Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/378

Այս էջը հաստատված է

պայմանավորված, ինչպես նաև 65-ից բարձր տարիքի տղամարդկանց և 60-ից բարձր տարիքի կանանց Հ. տրվում է անժամկետ: Բուժման և այլ միջոցառումների շնորհիվ հաշմանդամների մեծ մասը վերադառնում է ակտիվ աշխատանքային և հաս. կյանք (տես Վերականգնում):

ՀԱՍՏ ԱՂԻՔ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կոլիտ, ընթանում է սուր կամ քրոնիկ.: Սուր բորբոքումն առաջանում է ախտածին (հիվանդածին) մանրէներով (դիզենտերիային բակտերիաներ, սալմոնելներ, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, ամեոբաներ ևն) վարակվելիս (տես Դիզենտերիա, Դիզենտերիա ամեոբային, Թունավորումներ, Սննդային թունավարակում): Սուր բորբոքմանը բնորոշ են հանկարծակի առաջացող լուծը, որովայնի ցավերը, փսխումները, փորափքանքը, ջերմաստիճանի բարձրացումը:

Քրոնիկ. բորբոքումը կարող է առաջանալ նաև աղիքների հետ անատոմիորեն կապված օրգաններում (լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ) վարակի առկայության ժամանակ, ինչպես նաև երկարատև միատեսակ, մեծ քանակությամբ դժվարամարս սննդի օգտագործման, կծու կերակրատեսակների, ալկոհոլի չարաշահման դեպքերում:

Քրոնիկ. բորբոքումը հաճախ չբուժված սուր վարակիչ հիվանդության հետևանք է, բայց այն կարող է առաջանալ նաև առանց նախորդող վարակիչ հիվանդությունների: Հ.ա.բ-ման պատճառ կարող են լինել արտադր. թույները (սնդիկ, արսեն, սուլեմա, օրգ. նյութեր), ինչպես նաև որոշ հիվանդությունների ժամանակ օրգանիզմում արտադրվող տոքսինները: Հաճախ քրոնիկ. բորբոքման պատճառ են դառնում ճիճվային հիվանդությունները: Երբեմն Հ.ա.բ. առաջանում է հակաբիոտիկների, որոշ այլ դեղանյութերի երկարատև, առանց հսկողության ընդունումից: Առաջացման մեխանիզմը բավականին բարդ է, հիվանդության ժամանակ խանգարվում են աղիքների շարժող. ֆունկցիան, աղիքային հյութի և լորձի արտադրության, հաստ աղիքից հեղուկի ներծծման գործընթացները: Կարևոր ազդեցություն ունի դիսբակտերիոզը՝ աղիքային ֆլորայի որակ. և քանակ. փոփոխությունը (տես Մանրէային ֆլորա մարդու): Դիսբակտերիոզը բացասաբար է անդրադառնում վիտամինների յուրացման վրա, աղիքներում առաջացնում նեխման կամ խմորման գործընթացներ, խորացնում բորբոքման ընթացքը, նպաստում ալերգիայի առաջացմանը:

Հ.ա.բ-ման առանձին ձևերի (օրինակ՝ հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքում) հիմքում ընկած է ինքնալերգիան, այսինքն՝ օրգանիզմի զգայնության բարձրացումը սեփական սպիտակուցների հանդեպ: Քրոնիկ. բորբոքման դրսևորումները բազմազան են, կախված են գործընթացի ծանրությունից, տարածվածությունից և շրջանից: Սրացման շրջաններում նկատվում են ախորժակի վատացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն: Որովայնի ցավերը պարզորոշ տեղադրություն չունեն, հաճախ կրում են կծկանքային բնույթ, կզելիս ուղեկցվում են ուժեղ նքոցներով, տարածվում են դեպի գոտկատեղը և աճուկային շրջանը: Առաջանում է լուծ, որին հաջորդում է փորկապությունը: Եթե լորձային արտադրությունն արևագույն է և «ելակի դոնդողի» տեսք ունի, անհրաժեշտ է շտապ հետազոտություն կատարել՝ ստամոքսի խոցային կամ ուռուցքային ախտահարումը բացառելու նպատակով:

Հաստ աղիքի քրոնիկ. բորբոքմանը բնորոշ է կրկնվող ընթացքը, այսինքն՝ սրացումներին հաջորդում են լավացման շրջանները, երբ հիվանդության ախտանշանները համարյա լրիվ անհետանում են: Սրացմանը նպաստում են հաստ աղիքը գրգռող կամ ալերգ. հակազդեցություններ առաջացնող սննդամթերքը (մարինադներ, պահածոներ, համեմունքներ, հատապտուղներ, ցիտրուսներ, կաղամբ, վարունգ ևն), գերհոգնածությունը, հուզ. գերբեռնվածությունը, արևի տակ երկարատև մնալը, օրգանիզմի գերտաքացումը, մեծ դեղաչափերով լուծողականների, հակաբակտերիային պատրաստուկների ընդունումը, մարսողության մյուս օրգանների հիվանդությունների սրացումները:

Բուժում է բժիշկը: Ինքնաբուժումը, հատկապես հակաբիոտիկների ընդունումը, անթույլատրելի է, քանի որ այն կարող է հանգեցնել դիսբակտերիոզի և բորբոքային գործընթացի ուժեղացման: Սրացման շրջանում չափազանց կարևոր են բժշկի նշանակած սննդակարգը և սննդի ռեժիմը պահպանելը: Սուր երևույթները մեղմանալիս բժշկի համաձայնությամբ ընդլայնում են սննդի օրաբաժինը, քանի որ խիստ սննդակարգի անհիմն երկարատև պահպանումը հիվանդին զրկում է օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովող շատ սննդանյութերից:

Սրացումների ժամանակ պետք է խուսափել ֆիզ. բեռնվածությունից, ընդհարումներից, հուզ. լարվածությունից:

Հաստ աղիքի քրոնիկ. բորբոքման կանխարգելումը հիմնականում պայմանավորված է աղիքային սուր վարակիչ հիվանդությունների բուժմամբ: Շատերը խուսափելով հիվանդանոցից, գերադասում են բուժվել առանց բժշկի օգնության, ընդունում են տարբեր պատրաստուկներ ոչ նպատակահարմար դեղաչափերով և ժամկետով: Բուժման այդպիսի մեթոդները ոչ միայն վնասակար են, այլև, որպես կանոն, նպաստում են սուր գործընթացի անցմանը քրոնիկի: Քրոնիկ. բորբոքման կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի սննդի կանոնավոր ռեժիմի պահպանումը, ատամների ժամանակին պրոթեզավորումը, քանի որ ծամելու խանգարումները հանգեցնում են կոպիտ սննդով մարսող. համակարգի գրգռմանը: Աղիքների լորձաթաղանթը գրգռող թունավոր նյութերի՝ օրինակ, կապարի, հետ աշխատելիս անհրաժեշտ է անվտանգության տեխնիկայի կանոնների խստորեն պահպանում, պարբերաբար բժշկ. հսկողություն:

ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ, տես Վիտամինային անբավարարություն հոդվածում:

ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ, բազմամյա, վայրի և մշակովի բույսերի ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ: Օժտված են բարձր համային հատկություններով: Պարունակում են վիտամիններ, շաքարներ, թաղանթանյութ (բջջանյութ), օրգ. թթուներ, պեկտինային նյութեր և լավացնում են մարսողությունը: Պեկտինային նյութերը նպաստում են նեխական քայքայման նյութերից աղիքների մաքրմանը և պարունակվում են ազնվամորիում 0,5—0,9 %, մոշում 0,4-1,6 %, սև հաղարջում 0,2-0,8 % ևն: Թաղանթանյութն ազդում է մարսողության օրգանների շարժող. և հյութազատիչ ֆունկցիաների վրա, բարձրացնում օրգանիզմից ավելցուկային խոլեստերինի արտազատումը: Առանձին Հ-ի սննդային արժեքների մասին տես Սնուցում և Հյութեր հոդվածներում:

Գրեթե բոլոր Հ-ում օրգ. թթուներից պարունակվում է հիմնականում խնձորաթթու: Մեծ քանակությամբ կիտրոնաթթու է առկա լոռամրգու, գինեթթու՝ խաղողի, բենզոյաթթու՝ լոռամրգու և հապալասի մեջ: Հ. կապող նյութերի՝ տանինների և կատեխինների աղբյուր են: Տանինը հակաբորբոքային ազդեցություն է ունենում աղիքների լորձաթաղանթի վրա: Կատեխիններն ունեն վիտամին P-ի հատկություն