Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/38

Այս էջը հաստատված է

նաև հագուստ և կոշիկ արդյունաբերողներին), տեղագր. (վիրաբուժ.) Ա.՝ ուսմունք օրգանների, հյուսվածքների, անոթների և նյարդերի փոխադարձ տեղադրության մասին՝ ըստ մարմնի շրջանների (կարևոր նշանակություն ունի գործն. բժշկության, հատկապես վիրաբուժության համար): Կառուցվածքի և ձևի ոաումնասիրությունը, կապված առանձին օրգանների և համակարգերի գործունեության հետ, կոչվում է ֆունկցիոնալ Ա.: Օրգանների մանրադիտակային կառուցվածքի մասին ուսմունքն անվանում են մանրադիտակային Ա., իսկ հյուսվածքներինը՝ հյուսվածաբանություն:

Ա-ական հետազոտությունները Հայաստանում կատարվել են դեռևս վաղ անցյալում: 18-րդ դ. սկզբին Ստեփանոս Դավիթ Հյուպատոսի հետ միասին թարգմանել է 4-6-րդ դդ. հույն բնափիլիսոփաներ Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» երկերը (Մատենադարանում պահպանված է Նեմեսիոսի երկի 40 ձեռագիր օրինակ), ուր արտացոլված է հոգու և մարմնի միասնության գաղափարը: 5-րդ դ. վերջին և 6-րդ դ. սկզբին Դավիթ Անհաղթն իր երկերում շոշափել է նաև մարդակազմության հարցեր: Աչքի մասին Մխիթար Հերացու ուսմունքը («Վասն շինուածոյ և յօրինուածոյ աչացն»), որը հետագայում զարգացրեց Ամիրդովլաթ Ամասիացին, գիտ. մեծ հետաքրքրություն ունի: 12-րդ դ. վերջին և 13-րդ դ. 1-ին կեսին բժշկապետ Գրիգորիսն իր «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (հրտ. 1962) բժշկարանում սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի ամբողջականության գաղափարը:

17-րդ դ-ում Ասար Սեբաստացին խմբագրել ու վերամշակել է 12-րդ դ. ասորի բժիշկ Աբու Սաիդի «Յաղագս կազմութեան մարդոյ» երկը (հրտ. 1974, հայ., ռուս.):

ՀՀ-ում Ա-ի զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկ. ֆակ-ում Վ. Արծրունու նախաձեռնությամբ հիմնադրված (1922) Ա-ի ամբիոնի աշխատանքներով: 1923-ին հրատարակվել է Վ. Արծրունու Ա-ի 1-ին դասագիրքը («Մարդակազմություն», ապակետիպ): Ամբիոնում ուսումնասիրվել են ծայրամասային նյարդերի անատոմիատեղագր. տարբերակները (Հ. Հակոբյան), մանկ. օրգանիզմին բնորոշ առանձնահատկությունները (Ա. Սարաֆյան), վերջին տարիներին՝ ներօրգանային և ներհյուսվածքային արյան և ավշի միկրոշրջանառության որոշ օրինաչափություններ (Լ.Մանուկյան, Լ. Վարդանյան, Գ. Քյալյան և ուր.):

ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱ, գերզգայնություն, ալերգ. հակազդեցություն, որն առաջանում է որոշ նյութեր՝ ալերգեններ (տես Ալերգիա) կրկնակի անգամ օրգանիզմ ներարկելիս: Ա. կարող է լինել ընդհանուր կամ տեղային: Առավել արտահայտված ընդհանուր հակազդեցությունը կոչվում է անաֆիլաքսային շոկ: Ա-ի տարբեր դրսևորումներ առաջանում են դեղանյութերը, սննդամթերքները կրկնակի անգամ օրգանիզմ ներմուծելիս, եթե 1-ին անգամ դրանց (ալերգենների) նկատմամբ առաջացել էր գերզգայնացում: Վերջինս առաջանում է նաև մեղուների, կրետների, իշամեղուների խայթոցներից: Անաֆիլաքսային շոկի հիմն. դրսևորումներից են շնչառության կտրուկ դժվարացումը և արյան ճնշման անկումը, երբեմն՝ գիտակցության կորուստը: Հիվանդին անհրաժեշտ է անհետաձգելի բժշկ. օգնություն:

Կանխարգելման նպատակով պետք է սահմանափակել առանց բժշկի նշանակման դեղանյութերի ընդունումը, որոնց օգտագործումը հաճախ հանգեցնում է օրգանիզմի գերզգայնացման: Բժշկին պետք է անպայման տեղյակ պահել ալերգ. հակազդեցությունների (այտուց, եղնջացան ևն) մասին, որոնք նախկինում առաջացել էին դեղանյութեր օգտագործելիս: Անհրաժեշտ է խուսափել սննդային ալերգիա առաջացնող սննդամթերքից:

ԱՆԳԱՐ, միգրեն, հիվանդություն, արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով: Ավելի բնորոշ է կանանց: Որպես կանոն՝ Ա-ի հիմքում ընկած է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարումը, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգ. նախատրամադրվածությամբ: Հիվանդությունը հիմնականում սկսվում է սեռ. հասունացման շրջանում: Նոպաները սովորաբար լինում են հուզումներից և գերհոգնածությունից հետո: Դրանց հաճախությունը և ուժգնությունը փոխվում են՝ կախված տարիքից և կենսակերպից, աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմից: Նոպան երբեմն առաջանում է որոշ սննդամթերքներ (պանիր, ապուխտներ, շոկոլադ) օգտագործելուց, ծխելուց, ուժեղ աղմուկից, լույսից, կանանցը՝ դաշտանային ցիկլի որոշակի փուլում: Նոպայից առաջ հիվանդներն ունենում են ծարավի, քաղցի զգացում, դառնում են քնկոտ, անտրամադիր: Նոպային կարող են նախորդել որոշ յուրօրինակ տեսող. զգացողություններ (կետերի, զիգզագների առկայծումներ): Ա-ի դեպքում ցավը տեղակայվում է գլխի 1 կեսում (հաճախ քունքի շրջանում) և ունի բաբախող բնույթ, հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, որից հետո ցավը մասամբ մեղմանում է: Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր: Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն կատարյալ առողջ է զգում:

Բուժումը նշանակում է բժիշկը: Նոպաները թուլացնելու կամ կանխելու համար նախանշանների դեպքում պետք է ընդունել ացետիլսալիցիլաթթու (ասպիրին), ցավամոքիչ դեղանյութեր: Պետք է խուսափել ուժեղ գրգռիչներից (ուժեղ ձայներ, պայծառ լույս): Նոպաների կանխմանը նպաստում են օրվա ճիշտ ռեժիմը և կանոնավոր սնվելը: Տես նաև Գլխացավ:

ԱՆԳԻՆԱ, վարակիչ հիվանդություն, բնորոշվում է քմային նշագեղձերի բորբոքումով: Նշագեդձերը տեղադրված են ըմպանում՝ լեզվակի և փափուկ քիմքի 2 կողմերում:

Հիվանդության հարուցիչները տարբեր մանրէներ են, հատկապես ստրեպտոկոկերը, որոնք ըմպան են ընկնում առավել հաճախ Ա-ով հիվանդի հետ անմիջական շփումից, չլվացած մթերք օգտագործելիս, կեղտոտ ամանեղենի միջոցով ևն: Մի շարք դեպքերում ըմպանում գտնվող մանրէները, որոնք սովորաբար հիվանդություն չեն առաջացնում, վնասակար գործոնների (օրինակ՝ գերսառեցում կամ արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ) ազդեցությունից դառնում են ակտիվ: Առանձին մարդիկ Ա-ով կարող են հիվանդանալ ոտքերը մրսեցնելուց, պաղպաղակ ուտելուց կամ սառը ջրում լողանալուց: Հիվանդությանը կարող են նպաստել նշագեղձերի քրոնիկ. բորբոքումը, մշտապես ըմպանն ընկնող տարբեր գրգռիչ նյութերը (փոշի, ալկոհոլ ևն), ինչպես նաև քթային շնչառությանը խանգարող քթաըմպանի հիվանդությունները (օրինակ՝ գեղձանմաններ):

Ա-ով հաճախակի հիվանդանալը կարող է կապված լինել քթի խոռոչի և դրա հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ինչպես նաև բերանի խոռոչի (տես Ատամների ոսկրափուտ) թարախային բորբոքումների հետ:

Ա. սովորաբար սկսվում է հանկարծակի: Լինում է ընդհանուր թուլություն, գլխում՝ ծանրության զգացում, ցավեր՝ կլման ժամանակ, կոկորդում չորության, քերծման զգացում: Հիվանդին թվում է,