարմար է անհատական վիրակապական փաթեթը: Մանրէազերծող նյութի բացակայության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած մաքուր, արդուկած վուշե, բամբակե գործվածք: Վիրակապը դնելուց առաջ վերքի եզրերին պետք է յոդի սպիրտային լուծույթ քսել, իսկ այրվածքի դեպքում մասնագիտ. օգնություն ցույց տալուց հետո՝ միայն մանրէազերծած վիրակապ դնել:

ՀԱՃԱԽԱԶԱՈԿՈՒԹՅՈՒՆ տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:

ՀԱՄ, բերանի խոռոչի լորձաթաղանթի համային ընկալիչների վրա տարբեր սննդանյութերի, լուծույթների կամ թքում լուծված նյութերի ազդեցությունից առաջացող զգացում: Ընկալիչները՝ համազգաց պտկիկները, գտնվում են լեզվի, ըմպանի հետին պատի, փափուկ քիմքի, նշագեղձերի վրա, բայց առավել շատ են լեզվի ծայրին, եզրերին ու հետին մասում (տես Բերանի խոռոչ), իսկ միջին մասում և ստորին մակերեսին բացակայում են: Մարդու բերանում կան մոտ 2000 համազգաց պտկիկներ, և յուրաքանչյուրին մոտենում են մի քանի զգացող նյարդաթելեր: Զգացող բջիջները գրգռվելիս նշված նյարդաթելերում առաջանում են նյարդային ազդակներ, որոնք հաղորդվում են կենտր. նյարդային համակարգի համապատասխան կենտրոններ: Բերանի խոռոչում կան շատ այլ զգացող գոյացություններ, որոնք ընկալում են հպումը, ճնշումը, վնասակար ազդեցությունները, սառը կամ տաքը: Բացի այդ, բերանը հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, որտեղ կան հոտն ընկալող նյարդային կառուցվածքներ (տես Հոտառություն): Այսպիսով՝ Հ-ային զգացումը բուն Հ-ի, հոտի, ջերմաստիճանի, հպման և այլնի համալիր զգացողություն է:

Տարբերում են քաղցր, թթու, դառը, աղի Հ-եր, որոնցից յուրաքանչյուրն առաջանում է որոշակի նյութերով միայն իրեն համապատասխանող համազգաց պտկիկների գրգռման հետևանքով: Ընդ որում՝ լեզվի և բերանի խոռոչի տարբեր հատվածներն ունեն ոչ միատեսակ զգայնություն. լեզվի ծայրն ավելի զգայուն է քաղցրի, արմատը՝ դառի, կծվի, եզրերը՝ թթվի նկատմամբ:

Բացի Հ-այինից, հոտառ., շոշափող. կամ ջերմաստիճանային գրգռում առաջացնող նյութերը ձեռք են բերում համապատասխան կողմնակի Հ-եր: Յուրաքանչյուր մթերքին բնորոշ առանձնահատուկ Հ-ի շնորհիվ, որը կապված է հոտառ. և շոշափող. զգացումների հետ, դժվար չէ, օրինակ, խնձորի թթվությունը տարբերել բալինից ևն: Տարբեր Հ-ային նյութերի միաժամանակյա կամ հաջորդ. ընդունման դեպքում նկատվում է Հ-ային հակադրություն կամ խառնում: 1-ին դեպքում կարող է սրվել որևէ մեկ Հ-ի (օրինակ՝ թթվինը՝ քաղցրի ազդեցության հետևանքով և հակառակը) Հ-ային ընկալումը: Հ-ի խառնումն առաջանում է մի քանի Հ-ային գրգռիչների միաժամանակյա ազդեցությունից, ընդ որում՝ նոր զգացումը զգալիորեն տարբերվում է այն կազմող բաղադրիչներինից:

Մարդու Հ-ային զգացողությունը պայմանավորված է շատ գործոններով, օրինակ՝ սննդի ջերմաստիճանով: Բոլոր Հ-ային գրգռիչների հանդեպ առավել զգայնություն է նկատվում սննդի 37°-ից մինչև 50° C-ի դեպքում: Օրինակ՝ պաղպաղակը յուրահատուկ Հ. ունի խիստ սառը, իսկ թեյը, հակառակը, միայն տաք վիճակում: Քաղցը սրում է Հ-ային ընկալիչների զգայնությունը: Հ-ային զգացման բնույթը կարող է փոխվել և այլ պատճառներից: Այսպես՝ հոտառության սրության խանգարման դեպքում փոխվում է շատ սննդանյութերի Հ., և սննդի որոշ տեսակներ անհամ են թվում: Հ-ի աղավաղումը կարող է ներքին օրգանների հիվանդությունների հետևանք լինել: Օրինակ՝ սնունդը կարող է դառնահամ լինել լեղապարկի հիվանդությունների, թթու՝ մարսողության որոշ խանգարումների, քաղցր՝ շաքարախտի ժամանակ:

Հ-ային զգացումներով են պայմանավորված ախորժակը և մարսողության գործընթացները:

ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, սիմբիոզ, տարբեր տեսակի 2 օրգանիզմների (սիմբիոնաներ) երկարատև կամ մշտ. համաբնակությունը: Հ. հնարավոր է կենդանիների, բույսերի ու միկրոօրգանիզմների միջև և առաջացել է էվոլյուցիայի ընթացքում՝ որպես գոյության պայմաններին հարմարվելու ձև: Սիմբիոնտները փոխազդում են շրջակա միջավայրի հետ 2 օրգանիզմների համատեղ կենսագործունեության հետևանքով՝ միմյանց տրամադրելով սնունդ, պաշտպանություն (թշնամիներից կամ շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցությունից), բնակատեղի ևն: Հ. սովորաբար փոխադարձորեն օգտավետ է: Բուս. օրգանիզմների Հ-յան օրինակ է միկոռիզը (սնկի միցելիումի Հ. բարձրակարգ բույսերի արմատների հետ): Հայտնի է և գյուղատնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է պալարաբակտերիաների Հ. ընդավոր բույսերի հետ, որի շնորհիվ հողը հարստանում է ազոտով: