Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/376

Այս էջը հաստատված է

բարձրացումը նկատվում է օրգանիզմի ջրազրկման և երիկամների արտազատ. ֆունկցիայի խանգարման ժամանակ:

Բրոմը մարդու և կենդանիների տարբեր հյուսվածքների բաղադրիչ մասն է: Կաթնասունների հյուսվածքներում բրոմի պարունակությունը տատանվում է 0,1-0,7 մգ %-ի սահմաններում: Կոնցենտրացիան բարձր է հիպոֆիզում: Օրգանիզմը բրոմ ստանում է հիմնականում բուս. ծագման մթերքների, ոչ մեծ քանակով՝ կերակրի աղի հետ: Բրոմի աղերը բժշկության մեջ կիրառվում են որպես դեղանյութեր:

Ֆտորը ոչ մեծ քանակով գտնվում է մարդու բոլոր հյուսվածքներում, բայց հիմնականում՝ ոսկրերում (10-30 մգ %), իսկ ատամներում (50-150 մգ %) գտնվում է ֆոսֆորական թթվի աղի ձևով: Արյան մեջ պարունակվում է 0,03-0,07 մգ %: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (որտեղ պարունակվում է 0,5-1,5 մգ՝ 1 լ-ում): Այն վայրերում, որտեղ խմելու ջրում ֆտորի պարունակությունը ցածր է, և սննդամթերքներն աղքատ են ֆտորով, հաճախ է հանդիպում ատամների ոսկրափուտ, իսկ ավելցուկի դեպքում առաջանում է ֆլյոտրոզ (քրոնիկ. հիվանդություն):

Յոդը պարունակվում է մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքներում, սակայն հիմնականում գտնվում է վահանագեղձում՝ եռայոդթիրոնին և թիրօքսին հորմոնների կազմում: Հասուն մարդու օրգանիզմում պարունակվում է մոտ 25 մգ յոդ, որից 10 մգ՝ վահանագեղձում, իսկ արյան մեջ միջինը՝ 8,5 մկգ %: Մարդու օրական պահանջը 100-150 մկգ է: Սննդամթերքում յոդի անբավարարությունն առաջացնում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարում և խպիպ: Կանխարգելման նպատակով խմելու ջրին և կերակրի աղին ավելացվում է յոդ:

Երկաթը մտնում է օրգանիզմի կարևոր օրգ. միացությունների՝ արյան հեմոգլոբինի, միոգլոբինի, կատալազի ցիտոքրոմների բաղադրության մեջ: Ամբողջ երկաթի մոտ 70 %-ը գտնվում է հեմոգլոբինում: Երկաթը մասնակցում է արյունաստեղծման գործընթացներին (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ): Դրա անբավարարությունը կարող է հանգեցնել սակավարյունության առաջացման: Երկաթն օրգանիզմում պահեստավորվում է (երեխաները ծնվում են զգալի պաշարով): Կյանքի 1-ին ամիսներին հեմոգլոբինի կոնցենտրացիան արյան կարմիր մարմնիկներում զգալիորեն բարձր է, քան կյանքի հետագա շրջաններում: Ծնվելուց մի քանի շաբաթ հետո արյան կարմիր մարմնիկների քայքայման արագությունն սկսում է գերազանցել առաջացման արագությանը, բայց ավելորդ երկաթն օրգանիզմից չի հեռացվում: Երկաթի անբավարարության դեպքում մեծանում է դրա ներծծումն աղիքներում: Երկաթը կարևոր նշանակություն ունի օքսիդավերականգնման գործընթացներում, մտնում է օքսիդացնող ֆերմենտների կազմության մեջ: Շատ երկաթ է պարունակվում լյարդում (հատկապես՝ խոզի), մաղադանոսում, ուղեղում, ձվի դեղնուցում և այլ մթերքներում: Առանձնապես բարձր է մրգերում և բանջարեղենում (դեղձ, խնձոր, սպանախ ևն) պարունակվող երկաթի յուրացվելիությունը (ասկորբինաթթվի առկայության պատճառով):

Հասուն մարդն օրական պետք է ստանա մինչև 15 մգ երկաթ, երեխաները՝ 7-10 մգ: Մարդու արյան շիճուկում պարունակվում է 80-120 մկգ % երկաթ:

Պղինձը գտնվում է որոշ օքսիդացման ֆերմենտների բաղադրության մեջ: Մասնակցում է արյունաստեղծման, հեմոգլոբինի և ցիտոքրոմների սինթեզի գործընթացներին, որտեղ պղնձի և երկաթի ֆունկցիաները սերտ կապված են միմյանց: Պղնձի պարունակությունը լյարդում կազմում է 10-15 մգ, իսկ կոնցենտրացիան մարդու արյան պլազմայում՝ մոտ 100 մկգ %: Պղինձը կարևոր է աճման գործընթացների համար: Այն ազդում է ներզատիչ գեղձերի ֆունկցիայի վրա, ունի ինսուլինի նման ազդեցություն (որի համար էլ միացությունները երբեմն նշանակվում են շաքարախտով հիվանդներին): Մարդու օրական պահանջը 2-5 մգ է: Պղնձով առավել հարուստ են տավարի, խոզի և որոշ ձկների լյարդը, ագարիկոն (շամպինյոն) սնկերը ևն:

Կոբալտը վիտամին B12-ի բաղադրիչ մասն է և մասնակցում է դրա կատալիզային ֆերմենտային ֆունկցիային (տես Վիտամիններ): Ստրոնցիումը մտնում է մարդու ոսկրերի կազմության մեջ: Դրանով հարուստ սնունդն առաջացնում է կմախքի ոսկրացման խանգարում, որը նման է սովոր. ռախիտին, բայց վիտամին D ընդունելիս չի բուժվում: Մանգանը մտնում է որոշ ֆերմենտների կազմության մեջ և խթանում է դրանց ակտիվությունը: Ցինկը պարունակվում է որոշ ֆերմենտներում և ակտիվացնում է դրանց: Ցեզիումը չնչին քանակությամբ պարունակվում է կենդանի հյուսվածքներում: Ֆիզիոլոգ. և կենսբ. նշանակությունը վերջնականապես պարզված չէ:

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ. մեծ քանակությամբ (քաղցրահամի համեմատ) աղեր, գազեր, օրգ. նյութեր պարունակող բնական և արհեստ. ջրեր, որոնք ուրույն հատկությունների (ջերմաստիճան, կենսաբանորեն ակտիվ բաղադրամասեր, ռադիոակտիվություն ևն) շնորհիվ ունեն բուժիչ ազդեցություն: Բուժ. նպատակով օգտագործվող հիմնականում բնական Հ.ջ. ստացվում են հորատանցքերից, որոնք ապահովում են դրանց ելունքի (միավոր ժամանակում դուրս հոսող հեղուկի քանակության) հաստատունությունը, քիմ. բաղադրությունը և կանխում են ջրերի աղտոտումը:

Հ.ջ-ի աղբյուրների աղտոտումը կանխելու համար սահմանված են առողջավայրերի սանիտարական պահպանության գոտիներ:

Ըստ հանքայնացման [ջրում պարունակվող լուծված աղերի իոնների և կենսաբանորեն ակտիվ տարրերի ընդհանուր քանակը՝ արտահայտված գրամներով՝ 1 լ ջրում (գ/լ)]՝ տարբերում են թույլ (1-5), քիչ (>5-10), միջին (>10-15), բարձր (>15-35), հանքայնացված աղային (>35-150) և թունդ աղային (150-ից ավելի) Հ.ջ., ըստ իոնային բաղադրության՝ քլորիդային, հիդրոկարբոնատային, սուլֆատային (նատրիումային, կալցիումային և մագնեզիումային), բարդ բաղադրության ջրեր են: Ըստ գազային կազմի և առանձնահատուկ տարրերի առկայության՝ լինում են ածխաթթվային, ծծմբաջրածնային, բրոմային, յոդային, երկաթային, արսենային, ռադիոակտիվ (ռադոնային) և այլ Հ ջ.: Ըստ ջերմաստիճանի՝ Հ.ջ լինում են սառը (մինչև 20° C), գոլ (20-35° C), տաք (35-42° C) և շատ տաք (42° C-ից բարձր):

Հ.ջ. խմում են, օգտագործում են լոգանքների, լողանալու (բալնեոբուժարաններում ու բուժ. ջրավազաններում), ինչպես նաև ինհալացիայի և ողողման (քթաըմպանի և վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ), ոռոգման (գինեկոլոգ. հիվանդությունների ժամանակ), լվացումների (հիմնականում մարսողության օրգանների հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների ժամանակ ևն) համար (տես Բալնեոթերապիա, Լոգանքներ, Լողանալը, Ինհալացիա):

Արտաառողջավայրային պայմաններում բուժման համար լայնորեն օգտագործում են շշալցված Հ.ջ : Դրանք լցվում են հատուկ գործարաններում և սննդարդ-յան ձեռնարկությունների արտադրամասերում: Շշերի ջուրը հագեցնում են ածխաթթվական գազով, այն պետք է լինի անգույն, բացարձակ մաքուր, անհոտ և առանց կողմնակի համի: Հ.ջ-ով շշերը պահում են հորիզոն. դիրքում` սառը տեղում: